26 Նոյեմբեր, Գշ
Անկյուրացիների քաղաքի ատյանում նստելով` Ագրիոսը հրամայեց իր առջև կանգնեցնել երանելի Պլատոնին, որ Գաղատացիների ամբողջ աշխարհում անվանի էր. մանկահասակ, գեղեցկատես և աստվածային Գրքերի իմաստությամբ լի: [Հրամանին ի պատասխան] Իբրիդիոս դահճապետն ասաց. «Տե՛ր իմ, ահավասիկ քո բեմի առջև է»: Եվ երբ դատավորը տեսավ նրան, ասաց. «Ամբողջ աշխարհը խաղաղությամբ է ապրում. դու ինչո՞ւ ես համառում մոլորությանդ մեջ և քեզ հետ մոլորեցնում շատերին»: Սուրբն ասաց. «Ո՛վ դատավոր, դուք եք մոլորյալ, որ, թողնելով երկնքի և երկրի արարչին, քարերն ու փայտերն եք երկրպագում»: Դատավորն ասաց. «Մանուկ հասակդ անմտության մեջ է գցել քեզ և, ինչպես տեսնում եմ, բազում տանջանքների է մատնել: Անմիջապես ասա՛` ի՞նչ կրոնի ես, ո՞ր քաղաքից և ի՞նչ է քո անունը»: Սուրբը պատասխանեց. «Եթե կրոնս ես կամենում իմանալ` քրիստոնյա եմ, մեծացել եմ այս քաղաքում, և անունս Պղատոն են դրել ծնողներս: Եվ մորս որովայնից Քրիստոսի ծառա եմ»: Դատավորն ասաց. «Քրիստոսի անունը տալուց ոչ մի օգուտ չունես, որովհետև շատերը, որ Նրա անունը խոստովանեցին, մահվան մատնվեցին, իսկ ովքեր ուրացան Նրան, մեծամեծ պարգևներ ստացան թագավորներից: Եվ այժմ ասում եմ քեզ. ընդունի՛ր ինքնակալների [հրամանը] և մեծամեծ գանձեր կստանաս ու կազատվես ահավոր տանջանքներից»: Սուրբը պատասխանեց. «Ես իմ Թագավորին եմ ընդունում, որովհետև Նա է իշխում այս և հավիտենական ժամանակներում»: Դատավորն ասաց. «Այդպես մի՛ պատասխանիր, այլ խոհեմությամբ խորհի՛ր օգուտիդ մասին, որովհետև պատկառելի հրաման է տվել ինքնակալը բոլոր քրիստոնյաների համար` կամ թո՛ղ զոհ մատուցեն, կամ` մեռնեն»: Սուրբը պատասխանեց. «Իսկ Աստված այլ հրաման է տվել քրիստոնյաներին. [միայն] Իրեն երկրպագել»: Այնժամ բարկացած դատավորը չորս զինվորների հրամայեց սրբին պառկեցնել և արջառաջիլերով ծեծել: Եվ այնքան երկար տանջեցին սրբին, որ [հոգնելով]` զինվորները փոխարինում էին մեկը մյուսին: Իսկ սուրբը միայն գոհանում և Քրիստոսի անունն էր խոստովանում: Դատավորն ասաց. «Ա՜յ թշվառա կան, մահվանից դեպի կյանք փութա՛»: Սուրբը պատասխանեց. «Լավ ես խրատում, ո՛վ դատավոր, որովհետև այսպես կամենում եմ սրանից փախչել և մշտնջենավոր կյանքը մտնել»: Դատավորը հարցրեց. «Ա՜յ թշվառական. և՛ երկու մա՞հ կա, և՛ երկու կյա՞նք»: Սուրբը պատասխանեց. «Այո՛»: Դատավորը հարցրեց. «Եվ որո՞նք են»: Սուրբը պատասխանեց. «Մեկն առժամանակյան է, մյուսը` հավիտենականը»: Դատավորն ասաց. «Մի՛ շատախոսիր, այլ մոտեցի՛ր, զո՛հ մատուցիր աստվածներին և ազատվի՛ր տանջանքներից»: Սուրբն ասաց. «Արա՛ ինչ կամենում ես, որովհետև ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ գազանները, և ո՛չ որևէ այլ տանջանք չի կարող ինձ հեռացնել իմ Աստված Հիսուս Քրիստոսից, որ մահացավ մեզ համար և հարություն առավ»: Այդ ժամանակ դատավորը հրամայեց նրան բանտ տանել: Եվ սուրբը բոլոր իր մոտ գնացողներին սովորեցնում էր [աստվածային խոսքը]:
Վեց օր անց դատավորը հրամայեց իր առջև բերել երանելիին: Եվ տանջանքի բազում գործիքներ պատրաստեցին` նրան զարհուրեցնելու համար: [Դատավորն] ասաց. «Տանջանքի այս բոլոր գործիքները քեզ համար են պատրաստված, բայց եթե կամենաս, դրանցից կազատվես… և ոչ միայն: Մի միամորիկ դուստր ունեմ, քեզ պես գեղեցիկ. նրան քեզ կնության կտամ, նաև մեծամեծ նվերներ… և իմ որդին կլինես, միայն մոտեցի՛ր, զո՛հ մատուցիր աստվածներին և ճաշակի՛ր նվիրական զոհից»: Սուրբը պատասխանեց և ասաց. «Չա՛ր ոգու սպասավոր և Քրիստոսի թշնամի, քո հայր սատանայի պես խարդավանքով ես ուզում խաբել ինձ. ո՛չ քո ստերով կխաբվեմ, և ո՛չ կվախենամ քո սպառնալիքներից»: Եվ բարկանալով` դատավորը հրամայեց