26 Նոյեմբեր, Գշ
Բարեկարգության ժամանակներում և հավատքի հաստատության հինգերորդ1 տարում մի պոնտացի մարդ կար, Պանփիլոս անունով, որ քրիստոնյա էր և բարի գործեր էր անում: Եվ մի կին ուներ, որ առավել [հայտնի էր] իր բարի գործերով: Եվ Պանփիլոսը նավագործ էր և նավավար` հմուտ նավագնացական գործերին: Եվ նրանք որդի չունեին և ուխտով ու աղոթքով խնդրում էին Տեր Աստծուց, որ` իբրև իրենց կյանքի սփոփանք, մի որդի շնորհի: Եվ Աստված լսեց նրանց աղոթքները, և Պանփիլոսի կին Մարիամը Քրիստոսի ծննդյան օրը մի որդի ծնեց: Եվ ուրախացան, որ Տերը նրանց մեծ [պարգև] ընծայեց` որդի շնորհելով իբրև նրանց աղոթքների պտուղ: Եվ նրա հայրն ասաց. «Սա մեզ հեռու կպահի կյանքի զվարճություններից, ինչպես և կփրկի մեղքերից և կուղղորդի աստվածգիտության հրահանգներով»: Եվ ութերորդ օրը նրան քրիստոսական կնիք տվեցին և Փոկաս կոչեցին: Եվ տղային սնում էին առանձնակի զգուշությամբ` տալով փոքր ժամանակ թույլատրելի ոչ բոլոր կերակուրներն ու ըմպելիքները:
Եվ երբ հինգ տարեկան դարձավ, նրան սուրբ Գրքերի ուսման տվեցին, որ և սովորում և իմաստնանում էր առավել, քան իր հասակակիցները: Նաև իրեն կրթում էր պահքով և պայծառանում բարի գործերով և մշտապես աղոթում էր` թե՛ գիշերները, թե՛ ցերեկները: Իսկ նրա հայրն ու մայրը հիանում էին մանկան առաջադիմությամբ, որ օր ըստ օրե լավից շարժվում էր դեպի լավագույնը: Եվ ծնողները գոհանում էին Տիրոջից, որ Սուրբ Հոգու կողմից առաջնորդվելով դեպի արդարություն` որդին կրթվում է: Եվ երբ դարձավ տասը տարեկան, ծնողները որոշեցին, որ նավարկության արհեստը սովորի:
Եվ այնպես պատահեց, որ Ալեքսանդրիայից եկած մի նավ պիտի ձմեռեր Պոնտոսում: Եվ երբ եկավ գարունը, կամեցան գնալ: Եվ մեծ բազմություն հավաքվեց, որպեսզի նավը ծովն իջեցնեն: Եվ հազար յոթ հարյուր այրեր, Թեոն անունով նավապետի հրամանով բոլոր կողմերից բռնելով նավը, կամենում էին այն իջեցնել ծովը: Եվ այդ ժամանակ նավն իջեցնող լծակը ջարդվեց: Եվ երեք երիտասարդ հրմշտոցի ժամանակ զոհվեց, ու մեծ խռովություն սկսվեց բազմության մեջ: Իսկ երբ հոգնած նավապետը նիրհեց, տեսավ մեկին, որն ասում էր. «Թեո՛ն, Թեո՛ն, վե՛ր կաց, գնա՛ քաղաք և փնտրի՛ր Պանփիլոսի և Մարիամի որդի Փոկասին, որպեսզի նա գա և նավում եղածներիդ փրկի այն վտանգից, որ ձեր դեմ հարուցում է բանսարկուն»: Եվ անմիջապես ելնելով` գնաց քաղաք և սկսեց բարձրաձայն գոչելով ասել. «Ողորմեցե՛ք մեզ, քաղաքի՛ բնակիչներ, և ցո՛ւյց տվեք մանուկ Փոկասին` Պանփիլոսի և Մարիամի որդուն»: Եվ ամբողջ քաղաքն այնտեղ հավաքվեց, իսկ Թեոնը նրանց պատմեց եղելությունն