Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արարողակարգի՝ տարվա ընթացքում որոշ տոների և սրբերի հիշատակությունների օրերին կատարվում են ջրի, ձեթի, կարագի և խաղողի օրհնության կարգեր: Նշյալ կարգերից ձեթի օրհնության կարգն ամեն տարի տեղի է ունենում Սեբաստիայի Ս. քառասուն մանուկների հիշատակության օրը, որ Հայ եկեղեցին տոնախմբում է Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Այս տարի սրբերի հիշատակության օրը մարտի 25-ին է: Սուրբ քառասուն մանուկների հիշատակության օրը մեծ թվով հավատավոր հայորդիների էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ կամարների ներքո: Ներկաները Գիշերային և Առավոտյան ժամերգությունների աղոթքներով, շարականներով, մաղթանքներով հայցում էին Տիրոջ ողորմածությունը՝ հիշատակելի սրբերի բարեխոսությամբ: Ժամերգությունների ավարտին եկեղեցու հոգևոր դասը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կատարեց ձեթի օրհնության կարգ: Եկեղեցու ատյանում քառասուն մանուկներին խորհրդանշող վառվող կանթեղները հիշեցնում էին ներկաներին կյանքի Լույսը իրենց սրտում կրելու կարևոր պատգամը. «Հավատացե՛ք լույսին, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհաննես 12:36): Արարողության ընթացքում բոլորը միաբերան հայցեցին Տիրոջից՝ բարի Բժշկից, որ այդ յուղը, Ս. Հոգու ցնծության օծումով, լինի մաքրության, վերստին ծննդյան և սրբության յուղ, թագ Արքայության, չարի դեմ վահան զորության, ինչպես նաև խորհուրդների կնիք, սրտի ցնծություն և հավիտենական ուրախություն: Եվ որ այդ յուղը Տիրոջ մարդասիրությամբ բժշկություն և փրկություն շնորհի բոլոր նրանց, որ կօծվեն նրանով՝ ի փառս Տիրոջ սուրբ անվան, որպեսզի նրանով փարատվի ամենայն հիվանդություն, հոգու և մարմնի աղտեղություն:

Արարողակարգի ավարտին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, ներկաներին ուղղված իր խոսքում, ասաց. «Մեր եկեղեցու հայրերն ասում են՝ արիւն նահատակաց հիմն եկեղեցւոյ, այսօրվա հիշատակելի սրբերը՝ Սեբաստիայի Սուրբ քառասուն մանուկները, քաջարի զինվորներ էին, ովքեր, տեղի չտալով գայթակղությանը, հաստատակամ և աներեր մնացին իրենց հավատքի մեջ՝ արժանանալով նահատակության անթառամ պսակներին: Զարմանալի չէ, որ սրբերի հիշատակության տոնը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, Միջինքին հաջորդող Մեծ պահքի երկրորդ շրջանում է, որպեսզի մեզանից յուրաքանչյուր ոք՝ սրբերի քաջարի օրինակով զորացած և ներշնչված, շարունակի պահեցողության իր ընթացքը՝ հասնելու համար պահքի վերջնական հանգրվանին՝ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը»:

Ապա ներկաներին բաշխվեց օրհնված ձեթ և Սուրբ քառասուն մանուկների վարքը ներկայացնող գրքույկներ:

Ներկաներն օրհնված ձեթի հետ միասին իրենց օջախներ տարան նաև սրբերի քաջարի օրինակը և օրվա քաջալերող պատգամը՝ Տիրոջ կողմից մեզ ավանդված՝ քաջալերվեցե՛ք, Ես հաղթեցի աշխարհին (Հովհաննես 16:33):

 

Կարինե Սուգիկյան

25.03.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․