պղնձյա մահիճը [մոտ] բերել և սրբին պառկեցնել վրան, մահճի տակ կրակ վառել, իսկ սրբի վրա լցնել ձեթ, ծծումբ, կուպր և մոմ: Եվ երբ տանջանքի գործիքը պատրաստ էր, և սպասավորները դատավորի հրամանով վառեցին կրակը, երանելին աչքերը երկինք հառեց և այսպես ասաց. «Ի՛մ Տեր Հիսուս Քրիստոս, հրեշտակների՛ և բոլոր արարվածների Աստված, Դու ես, որ ամեն տեղ զորացնում ես Քո ծառաներին և համբերություն շնորհում բոլոր Քեզ հուսացողներին: Դու ցույց տվեցիր Քո Աստվածության զորությունը նաև Բաբելոնում` հուրը ցողի փոխելով: Այժմ ինձ համար ևս գործի՛ր Քո սքանչելիքը, առաքի՛ր Քո հրեշտակին և ցրի՛ր այս բոցը, որպեսզի բոլորը, որ կուռքերի մոլորության մեջ են, իմանան, որ միայն Դու ես ճշմարիտ Աստված, մշտապես փառավորված Հոր և Սուրբ Հոգու հետ` այժմ և հավիտյանս. ամեն»: Եվ քրիստոնյաների բազմությունը, որ մոտերքում էր կանգնած, կրկնեց` «Ամեն»: Եվ հուրը մարեց, և հզոր լույս ծագեց նրա վրա, և անուշաբույր օդով լցվեց [շրջակայքը]: Եվ ամբոխն սկսեց աղաղակել և ասել. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և միայն Նա է Աստված»:
Իսկ ամենաթշվառ դատավորը այս ամենից չհասկացավ ճշմարտությունը, այլ սքանչելիքի լույսից կուրացած, եղածը կախարդություն էր համարում, հրամայեց, և սրբին իջեցրին պաղնձյա մահճից և կանգնեցրին դատավորի առջև: Ագրիոսն ասաց. «Երդվի՛ր իմ աստված Ապոլոնին: Չես ապրի, եթե չուրանաս խաչյալին, որին Աստված ես անվանում»: Սուրբը պատասխանեց. «Ո՜վ թմրած սիրտ և կուրացած միտք, ի՜նչ ես հայհոյություն խոսում. այս ամենից հետո չճանաչեցիր իմ Աստծու զորությունը և տակավին լրբանում ես»: Առավել բարկանալով` դատավորը հրամայեց պրկել նրան և հասակի երկարությամբ փոկ-փոկ հանել կաշին: Եվ երբ դահիճներն սկսեցին կատարել այս անողորմությունը, ճգնազգյաց վկան ոչինչ չասաց ի պատասխան, այլ միայն սաղմոսում էր և ասում. «Համբերությամբ սպասեցի Տիրոջը, Նա նայեց ինձ և լսեց աղոթքներս» (Սաղմ. ԼԹ. 2):
Սրանից հետո [դատավորը] հրամայեց կախել սրբին և քերել: Եվ այնքան քերեցին ամբողջ մարմինը, մինչև որ [առողջ] տեղ չմնաց. անգամ թաթերն ու ծնոտը քերեցին: Եվ վկայի արյունը հոսում-իջնում և ոռոգում էր [տանջանքների] տեղը: Սրանից հետո հրամայեց իջեցնել նրան և շիկացած երկաթներ բերել և դարբնի քուրայում բորբոքելով` վրան դնել. և այսպես այրեցին-խորովեցին նրա ամբողջ մարմինը: Այս ամենից հետո հրամայեց բանտ նետել և բանտապաններին պատվիրեց, որ չթողնեն, որ որևէ քրիստոնյա մտնի նրա մոտ, այլ միայն նրանք ժամանակ առ ժամանակ մի կտոր հաց և մի բաժակ ջուր տան:
Իսկ երանելի Պղատոնը բանտում տասն օր սոված մնաց և միայն աղոթում էր գիշեր ու ցերեկ: Եվ կերակրվում էր` հիշելով Փրկչի խոսքը. «Ո՛չ թե հացով է մարդ ապրում, այլ խոսքերով, որ ելնում են Աստծու բերանից» (Բ. Օրին. Ը. 3; Մատթ. Դ. 4):
Տասն օր անց դատավորը հրամայեց իր մոտ բերել և առաջվա պես հարցաքննելով` չկարողացավ համոզել սրբին: Դրանից հետո մահվան դատավճիռ կայացրեց` սրով հատել գլուխը: Դահիճները նրան վերցնելով քաղաքից դուրս` մի [ամայի] տեղ տարան: Եվ սուրբն աղաչեց դահիճներին, որ թողնեն` մի փոքր աղոթի: Եվ նրանք թողեցին: Եվ դեպի արևելք դառնալով` ձեռքերը երկինք պարզեց և մեկ ժամ Տեր Աստծուն աղոթեց մտքում, իսկ աղոթքի վերջում փառավորեց և ասաց` «Ամեն»: Ապա բարձրաձայն խոսեց և ասաց. «Տե՛ր Հիսուս, իմ հոգին ընդունի՛ր խաղաղությամբ»: Եվ այս ասելով` խոնարհեց պարանոցը, և շեշտակի իջնելով` դահճի սուրը հատեց նրա գլուխը:
Եվ այսպես Քրիստոսի մեծ վկա Պղատոնիոսը մարտիրոսվեց ի փառս Աստծու, նոյեմբեր ամսի տասնութին` փառավորելով ամենասուրբ Երրորդությունը. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.