ու իր տեսիլը և ասաց նրանց. «Աղաչո՜ւմ եմ բոլորիդ, աջակցեցե՛ք մեր փրկությանը»: Եվ ճանաչելով Փոկասի հորն ու մորը, տղային բերեցին այնտեղ, ուր բազմությունն էր հավաքված: Եվ մանուկ Փոկասին նայելով` նավապետը նկատեց, որ տեսիլում [երևացածի] նման է: Եվ արտասվելով` նրա ոտքերն ընկավ ու ասաց. «Անմա՛հ Թագավորի և բարձրյալ Աստծու ծառա, մի՛ հապաղիր, արի՛, փրկի՛ր մեզ վտանգաշատ վշտից, որ չար բանսարկուն է հարուցում»: Եվ նրան պատմեց տեսիլն ու եղելությունը: Եվ սուրբ մանուկ Փոկասը հոժարությամբ գնաց նրա հետ: Եվ երբ մոտեցավ նավին, դևը ճչաց. «Փոկա՛ս, Աստծո՛ւ ծառա, ինչո՞ւ ես գալիս ինձ հալածելու այն նավից, որ պետք է խորտակեի և կործանեի սրանց»: Եվ դևն այս ասաց ոչ թե կամավոր, այլ որովհետև հրեշտակները խոշտանգում էին իրեն: Եվ լսելով` բազմությունը սքանչացավ, և աղաղակում ու ասում էին Աստծու սուրբ Փոկասին. «Փրկի՛ր մեզ խարդավանքից չարի, որ իր կամքին հակառակ խոստովանեց, թե մեզ կորստի պիտի մատներ»: Իսկ Աստծու սուրբը քաջալերում էր նրանց, որ չվախենան չարի խարդախություններից: Եվ դիմելով դևին` ասաց. «Աստծու Քրիստոս Որդին, որ իր կամավոր խաչելությամբ կործանեց քո զորությունը, քեզ կհալածի դեպի անապատը, ուր չես կարողանա վնասել մարդկային ազգին»: Իսկ չար դևը ճոճում էր նավը` ծովը թափելով մարդկանց և նավի բեռները: Եվ սարսափած բազմությունն աղաղակում ու միաբան ասում էր սրբին. «Օգնի՛ր մեզ… կործանվում ենք մեզ հասած վտանգից»: Իսկ նա ոգեշնչում էր նրանց և ասում, որ չերկնչեն չարից: Եվ ծնկի իջնելով` արտասվելով սկսեց աղոթել Աստծուն և ասել. «Բարերա՛ր և արդար Թագավոր, որ ջրերի վրա խորտակեցիր վիշապի գլուխը և նրա ճիրաններն ընկածներին կորզելով` փրկեցիր: Եվ զորություն տվեցիր Քո ծառաներին, որ վերացնեն նրա խարդախություններն ու զորությունը: Այժմ Քո մարդասեր գութը ցո՛ւյց տուր Քո ծառաներին և ճնշի՛ր չարին ու իր գործակիցներին: Չարի բռնությունից փրկի՛ր այս մարդկանց, որ Քո արարածները փառավորեն Քո անունը, որովհետև Դու ես արժանի փառքի ու պատվի. և Քեզ փառք հավիտյանս»: Եվ երբ բազմությունն արտասանեց` «Ամեն»,- դևը սանձվեց և փոթորկահողմի նման անմիջապես անհետացավ այնտեղից, և ծովի ու նավի վրա խաղաղություն տիրեց: Եվ փրկվելով` բոլորը փառավորում էին ամենակալ Աստծուն: Իսկ սուրբը նրանց սովորեցնում էր Աստծու երկյուղած լինել և ապրել հավատքի ու սիրո մեջ` հավիտենական կյանքի հույսով և չերկնչել դևերից, որ զորություն չունեն հավատացյալների` Քրիստոսի մերձավորների վրա, չնայած տարբեր կերպարանքներ ընդունելով` զարհուրեցնում են պարզամիտներին, որոնք