26 Նոյեմբեր, Գշ
Այժմ Աստծու շնորհների մեծությունը և Նրա զորոթյունը սուրբ մարտիրոս Պողիքտոսի միջոցով երևաց ամենքին: Այժմ տրտմում և թախծում են իրենց անշունչ կուռքերին հուսացած հեթանոսները. ովքեր մոլորված էին քանդակվածներով` ամոթով մնացին, որովհետև աստվածային զորությամբ իրենց կամքին հակառակ ստիպված էին հետևել սուրբ Պողիքտոսի օրինակին, ինչպես բոլորի Արարիչն ու Փրկիչն է ցույց տալիս աստվածային Գրքով, թե` «[Պետք է] խոնարհվի ամեն ծունկ՝ թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների, և թե՛ սանդարամետականների» (Փիլիպ. Բ. 10),-քանի որ երբ աստվածային զորությամբ տրվում է մարդկանց` առավել ևս պետք է օրհնվի և փառավորվի: Ահավասիկ երանելի Պողիքտոսի [օրինակը], որ թվում էր` հեթանոսական բարքի և պաշտամունքի է. նա արագ [կամեցավ] Քրիստոսի պաշտամունքին անցնել և զորացնել իրեն: [Նա], որ երկրավոր թագավորի զորականն էր, անմիջապես արհամարհեց մարդկային զինվորությունը և փոխարենը Քրիստոսի զինակրությունն [ընտրեց] և ամենայն հոժարությամբ երկրային զինվորությունը [երկնայինով] փոխանակեց` անթառամ պսակ ընդունելով իր ջանքերի ու ժուժկալության համար: Որովհետև Փրկիչը հայտնությամբ նրան Իր արքայությունը հրավիրեց, և երկրային քղամիդը, որ կրում էր վկան, խորհրդավոր և անճառելի կերպով պատվականագույնով փոխարինեց, իսկ խոտելի` այսինքն անհավատության պատմուճանը հրամայեց մի կողմ նետել, որպեսզի աստվածահաճոն հագցնի սուրբ մարտիրոսին: Եվ դրանից հետո երանելին կամավոր հոժարությամբ շտապեց դեպի կանչը` այդուհետ անմիջապես արհամարհելով երկրայինն ու մարմնականը: Այլևս ո՛չ կին, ո՛չ մանուկներ, ո՛չ [ընտանի] հարկ և ո՛չ զորակիցներ, ո՛չ մեծարանք ու պատիվ, ո՛չ մարդկային փառք և մեծություն ի զորու չէին նրան զատել բարեպաշտությունից, որովհետև առավել լավ համարեց երկնային կյանքն ու առաքինությունը` անմիջապես հեռանալով կուռքերի մոլորությունից դեպի ճշմարիտ և անարատ աստվածպաշտություն:
Այլև աստվածային նախախնամությամբ ևս մի սքանչելիք կատարվեց սրբի հետ. մի ոմն Դեկոս, որի անունը հալածիչ է թարգմանվում, մի դուստր ուներ, որի հետ ապրում էր սուրբ Պողիկտոսը: Իսկ այս հալածիչը նաև ուրիշներին էր հարկադրում և համոզում զոհ մատուցել կուռքերին. մինչդեռ սրբին չկարողացավ իր կողմը դարձնել: Ապա հալածիչը վերցրեց իր դստերն ու [նրա] մանուկներին և գնաց սրբի մոտ` կամենալով նրանց միջոցով խոնարհեցնել և դավել նրան: Իսկ նա անշարժ և հաստատուն մնաց Քրիստոսի հավատքին և արհամարհեց մարդկային ազգակցությունն ու ախտավոր ցանկությունը: Այնուհետ իրեն զորացնող ընտրեց երկնավոր Թագավորին և ջանում էր Նրան սպասավորել: Եվ այս կյանքում, ոչ առանց Աստծու տեսության, զինվորական էր: Եվ զինվորական ծառայության մեջ բազում էին ծանր մեղքերի գայթակղությունները, որովհետև Աստված հենց սկզբից էր կամեցել փորձել մարտիրոսի հոժարակամությունը: Եվ որպես մաքրամաքուր և ընտիր ոսկին է ստուգվում բովի մեջ, Աստված, կամենալով փորձել սրբին, առաջինը զինվորական գործերի մեջ դրեց, որ և շատերը կարծում էին, թե խոտելի կդառնա, իսկ նա աշխարհական վարքում Աստծու հարազատ և մերձավոր ծառա դուրս եկավ: Եվ Տիրոջ զորակցությամբ այս բարի գործով [առաջ ընթացավ], մարտիրոսվեց և անարգ ու երկրավոր զորքից փոխադրվեց մեծագույնի [շարքերը]:
Ո՜վ բարեպաշտ վկա, ամեն ինչով և ամեն կողմից սուրբ, Աստծու պատվականագույն մարտիրոս, որ հիշատակդ երբեք չենք դադարում կատարել, ո՜վ ճշմարիտ և աստվածային նահատակ, որ այդքան զարդ և գովություն ընծայեցիր մարդկային ազգին, անձամբ մատուցեցիր, որովհետև դո՛ւ տրորեցիր վիշապի գլուխը, ինչպես սուրբ Թեկղի մասին են վկայում, և ի վեր ընթացար այն ճանապարհով, որ պղնձյա սանդուղքի նմանությամբ բարձրացնում է երկնային հեռավոր ուղիներով, որոնց մասին չլսեցին և անտեսեցին մարգարեություններում պատմվածը, որովհետև կարծում էին, թե շատ հեռու և նվաղեցնող է քրիստոնյաների ընտրած ուղին, ուստի երկրաբնակ և անպատիվ վարքով մեկը չի կարող մոտենալ [այս] երկնային պատվին: Եվ այս սանդուղքով բարձրացավ երանելի Պողիքտոսը ու տրորեց հիշյալ վիշապի գլուխը, արհամարհեց կուռքերն ու վեր բարձրանալով խորհրդավոր ու անճառելի սանդուղքով` այս հրաշալի գործերով հաստատեց առաքելական խոսքը, որ ասում է. «Հավատքով հանգցրեցին կրակի զորությունը, փակեցին առյուծների բերանները» (Եբր. ԺԱ. 33-34):
Ո՜վ երկնային հավատքի զինվոր, որին չմոտեցավ սատանայական սուրը, ո՜վ Քրիստոսի աշակերտ և ճշմարիտ ու ընտիր զորական, որ առաքինության և արդար հավատքի համար միշտ պատվվում ես անմահ հիշատակով, որ մոտեցար մեզ, որպեսզի մենք ևս մասնակցենք Նրա ծննդյան խրախճանքին, որպեսզի վայելենք Նրա գործերը, որ ամեն մեկին օգտակարն է պարգևվում, որի համար այս գովքն ենք մատուցում հանուն առ Աստված սիրու: Այսպես բարեմտությամբ բերկրենք Պողիքտոսի բարի գործերով և միշտ մտքներումս պահենք դրանք, որ նրա հիշատակի խոսքերին գրով հաղորդ լինենք և մեր անձերը կարողանանք հաստատել ճշմարիտ հավատքով: Եվ այժմ սկսենք [պատմել] սուրբ վկայի վարքն ու գործերը, թե ինչպես եղան: [Իսկ] դուք ձեր մարմնի անարատ վարքով և հոգու լսելիքները մաքրելով սրբեցեք, որպեսզի բարի հոժարության շնորհիվ ձեր հոգիները սրբի օգտակարություններով ձգտեն արբենալ:
Եվ արդ, նրա վկայության սկիզբն այսպես է…
Մի մարդ, որի անունը Նեարքոս էր, և երանելի սուրբ Պողիքտոսը եղբայրներ էին կոչվում: Ոչ թե ազգակցական կապի, այլ սիրո և մտերմության համար բարեկամ և ընկեր կոչվեցին, աստվածային ակնարկությամբ երկուսով համախոհ եղան: Եվ Նեարքոսը քրիստոնյա էր, իսկ երանելի Պողիքտոսն իրեն հեթանոս էր համարում, սակայն լոկ անունով. մինչդեռ ճշմարտությունից չէր հեռացել և ջանում էր բազում երկմիտ քրիստոնյաներից առանձնանալ ճշմարիտ հավատքով: [Եվ ո՛վ ընթերցող գրիս], տե՛ս Աստծու սքանչելի նախախնամությունը. մինչև մեր Փրկչի Տնօրինությունը, որ մեր փրկության համար երկնքից երկիր ուղարկվեց, բոլորն ընթանում էին մառախլական մեգի և թանձր խավարի միջով: Իսկ երբ եկավ Փրկիչը, ասես վախենալով` բոլորը դուրս ելան կռապաշտության խորին փոսից: Ինչպես երանելի Դավիթն է ասում. «Տերն ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից, ոտքերս վեմի [ու ժայռի] վրա հաստատեց և ուղղեց իմ քայլերը» (Սաղմ. ԼԹ. 3),-ուր փոս, տառապանք և տիղմ է անվանում կռապաշտությունը, իսկ վեմ ասելով` ակնարկում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, [վեմ], որի վրա հաստատված ենք և մենք` շնորհիվ հավատքի: Քանզի գալուստից և հայտնությունից չորս օր անց վկայեց երանելի Պողիքտոսը արաց ամսի առաջին չորս օրը2: Հենց Փրկչի գալստյան օրը մաքրվեց հեթանոսական աղտից և հեթանոսական բարքը փոխեց` դրանից հետո Փրկչի տնօրինության հետ փառավորվելով:
Ո՜վ աստվածային այցելություն… Եղբայրնե՛ր… ո՜վ հավատք Պողիքտոսի… ո՜վ սքանչելիք… Թագավորը երկնքից իջավ, և զորականն այս ինքնակամ զինվորագրվեց Նրան: Եվ արդ, ինչպե՞ս եղավ այս վկայի ընտրությունը և կամ ի՞նչը նրան կոչեց արագ մարտիրոսության, որ եղավ Փրկչի գալուստից անմիջապես հետո: Ինչ-որ Դեկոս և Վաղերիանոս անվանվածներ, որ Աստծուց թագավորելու պատիվ էին ստացել, ամբարշտաբար և դաժանորեն [չարչարեցին] սրբին: Ամբարշտաբար օրենք գրեցին, թե ով համաձայնի զոհ մատուցել կուռքերին` կարող է ծառայել բանակում, իսկ ով չկամենա զոհ մատուցել` պատիժներով կամ գլխատությամբ կզրկվի կյանքից: Եվ Դեկոսն ու Վաղերիանոսն այս [հրամանը] տվեցին քրիստոնյաների դեմ:
Եվ արդ, կա՛մ զոհելու, կա՛մ կյանքից զրկվելու այս հրամանով կտեսնենք Պողիքտոս վկայի հոժարությունը հրամանների վերաբերմամբ:
Եվ [թագավորական հրամանից] հետո մարտիրոսի բարեկամ Նեարքոսը նեղվեց. մշտապես հոգոց հանելով` դառնապես լալիս էր, ուստի և խուսափում էր սովորականի պես հաղորդակցվել Պողիքտոսի հետ: Եվ Պողիքտոսը զարմանում էր այսպիսի վերաբերմունքից և սրտանց վշտանում: Վկան բազմիցս մոտեցավ և հարցրեց, թե` «Ի՞նչն է այս տրտմությանդ պատճառը»,- իսկ Նեարքոսը չէր պատասխանում: Եվ տևական լռությունից, երկար նեղվելուց և տրտմելուց հետո սուրբը դարձյալ խոսեց և ասաց. «Ի՞նչն է մտածմունքներիդ, այլայլության և հեռու մնալուդ պատճառը… մերժեցի՞ր մեր ընկերությունը, որ անգամ զրույցի չես բռնվում հետս: Ի՞նչ դառնություն եմ պատճառել քեզ, կամ ինչո՞ւ ես վհատվել ինձնից»:
Եվ մարտիրոսի այլևայլ խոսքերից հետո միայն Նեարքոսն սկսեց խոսել [և բացատրեց]. «Ո՛վ Պողիքտոս, ես մտածում եմ մեր առաջիկա բաժանման մասին, որ լինելու է թագավորների անօրեն և անարժան հրամանի պատճառով: Դրա համար եմ ինձ լռության մատնել»:
Այնժամ Պողիքտոսը պատասխանելով ասաց. «Ո՛վ Նեարքոս, ինչո՞ւ են խոսքերդ հուսահատ. չնայած դատապարտված ենք, որ մահը պիտի բաժանի մեզ, սակայն ոչ ոք չի կարող ջնջել սերն ու բարեկամությունը»: Նեարքոսն ասաց. «Ես ինքնամփոփ մտածում էի, որ մարդկային մահից ավելի ծանր կլինի բաժանումը»: Այս լսելով` սուրբ Պողիքտոսը գրկախառնվեց Նեարքոսին, աղաչում և խնդրում էր, որ ասի առաջիկա բաժանման պատճառը: Եվ անսալով սուրբ մարտիրոսի աղաչանքին` Նեարքոսն ուզում էր հայտնել բաժանման պատճառը, սակայն չէր կարողանում, որովհետև կսկիծն ու արտասուքը [սեղմել էին կոկորդը]: Եվ շփոթված նայեց Պողիքտոսին ու վհատվելով` գետին ընկավ: Իսկ սուրբ Պողիքտոսը չէր կարող հանգիստ նայել այս ամենին, [նաև չգիտեր], թե ինչպես մխիթարի ընկերոջը: Եվ մտածում էր, թե միգուցե բարեկամների թշնամանքն է ազդել Նեարքոսի վրա: Եվ մտքում ասում էր. «Նեարքոսի բարի վարքի առնչությամբ կասկած չունեմ»: Իսկ հետո այսպես էր խորհում. «Գուցե մեկը չարախոսել է Նեարքոսին… կամ հայհոյության… կամ ունեցվածքի վնասվելու պատճառով է վհատվել և արտասվում Նեարքոսը»: [Եվ խոսեց Պողիքտոսը]. «Ես պատրաստ եմ,- ասաց սուրբ վկան,- քեզ օգնության հասնելու… դժվարություններ կրելու կամ անգամ մահ ընդունելու հանուն ճշմարիտ ընկերոջ: Նույնիսկ եթե որդի ունենայի` չէի խնայի ընկերոջս համար, ընկերոջից ցածր կհամարեի նրան, ընկերական սերը կգերադասեի ամեն ինչից»:
Եվ երբ Նեարքոսը վկայի այս խոսքերը լսեց, ոտքի ելավ, սակայն մի կերպ էր բացում բերանը, որովհետև թախծոտ էր ու տրտում: Եվ ասաց վկային. «Պողիքտո՛ս, վաղը բաժանվելու ենք իրարից, վարքով և կեցությամբ կօտարանանք և կտարբերվենք իրարից»: Իսկ Պողիքտոսը, չկամենալով հավատալ Նեարքոսի խոսքերին, ցնցվել էր այս վարքագծից և հարցնում էր, թե ի՞նչ է պատահել նրան, կամ ո՞րն է այդ խոսքերի պատճառը: Եվ երբ Պողիքտոսը երկար խնդրեց, Նեարքոսն սկսեց արտասվելով պատմել և խոսել քրիստոնյաների դեմ հանված անօրեն հրամանի մասին: Եվ երբ Պողիքտոսը նրանից լսեց անօրեն հրամանի մասին, հոգին զարթնեց, և կամեցավ տեսնել Աստծուն և երկնային [արքայությունը]: [Աչքի առաջ] հայտնվեց տեսիլը և շնորհներով լցվելով` սուրբն սկսեց պատմել Նեարքոսին. «Նեարքո՛ս, այսօր տեսա մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որին մաքուր և երկյուղած կերպով երկրպագում ես: Եվ Նա ինձ մոտեցավ, հանեց այս աղտեղի, զինվորական քղամիդը և մի պայծառ ու անգին քղամիդ հագցրեց` ամբողջովին զարդարուն ոսկեճաճանչ փայլերով. ինձ պարգևեց այդ հանդերձանքն ու մի թևավոր ձի»: Եվ այս տեսիլը ոչ թե մի դատարկ բան էր, այլ առաջիկա մարտիրոսությունն էր ակնարկվում. զգեստի փոփոխումն առավել լավի` նշանակում էր վատից լավին անցնելն ու երկնային առաջադիմությունը` երկրայինից երկնային զինվորությանն անցնելու հրամանն էր: Իսկ թևավոր ձին, որ Աստված շնորհեց նրան, ոչ այլ ինչ էր, եթե ոչ երկրից երկինք ընթանալու ակնարկություն: Եվ այս ամենը նրանից լսելով` Նեարքոսը բերկրեց և ասաց. «Ուրեմն դու նույնպես ճանաչեցիր երկնային Աստված Քրիստոսին, որ հավերժ է, անբավելի է և երկնքի Թագավորն է և աննախանձ և առատապես Իր շնորհները բաշխում է Իրեն աղոթողներին»: Եվ այս կապակցությամբ Պողիքտոսն ասաց. «Ես ե՞րբ չեմ ճանաչել իմ Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսին: Եվ կամ երբ դու խոսում էիր Նրա մասին, մի՞թե սքանչանալով չէի հիանում, կամ երբ աստվածային գրքերն էիր կարդում, մի՞թե լսելիս չէի արտասվում: Ու թեև անվամբ քրիստոնյա չէի կոչվում, սակայն հոժարակամ ձգտում էի Փրկչի ծառայությանը, որովհետև ամեն պահի և ամեն տեղ ցանկանում էի արհամարհել սին կուռքերի մոլորությունն ու խաբեությունը»:
Եվ երբ Նեարքոսն այս խոսքերը լսեց, ցնծությամբ լցվեց և ասաց երանելի Պողիքտոսին. «Անօրեն թագավորներն ստիպում են զոհ մատուցել պիղծ և սուտ կուռքերին: Իսկ ովքեր չեն կամենում զոհ մատուցել, այլ Քրիստոսին են ծառայում, նրանց սրով սպանում են: Եվ այժմ ի՞նչ ես ասում, Պողիքտոս… մի՛ արգելիր ինձ լացել, Պողիքտո՛ս, որովհետև վախենում եմ, որ կորցնելու եմ քեզ… սակայն հույս ունեմ, թե կհնազանդվես թագավորների հրամանին, որովհետև դեռևս կատարյալ քրիստոնյա` [այսինքն մկրտված] չես և կարող ես զոհ մատուցել կուռքերին»:
Իսկ երբ երանելի Պողիքտոսը լսեց այս խոսքերը, հոգին Աստծուն ձգտեց, և զայրագնյալ նայեց Նեարքոսին ու ամուր բռնելով նրա ձեռքն` ասաց. «Սրանից էիր երկնչում, ո՛վ Նեարքոս, ի սկզբանե այս էր քո կարծիքն իմ մասին, այս պիտի ակնկալեի քեզնից, որ մշտապես աստվածային և անճառելի խորհուրդն էիր ընթերցում ինձ համար, իսկ ես լսելով անպատվում էի գարշ և պիղծ կուռքերին: Եվ արդ, Նեարքո՛ս, մարմնավոր ի՞նչ է եղել մինչ այժմ, որ չենք ճանաչել, մինչդեռ Աստծու հետ խոսակից դարձնող հոգևորն ու անճառելին ցայսօր անտեսել ենք: Եվ ինչո՞ւ հիմա ոչինչ չենք անում, Նեարքո՛ս, ինչո՞ւ բացահայտ չենք խոստովանում մեր հավատքն առ մեր Տեր Հիսուս Քրիստոս»:
Եվ երանելի Պողիքտոսի խոսքերով ասես քնից զարթնեց Նեարքոսը և դարձյալ հոգի առնելով` ասաց սրբին. «Պողիքտո՛ս, ո՛չ զինվորական փառքն ու հռչակը, և ո՛չ այս աշխարհն ինձ ավելի պատվավոր չեն թվում, քան Քրիստոսի [շնորհած] կյանքը, և անմահությունը, փրկությունն ու հավիտենականը գերադասում եմ այս ժամանակավոր կյանքից»: Իսկ Պողիքտոսն, այս լսելով, կամենում էր ստուգել ընկերոջ հավատն ու հոժարակամությունը: Եվ ասաց նրան. «Եվ չե՞ս ափսոսում զինվորական պատիվդ»: Իսկ Նեարքոսը, չիմանալով, որ փորձելու համար է հարցնում, ոչ թե ազնվորեն, պատասխանեց. «Օ՜, եթե իմանայիր Քրիստոսի շնորհած պատիվն ու հաջողությունները…»,- [և սկսեց] սրտանց ու անկեղծ խոսել նրա հետ նաև աստվածային Օրենքի և նվիրվածության մասին: Սուրբ Պողիքտոսն ասաց. «Դու կարծում ես, թե ես չգիտեմ Քրիստոսի շնորհած հաջողությունները և քեզ սպասվող պատվի մասին… քո ասելուց առաջ էի ես ուղղվել դեպի Փրկիչը, որովհետև այսօր երկնային թագավորության քղամիդն ընդունեցի Նրանից: Սակայն կամենում եմ քեզ մի հոգևոր հարց տալ. երկնչում եմ և կասկածում` եթե Փրկչի մոտ անկատար գնամ, [այսինքն առանց մկրտվելու], ինձ կընդունի՞ մյուս հոգևոր զինվորների կարգը: Եվ ընդհանրապես, հնար կա՞, որ լինես չկրտված և սուրբ խորհրդին անհաղորդ, սակայն Աստված ընդունի»:
Իսկ Նեարքոսը, աստվածային խորհուրդներին անփորձ երանելի Պողիքտոսի մտքերը լսելով, թե տակավին կատարյալ քրիստոնյա չէ, կամեցավ առավել ևս հորդորել նրան և հիշեցրեց աստվածային Գրքերի խոսքը, որ ավելի ոգեշնչեցին սրբին: Եվ այսպես ասաց Նեարքոսը. «Երբեք մի՛ երկմտիր այդ առիթով, Պողիքտոս, որովհետև «Աստված կարող է,-ինչպես ասում են աստվածային Գրքերը,- այս քարերից Աբրահամի որդիներ հանել» (Մատթ. Գ. 9; Ղուկ. Գ. 8),-այսինքն Քրիստոսի զինվոր դառնալու ակնկալություն չունեցած հեթանոս մարդիկ դասվեցին այդ կարգը, որովհետև բոլորի համար բաց են երկնքի դռները, և անմահ փրկության մուտքը երբեք չի փակվել: Թեև մեկը կարող է [կյանքի վերջում միայն] քիչ ժամանակ հավատալ, սակայն կարող է ճշմարիտ հավատքով այդ քչի դիմաց մեծ վարձ ընդունել: Դրա համար Ավետարանում Փրկիչը բոլորին հրամայում է վճարել թե՛ առաջին, թե՛ իններորդ և թե՛ տասներորդ ժամերի մշակների վարձերը, ուստի անգամ եթե ուշ գնաս Տիրոջ մոտ, նույն վարձը կստանաս»: Եվ Նեարքոսի` իրար զուգադրվող և փոխլրացնող հիշատակությունները [հույսով լցրեցին] Պողիքտոսի [հոգին], և նա ասաց. «Իսկապես, երբ ընթերցում էիր աստվածային Գրքերը, քեզնից հաճախ լսել եմ, որ մշակները մի ժամ աշխատեցին, և Փրկիչը հրամայեց նրանց վարձը տալ ամբողջ օրը տքնած մշակների հետ»: Նեարքոսն ասաց. «Տիրոջ մյուս պատմությունը ևս հիշի՛ր, Պողիքտոս, որ քեզ առավել կքաջալերի: Հիշի՛ր [Նրա] աջ կողմում խաչված ավազակին. ինչ էր ասում նրան, որ խաչված էր ձախ կողմում և հայհոյում էր. «Մենք իրավամբ արժանի հատուցում ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք»,-մինչդեռ մեր Փրկիչն անպարտ ու անմեղ էր խաչին: Եվ հետո նա դիմեց մեր Տիրոջն ու ասաց. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությամբ» (Ղուկ. ԻԳ. 41-42): Եվ Փրկիչն ի՞նչ պատասխանեց նրան. նրա այդ փոքր ու անպաճույճ հավատի դիմաց ի՜նչ մեծամեծ [փառքեր] էր խոստանում` ասելով. «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. ԻԳ. 43): Տեսնո՞ւմ ես, Պողիքտո՛ս, մի փոքր հավատքն ինչքան մեծ ավետիս է պարգևում: Ավետարանի խոսքով, նույնիսկ փոքր հավատը կարող է լեռները տեղաշարժել» (հմմտ. Ա. Կոր. ԺԳ. 2):
Եվ այս կապակցությամբ Պողիքտոսը հարցրեց. «Նեարքո՛ս, մարդ հնարավորություն ունի՞ առանց մկրտության այս ամենին հասնելու»: Նեարքոսը պատասխանեց. «Ամեն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի և անհավատների համար ոչ մի բան մաքուր չէ: Եվ նրանց միտքն ու խիղճը պղծված են» (Տիտ. Ա. 15): Ահա տեսնում ենք Տիրոջը, երբ Նրան էին մոտենում կույրերը, որ բժշկի իրենց: [Եվ Նա] չէր խոսում աստվածային խորհուրդների մասին և չէր հարցնում, թե մկրտվա՞ծ են: Այլ միայն հարցնում էր` ճշմարի՞տ հավատով են մոտեցել Իրեն: Նա հարցրեց. «Հավատո՞ւմ եք,-ասաց,- որ Ես կարող եմ այդ բանն անել» (Մատթ. Թ. 28): Եվ պատրաստ էր Իր մարդասիրությունն ու զորությունն իսկույն ցույց տալու. մի խոսք ասաց, հրամայեց, որ մարմնավոր աչքերը տեսնեն, և աչքերն իսկույն բացվեցին»:
Այս խոսքերին ի պատասխան երանելի Պողիքտոսը հոգեպնդվեց և մոռացավ ամեն երկրային բան: Եվ իրենից անկախ բացականչեց. «Ի սկզբանե ես միավորվեցի Քրիստոսի հետ, և Նա խոստացավ հոգ տանել իմ մասին ու խնամել, որովհետև ես հրաժարվեցի մարդկային իրերից: Այսուհետ պարտ է, որ ես վկայեմ հանուն Քրիստոսի: Իսկ Փրկիչը նախ Օրենքը ծանուցեց, որ սովորեցնում և ասում էր. «Դու դեռ չէիր ստեղծվել որովայնում` Ես ընտրեցի քեզ, և մինչ արգանդից դուրս գալդ` սրբացրի քեզ» (Երեմ. Ա. 5),- ասել է թե` երկինք հրավիրեց ինձ: Աստվածատյաց հեթանոսները տեսան Տեր Հիսուսին մոտս կանգնած և Նրա երեսի լուսավոր ճառագայթներից իմ երեսը պայծառացավ: Սակայն այժմ ժամանակն է, որ գնանք կարդանք թագավորի անարժան հրամանը»:
Եվ երբ երանելի Պողիքտոսն ընթերցեց, սկսեց ծաղրել մարդկային օրենքը և գիրն ամուր բռնելով` մի մասը պատռեց: Իսկ դրանից հետո մյուս կողմ նայելով` տեսավ, որ գրության մեջ հիշված կուռքերին բերում են մեհյան` իրենց սովորական տեղը: Զարդարել են ոստերով և տերևներով, որ այդ տեսքով բոլորին խաբեն, և մարդիկ գնան աստվածներին տեսնելու: Եվ այս կուռքերին տեսնելով` Պողիքտոսը երկնային ծիծաղով լցվեց և սկսեց ծանակել:
Եվ ամեն ոք հոժարակամ մոտենում էր, որ կուռքերին զոհ մատուցի: Իսկ Պողիքտոսն, ամուր բռնելով, կուռքերը գետին էր տապալում և առհասարակ բոլորը ջախջախեց ու փշրեց:
Եվ երբ սա եղավ, եկավ Պողիքտոսի աները` Փելիքսը, որին անօրեն թագավորները հալածիչ էին կարգել, [այսինքն քաղաքի իշխանն էր]3: Եվ ապշեց ու ցնցվեց Պողիքտոսի գործածից: Եվ Փելիքսն ասաց ինքն իրեն. «Վրիպեցի թե՛ մեկից, թե՛ մյուսից… ես` Փելիքսս, այժմ անզավակացա, որովհետև առաջինը վախճանվեց, մինչդեռ ես պերճանալով պարծենում էի փեսայովս, իսկ այժմ անզավակ մնացի, որովհետև այսուհետ ոչ ոք չի կարող ողորմել Պողիքտոսին` ո՛չ աստվածները, ո՛չ ինքնակալ թագավորները, քանի որ այսպիսի բան հանդգնեց անել և անիրավաբար փշրեց և կործանեց մեր բոլոր աստվածներին»: Իսկ Պողիքտոսն ասաց. «Ես արհամարհեցի դրանց և այս նույն արարքով ցույց տվեցի նրանց անզորությունը: Ուրիշ աստվածներ ունե՞ս, ո՛վ Փելիքս, շտապի՛ր նրանց ևս առաջ բերել, որպեսզի ես` Աստծու ծառաս, անարգելով ոչնչացնեմ դրանց»:
Այնժամ Փելիքսը սրբին դիմեց և ասաց. «Ո՛վ Պողիքտո՛ս, գոնե մի քիչ դադար առ, որ ողջ մնաս… առանձնացի՛ր և լռի՛ր, որպեսզի մինչև վախճանդ հանդիպես կնոջդ»: Իսկ սուրբ Պողիքտոսը, երկնային իմաստությունն ի գործ դնելով, պատասխանեց նրան. «Ի՞նչ կին կամ որդի պիտի տեսնեմ, եթե ոչ երկնային և հոգևոր բարիքները, որ Քրիստոս պատվիրեց ինձ: Իսկ քո դուստրը, եթե կամենա և ջանա ինձ և իմ կամքին հետևել, ուրեմն երանելի և փառավոր է: Իսկ եթե նրա կամքն այլ լինի, ուրեմն նա նույնպես ուղղվեց դեպի աստվածներ կոչվածների կողմը»: Եվ այս խոսքերից արտասվեց Փելիքսը` տեսնելով, որ Պողիքտոսը մարդկային կյանքի հետ բոլոր հաշիվները փակել է: Եվ ասաց նրան. «Քեզ և՞ս խաբեցին Քրիստոսի մոլորությունները»: Իսկ սուրբ Պողիքտոսը պատասխանեց. «Ես խոստովանում եմ, որ Նրա զորությունն հոգիս և կամքս ձգելով տարավ, որովհետև Քրիստոսի զորությունն այնքան է, որ Իր անճառելի թագավորությամբ ինձ զատեց կռապաշտության մոլորությունից և ինձ արժանացրեց ընտիր զորական լինելու»: Եվ երբ սուրբն այս խոսքերն էր ասում, աստվածային և երկնային զորությունն իսկույն հայտնվեց նրա առջև:
Այնժամ մոտեցան հալածիչները և ոտքերով անողորմ խփում էին սրբի բերանին: Սակայն սուրբը ոչինչ չէր զգում, որովհետև իր կողքին տեսնում էր Նրան, որ խաչվեց իր համար: Եվ սուրբն անսահման զայրույթով այսպես ասաց Փելիքսին. «Ո՛վ անսուրբ, պիղծ և խորհրդածու գարշելի, [դու], սակավաժամ թագավորներին ես սպասավորում, ինչո՞ւ ես ինձ խաբում քո նենգավոր արցունքներով: Կնոջ և երեխաների [հանգամանքով], ձգտում ես ինձ Քրիստոսի հույսից հեռացնել: Այլևս ինձ` Պողիքտոսիս չողբաս: Եվ եթե հավատաս ինձ` քեզ պիտի ողբաս, պիղծ և գարշելի, որ դատապարտված ես [հավիտենական] խավարն իջնելու…4
Եվ երանելին այս ասում էր` հեռանալով մարդկային էությունից և խորհելով ու մտածելով միայն երկնայինի մասին: [Եվ եկավ-հասավ սրբի] կինը` Պավլինան5 և արտասվելով ու վշտակցությամբ ասաց սրբին. «Ինչո՞ւ ես մոլուցքով լցվել, Պողիքտո՛ս, կամ ո՞վ քեզ խաբեց, որ հանդգնես տասներկու աստվածներին ջախջախել»: Իսկ երանելին ծիծաղեց կնոջ ասածների վրա և պատասխանեց. «Եթե ես միայնակ ձեր տասներկու աստվածներին ջախջախեցի, ուրեմն երկրի վրա այլ աստվածներ չունեք: Եվ արդ, եթե համաձայնես հետս, Պավլինա՛, հավատա՛ և հոժարությամբ հետևի՛ր ինձ, որ այս սակավաժամանակյայի դիմաց հավիտենական և անմահ կյանքն ընդունես»: Եվ այսպես խորհրդավոր բաներ էր գործում: Եվ նրա անարատ և անդրդվելի հավատը տեսնելով` շատերը հավատացին: Եվ հավաքվելով` բոլոր հալածիչները թագավորներից խնդրեցին, որ երանելիին մահապատժի ենթարկեն:
Եվ այդ անարժան հրամանի մասին իմանալով` վկան արհամարհում էր մարդկային մարմնի չարչարանքները և ձգտում էր ավելի առաջ ընթանալ: Ուրախ և խնդուն էր, որովհետև Փրկչի հետ հրճվում էր երկնքում: Եվ քանի դեռ մարմնի մեջ էր, խոսում էր մեզ և մերձավոր եղբայրների հետ և այս էր ասում. «Մի երիտասարդի եմ տեսնում, որ եկել է մոտս և խոսում է հետս ու սովորեցնում է, որ շտապեմ դուրս գալ մարդկային կյանքից: Ուստի պարզ է, որ վախճանվելու եմ ի Տեր: Եվ ինձ թվում է, թե Իր պատվական արյամբ աստվածային մկրտությունն ու Քրիստոսի կնիքն այս է»:
Իսկ Նեարքոսը երբեք չէր մոռանում իրենց բարեկամությունն ու սերը, որովհետև երկուսով ապրում էին միևնույն ոգով և կյանքով: Եվ Նեարքոսին նայելով` վկան ասաց. «Մնա՜ս բարով, եղբա՛յր, հիշի՛ր մեր անճառելի ուրախությունը»: Եվ այս վերջին խոսքը իբրև պատգամ թողեց Նեա-քոսին, իսկ ինքը սրի մահ ընդունեց:
Եվ եղբայրները նրա սուրբ և պատվական մարմինը թաղեցին Հայոց Մելիտինե քաղաքում` ընծայելով իբրև հավիտենական ժառանգություն: Եվ որովհետև նրան վայել էր ճիշտ այդպիսի մի օր հեռանալ, սուրբը թաղվեց չորեքշաբթի օրը, քանի որ ամեն տեղ` չորեքկողմյան [ծագերում] իր գործերով ցույց տվեց իր անշարժ ու հաստատուն հավատքը: Եվ նրա սուրբ մարմինը հենց այնտեղ դրեցին, իսկ նրա սուրբ արյունը կտավով հավաքելով` Նեարքոսը Կանանացվոց քաղաքը տարավ, իբրև մի երանելի ժառանգություն, իբրև Կանանացիների քաղաքի մերձավորների և հեռավորների փրկության զենք:
Եվ այս ամենը եղավ Դեկոսի և Վաղերիանոսի արևելյան առաջին հալածանքների օրերին: Եվ առաջինը սուրբ Ստեփանոսը վկայեց Երուսաղեմում, երկրորդը Փիղիորը Ալեքսանդրիայում, և երրորդը Պողիքտոսը` Մելիտինեում, չորս ինդիքտիոնից6 առաջ, արաց ամսին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ, որին փառք և զորություն` հավիտյանս. ամեն:
Սուրբ Պողիքտոսի չարչարանքներից հետո, ես` տառապյալ Նեարքոսս, [կտավի մեջ հավաքված] հիշատակը [տարա իմ Կանանետոն քաղաքն] ու տվեցի Տիմոթեոս Կանանացուն և Ավկտար Նեղոսին և նրանց երդվեցրի Քրիստոսի դատաստանով և ի Քրիստոս սուրբ Պողիքտոսի հաղթությամբ, որ ամեն տարի նշեն նրա օրը: Եվ վերցնելով սուրբ հիշատակները` Տիմոթեոսը դրեց եկեղեցում, ուր և [են մինչ օրս]:
1 «Յայսմաւուրքի» բոլոր խմբագրություններում նշվում է, որ հայազգի այս սուրբը Հայոց Մելիտինե (Մալաթիա) քաղաքից էր, ուր և թաղվեց: Նրա կերպարը Եվրոպայում հայտնի է նաև աշխարհիկ գրականությունից և երաժշտությունից: Օրինակ` XVII դարի ֆրանսիացի դրամաատուրգ Կոռնեյլը գրել է «Պողիկտոս» ողբերգությունը, իսկ XIX դարի իտալացի նշանավոր կոմպոզիտոր Դոնիցետտին` համանուն օպերան: Կոռնեյլի ողբերգությունը հայր Հուրմուզի թարգմանությամբ լույս է տեսել Վենետիկում (1858 թ.)` «Պողիկտոս Հայկազն» վերնագրով: Ծան. հրատ.:
2 «Յայսմաւուրքի» մեջ Պողիքտոսի (Պողոքտիոս) վկայությունը դրված է` «յունուարի Թ. և արաց Բ.»:
3 Հավելումն ըստ «Յայսմաւուրքի»:
4 Բն.`` այսպես:
5 Բն.` մի կին. փխ. ըստ «Յայսմաւուրքի»:
6 Ինդիկտիոն (լատ. indiktio)- ժամանակի հաշվարկման 15-ամյա շրջափուլ, որը Բյուզանդիայի Կոստանդին Ա. մտցրել էր 312 թվականին. ըստ այդմ` բնագրում նշված տարին ստացվում է 252 թվականը: Ծան. հրատ.:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.