26 Նոյեմբեր, Գշ
Դիոկղետիանոս կայսեր ժամանակներում Անթիմոս անունով մի եպարքոս հիվանդության [մահիճն] ընկավ: Եվ կանչեց իր մոտ Սիղուիանոս անունով եղբորն ու ասաց. «Ահավասիկ, [կարծես], բոլոր մարդկային գործերս ավարտել եմ և իմ Լյուսիմաքոս որդուն թողնում եմ քեզ: Եվ, ինչպես հարսնախոսել ենք Պորփյուրի դստեր կապակցությամբ, աշխատիր իմ վախճանից հետո կատարել նրանց հարսանիքը»: Եվ այս պատվիրանը տալով` երեք օր անց վախճանվեց:
Իսկ Դիոկղետիանոսն իր մոտ կանչեց Լյուսիմաքոսին` Անթիմոսի որդուն, և նրա հորեղբորը` Սիղուիանոսին, և ասաց Լյուսիմաքոսին. «Ո՛վ երիտասարդ, ի մտի պահելով քո հոր սերը, ես խորհում էի նրա վախճանից հետո քեզ բարձրացնել նրա աթոռին: Սակայն ականջիս լուրեր հասան, թե դու բերկրում ես քրիստոնյաների կրոնով, և դրա համար հապաղեցի: Այժմ մտածում եմ քեզ արևելք ուղարկել, որ վերացնես քրիստոնյաների կրոնը, իսկ երբ վերադառնաս, քեզ կբարձրացնեմ գերագույն աթոռին, որ վարես եպարքոսական պաշտոնդ»:
Այս լսելով` [Լյուսիմաքոսը] չհամարձակվեց որևէ պատասխան տալ, իսկ Սիղուիանոսը, թագավորի ոտքերն ընկնելով, պաղատում էր` ասելով այս պես. «Աղաչում եմ քեզ, մի քանի օր բաշխի՛ր, որ նրա հարսանիքն անեմ»: Իսկ թագավորը պատասխանեց նրան. «Նախ արևելք գնացե՛ք, վերացրե՛ք քրիստոնյաների կարգը, իսկ երբ վերադառնաք, ես ևս կհոգամ Լյուսիմաքոսի հարսանյաց հանդեսի մասին»: Այս [վերջին խոսքերը] լսելով թագավորից, նրանք այլևս չհամարձակվեցին որևէ բան ասել և սկսեցին [պատրաստվել] արևելյան ճանապարհորդությանը:
Եվ Լյուսիմաքոսը հետը վերցրեց իր քրոջ որդուն` կոմս Պռիմոնին և նրան զորագլուխ կարգեց: Եվ նրանք ժամանեցին արևելքի Պալմորացվոց1 գավառը և ում բռնում էին, որ իրեն քրիստոնյա էր խոստովանում` ոմանց հրի էին մատնում, իսկ մյուս մասին կոտորում էին սրով:
Իսկ անօրեն Սիղուիանոսը քրիստոնյաների մարմինները շներին էր տալիս իբրև կերակուր և մեծ երկյուղ ու դող էր առաջացնում արևելյան կողմերում: Եվ մի գիշեր Լյուսիմաքոսն իր մոտ կանչեց կոմս Պռիմոնին և ասաց նրան. «Դու գիտես, որ հայրն իմ հեթանոս մեռավ, սակայն մայրն իմ քրիստոնյա էր և ջանում էր ինձ քրիստոնյա դարձնել, բայց թագավորի և հորս ահից չհամարձակվեց այդ անել: Եվ այժմ նրանից պատվեր եմ ստացել քրիստոնյաներից ոչ մեկին չկործանել, այլ պարտավոր եմ Քրիստոսին բարեկամ լինել: Եվ տեսնում եմ, որ Սիղուիանոսի ձեռքն ընկած քրիստոնյաները կործանվում են նրա չարագործությամբ: Եվ այժմ կամենում եմ բռնված քրիստոնյաներին լռելյայն արձակել»: Այս լսելով` Պռիմոնն այլևս ոչ մեկին բռնել չէր տալիս, նաև տեղեկացնում էր վանականներին, որ փախչեն: Եվ այն տեղերում շրջելով` նրանք խորհում էին հասնել Սաբա2 քաղաքը, որ Ասորեստանի մոտ է: Այդ քաղաքում մի կուսանոց կար, ուր բազում ճգնավորներ էին ապրում: Նրանց առաջնորդը Բրիովնիա անունով մեկն էր, որ աշակերտել էր Պլատոնին և սարկավագուհի էր եղել նրա մոտ: Այսպիսին էր եղել Պլատոնի կանոնը. ուրբաթ օրերը չէր թողնում որևէ բանով զբաղվել, այլ բոլորին աղոթքի էր հավաքում եկեղեցում, և երբ ավարտում էին կանոնը, Պլատոնն առնում էր աստվածային Գրքերն ու ընթերցում քույրերի համար մինչև օրվա երրորդ ժամը: Իսկ երրորդ ժամից հետո Գրքերը տալիս էր Բրիովնիայի ձեռքը, և նա ընթերցում էր մինչև երեկո: Եվ երկու աղջիկներ կային, որ սնվել էին Բրիովնիայի մոտ. մեկի անունը Պրոկղա էր, իսկ երկրորդինը` Փեբրոնիա: Եվ Պրոկղան քսանհինգ տարեկան էր, իսկ Փեբրոնիան` քսան: Եվ Փեբրոնիան Բրիովնիայի եղբոր դուստրն էր` դեմքով գեղեցիկ հույժ, այնքան, որ անհնար էր` մեկ ուրիշն այդպիսի պատկեր և հասակ ունենար: Եվ Բրիովնիան ջանք չէր խնայում Փեբրոնիայի փրկության համար. բոլոր քույրերին ժամանակին էր ճաշակել տալիս, իսկ Փեբրոնիային` երկու օր չուտելուց հետո: Փեբրոնիան ինքը, տեսնելով իր կառուցվածքը, ո՛չ հաց, ո՛չ ջուր չէր ընդունում հագենալու չափ: Նա խնդրել էր բերել երեք կանգուն (152.1 սմ) երկարությամբ և թիզ ու կես լայնությամբ տախտ, որին պառկում էր քնելիս: [Կույսն այս] նաև ուսումնասեր էր: Եվ երբ ուրբաթ օրերը հավաքվում էին աղոթարանում, Բրիովնիան հանձնարարում էր Փեբրոնիային քույրերի համար կարդալ աստվածային Գրքերը, որովհետև ուրբաթ օրերը բարեծնունդ կանայք էին հավաքվում եկեղեցում: Եվ Փեբրոնիան անգամ չգիտեր, թե ձևով ինչպիսին է լինում տղամարդը: Եվ նրա վարդապետությունը տարածվել էր քաղաքով մեկ:
Եվ եպարքոսի կին Երիան, լսելով այս ամենը, աստվածային ցանկությամբ տոչորվեց, թե ինչպես կարող է տեսնել Փեբրոնիային: [Այս] Երիան հեթանոս էր, չէր մկրտվել: [Եվ մի օր] ելնելով` եկավ այն վանքն ու ասաց դռնապանին. «Բրիովնիային լո՛ւր տուր իմ մասին»: Եվ լսելով` Բրիովնիան դուրս եկավ նրա մոտ, իսկ Երիան, տեսնելով Բրիովնիային, ընկավ, սկսեց երկրպագել նրան ու ասել. «Երդվեցնում եմ քեզ Աստծու անունով, որ ստեղծեց երկինքն ու երկիրը. մի՛ արհամարհիր ինձ` պիղծ և անօրեն-անսուրբիս, որ ցայժմ եղել եմ կռապաշտության մեջ և խաղալիք` դևերի ձեռքին: Մի՛ զրկի՛ր ինձ սուրբ Փեբրոնիայի վարդապետությունից և նրան տեսնելու շնորհից: Փրկեցե՛ք ինձ այս ընդունայնությունից և կռապաշտության պղծությունից, որովհետև ծնողներս ինձ ստիպում են երկրորդ անգամ ամուսնանալ. առաջին անգիտությանս ժամանակը բավական էր»: Այս ասելով և Բրիովնիայի ոտքերն արտասուքով թրջելով` մեծ գութ և վշտակցություն արթնացրեց նրա մեջ: Եվ Բրիովնիան ասաց. «Ո՛վ տիկին, գիտե Աստված, որ երկու տարեկան էր Փեբրոնիան, երբ ձեռքս վերցրի: Եվ տասնինը տարի է, որ ո՛չ տղամարդ է տեսել, և ո՛չ որևէ աշխարհիկ մարդ: Բայց այն փափագի համար, որ ունես առ Աստված և տածում ես դեպի Փեբրոնիան, քեզ կտանեմ նրա մոտ` զգեստավորելով իմ նմանությամբ: Եվ Երիային վերցնելով` Բրիովնիան մտցրեց Փեբրոնիայի մոտ: Եվ Փեբրոնիան, տեսնելով [մտնողի] կրոնավորական զգեստը և կարծելով, թե օտար [տեղից եկած] կրոնավոր է, ընկավ և սկսեց համբուրել նրա ոտքերը: Երբ ողջունեցին միմյանց, Բրիովնիան երկուսին հրամայեց նստել և Փեբրոնիային [հանձնարարեց] Գրքերն ընթերցել: Եվ Երիան այնպիսի զղջման մեջ էր, որ լսելուց չէր ձանձրանում և ոչինչ չէր անում բացի [լացելուց], մինչև որ արտասուքն ամբողջ հատակը թրջեց:
Իսկ երբ բացվեց առավոտը, Երիային հազիվ հանգստացրեցին, որ իջնի. այնժամ, հրաժեշտ տալով, Երիան իջավ եկեղեցուց: Եվ գնալով ծնողների մոտ` նրանց համոզում էր, որ հայրենի հավատքից հրաժարվեն և ճշմարիտ Աստծու կողմը դառնան: Իսկ սուրբ Փեբրոնիան հարցրեց Թովմայիսին. «Ո՞վ էր այն օտար քույրը, որ այդպես արցունք էր թափում, ասես երբեք չէր ունկնդրել աստվածային Գրքերը»: Թովմայիսն ասաց. «Չիմացա՞ր, թե ով է»: Փեբրոնիան պատասխանեց. «Ի՞նչպես իմանայի. որպես օտարությունից եկած քույր տեսա նրան»: Եվ Թովմայիսը բացատրեց նրան. «Դա Երիան էր, եպարքոսի կինը»: Փեբրոնիան ասաց. «Ինչո՞ւ խաբելով մոլորեցրիք ինձ. իսկ ես չիմանալով քրոջ պես խոսեցի նրա հետ»: Թովմայիսն ասաց. «Մեր առաջնորդուհին հրամայեց այդ զգեստավորմամբ մտնել մոտդ»:
Եվ եղավ այնպես, որ Փեբրոնիան հիվանդացավ և գրեթե մահամերձ էր, և Երիան չհեռացավ նրա մոտից, մինչև չփարատեց հիվանդությունը:
Եվ [մի օր] լուր տարածվեց, թե Սիղուիանոսն ու Լյուսիմաքոսը քաղաք են մտնելու, որ քրիստոնյաներին տանջեն: Եվ դրանից հետո քաղաքում եղած քրիստոնյաները թողեցին իրենց տեղերն ու փախան: Փախավ և թաքնվեց նաև քաղաքի եպիսկոպոսը: Այս լուրերը լսելով` վանական քույրերը մոտեցան Բրիովնիային և հարցրեցին նրան. «Ի՞նչ անենք. այն վայրենի գազանները եկան մեր քաղաքը, և բոլորը փախան բռնակալների սպառնալիքից»: Բրիովնիան ասաց. «Ի՞նչ եք կամենում անել»: [Քույրերը] պատասխանեցին. «Հրամայի՛ր, որ որոշ ժամանակով փախչենք և փրկենք մեր անձերը»: Բրիովնիան ասաց. «Առանց պատերազմը տեսնելու չփախչեք, որ չպարտվեք դեռ մարտի մեջ չմտած: Մի՛ վարվեք այդպես, որդյակնե՛րս, հաստատուն մնացեք հանուն Նրա, որ մեռավ մեզ համար, որպեսզի Նրանով փրկվեք»: Քույրերն այս լսելով` լռեցին և դադարեցրին [զրույցը]: Իսկ հաջորդ օրը քույրերից մեկը, որի անունը Եթերիա էր, [այսպես] ասաց. «Ես գիտեմ, որ առաջնորդուհին մեզ հանուն Փեբրոնիայի այստեղից դուրս գալ չի թողնում և կամենում է բոլորիս կործանել նրա համար: Բայց ես կմտնեմ և ձեր մասին կխոսեմ ինչ որ հարկն է»: Եվ այս լսելով` ոմանք հավատացին Եթերիայի խոսքերին, իսկ ոմանք դատապարտեցին նրա մտքերը: Եվ միաբանվելով` բոլորը մտան սարկավագուհու մոտ` տեսնելու, թե ինչ է մտածում: Եվ նրա մոտ մտնելով` նախ Եթերիայի մտքերը ներկայացրեցին: Բրիովնիան հարցրեց. «Ի՞նչ ես կամենում, քո՛ւյր Եթերիա»: Եվ նա պատասխանեց. «Եկանք մոտդ, որ մեզ հրամայես փախչել և թաքնվել, որովհետև ավելի լավը չենք, քան եկեղեցու ժառանգավորները կամ հենց ինքը` եպիսկոպոսը: Նաև այս պետք է հաշվի առնես, որ մեզ հետ նորահասակ աղջիկներ կան, որոնց կարող է զինվորները հափշտակեն և ապականության փորձանքի մեջ գցեն, և կույսերը կկորցնեն ճգնական վարքը և կամ տանջանքներին չդիմանալով` դևերի պաշտոնյա կդառնան: Եվ այժմ, եթե կամենում ես փրկել մեզ, հետներս վերցնենք մեր առաջնորդուհի Փեբրոնիային և հեռանանք այստեղից»: Այս լսելով` Փեբրոնիան ասաց. «Կենդանի է Քրիստոս, որին հարսնացա և որին ավանդեցի հոգիս: Դուրս չեմ գա այստեղից, այլ կմեռնեմ այստեղ և կթաղվեմ նույն տեղում»: Բրիովնիան ասաց Եթերիային. «Դու գիտես, թե ում եմ նվիրվել. ես անպարտ եմ»:
Եվ բոլոր քույրերը, հրաժեշտ տալով Բրիովնիային և Փեբրոնիային, մեծ ողբ [ու կոծ]ով ծեծելով իրենց կրծքերը, ելան ու գնացին այնտեղից: Իսկ Պրոկլիան, որ Փեբրոնիայի սննդակիցն էր, գոչելով ասում էր. «Աղոթի՛ր, ի՛մ տիրուհի և քույր»: Իսկ նա, ամուր բռնելով քրոջ ձեռքից, նրան թույլ չէր տալիս դուրս գալ և ասում էր նրան. «Երկրպագի՛ր Աստծուն, ի՛մ տիրուհի Պրոկլիա: Դու ևս մնա մեզ հետ: Ես դեռևս հիվանդ եմ. գուցե մահն ինձ պատահի, և ոչ ոք չկա, որ ինձ գերեզման դնի»: Եվ Պրոկլիան ասաց նրան. «Հրամայեցիր, քո՛ւյր իմ, և չեմ թողնի քեզ»: Սակայն երբ երեկոն իջավ, Պրոկլիան դուրս եկավ և անհետացավ: Եվ Բրիովնիան տեսավ, թե ինչպես է դատարկվել վանքը, մտավ աղոթարանն ու գետին ընկնելով` դառն կական բարձրացրեց և սկսեց ողբալ: Իսկ Թովմայիսը, որ Բրիովնիայի երկրորդն էր, նստել էր նրա մոտ և աղաչում էր. «Հանդարտվի՛ր, ի՛մ տիրուհի և մայր, որովհետև փորձության ժամանակ Աստված կարող է նաև փրկությունն արագ հասցնել: Ո՞վ կա, որ հավատաց Աստծուն և ամոթով մնաց»: Իսկ Բրիովնիան պատասխանեց Թովմայիսին. «Այո՛, ի՛մ տիրուհի, գիտեմ, որ այդպես է: Բայց ո՞ւր թաքցնեմ Փեբրոնիային, կամ երբ բարբարոսները բռնեն նրան, ինչ աչքերով նայեմ նրա վրա»: Թովմայիսն ասաց. «Մոռացա՞ր իմ ասածները. Նա, որ կարող է մեռյալների միջից հարություն առնել, նույն Ինքը կզորացնի Փեբրոնիային»: Եվ այդպես գնացին տախտի մոտ, որին ուժասպառ պառկած էր Փեբրոնիան: Եվ Թովմայիսի վրա նայելով` Փեբրոնիան ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, մա՛յր իմ, [ասա՛]` ինչո՞ւ է այդպես լալիս մեր մեծ տիրուհին»: Եվ Թովմայիսը լալով պատասխանեց. «Դո՛ւստր իմ, Փեբրոնիա՛, քեզ համար է հեծծում ու ողբում մեր տիրուհին, որովհետև բռնակալներից մեծ չարիք է սպասվում, իսկ դու դեռևս մատաղագույն ու զվարթատեսիլ ես. դրա համար է տառապում և ողբում»: Եվ սուրբ Փեբրոնիան ասաց. «Աղաչում եմ ձեզ, աղոթեցե՛ք ձեր աղախնի համար, որովհետև Աստված կարող է զորացնել ինձ և համբերություն շնորհել»: Թովմայիսն ասաց. «Դո՛ւստր իմ Փեբրոնիա, ահավասիկ հասել է նահատակության ժամանակը և զինվորների ձեռքը կընկնենք այստեղ: Գիտեմ, որ մեզ իբրև տարիքովների արագ մահ է սպասում, իսկ քեզ խնամքով կշրջապատեն, որովհետև նորահասակ ես և գեղեցկատես: Արդ, եթե մենք բռնվենք և քեզ սկսեն փաղաքշական խոսքերով համոզել ու աղաչել, չհամաձայնե՛ս նրանց հետ, որովհետև չկա կուսությամբ [ընծայվելուց] առավել պատվելի բան. բազում վարձք և մեծամեծ հատուցմունք [կշնորհվի քեզ], որովհետև անբավելի Փեսան իրեն նվիրված կույսերին անմահություն է պարգևում: Ուստի փութա՛ Նրան տեսնելու»: Այս խոսքերը լսելով` Փեբրոնիան առավել ևս ամրացավ ընդդեմ սատանայի և պատասխանելով` ասաց Թովմայիսին. «Բարի բաներ ես ասում և զորացնում ես ինձ` քո աղախնին: Սակայն եթե ես կամենայի փախչել նահատակությունից, քույրերիս հետ կհեռանայի և կպահվեի ապահով տեղում: Բայց Նրան եմ փափագում և տենչում, որին հանձնել եմ հոգիս. միայն թե ինձ արժանի դարձնի [վկայելու] Իր համար»:
Այս լսելով` Բրիովնիան սկսեց խոսել և ասել. «Հիշի՛ր, դո՛ւստր իմ, թե ինչպես եկար իմ վարդապետության հետևից: Հիշի՛ր, որ դու ևս ուսուցիչ եղար ուրիշների համար: Հիշի՛ր, թե ինչպես դայակիդ մոտից իմ ձեռքն առա քեզ. երկու տարեկան էիր և մինչ օրս ոչ մի տղամարդ չի տեսել քո պատկերը»: Եվ այսպիսի բաներ խոսելով, և սրանից ավելի, այն գիշերը ևս անցկացրեցին Աստծուն աղոթելով:
Իսկ հաջորդ առավոտյան մեծ խռովություն սկսվեց, և աղմուկն ու աղաղակը լցրեցին քաղաքը, երբ ներս խուժեցին Սիղուիանոսն ու Լյուսիմաքոսը: Զինվորները, բազում քրիստոնյաների բռնելով` կապանքների մեջ էին դնում և բանտ նետում: Եվ որոշ հեթանոսներ, մոտենալով Սիղուիանոսին, պատմեցին կուսանաց վանքի մասին, իսկ նա, լսելով, անմիջապես զինվորներ ուղարկեց: Եվ զորականները շրջապատեցին վանքը, ձեռքերն առան տապար և սատուր և ջախջախեցին մենաստանի դռները, ներս խուժեցին և բռնեցին Բրիովնիային: Եվ ոմանք կամեցան սպանել նրան: Իսկ սուրբ Փեբրոնիան, տեսնելով [նրանց] բարկությունը, իրեն տախտից ներքև գցեց, ընկավ զորականների ոտքերն ու ասում էր. «Աղաչում եմ երկնքի և երկրի Աստծու [անունով]` նախ սպանեցե՛ք ինձ, որ չտեսնեմ իմ տիրուհու մահը»:
Այդ պահին նրանց հասավ կոմս Պռիմոնը և տեսնելով, թե ինչ է կատարվում, զայրացավ զինվորների վրա և հրամայեց դուրս գալ3 վանքից: Եվ դիմեց Բրիովնիային. «Ո՞ւր են [մյուսները], որ հետդ էին բնակվում»: Բրիովնիան պատասխանեց. «Ձեր ահից բոլորը թողեցին, փախան»: Պռիմոնն ասաց. «Երանի՜ դուք ևս փախած լինեիք: Ասում եմ ձեզ. ահա ներում եմ շնորհում: Վե՛ր կացեք և փախե՛ք»: Եվ վերցնելով զորքը` հեռացավ վանքից` ո՛չ պահապաններ կանգնեցրեց, և ո՛չ նեղեց նրանց:
Եվ Լյուսիմաքոսի հետ առանձնանալով` Պռիմոնը պատմեց նրան. «Իսկապես գնացի [այն] վանքը, և որովհետև փախել էին, ոչ մեկին չգտա, բացի երկու ծեր կանանցից և մի նորահասակ աղջկանից: Բայց մի չքնաղ բան պիտի պատմեմ քեզ, տե՛ր իմ, որովհետև ծնվածս օրվանից մինչ օրս այդպիսի աղջիկ չէի տեսել: Եվ մի պահ տեսնելով նրան տախտի վրա պառկած` ապշահար եղա: Եվ եթե չհաշվենք նրա աղքատությունը, նա արժանի է իմ տիրոջ կնության»: Լյուսիմաքոսն ասաց. «[Մայրս] ինձ պատվիրել է, որ քրիստոնյայի արյուն չհեղեմ. նենգություն ևս չեմ գործի նրանց դեմ: Եվ աղաչում եմ քեզ, տե՛ր իմ, նրանց վանքից հանի՛ր, որ չընկնեն անօրեն Սիղուիանոսի ձեռքը»: Իսկ չար զինվորներից մեկը գնաց Սիղուիանոսի մոտ և ասաց. «Մի դեռատի աղջիկ էինք գտել` հույժ գեղեցիկ: Եվ այժմ նրա մասին են խոսում Լյուսիմաքոսն ու Պռիմոնը»: Այս լսելով` Սիղուիանոսը բարկությամբ լցվեց և պահապաններին վանք ուղարկեց, իսկ [մունետիկին] հրամայեց քաղաքում բարձրաձայնել, որ հաջորդ օրը հրապարակում դատ է լինելու: Եվ այս լսելով` բազմությունը հավաքվում էր Փեբրոնիայի նահատակությունը տեսնելու:
Երբ առավոտը բացվեց, զինվորները վանք եկան: Եվ երբ ներս մտան, բռնեցին և տախտից բարձրացրեցին Փեբրոնիային, շղթայեցին, երկաթյա անուր դրեցին պարանոցին և դուրս հանեցին վանքից: Իսկ Բրիովնիան և Թովմայիսը կառչեցին Փեբրոնիայից և դառնապես գոչում, աղաչում էին զինվորներին, որ մի պահ թողնեն Փեբրոնիային, որպեսզի խոսեն նրա հետ: Բրիովնիան և Թովմայիսն աղաչում էին, որ իրենց ևս նրա հետ տանեն նահատակության, որպեսզի մենակ գնալով` զարհուրելով չերկնչի: Զինվորները պատասխանում էին. «Մեզ հրամայված չէ Փեբրոնիայից բացի որևէ մեկին տանել»: Դրանից հետո Բրիովնիան և Թովմայիսը սկսեցին գոտեպնդել Փեբրոնիային. «Ահա ելնում ես նահատակության [ասպարեզ], և հրեշտակական զորքը պատրաստ պահել է քո պսակը: Տե՛ս, չվախենա՛ս տանջանքներից, որ սատանայի ծաղրին չարժանանաս: Չխնայես այս մարմինդ, որ վերանալու է: Իսկ ես ողբալով կմնամ վանքում, մինչև մի լուր ստանամ: Սակայն ո՞վ ինձ կբերի ավետիսը, թե` «Փեբրոնիան անձն իր տանջանքների մատնեց», կամ թե` «Փեբրոնիան հանգյավ ի Քրիստոս»:
Փեբրոնիան պատասխանեց. «Հավատա՛, մա՛յր իմ, ինչպես երբեք չեմ խախտել քո պատվիրանները, այդպես և չեմ խախտի դրանք նաև այժմ»: Թովմայիսն ասաց. «Տերը կենդանի է, դո՛ւստր իմ. ես աշխարհականի զգեստներ կհագնեմ և կգամ տեսնելու քո նահատակությունը»: Փեբրոնիան ասաց նրան. «Աղաչո՜ւմ եմ քեզ, մա՛յր իմ, օրհնի՛ր իմ ընթացքը: Աղոթեցե՛ք ինձ համար և թողե՛ք գնամ»: Իսկ Բրիովնիան, ձեռքերը երկինք կարկառելով և գոչելով` ասաց. «Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, որ Քո աղախին Թեկղին երևացիր Պողոս առաքյալի տեսքով. հայտնվի՛ր նաև այս տառապյալին»: Եվ այս ասելով` բաց թողեց:
Եվ զինվորները սրբուհուն վերցրեցին ու դուրս եկան վանքից: Թովմայիսը աշխարհականի շորեր հագավ և գնաց, որ տեսնի: Եպարքոսի կին Երիան լսեց, թե հավատացյալ Փեբրոնիային ատյան են տարել, և վեր կացավ ու սկսեց բարձրաձայն գոչել, մինչև իր զարմացած ծնողներն սկսեցին հարցնել, թե` «Ի՞նչ պատահեց քեզ»: Եվ պատասխանեց նրանց. «Իմ քույր Փեբրոնիային ատյան տարան»: Եվ քրիստոնյայի պես խիստ նեղվում [ու տանջվում] էր, իսկ ծնողներն սփոփում էին, որ ողբը դադարեցնի, սակայն ինքն ավելի [խիստ էր կոծում] և աղաչում էր, ասելով. «Թողե՛ք ինձ ողբամ քրոջս համար»: Եվ այս ասելով` հուզեց նաև ծնողներին և նրանց համոզեց, որ ինքը գնա, տեսնի [դատը]: Եվ գնալով` Երիան հանդիպեց Թովմայիսին, և իրար ճանաչելով` սկսեցին արտասուք թափել:
Շատերն էին հավաքվել` իշխաններ և դատավորներ: Եվ իշխանների առջևում նստեց Լյուսիմաքոսը, և հրամայեցին Փեբրոնիային բերել: Եվ նա կապանված ձեռքերով [ատյան] մտավ: Երբ սրբին բերեցին, իշխանը հրամայեց ամբոխին լռել և ասաց Լյուսիմաքոսին. «Հարցրո՛ւ նրան և պատասխան ստացիր»: Լյուսիմաքոսը հարցրեց Փեբրոնիային. «Ասա՛ ինձ, աղջի՛կ, ո՞վ ես դու, ծառա՞ ես, թե՞ ազատ»: Պատասխանեց. «Աղախին եմ»: Լյուսիմաքոսը հարցրեց. «Ո՞ւմ աղախինն ես»: Փեբրոնիան պատասխանեց. «Քրիստոսի»: Լյուսիմաքոսը հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Սուրբը պատասխանեց. «Քրիստոնյա»: Լյուսիմաքոսն ասաց. «Անո՛ւնդ եմ կամենում իմանալ»: Սուրբը պատասխանեց. «Ասացի, որ քրիստոնյա եմ, իսկ թե մարմնավոր անունս ես ուզում իմանալ, տիրուհիս ինձ Փեբրոնիա կոչեց»:
Այնժամ իշխանը լռեցրեց Լյուսիմաքոսին և ինքն սկսեց հարցաքննել ու ասաց. «Փեբրոնիա՛, վկա են աստվածները, որ չէի կամենում հարցաքննել քեզ, սակայն հեզությունդ ու գեղեցկությունդ, նաև երևելի պատկերդ տեսնելով` քո հանդեպ եղած մեծ զայրույթս վերացավ և վրադ նայելով` ամեն բան մարեց: Այժմ լսի՛ր ինձ, դո՛ւստր իմ, գիտեն աստվածները, որ քեզ բազում ինչքի և ստացվածքի տեր կդարձնեմ, նաև կխզեմ իմ տեր Լյուսիմաքոսի խնամախոսված աղջկա` Տրիփոնի դստեր հետ պայմանը և քեզ հետ կհաստատեմ, և դու կլինես Լյուսիմաքոսի կինը, որ այժմ իմ աջ կողմում է նստած և քեզ պես գեղեցկատես է: Եվ այժմ` լսի՛ր ինձ, և քեզ փառավոր կդարձնեմ երկրի վրա: Եվ թո՛ղ քեզ չվախեցնի [այն հանգամանքը], որ աղքատ ես. կինն իմ ո՛չ դուստր ունի, և ո՛չ որդի, և պարզ է, որ ամբողջ ինչքս քեզ կշնորհեմ: Եվ այն ստանալով իբրև բաժինք` կհանձնես Լյուսիմաքոսին, իսկ ես քեզ հայր կլինեմ և բոլոր կանայք քեզ երանի կտան: Կուրախանա նաև մեր թագավոր Դիոկղետիանոսը և բազում բարիքներ կպարգևի քեզ և կխոստանա իշխանական գերագույն աստիճանի բարձրացնել քո [ապագա] ամուսին Լյուսիմաքոսին: Ահա` լսեցիր