տեղյակ չեն [դևերի] դավաճան էությանը: Նաև շատ այլ բաներ պատմեց նրանց Քրիստոսի զորության, դևերի երևակայականության մասին և նավազներին խաղաղությամբ ճանապարհեց, ուր որ գնալու էին, իսկ ինքը տուն վերադարձավ` ծնողների մոտ: Եվ տեսնելով` ծնողները խնդությամբ և բերկրանքով գոհանում էին Աստծուց անպատմելի շնորհների համար, որոնք Տերը պարգևել էր մանկանը: Եվ տղայի հռչակը տարածվեց Պոնտական ամբողջ երկրով: Նաև [փրկված նավազներն] էին պատմում կատարվածը:
[Իսկ մի անգամ] Ամասիայի մոտակայքում սաստիկ ալիքներն սկսեցին ժայռերին խփել խարսխված մի նավ, և [նավազներն] աղաղակում և Աստված էին կանչում: Եվ քաղաքի բնակիչները տեսան, որ նավը խորտակման եզրին է և տեղյակ պահեցին Փոկասին: Եվ նա անմիջապես գնաց ծովեզր և երկու թիավարների հետ մակույկ նստելով` շտապով նավ հասավ: Եվ սկսեց արտասվելով աղոթել Աստծուն, որ նավակոծվածներին փրկի, դադարեցնի ալիքներն ու ապրեցնի վտանգվածներին: Եվ ծովը խաղաղվեց: Իսկ մի երիտասարդ, որ բռնված էր չար դևի կողմից, աղաղակեց և սկսեց գոռալ. «Ինչո՞ւ այստեղ եկար, Փոկա՛ս, դևերի՛ հալածիչ: Գիտենք քեզ, թե ով ես դու և որ Քրիստոսից իշխանություն ես ստացել` Նրա անունով մեր որոգայթներից փրկելու նավերն ու նավավարներին»: Իսկ Աստծու սուրբը սաստեց դևին, և նա ծխի պես չքացավ ծովից ու նավից: Եվ նավում եղածների համար մեծ խնդություն եղավ, ժայռից հեռացրեցին նավն, ու սուրբը նրանց ճանապարհեց, ուր որ պետք է գնային:
Եվ նրան ոսկի տվեցին, իսկ նա չվերցրեց: Եվ աղաչեցին, որ վերցնի և աղքատներին տա. և տվեցին հարյուր դահեկան: Եվ Ամասիա քաղաքը վերադառնալով` բաշխեց կարոտյալներին: Եվ իր վարքով ասես անմարմին էր մարմնի մեջ, մշտապես զորանում էր պահքով, աղոթքով և աստվածային Գրքերի ընթերցանությամբ: Եվ Տեր Հիսուս Քրիստոսի անունով բժշկեց բազում հիվանդների և դիվահարների: Եվ այսպես նրա անունը տարածվեց ամբողջ երկրով մեկ, և նրա ծնողներին երանի էին տալիս թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ մեծամեծները, թե՛ տնանկները:
Եվ մի դեպք եղավ մի նավի հետ, որ Պոնտոս պիտի հասներ: Եվ ծովի ալիքներից քշվելով` երկար օրեր չկարողացան որևէ նավահանգստի հասնել: Եվ սկսեցին աղոթել Աստծուն` առ Տեր բարեխոս ունենալով սուրբ Փոկասին: Եվ վերին տեսչությամբ սուրբ Փոկասն իմացավ ալեկոծության և նավի ու մարդկանց` վտանգի մեջ գտնվելու մասին: Եվ Տիրոջ ազդով գնաց ծովեզր, բարի պատահմամբ նավելու պատրաստ մի մակույկ գտավ ափին: Եվ երեք թիավարների հետ բարեհաջող հասավ վտանգված նավին և սկսեց բոլորի հետ աղոթել և ասել այսպես.
