26 Նոյեմբեր, Գշ
Մաքսիմիանոս ամբարիշտ թագավորի հալածանքների ժամանակներում նույն այս կայսեր հրամանով Անտիոքոս դուքսը, որ սատանայի արբանյակն էր, ի Քրիստոս ունեցած հավատքի համար բռնեց Սարգիս և Բագոս երանելիներին: Եվ ատյանում նստելով` հրամայեց բերել նրանց և սպառնալիքներով պարզեց երանելիների ամրությունն ու համարձակությունը, որ արհամարհելով հորդորներն ու պատիվների խոստումները` [նաև] սպառնալիքներն առ ոչինչ համարեցին: Այնժամ խիստ բարկանալով` Անտիոքոսը հրամայեց տաճարից հանել երանելի Սարգսին և ուշադիր հսկել, իսկ երանելի Բագոսին պրկել և չարչարել դալար արջառաջիլերով այնքան երկար, մինչև տանջողները հոգնեցին և անզոր ընկան: Եվ երբ դադարեցրին, հրամայեց շրջել երանելիին և հարվածել որովայնին: Եվ ասաց Բագոսին. «Այժմ կտեսնես` կարո՞ղ է քեզ փրկել և ազատել իմ ձեռքից քո Քրիստոսը, որին Աստված ես ասում»: Եվ առավոտից մինչ երեկո այսպես հոշոտեցին նրա մարմինը: Եվ արյունը հոսում էր առատորեն, որովայնն ու լյարդը պատռվեցին և պայթած աղիքները ծածկեցին փորը: Այնժամ սուրբն ասաց Անտիոքոսին. «Սատանայի՛ սպասավոր, տանջողներդ տկարացան, մոլեգնած հանդգնությունդ խաղաղվեց, Մաքսիմիանոս բռնակալը հաղթվեց, ձեր հայր բանսարկուն ամոթով մնաց, որովհետև ինչքան որ տանջանքներից ապականվում է արտաքին մարդը, այնքան նորոգվում է ներքին մարդը գալիք հավիտենական կյանքի համար»: Եվ երբ նա ասաց այս, ձայն հնչեց երկնքից. «Ճգնակյա՛ց զինվոր Բագոս, այժմ արի՛ սրանից հետո քեզ համար պատրաստված արքայությունը»: Եվ շուրջը եղողները, երբ լսեցին այս, հիացան և մեռածի պես [անշարժ] եղան: Այսպես չարչարվելով` հոգին ավանդեց Աստծու հրեշտակի ձեռքը:
Եվ պարտության ամոթից զայրացած դուքսը սուրբ նշխարները թաղման արժանի չհամարեց, այլ հրամայեց նետել բերդի հյուսիսային կողմը` շներին, գազաններին և թռչուններին, իսկ ինքը ելնելով` գնաց: Եվ բերդից հեռու նետված նշխարների մոտ հավաքվեցին գազաններն ու շրջապատեցին, սակայն վերևից իջած հավքերը չէին թողնում, որ գիշակեր գազաններն ու շները մոտենան նշխարներին: Եվ այդպես մնաց մինչև երեկո, իսկ երեկոյան մի այրում բնակվող եղբայրներից ոմանք իջան, վերցրեցին երանելու նշխարները ու տարան քարանձավն, ուր իրենք էին բնակվում:
Իսկ երանելի Սարգիսը տրտմել էր և խռովվել սուրբ Բագոսի բաժանման համար: Եվ մշտապես արտասվելով ասում էր. «Վա՜յ ինձ, եղբա՛յր իմ և զորակից Բագոս, այլևս չենք սաղմոսի միասին և չենք ասի. «Ի՜նչ վայելուչ է և ի՜նչ բարի, որ եղբայրները միասին են բնակվում»: [Վա՜յ ինձ], որ բաժանվեցիր և ինձ մենակ ու անմխիթար թողեցիր»: Այս էր ասում և մտքով անցկացնում, երբ գիշերը նրա առջև հայտնվեց երանելի Բագոսը` զվարթերես իբրև հրեշտակ, զինվորի պայծառ հանդերձանքով և ասաց. «Ինչո՞ւ ես տրտմում և խռովվում: Չնայած մարմնով հեռու եմ քեզանից, սակայն աղոթքներով և սաղմոսերգությամբ քեզ հետ եմ և ասում եմ. «Քո պատվիրանի ճանապարհներով ընթացա» (Սաղմ. ՃԺԸ. 32) և` «Ժառանգեցի Քո վկայությունը» (Սաղմ. ՃԺԸ. 111): Նաև դու, եղբա՛յր, փութա՛ ինձ շուտ հասնել բարի խոստովանությամբ, որովհետև քեզ հետ մեկտեղ է պատրաստված Թագավոր Քրիստոսի արդարության պսակը»: Եվ առավոտյան ելնելով` [երանելին] պատմեց, թե ինչպես տեսավ սուրբ Բագոսին:
Դուքսը Բարբաղիս բերդից վաղ դուրս եկավ Սուր ամրոցը գնալու: Եվ սուրբ Սարգիսը հետն էր և աղաչում էր դքսին սպանել իրեն, իսկ նա չէր լսում: Երբ եկավ Սուր, դուքսը նստեց տաճարում և իր մոտ կանչեց երանելի Սարգսին ու ասաց նրան. «Ամբարիշտ Բագոսը կամեցավ չարաչար մահ ընդունել` չցանկանալով զոհ մատուցել աստվածներին և իրեն արժանի մահ ընդունեց: Ինչո՞ւ նաև դու, արգո՛ Սարգիս, այդ խաբեական և ամբարիշտ պաշտամունքին հետևելով` այնքան տառապանք տեսար: Պատկառում եմ քեզնից, հիշելով այն բարին, որ կատարեցիր իմ հանդեպ: Իշխանությունը, որ ընդունեցի, դու առիթ եղար դրան, սակայն այժմ` դու հարցվողն ես, իսկ ես քննության ատյանում եմ նստած»: Երանելի Սարգիսը և Քրիստոսի վկան պատասխանեց և ասաց. «Անտիոքո՛ս, այս տառապանքն ու կարճատև անպատվությունն սկիզբն է մեծ ազատության և հավիտենական կյանքի` երկնքի և երկրի բոլոր շնչավորների Թագավոր Քրիստոսի մոտ: Երանի թե այժմ լսեիր ինձ և ճանաչեիր իմ Աստված և Թագավոր Քրիստոսին և ընդունեիր անսասան իշխանությունն ու անվախճան փառքերը, որովհետև աշխարհի քո իշխանությունը շուտ կընկնի, ըստ սաղմոսի, որ ասում է. «Դուք մեռնում եք որպես մարդ և ընկնում ինչպես մի իշխան» (Սաղմ. ՁԱ. 7), և դարձյալ ասում է. «Տեսա ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպես Լիբանանի մայրիները, [մոտով] անցա, և չկար, փնտրեցի՝ ու նրա տեղը չերևաց» (Սաղմ. ԼԶ. 35-36): Անտիոքոսն ասաց նրան. «Զառանցական և հիմար խոսքերդ մի կողմ թո՛ղ և զո՛հ մատուցիր աստվածներին` լսելով բարեպաշտ Մաքսիմիանոսի հրամանը, այլապես գիտեցիր, որ ստիպված եմ մոռանալ ինձ արած շնորհներդ և օրինական ու դժնդակ տանջանքների կմատնեմ քեզ անողորմաբար»: Երանելի Սարգիսը պատասխանեց դքսին և ասաց. «Արա՛ ինչ կամենում ես, որովհետև Քրիստոս է իմ օգնականը, որ ինձ ասաց, թե` «Մի՛ երկնչիր նրանցից, որ սպանում են մարմինդ և հոգիդ չեն կարող սպանել, այլ երկնչիր Նրանից, որ կարող է հոգին ու մարմինը կործանել գեհենում» (Մատթ. Ժ. 28; Ղուկ. ԺԲ. 4-5): Արդ քո առջև է մարմինն իմ: Տանջի՛ր և չարչարի՛ր ինձ որպես կամենում ես, հիշելով միայն այս. որ չնայած սպանում ես մարմինս, հոգուս չես կարող տիրել` ո՛չ դու և ո՛չ քո հայր սատանան»: Զայրացած դուքսն ասաց. «Ինչպես տեսնում եմ` իմ ներողամտությունը քեզ ամբարշտության առիթ տվեց»: Եվ կանչելով զինվորների հրամանատարին` ասաց. «Շտապ պատրաստել տուր երկար` [դեպի ներս խփված] մեխերով կոշիկներ և հագցրեք դրան»: Եվ երբ հագցրեցին նրան, դուքսը կառք նստեց և երանելիին իր առջևից ուղարկելով` հրամայեց ընթանալ մինչև Տետրապյուրգիա բերդը` կառքն արագ վարելով: Եվ վերջինից մինչև Սուր բերդը ինը մղոն է: Եվ առջևից ընթանալով` սուրբը սաղմոսում և ասում էր. «Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և նայեց ինձ: Ինձ հանեց հեթանոսական տառապանքի փոսից և կուռքերի [պատրաստման] նյութ կավից: Ոտքերս խոստովանության հաստատուն ժայռի վրա կանգնեցրեց և ուղղեց ընթացքն իմ» (հմմտ. Սաղմ. ԼԹ. 2-3):