ամենը. ինձ [այնպիսի] պատասխան տո՛ւր, որ հաճո կլինի աստվածներին և կուրախացնի իմ սիրտը. իսկ եթե չհամաձայնես, այնպիսի պատիժ կսահմանեմ, որ, աստվածները վկա, անգամ երեք ժամ չես ապրի»: Պատասխանեց սուրբ Փեբրոնիան և ասաց. «Ո՛վ դատավոր, իմ անձեռագործ առագաստը երկնքում է, որի հարսանիքն անանց է: Եվ բաժինքն իմ թագավորական է և Փեսան` անմահ, որի համար չեմ կամենում զուգավորվել մահկանացուի հետ: Եվ արդ, ո՛վ դատավոր, [զուր] մի՛ ջանա, որովհետև ո՛չ փաղաքշելովդ կօգտվես, և ո՛չ սպառնալիքներովդ կվախեցնես ինձ»: Այս լսելով` դատավորը բարկացավ, հրամայեց պատռել սրբի զգեստներն ու ցնցոտիները նետել: Եվ [հրամայեց] այդպես` լի խայտառակությամբ, կանգնեցնել բոլորի առջև [ու ասաց]. «[Թո՛ղ այսպես լինի], որ դրա անարգանքը տեսնելով` բոլորը դրան ամենաեղկելին համարեն, որովհետև ինքը կամեցավ ընկնել երևելի փառքերից, որոնք ես խոստացա»: Եվ լսելով` զինվորներն անմիջապես ծվեն-ծվեն արեցին սրբի զգեստներն ու մերկ կանգնեցրին բոլորի առջև:
Այնժամ իշխանը հարցրեց. «Ի՜նչ կասես, Փեբրոնիա՛, տեսա՞ր, թե ինչ բարիքներից զրկվեցիր և ինչպիսի անարգության հասար»: Փեբրոնիան պատասխանեց և ասաց. «Չնայած զգեստներս հանեցիք, բայց ես ուշադրություն չեմ դարձնում [դրան]: Թե՛ արուների, թե՛ էգերի արարիչը մեկ է, և Նրա համար ես պատրաստ եմ ո՛չ միայն մերկանալու, այլև կրելու հրի, սրի և այլ տանջանքներ»: Սիղուիանոսն ասաց. «Ո՛վ ամոթդ կորցրած և ամենայն անպատվության արժանի, բավականություն ես ստանում մարմնիդ գեղեցկությամբ և չե՞ս զգում մարմնիդ մերկության ամոթը»: Սուրբը պատասխանեց. «Քրիստոս է վկա, որ մինչ օրս չեմ նայել և չեմ տեսել տղամարդու պատկեր, իսկ այժմ, երբ քո ձեռքն ընկա, ամոթս կորցրա՞ծ դարձա: Պատասխան տո՛ւր, ո՛վ հիմար և անզգամ դատավոր. մի՞թե օլիմպիական մրցարանում հանդերձներով են իջնում [գոտե]մարտի, որ [իրենց] բռնելը հեշտ լինի: Արդյոք մե՞րկ չեն պատերազմում, որ հաղթեն: Նաև ես, որ հրի և տանջանքների եմ պատրաստվել, ինչո՞ւ պիտի հանդերձներով ելնեմ մարտի. չէ՞ որ մերկ պիտի ընդունեմ մարմնիս հարվածները, մինչև որ հաղթեմ քո հայր սատանային»:
Սրանից հետո Սիղուիանոսը չորս զինվորի հրամայեց պրկել նրան, տակը կրակ վառել և հարվածներ տեղալ դալար փայտերով: Եվ երբ բազում ժամեր տանջեցին նրան, [արյունը] բոլոր կողմերից անձրևի պես գետին էր հոսում, իսկ ստորին մասն այրվել էր սաստիկ հրից, որովհետև կրակն [անընդհատ] բորբոքում էին ձեթով: Եվ երբ այսպես երկար ժամեր դառն տանջանքով չարչարեցին սուրբ կույսին, ամբոխն սկսեց միաբան աղաչել դատավորին և ասել. «Ո՛վ մարդասեր դատավոր, խնայի՛ր մանկահասակ աղջկան և չնայած չի ենթարկվում քո հրամանին, տանջանքներին տոկալը բավարար համարի՛ր»: Եվ երբ դատավորը տեսավ նրա բզկտված ու արյունաթաթախ մարմինը գետնին ընկած, այն ժամանակ միայն դահիճներին հրամայեց դադարեցնել սրբի տանջանքները, որովհետև կարծեց, թե վախճանվել է: Իսկ երբ Թովմայիսը տեսավ ճգնության այդ աղետը, վհատվեց և ընկավ Երիա տիկնոջ ոտքերի մոտ: Իսկ Երիան, այս տեսնելով, սկսեց ձայնել և գոչել` ասելով. «Վա՜յ ինձ, ի՛մ տիրուհի Փեբրոնիա, վա՜յ ինձ, ի՛մ հոգևոր սնուցանող, որովհետև այսուհետ զրկված եմ քո հոգևոր դասերից: Եվ ոչ միայն ես. նաև քո սնուցիչ Թովմայիսն է [ասես] ընկել մահվան դուռը»:
Իսկ Փեբրոնիան լսեց Երիա տիկնոջ ձայնը, սկսեց աղաչել զինվորներին, որ մի քիչ ջուր բերեն և ցանեն իր դեմքին: Եվ նրանք կատարեցին խնդրանքը: Եվ երբ ջուրը ցանեցին նրա դեմքին, զորանալով ոգի առավ և սկսեց աղաչել զինվորներին, որ Երիային ցույց տան իրեն:
Եվ դատավորը հրամայեց սրբին ոտքի կանգնեցնել, որ իրեն պատասխանի, ու հարցրեց. «Ի՜նչ ես ասում, Փեբրոնիա՛, պատերազմիդ առաջին ճակատամարտն ի՞նչպես էր»: Սուրբը պատասխանեց. «Առաջին իսկ կռվում սովորեցիր և իմացար, որ անպարտելի եմ և արհամարհում եմ քո տանջանքները»:
Այս լսելով` դատավորը հրամայեց Փեբրոնիային փայտից կախել և երկաթյա քերիչներով նրա կողերը քերել և տակը բորբոք կրակ վառել, որ բոցավառվելով` ոսկորներն այրվեն: Եվ դահիճներն իսկույն մոտ բերեցին բորբոք հուրն ու քերիչներ վերցնելով` այնպես ուժգին սկսեցին քերել, որ մարմնի մսերը ծվեն-ծվեն գետին էին ընկնում: Իսկ սուրբ Փեբրոնիան աչքերը երկինք հառեց և ասաց. «Տե՛ր, ինձ օգնության արի՛ և այս [ծանր] պահին մի՛ անտեսի՛ր քո աղախնին»: Եվ այս ասելով` լռեց, որովհետև հուրն ավելի սաստկացավ: Եվ զարհուրելով` շատերը հեռացան այս տեսարանից` դատապարտելով անօրեն Սիղուիանոս իշխանի վայրենի և անողորմ բարքը: [Իսկ անօրեն իշխանը] դեռ շարունակում էր հարցաքննել կույսին, երբ նա դեռ կախված էր փայտից: Եվ որովհետև [աղջիկը] չէր կարողանում պատասխանել, հրամայեց իջեցնել և կապել ցցի վրա: [Այնուհետև] հրամայեց կանչել բժշկին և ասաց նրան. «Այս անիծյալ և թշվառական պիղծը ատյանում չի կամենում ինձ պատասխան տալ: Դրա համար պետք է կտրել դրա լեզուն և կրակի մեջ նետել»: Եվ սուրբը կամավոր դուրս հանեց լեզուն և սկսեց աղաչել բժշկին, որ շուտ կտրի: Իսկ երբ Հիպասպիստես բժիշկը մոտեցավ նրան, ամբողջ բազմությունն աստվածների փրկությամբ խնդրում էր նրան չանել այդ: Եվ երիցս նզովյալն ու ամենապիղծը հրամայեց ատամնախիլ անել: Եվ բժիշկը, գործիքները ձեռքն առնելով, սկսեց քաշել սրբի ատամները: Եվ երբ տասնյոթերորդ ատամը պոկեց, բերանից հոսող արյունն առանձնակի սաստկությամբ սկսեց թափվել գետնին, և դրանից հետո [դատավորը] հրամայեց դադարեցնել:
Եվ սուրբն արյան հոսումից նվաղում էր, և տեսնելով` բժիշկը դեղ տվեց, որ դադարեցնի արյունահոսությունը: Սիղուիանոսն սկսեց խոսել սուրբ կույսի հետ. «Գո՛նե այժմ համաձայնիր հետս և աստվածներին խոստովանի՛ր»: Սուրբը պատասխանեց. «Նզովյալ եղի՛ր, երիցս թշվառական և անիծյալ ծեր: Ինչո՞ւ ես դադարեցնում իմ ընթացքը և չես թողնում գնալ իմ Փեսայի մոտ, որ սպասում է ինձ անհամբեր»: Սիղուիանոսն ասաց. «Հրով կրկին մի փոքր կայրեմ քեզ, որովհետև դեռ երիտասարդական համառություն և անամոթ համարձակություն եմ տեսնում մեջդ»: Իսկ սուրբ Փեբրոնիան անասելի տանջանքների մեջ չկարողացավ պատասխան տալ, սաստիկ ցասման մեջ գցելով դատավորին:
Այնժամ անօրենը բժշկին հրամայեց և ասաց. «Կտրի՛ր անամոթի ստինքներն ու գետին գցի՛ր»: Եվ երբ բժիշկը, սուրն առած, կամենում էր մոտենալ սուրբ աղջկան, բազմությունն անմիջապես սկսեց աղաչել դատավորին և ասել. «Ո՛վ դատավոր, ների՛ր մանկահասակ աղջկան և այդպիսի վնասներ մի՛ հասցրու»: Իսկ դատավորը ցասմամբ դիմեց բժշկին. «Ո՛վ թշվառական և աստվածների սիրուց օտարացած, արագ կտրի՛ր»: Եվ երբ սկսեց կտրել, աղջիկն աչքերը երկինք հառեց և ասաց. «Տե՛ր իմ Հիսուս, տե՛ս, թե ինչպես եմ դիմակայում այս տանջանքներին, որպեսզի հոգիս գա Քեզ մոտ»: Եվ երբ երկու անդամները հատվեցին մարմնից, [դատավորը] հրամայեց կրակ բերել: Եվ երկար ժամեր բորբոքված կրակն ամբողջությամբ խորովեց սրբի որովայնը: Եվ այս տեսնելով` շատերը հրապարակից հեռացան` ասելով. «Նզովյա՛լ լինեն Դիոկղետիանոսն ու իր աստվածները»:
Իսկ Թովմայիսն ու Երիան մարդ ուղարկեցին Բրիովնիայի մոտ` վանք, պատմելու Փեբրոնիայի հետ կատարվածը: Եվ վանք հասնելով` լրաբեր աղջիկն արտասվախառն գոչեց և ասաց. «Իմ տիրուհիներ Երիան ու Թովմայիսն ինձ առաքեցին` աղաչելով քո սրբությանը, որ չդադարես ձեռքերդ երկինք կարկառել և Աստծուն [աղոթել], որովհետև մեծագույն չարչարանքներ բաժին ընկան քո դուստր Փեբրոնիային»: Եվ նա, այս ավետիսն ստանալով, սկսեց աղոթել Աստծուն և ասել. «Տե՛ր Աստված, օգնության հասի՛ր Քո աղախին Փեբրոնիային…»,- [հետո] գետին ընկնում, ողբում էր ու ասում. «Ո՞ւր ես, Փեբրոնիա…»,- [ապա] ձեռքերը երկինք էր պարզում և խոսում. «Տե՛ր իմ Աստված, Հիսո՛ւս Քրիստոս, նայի՛ր և տե՛ս Քո աղախին Փեբրոնիայի տառապանքներն ու նեղությունը և արագ օգնության հասի՛ր, այցելի՛ր նրան վտանգի մեջ, որ նրան Քո սրբերի դասում տեսնենք, Տե՛ր»:
[Իսկ ատյանում] դատավորը հրամայեց Փեբրոնիային արձակել դժնդակ ցցից: Եվ սուրբն երեսնիվայր ընկավ, որովհետև ի սպառ տկարացել էր: Այդ պահին կոմս Պռիմոնն ասաց Լյուսիմաքոսին. «Ինչի՞ համար է այս աղջկա կործանումը»: Լյուսիմաքոսը պատասխանեց. «Թո՛ղ ինձ, տե՛ր իմ: [Սա միայնակ] պայքարում է շատերի համար. ճիշտ այնպես, ինչպես բազմիցս լսել եմ իմ մորից: Արդյո՞ք իմ իշխանությունից վեր չէր նրան փրկելը: Իսկ նա մրցամարտի մեջ մտնելով` բազմաց փրկության համար է տքնում»: Իսկ Երիան, առաջ գնալով, ասաց դատավորին. «Ո՛վ օտարացածդ մարդկային բնությունից, դեռատի աղջկա տանջանքներով չբավարարվեցի՞ր: Կամ չե՞ս հիշում քո ծնունդը. չէ՞ որ այս կաթնաբուխ անդամներով սնվեցիր և հասակ առար: Եվ ես զարմանում եմ, որ ոչ մի բան մեջդ [խիղճ] և գութ չի արթնացնում, ո՛վ անողորմ և չարաբարո. ուստի թո՛ղ չխնայի քեզ երկնավոր Թագավորը»: Եվ ցասմամբ լեցուն բռնակալը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Երիա տիկնոջն ու ատյան բարձրացնեն: Իսկ նա ասպարեզ ելավ մեծ խնդությամբ և այսպես էր ասում. «Փեբրոնիայի՛ Աստված, ընդունի՛ր ինձ` հեթանոսիս և տառապյալիս»: Բայց երբ նա ասպարեզ էր մտնում, Սիղուիանոսի մերձավորներն ասացին անօրենին. «Չարժե Երիային ասպարեզ հանել: Հնարավոր է` շատերը կամենան նրա հետ մարտիրոսվել, և ընդհանրապես քաղաքն ու գավառը մատնվեն կորստաբեր [խառնակության]»: Եվ նա չհրամայեց ասպարեզ հանել և բարձրաձայն աղաղակում և ասում էր. «Լսի՛ր ինձ, Երիա՛, կենդանի աստվածները վկա, որ Փեբրոնիայի բազում չարչարանքների առիթ եղար»,- և հրամայեց կտրել սրբի երկու ձեռքերն ու աջ ոտքը: Բայց [անգամ] այսպես չարչարելով` չկարողացավ ազդել սրբի վրա: Քիչ անց սուրբն սկսեց գալարվել, և երբ արդեն մոտ էր վախճանին, աղաչում էր դահիճներին, որ մարմնի մյուս անդամները նույնպես կտրեն: Իսկ դատավորը, տեսնելով նրա կամավորությունը, լի ցասմամբ գոչեց. «Կտրեցե՛ք նաև դրա ձախ ոտքը»:
Այնժամ Լյուսիմաքոսը ոտքի ելավ և ասաց դատավորին. «Ի՞նչ ես կամենում անել այս տառապյալի հետ. ահա ժամն է ճաշի»: Սիղուիանոսն ասաց. «Երդվում եմ աստվածներով. դրան կենդանի չեմ թողնի և կմնամ այստեղ, մինչև որ հոգին ավանդի»,- և հրամայեց հատել սրբի գլուխը: Եվ զինվորները, բռնելով վկայի վարսերից, սուրը մոտեցրին կոկորդին, ասես մի գառան, և այդպես գլխատեցին, և իշխանները գնացին ճաշելու: Իսկ բազմությունը հարձակվելով կամենում էր հափշտակել սուրբ վկայի մարմինը, ուստի Լյուսիմաքոսը զինվորներին հրամայեց հսկել մարմինը:
Սիղուիանոսը ելավ և հոգեկան խառն զգացումներով բռնված` դանդաղընթաց քայլում էր ապարանքի գավթում: Եվ այդ պահին հանկարծ նայեց երկնքին, և դեպի վեր ուղղված ապշահար հայացքը [երկնքին գամված մնաց]: Եվ սքանչելի և մեծ մի հրաշք կատարվեց. [գրոհող] ցլի պես ճակատը մի սյան խփեց և գլուխը ճեղքված` գետին տապալվեց: Եվ գոչում էր, մինչև որ դառնացյալ հոգին բաժանվեց:
Այդ ժամանակ [դրսում] մեծ աղմուկ ու խռովություն էր բարձրացել: Ամբոխի ձայները լսելով` Լյուսիմաքոսը հարցրեց. «Ի՞նչ է կատարվում»: Եվ նրան պատմեցին եղելությունը: Եվ երբ Լյուսիմաքոսը լսեց, երկար ժամանակ հիացմունքի մեջ էր և [վերջապես] ասաց շուրջը եղածներին. «Քրիստոնյաների Աստված մեծ է: Մեծ և օրհնյալ է Աստված Փեբրոնիայի»:
Լյուսիմաքոսը հրամայեց թաղել անօրեն Սիղուիանոսին, [ապա] իր մոտ կանչեց կոմս Պռիմոնին և ասաց նրան. «Քրիստոնյաների ճշմարիտ Աստուծով եմ երդվեցնում քեզ. հրամայի՛ր փայտյա տապան պատրաստել: Մունետիկներին ուղարկի՛ր բոլոր կողմերը, որ հայտարարեն, թե ովքեր կամենում են գալ սրբի թաղմանը, թո՛ղ աներկյուղ ժամանեն, վերցնեն սուրբ մարմինն ու տանեն նրա վանքը: Եվ թո՛ղ բազմությունից ոչ ոք սուրբ մարմնից [որևէ մաս] կամ ատամ չհափշտակի, և թո՛ղ որևէ պիղծ կենդանի չլիզի հանուն Քրիստոսի գետնին հեղված սուրբ արյունը: Եվ եթե հնարավոր է` հողը քերելով վանք տարեք սուրբ նշխարների հետ»: Եվ զինվորներին հրամայեց վերցնել սրբի մարմինը, իսկ կոմս Պռիմոնը վերցրեց սրբի գլուխը, ձեռքերն ու ոտքերը, նաև սուրբ մարմնից հատված մյուս մասերը և հավաքեց իր քղամիդի մեջ: Իսկ բազմությունը շարժվեց դեպի վկայության տեղը և շրջապատեց կոմսին, որ թերևս պատանքից մի կտոր հնարավոր լինի պոկել: Եվ կոմսը հազիվ կարողացավ ազատվել ամբոխի քաշքշոցից: [Եվ գնալով` հասան վանքի մոտ], սակայն ոչ մեկին չթույլատրեցին ներս մտնել, բացի Թովմայիսից և Երիայից: Իսկ երբ Բրիովնիան սրբի մարմինը պատառ-պատառ եղած տեսավ, վհատությունից ընկավ ուժասպառ և երկար ժամանակ գիտակցության չէր գալիս: Եվ ուշքի գալով` ընկավ սրբի նշխարների վրա և ասաց. «Քո մոր իմացությամբ ընկար այսօր, Փեբրոնիա՛: Այժմ քույրերի համար ո՞վ պիտի ընթերցի աստվածաշունչ Գրքերը, ո՞ւմ ձեռքերն են շոշափելու այն Գրքերը, որոնք դու էիր շոշափում»: Եվ այս ասելով` ողբում էր Փեբրոնիայի համար: Շուտով եկան քույրերը, որ վանքից հեռացել էին: Նրանց մեջ էր նաև Եթերիան: Եվ ընկնելով Փեբրոնիայի սուրբ մարմնի վրա` ասում էին. «Թո՛ղ համբուրենք քո ոտքերը, որ տրորեցին օձի գլուխը, թո՛ւյլ տուր համբուրենք մարմնիդ վերքերը, որոնցով բժշկվեցին մեր հոգիների վերքերը, թո՛ղ պսակ դնենք քո սուրբ գլխին, որ բարի նահատակությամբ պսակեցիր մեր ազգը»:
Եկավ օրվա իններորդ ժամը, և Բրիովնիան ասաց. «Ահա աղոթքի ժամն է. եկե՛ք աղոթենք»: Եվ ասորերեն դիմեց Փեբրոնիային ու ասաց. «Օ՜, դո՛ւստր, դո՛ւստր… արի՛, անմեղո՛ւկ, արի՛, դստրի՛կ, արի՛ և ե՛կ»: Եվ այնժամ Թովմայիսն ասաց. «Դո՛ւստր իմ, Փեբրոնիա՛, միշտ խոնարհաբար լսել ես մեր մեծ տիկնոջը, այժմ ինչո՞ւ պատասխան չես տալիս»,- և շարունակեց արտասուք հեղել:
Եվ լվացին սուրբ մարմինն ու դրեցին մի տախտի վրա և կտրված անդամներն իրենց տեղերն էին դնում: Հետո հրամայեց բացել վանքի դռները, որ ժողովուրդը մտնի: Եվ մտնելով` տեսնում էին սքանչելի [կույսի մարմինն] ու փառավորում Աստծուն, իսկ մեծամեծ կանայք ողբում էին, որ զրկվել են նրա խոսքը լսելու [երանությունից]:
Եվ Լյուսիմաքոսն իր մոտ կանչեց կոմս Պռիմոնին և դիմեց նրան. «Տե՛ր իմ, ես թողնում եմ իմ հայրական մոլորությունն ու ընկնում Քրիստոսի առջև: Ես Նրան եմ հավատում»: Պռիմոնն ասաց. «Ես ևս կամենում եմ, Դիոկղետիանոսին և իր թագավորությունը նզովելով, մոտենալ Քրիստոսին և հավատալ Նրան»:
Երբ առավոտը բացվեց, բերեցին սրբի տապանը և մեծ փառք ու պատվով դրեցին մի պատշաճ տեղում: Հատված անդամները տեղավորեցին իրենց տեղերում, իսկ քաշված ատամները դրեցին [կույսի] լանջերին: Իսկ ժողովուրդը յուղեր և խունկ էր բերում և լցնում տապանի մեջ: Եվ մոտեցավ եպիսկոպոսն ու խնդրում էր, որ թողնեն նշխարները տանել, սակայն ժողովուրդը չէր համաձայնում: Եվ Բրիովնիան մի բարձր տեղ ելավ ու ասաց. «Ի՛մ տերեր, աղաչում եմ ձեզ. թողե՛ք, որ գնա, հանգչի իր տեղում»: Եվ թույլ տվեցին:
Հեթանոսներից շատերը հավատացին և մկրտվեցին ի Քրիստոս: Մկրտվեցին նաև Լյուսիմաքոսն ու կոմս Պռիմոնը, և աշխարհից հրաժարվելով` հետևեցին Մարկյուղոսին, որ բոլոր վանականների առաջնորդն էր: Ամբողջ ընտանիքով հավատաց և ի Տեր մկրտվեց նաև Երիա տիկինը: Եվ Երիան աղաչում էր Բրիովնիային և ասում. «Ինձ` քո աղախնին, ընդունի՛ր իմ տիրուհի Փեբրոնիայի տեղը»: Եվ Երիան վերցրեց իր զարդերն ու զարդարեց Փեբրոնիայի հանգստարանը:
Եվ նրա հիշատակը [կատարելու] օրը վանքի բոլոր կույսերն այնտեղ էին հավաքվում: Եվ երբ գիշերով կատարում էին սրբի հիշատակը, մինչև ծառայության ավարտը վկայուհին նրանց երևում էր եկեղեցու մեջ` իր մշտական տեղում կանգնած: Եվ այնժամ մեծ զարմանք էր տիրում, սակայն ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրան, որովհետև երբ առաջին տարվա [արարողության ժամանակ] էր հայտնվել, բոլոր քույրերը տեսել էին, վախեցել և դողացել: Իսկ երբ Բրիովնիան էր տեսել, բարձրաձայն գոչելով` մոտեցել էր և կամեցել էր ամուր բռնել, գրկել ու համբուրել, սակայն սուրբն անհետացել էր: Եվ դրանից հետո, երբ երևում էր, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ, այլ [լուռ] արտասվում էին և բերկրում` [հրաշալի] տեսիլին ականատես լինելով:
Եվ քաղաքի եպիսկոպոսը սրբի անունով մի զարմանահրաշ տաճար կառուցեց և հրավիրեց շրջակայքում եղած եպիսկոպոսներին, և մեծ ընդունելություն կազմակերպեցին: Եվ հունիս ամսի քսանհինգին` սրբի հիշատակի օրվա երեկոյան, նրանք միասին կատարեցին գիշերային հսկումը, իսկ երբ այգը բացվեց, եպիսկոպոսները ելնելով գնացին [կուսանաց] վանքը, որ սրբի հիշատակը կատարեն ըստ [նախնի] սովորության: Եվ բազմությունը վառեց ճրագներն ու մոմերը, իսկ եպիսկոպոսներն աղոթելով եկեղեցի մտան, սկսեցին այսպես ասել [Բրիովնիային]. «Տեսնում [և գիտակցում] ենք քո երկրային ուղին… Եվ որովհետև ոչ ոք չի կարող արժանավորապես ասել ճգնավոր մարտիրոսի գովքը, ուստի ճիշտը լռությամբ [հիշատակը հարգելն է]: Եվ արդ, իբրև մերձավոր քրոջ` աղաչում ենք քեզ, որ դու ևս մեզ հետ պատվես սուրբ վկային, որ տանելով դնենք նրան իր անունով կառուցված վկայարանում»: Երբ այս լսեցին, բոլոր քույրերը ուժգին գոչմամբ եպիսկոպոսների ոտքերն ընկան և ասում էին. «Ողորմեցե՛ք մեզ` տառապյալներիս. մի՛ զրկեք պատվական մարմնից և ընտիր մարգարտից, որ Քրիստոս շնորհեց մեզ»: Եպիսկոպոսը դիմեց Բրիովնիային և ասաց. «Լսի՛ր ինձ, քո՛ւյր իմ. ի փառս և ի գովեստ սուրբ վկայի կառուցեցի Աստծու հարկն այն: Եվ այս վեց տարի է, որ ջանում էի կառուցել: Իսկ այժմ [աշխատանքն] իմ անպտուղ մի՛ թող»: Բրիովնիան պատասխանեց և ասաց. «Եթե սուրբ մարտիրոսը կամենա, ես ո՞վ եմ, որ կարողանամ արգելել: Մոտեցե՛ք, վերցրե՛ք և գնացե՛ք խաղաղությամբ»:
Այնժամ եպիսկոպոսները մտան սենյակն այն, ուր նշխարներն էին, և սկսեցին աղոթել: Իսկ երբ կամեցան ձեռք տալ տապանին, անմիջապես սաստիկ որոտման ձայն լսվեց անդունդներից, և ժողովուրդն ահից գետին ընկավ: Եպիսկոպոսները դարձյալ մոտեցան սրբի տապանին, և մեծ շարժում եղավ, ու թվաց, թե երկիրը կճեղքվի: Եվ այնժամ եպիսկոպոսներն իմացան, որ սուրբ վկան չի կամենում հեռանալ վանքից: [Նրանք] ասացին Բրիովնիային. «Չի կամենում հեռանալ վանքից… Նրա հատված անդամներից մեկը տո՛ւր, որ տանենք»: Եվ Բրիովնիան բացեց տապանը և տեսավ, որ սուրբ նշխարներից ճառագայթներ էին փայլում: Այնժամ մեծ երկյուղածությամբ Բրիովնիան պարզեց ձեռքն ու բռնեց սրբի ձեռքը` կամենալով հանձնել եպիսկոպոսներին: Եվ նույն պահին նրա ձեռքը բռնվեց տապանում: Բրիովնիան սկսեց արտասվելով խոսել. «Աղաչում եմ քեզ, դո՛ւստր իմ Փեբրոնիա, մի՛ բարկացիր քո մոր վրա և մի՛ խայտառակիր քո մոր ծերությունը»: Եվ [լոկ] դրանից հետո վերցրեց ձեռքն ու մի ատամ և տվեց եպիսկոպոսին:
Եվ եպիսկոպոսները, սուրբ նշխարները դնելով ոսկեզօծ շղարշի մեջ, մեծ ուրախությամբ քաղաք վերադարձան: Իսկ բազմությունը գնում էր առջևից` սաղմոսներ և օրհնություններ ասելով: Եվ երբ հասան վկայարանին, եպիսկոպոսները բարձրացան բեմի աստիճաններին և [նշխարներով] խաչակնքեցին ժողովրդին: Եվ նույն պահին կույրերն սկսեցին տեսնել, կաղերը քայլեցին և ախտաժետները բժշկվեցին: Եվ [ամենքը] փառավորում էին ամենասուրբ Երրորդությանը. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն4:
1 Գրքում` «Յօր. Պտղամորացւոց. և է քաղաքն Պալմիւրա կամ Արմաւենեաց քաղաք յանապատին Ասորւոց»:
2 Գրքում` «Բնագիրն յոյն ունի Սիբապօլիս քաղաք. այլք գրեն Նիսիբիս որ է Մծբին, և հաւանելի է այսմ»:
3 Բն. «հանել»: Փխ. ըստ շարակարգի:
4 Գրքում` «Ի յոյն օրինակս և ի հին լատին թարգմանութեան գտանի այլ ևս բան իբր կէս էջ, և յաւարտն ասի. «Յետ երկուց ամաց վախճանեալ Բրիովնեայ և յաջորդեալ Թովմայիս. և սա ինքն գրէ զգեղեցիկ վկայաբանութիւնս այս, հարցեալ,- որպէս ասէ,- և զԼիւսիմաքոս` զիրաց որոց չէրն ականատես»: Իսկ նահատակութիւն Փեբրոնեայ համարի եղեալ յամի Տեառն 304, յորում և սուրբ Յողիտա վկայեաց ի Կեսարիա:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.