«Ամենակա՛լ Տեր Աստված, որ Քո ծառային զորություն տվեցիր ծովի վրա, որ կարողանա Քո անվամբ փրկել նավապետին և նավակոծյալներին, որովհետև Դու ես ծովի և ցամաքի Տերը: Դու, որ Քո ծառա Մովսեսի միջոցով կիսեցիր Կարմիր ծովը և անցկացրեցիր Իսրայելի ժողովրդին, իսկ նրանց թշնամի Փարավոնին իր զորքով հանդերձ ընկղմեցիր: Դու, որ փրկեցիր Հովնանին, որ ալեկոծության ժամանակ ծովն էր ընկել, և որին կուլ էր տվել կետը: Դու, որ սուրբ Գրիգոր Սքանչելագործի միջոցով ցամաքեցրիր ծովը և խաղաղություն հաստատեցիր երկու բարբարոս եղբայրների միջև, որ վիճակով տրված երկիրն առաջինից ավելի մեծարեն` ի փառս և ի պատիվ Քեզ: Այժմ ևս այս վտանգվածներին փրկություն շնորհի՛ր Քո անվամբ, որով գոյություն ունեն բոլորը` թե՛ արդարները, թե՛ մեղավորները, որովհետև Քո արարածներն են և Քեզ գոհություն և փառք են մատուցում` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից»: Եվ երբ բոլորն ասացին` «Ամեն», խռովված ծովը հանդարտվեց: Եվ սուրբը խնդությամբ ճանապարհեց նավորդներին` ի փառս և ի գովություն Արարչին: Եվ վերադարձավ իր տեղը` ծնողների մոտ և նրանց հետ մշտապես օրհնում էր Տեր Հիսուս Քրիստոսին: Երբ լրացավ Փոկասի քսան տարին, առավել առաջադիմեց և ավելի շատ նավակոծյալների էր Տիրոջ անվամբ խաղաղության նավահանգիստ լինում: [Սակայն] նա չէր գոռոզանում ի վերուստ իրեն տրված այդ շնորհով, այլ խոնարհ էր սրտով, հեզ էր բարքով և պատրաստակամ կարոտյալների հանդեպ: Աստվածասեր և եղբայրասեր էր, աննկուն բարեպաշտության մեջ և անհագ աստվածային վարքում: Հանապազ պահքի և աղոթքի մեջ էր և մաքուր սրտով և բոլոր զգայարաններով Աստծուն փառք էր մատուցում: Եվ երբեք չէր դադարում բարի գործեր կատարելուց, այլ օր ըստ օրե ավելին էր անում: Եվ ոչ միայն կենդանության ժամանակ էր ալեկոծյալների փրկիչ, այլ Աստված նրան շնորհ պարգևեց նաև վախճանից հետո, որ եթե ծովում վտանգվածները նրա անունով Տիրոջն աղաչեն` փրկվեն: Եվ առաքինության վարքով երևելի և սքանչելագործ էր մանկուց ի վեր մինչև վախճանը, նաև հռչակավոր էր ամենքի` թե՛ հավատացյալների, թե՛ անհավատների համար:
Եվ քսան տարեկանից հետո սարկավագության կոչվեց և բարեպաշտության մեջ դարձավ ավելի ջերմեռանդ: Երեսուն տարեկանից հետո քահանայության կոչվեց և առատացավ բարի գործերով: Եվ վերջապես երեսուներեք տարեկանից հետո եպիսկոպոսության աստիճանի կոչվեց: Եվ սրբերն էին, որ նրան հարկադրում էին ընդունել սարկավագության, քահանայության և եպիսկոպոսության աստիճանները, իսկ նա, կրոնավորի վարքը պահպանելով բոլոր աստիճաններում` անդադար խորհում էր վերին կոչման, Հիսուս Քրիստոսի մասին: Եվ Ավետարանի ճշմարտությամբ էր հովվում Տիրոջ ժողովրդին` մտքով և գործերով միշտ խորհելով առաջընթացի մասին: Եվ ոչ թե որևէ մեկի դրդմամբ, այլ հոգու վայելչությամբ էր անսասան և հարազատ մնում պատվիրաններին մեր Աստված Քրիստոսի, որին փառք բոլոր սրբերից` հավիտյանս. ամեն:
1 Բն.` «յեօթներորդի հինգերորդի» այսպես:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.