Երբ եկան Տետրապյուրգիս բերդը, դուքսն ասաց. «Զարմանում եմ, Սարգի՛ս, ի՞նչպես կարողացար դիմանալ այդ տանջանքին»: Սուրբ Սարգիսը պատասխանեց և ասաց. «Ոչինչ են ինձ համար դառնությունները և քաղցր են որպես մեղրի մոմ»: Կառքից իջնելով` դուքսը գնաց ճաշելու, իսկ սրբին հրամայեց զինվորական բանտում պահել: Եվ երբ երեկոն իջավ, սուրբը սաղմոսում էր և ասում. «Ովքեր հաճախակի ուտում էին հացն իմ, հաճախակի սկսեցին իմ դեմ խաբեություն գործել (Սաղմ. Խ. 10) պարանով չարաչար պրկեցին ինձ, որոգայթ պատրաստեցին ոտքերիս` կամենալով գայթակղեցնել ինձ (Սաղմ. ՃԼ. 6), բայց ե՛կ, Տեր, հասի՛ր և գլորի՛ր նրան և փրկի՛ր ամբարիշտներից անձն իմ» (Սաղմ. ԺԶ. 13): Եվ գիշերով Տիրոջ հրեշտակն իջավ ու բժշկեց նրա ոտքերը: Իսկ առավոտյան, ատյանում նստելով, դուքսը [մարդիկ] ուղարկեց, որ բերեն նրան, մտածելով, թե բռնած կբերեն` գալ չի կարողանա: Եվ երբ գալիս էին, հեռվից տեսավ սրբին, որ բոլորովին անկաշկանդ քայլում էր, և խիստ զարմանալով` ասաց. «Այս մարդը կախարդ է, դրա համար համարձակվեց այսպիսի [բաներ գործել] ինքնակալ թագավորի դեմ` կախարդությամբ անելով ամենը: Եվ դրա տեսքն իսկ վկայում է իմ ասածները. ես կարծում էի, որ երեկվա տանջանքներից հետո չի կարողանա այստեղ գալ, ոտքերին կանգնել, իսկ այժմ զարմանում եմ, թե ինչպես է քայլում, ասես ոչինչ չի եղել»: Եվ երբ երանելի Սարգիսը կանգնեց նրա ատյանի առջև, Անտիոքոսն ասաց. «Վե՛ր նայիր և գոնե այսուհետ սթափվի՛ր, թշվառակա՛ն, զո՛հ մատուցիր աստվածներին` ազատվելով տանջանքներից, որովհետև խնայում եմ քեզ` հիշելով ինձ արված բարեգործությունդ: Իսկ եթե չզոհես, գիտեցի՛ր, որ քեզ չի փրկի կախարդությունդ, որ ի գործ դրեցիր առողջանալու համար»: Երանելի Սարգիսը պատասխանեց և ասաց. «Երանի թե դու սթափվեիր ու արթնանայիր սատանայական խաբեությունից և մոլորությունից: Ես սթափ եմ ի Տեր, որ քո հայր սատանային փշրում է իմ ոտքերի տակ և ինձ հաղթանակ շնորհում քո դեմ: [Զգոն եմ Տիրոջով], որ ուղարկեց Իր հրեշտակին և բժշկեց ինձ, իսկ կախարդը դու ես, որ երկրպագում ես կուռքերին, որովհետև կախարդություն է անշունչ կուռքերին պաշտելը, քանի որ ամեն չարի սկիզբ դրանից է»:
Առավել զայրանալով` Անտիոքոսը կառք նստեց և հրամայեց նույն կոշիկները հագցնել սրբին և իր առջևից ընթանալ մինչև Հռուսափատ բերդը, որ նույնպես ինը մղոն է Տետրապյուրգիսից: Երբ եկավ Հռուսափատ բերդը, դուքսն ասաց երանելի Սարգսին. «Բևեռների ցավերը հիմարությունդ չանցկացրի՞ն, ո՛վ երիցս թշվառական: Այժմ կլսե՞ս մեզ, զոհ կմատուցե՞ս աստվածներին, թե՞ նախկին մոլորությանդ մեջ համառ ես»: Քրիստոսի վկա սուրբ Սարգիսը պատասխանեց և ասաց. «Այս գիտեցի՛ր, Անտիոքոս, որ իմ հիմարությամբ ի զորու եղա չարամիտ և չարախորհուրդ ուժդ կործանելու: Կատարի՛ր ինչ կամենում ես, որովհետև ես դևերին չեմ երկրպագի և կուռքերին զոհ չեմ մատուցի, այլ փութում եմ իբրև անբիծ ողջակեզ անձս մատուցել իմ Տեր Աստծուն»: Եվ երբ դուքսը տեսավ, որ Քրիստոսի քաջ վկան հաստատուն և անշարժ է առ Աստված հավատքով, նրա վրա մահվան այսպիսի վճիռ կայացրեց. «Սարգիսը օտար դուրս եկավ աստվածների պաշտամունքին և հարազատ` ամբարիշտ պաշտամունքին քրիստոնյաների` մեղանչելով մեր ինքնակալ թագավոր Մաքսիմիանոսի առջև, չկամեցավ լսել նրա բարեպաշտ հրամանները` զոհ մատուցել աստվածներին: Օրենքն այս է պահանջում նրա համար` թո՛ղ սրով ընկնի»: Իսկ ոմանք, որ այնտեղ էին, աղաղակում էին և ասում. «Դատաստանդ արդա՜ր է»:
Ներս մտան դահիճները և բերանակապ դրեցին սրբին և այնտեղից հանելով` տարան նրան, որ սրով սպանեն: Եվ տղամարդկանց, կանանց և երեխաների մեծ բազմությունը գնում էր նրանց ետևից, որ տեսնի սրբի վախճանը: Եվ բոլորը, նայելով նրա գեղապատշաճ դեմքին և երիտասարդ հասակին, դառնաղի լաց էին լինում և հոգոց հանում: Իսկ երբ հասան այն տեղը, ուր պետք է սպանվեր Սարգիս երանելի վկան, սուրբն աղաչեց դահճապետին, որ մի փոքր ժամանակ տան իրեն: Եվ տեղում կանգնելով` աչքերը երկինք հառեց և աղոթելով ասաց. «Վայրի գազաններն ու երկնային թռչունները ճանաչում են Քո իշխանությունն ու կամքը և ժողովվեցին Քո սուրբ անվամբ, որպեսզի իրենց անբանական էությամբ բանական մարդու էությանը ծառայեն, ցույց տալով Քո մարդասիրությունը, որ կամենում ես, որ ամեն մարդ ապրի և ճշմարտության գիտությանը գա: Տե՛ր, մի՛ հիշիր սրանց տգիտության մեղքերը, որ գործեցին իմ դեմ: Լուսավորի՛ր սրանց մտքերի աչքերը և մահից հեռացնելով` առաջնորդիր դեպի Քո ճշմարտությունը` հնարավորություն տալով ապաշխարելու: Եվ սրանց Քո գիտությանը դարձրո՛ւ: Տե՛ր, ընդունի՛ր իմ հոգին և տեղավորի՛ր Քո երկնային հարկերում, նրանց հետ, որ սկզբից ևեթ հաճո եղան Քեզ: Ճշմարտությա՛ն Աստված, հանձնում եմ իմ հոգին, որ փրկես ինձ»: Ավարտելով աղոթքը` խաչակնքեց և ծնկի իջավ: Եվ հատեցին սրբի գլուխը: Եվ հոգին հրեշտակների ձեռքն ավանդեց: Եվ ձայն եղավ երկնքից և ասաց. «Դու, Բագոսի՛ զինվորակից, ճգնազգյա՛ցդ Սարգիս, արի՛ քեզ պատրաստված արքայությունը, որովհետև հրեշտակների զորքերը, հայրապետների բանակները, առաքյալների և արդարների հոգիներն ու մարգարեների դասերը քեզ են սպասում, որովհետև նրանց հետ պիտի ընդունես քեզ պատրաստված արքայությունը»:
Իսկ այն տեղը, ուր թափվել էր սուրբ վկայի արյունը, պատռվեց և մեծ վիհ եղավ. այդպես կամեցավ Տեր Քրիստոս: Եվ հեթանոսները, վիհը տեսնելով, երկյուղեցին և չէին համարձակվում մոտենալ և ոտնատակ տալ սուրբ վկայի արյունը: Եվ սրբի հիշատակի այդ տեղն Աստծու հրամանով մինչ այժմ հայտնի է: Իսկ սրբի վախճանը տեսնելու եկածներից ոմանք, շատերի որոշմանն անսալով, հավաքեցին նշխարներն ու թաղեցին նույն տեղում, ուր վկայեց սուրբը:
Այսպես սահմ ամսի երեսունին մարտիրոսվեցին Քրիստոսի երանելի վկաները Սարգիսն ու Բագոսը` ճշմարիտ հավատով և արժանի գոհությամբ պսակ ընդունելով Քրիստոսի բոլոր սրբերի հետ:
Եվ Հռուսափատ բերդում հավաքվեցին տասնհինգ եպիսկոպոսներ և մի տեղ վկայարան կառուցեցին: Եվ սուրբ վկաներ Սարգսի և Բագոսի նշխարները փառավորապես դրեցին ներսում, ուր բազում բժշկություններ էին լինում սուրբ վկաների բարեխոսությամբ` փառավորելով Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.