Սուրբ Սևերիանոսի վկայաբանությունը

Սեբաստացվոց մայրաքաղաքում մարտիրոսված Քառասուն սուրբ վկաների մաքառումից և վկայական նահատակությունից հետո և բանսարկուի չարանախանձ ազդեցության ներքո քրիստոնյաների դեմ սաստիկ հալածանքներ հարուցած ամբարիշտ թագավոր Լիկիանոսի օրերում աստվածպաշտությամբ փայլեց Քրիստոսի պանծալի վկա Սևերիանոսը: Եվ այնպես էր պայծառացել Աստծու սիրով, որ բոլոր տեսնողները զարմանում էին նրա համարձակությամբ` աղաչելով ճողոպրել և ոչ թե խիզախելով գնալ վտանգին ընդառաջ: Եվ Քրիստոսի սուրբ վկան ասաց նրանց. «Ես վախով չեմ խորշում անաստված Հելլենացիներից և ամբարիշտներին թույլ տա չեմ գոռոզանալու իմ դեմ, այլ կպարսավեմ նրանց անաստված մոլորությունը, որովհետև Քրիստոսի մի զինվորն ավելի ուժեղ է, քան նրանց [բոլոր] ամբարիշտ թագավորները»: Եվ համարձակությամբ այս բաներն ասելով քաղաքի հրապարակում` իր ծանոթներից ոմանց, որ իր գավառից էին, պատվիրեց, որ վախճանից հետո գտնեն իր նշխարներն ու ըստ կարգի ամփոփեն:

Եվ ոմանք Լյուսիաս դքսի մոտ չարախոսեցին սրբին` ասելով. «Սևերիանոս [անունով] մի զորական, որին Սենոտորոսաց գունդն եք կարգել1, արհամարհում է ինքնակալի և Ձեր հրամանները` ասելով. «Ես քրիստոնյա եմ»: Նա մահվան պատճառ եղավ Քառասուն արիագույն զինվորների, նրանց սադրելով չենթարկվել թագավորի հրամաններին: Նաև այնքան է հարստացել, որ [պահում] ու կերակրում էր նրանց, ինչպես և ուրիշների, որ բանտարկված էին»:

Եվ Լյուսիաս իշխանն, իր խառնակիչ պաշտոնյաներից լսլելով այս, հրամայեց շտապ իր մոտ բերել Սևերիանոսին: Եվ սուրբը, իմանալով այս ամենը, լի եղավ խնդությամբ և կամավոր գնաց: Եվ ապարանքը մտնելով` ասաց դքսին. «Ահավասիկ կանգնած է քո առջև` ում փնտրում էիր: [Եկել եմ], որպեսզի գործով ցույց տամ, որ ձեր ամբարիշտ անաստվածությունը հանդիմանության կարիք չունի, որովհետև վկաների համարձակ փորձություններով բացահայտ խայտառակվեց: Նրանց խոնարհ համբերության շնորհիվ տանջանքի ձեր բոլոր հնարքները խափանվեցին, և նրանց հանդեպ կիրառված ձեր դառն ու անսահման չարչարանքներով չկարողացաք կոտրել նրանց բարեպաշտ կամքը: Դուք և ձեր պաշտած դևերը ամոթով մնացիք, իսկ վկաները պսակ ընդունեցին Քրիստոսից»:

Այնժամ Լյուսիաս դուքսը, չտանելով սուրբ վկայի համարձակությունը և մռնչալով որպես առյուծ` հրամայեց մերկացնել նրան, պառկեցնել գետնին և ծեծել չոր արջառաջիլերով: Իսկ նա տանջանքի ժամանակ ասում էր. «Մեղավորները հարվածեցին թիկունքիս, երկար ժամանակ գործեցին անօրինությունն իրենց» (Սաղմ. ՃԻԸ. 3): Եվ երբ անօրենի սպասավորները տկարացան ու հոգնեցին, հրամայեց բարձրացնել սրբին և ասաց. «Սևերիանո՛ս, տե՛ս, թե հանդգնությունդ և ի Քրիստոս վստահությունդ ինչ ծանր բաների հանգեցրին»: Սևերիանոսը պատասխանեց և ասաց. «Եթե տեսնելու համար աչք ունենայիր, ցույց կտայի այն ամենը, որ, քո ասած, անզգամությանս պատճառ եղավ: Բայց քանի որ կույր ես և իմ համար պատրաստված հաղթության բրաբիոն-պսակը չես կարող նկատել, այժմ և այստեղ կտեսնես, որ տանջանք կրելով` հոգով կբարձրանամ, մահկանացու մարմնիս տանջանքով հոգիս հանգստարան կտեղափոխվի` ընդունելու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի բժշկությունը»:

Լյուսիաս դուքսն ասաց. «Պարծանքով ես պաճուճվել, Սևերիանո՛ս, և անիմաստ հմայվել ես ինքդ քեզնով, սակայն ինձ չես կարող [հիացնել]: Այնքան կչարչարեմ քեզ, մինչև ընդունես աստվածների իշխանությունը»: Սուրբ վկան պատասխանեց և ասաց. «Բոլոր տեսակի տանջանքները, որը և կամենում ես հասցնել ինձ. մի՛ ուշացրու և մի՛ հապաղիր: Եվ տեսնելով կիմանաս իմ Քրիստոսի զորությունը, ավելի ամրակուռ կլինեմ, քան բոլոր ադամանդները: Ավելի շուտ դու կնվաղես ինձ համար տանջանքներ մտածելով, քան ես` կրելով քո հասցրած չարչարանքը»:

Դուքսն ասաց. «Երի՛ցս թշվառական և եղկելի, չգիտե՞ս, որ իմ իշխանության ներքո ես, ի՞նչպես ես հանդուգն ու համարձակ ճամարտակում»: Սևերիանոսն ասաց. «Իմ Քրիստոսի բարեպաշտությունն է ինձ համարձակություն տալիս, որովհետև այնքան աստվածապաշտ եմ, որ արհամարհում եմ ամբարիշտ թագավորներին և առ ոչինչ եմ համարում իշխաններին, քանի որ [աստվածային] օրենքներով չեն շարժվում: Եվ դու ինձ կշտամբում ես, որովհետև քո իշխանության ներքո եմ, սակայն իմացի՛ր, որ ազատությանս բարետոհմությամբ ես Քրիստոսի մոտ եմ, այն, որ Իր արյունով վերստին ստեղծեց ինձ և ավելի պայծառ ու պատվական դարձրեց, քան բոլոր իշխաններն են, որի համար այժմ բանականությունից զուրկ անասունի հետ խոսելով` ձեզ հետ զրուցում եմ հույսով առ Քրիստոս, որ սովորեցրեց մեզ կենցաղի բոլոր վայելքներն իբրև աղբ նետել: Արդ մի՛ կարծիր քո ամբարտավանությամբ զարհուրեցնել ինձ: Խրոխտանում ես և մեծամեծ [պատիժներ] խորհում` իբրև իշխանություն ունենալով մարմնիս վրա, [սակայն] այդպիսի իշխանություն լեռներում շրջող ավազակները ևս ունեն, որ բռնում են ճանապարհով ընթացողներից ոմանց ու ծեծելով սրախողխող անում և նրանց մոտ եղածը խլելով` վերցնում են ինչ կամենան: Ուստի այժմ մի՛ հպարտացիր վրաս սուր ճոճելով, որովհետև օրինական իշխանությունդ գոռոզության փոխելով` շնաբարոներին և մարդասպաններին ես նմանվում և պատուհասում բարեպաշտներին»:

Եվ դուքսը չարությամբ փրփրած` եռաց ցասմամբ և հրամայեց կախել նրան և [երկաթյա ճանկերով] քերել: Նույն պահին ամբարշտի ծառաները բոլոր կողմերից շրջապատեցին սրբին և մի ծառի բնից կախելով` սկսեցին քերել կողերը: Իսկ սուրբ վկան ցավերի մեջ աչքերը երկինք բարձրացրեց և սկսեց աղոթել ու ասել այսպես. «Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, որ երևացող և աներևույթ արարածների ստեղծողն ես, որ խաչ բարձրանալով` գերեցիր դժոխքը: [Դու], որ ի տես ամենքի` խայտառակելով նշավակեցիր այս աշխարհի իշխանությունն ու տերությունը, որ Քո սուրբ առաքյալներին զորություն տվեցիր բարձունքներում և բազում նեղություններից ու վշտից փրկեցիր նրանց: [Դու], որ Բաբելոնի հնոցում սանձեցիր բոցի զորությունը և անվնաս պահեցիր երեք մանուկների մարմինները: Տե՛ր, ինձ մինչև վերջ համբերություն տո՛ւր և զորացրո՛ւ: Դու գիտես մարդկային բնությանս տկարությունը. ինձ տո՛ւր Քո սուրբ անվան փառքը, վերացնելով Քո սուրբ հոտի դեմ ելած զորությունը, որպեսզի բոլորն իմանան, որ Դու ես մեր Աստվածը»:

Երբ ավարտեց աղոթքը, դուքսը հրամայեց իջեցնել նրան [ծառից] և բանտ տանել, սպառնալով նրան. «Եթե վաղվա քննությանը չներկայանաս` լիովին համաձայնության եկած, ապա ողջախոհության կգաս բազում տանջանքների միջոցով»: Եվ երբ սրբին բանտ էին տանում, քաղաքի հրապարակով անցնելիս` բարձր և բոլորին լսելի ձայնով խոսեց և ասաց. «[Դուք], որ տեսնում եք նահատակների` Տիրոջ համար ասպարեզում ստացած վերքերը, մտքներովդ անցկացրեք ցավերի [դիմաց տրվելիք] պարգևները: Որովհետև եթե [մահկանացու] թագավորն իր համար զոհված զինվորների ազգականներին մեծարում է ընտիր պարգևներով ի պատիվ քաջամարտիկների, և գրավոր ու բանավոր քարոզում է նրանց առաքինի մահն ու անմոռաց պահում նրանց հիշատակը, ապա որքան առավել մեր Հանդիսադիրը կպսակի Իր սուրբ հարության վկաներին այս կյանքում, իսկ հանդերձյալում կընդունի Իր արքայության մեջ: Եվ այս բանը վկայում են նախկինում նահատակվածների ոսկորները, որ բարեպաշտների համար ավելի պատվական են, քան երկրային բոլոր մեծությունները»:

Իսկ քաղաքի ամբոխը նրա հետ գնաց մինչև բանտ, որ և Տիրոջը հավատացողներին համբուրելով` սուրբը մեծ ուրախությամբ ներս մտավ` Աստծուն փառավորելով: Եվ հինգ օր անց դուքսը հրամայեց իր առջև բերել սրբին և ասաց նրան. «Ինձ թվում է` կարիք չկա քեզ համոզելու և դու ինքդ իմացել ես քո օգուտը. այսուհետ զոհ մատուցի՛ր աստվածներին և այլևս մի՛ վիճաբանիր, այլ համաձայնության գալով` անձդ փրկի՛ր այդ տանջանքներից»:

Քրիստոսի սուրբ վկան ասաց նրանց. «Երի՛ցս թշվառական և եղկելի, չգիտե՞ս, որ չնայած ինձ հասցված չարչարանքներից մարմինս տանջահար է, բայց և այժմ զվարթ և պայծառ դեմքով կանգնած եմ ատյանիդ առջև` պատրաստ ինձ սպասվող տանջանքներին, մինչև վախճանին հասնեն ընթացքս ու գեղեցիկ ջանքերս: Եվ ակնկալում եմ հավիտենական կյանքի հույսը, որ ընդունելու եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսից»:

Այնժամ [նախկինից] առավել զայրանալով` հրամայեց դուքսը անօրեն դահիճներին քարով խփել նրա բերանին և ասաց սրբին. «Ինչո՞ւ քո Խաչյալի անունը տալով` պղծեցիր իմ ապարանքը»: Իսկ Քրիստոսի նահատակն ասում էր ծիծաղելով. «Ո՛վ անմիտ և ամենայն անօրենությամբ լեցուն, երբ հիշատակում ես քո աստվածներին, որ դևերն են, քեզ չի թվում, թե պղծում ես քո ապարանքը, իսկ երբ տալիս են անունը Քրիստոսի, որ Թագավորն ու արարիչն է երկնքի ու երկրի, ասում ես, թե պղծվեց քո տաճարը»: Իշխանն ասաց. «Ես կարծում էի, թե առաջին տանջանքներով կհեզանաս և կհամաձայնես մեզ հետ, մինչդեռ դու կաս և մնում ես նույն համառությանդ` վիճաբանելով հետներս և կամենում ես նորից տանջվել, որպեսզի սնափառությամբ պարծենաս քրիստոնյաների առջև: Իսկ ես կհամոզեմ քեզ, որ ոչինչ չես շահի Նրանից, որին հուսացել ես»: Սևերիանոսն ասաց. «Եթե մարդկանց համար դիմանայի սրանց, [թերևս] քո աստվածների պես եղկելի ու թշվառական կլինեի, ինչպես և չէի կարողանա մինչև վերջ դիմանալ սրանց: Սակայն չարչարանքներիս դիմաց ավելին ստանալու հույսով արհամարհում եմ մարմնիս տառապանքը: Այսուհետ այլևս ինձ խոսքով մի՛ սպառնա, այլ սկսի՛ր տանջանքները և փորձով կճանաչես իմ Օգնականին և համոզվելով կիմանաս, որ սին բանի չեմ հուսացել»:

Դուքսն ասաց. «Կախեցե՛ք դրան ծառից և սուսերով ծակծկեցեք կողերը»: Եվ երբ կախված էր, իշխանն ասաց նրան. «Սևերիանո՛ս, մինչ տանջանքներն սկսելը… ցանկանո՞ւմ ես զոհ մատուցել աստվածներին: Նայի՛ր հոշոտվող կողերիդ և ողորմի՛ր քո եղկելի անձը: Եվ որտեղի՞ց քրիստոնյաներիդ այդքան անողորմ հանդգնություն, կամ ո՞ւմ կարող եք դուք ողորմել, եթե ձեր անձերը չեք ողորմում»: Քրիստոսի սուրբ վկան պատասխանեց և ասաց. «Լսի՛ր ինձ, դատավո՛ր, դու մարդասիրության ձևը չգիտես, ինձ ի՞նչ ես ասում ողորմելու մասին: Այն ժամանակ շնորհակալ կլինեմ քեզ, երբ մահվան դատապարտես ինձ, որովհետև մեծ բարություն կանես ինձ և կդարձնես երկնային գանձերի ժառանգորդ»:

Այս բաները լսելով` Լյուսիաս իշխանը հրամայեց իջեցնել սրբին և ասաց նրան. «Լսի՛ր ինձ և սրանից հետո զո՛հ մատուցիր աստվածներին, իսկ եթե ո՛չ` կհրամայեմ բոլոր անդամներդ պոկել իրենց տեղից»: Եվ իսկույն հրամայեց նրան պարսպի վրա բարձրացնել և կախ տալ և պարանոցից ու ոտքերից մեծամեծ քարեր կախել: Եվ երբ կախեցին, դուքսը, կամենալով հեգնել սրբին, կատակի տալով, ասաց. «Գործադրի՛ր, գործադրի՛ր ջանքերդ, Սևերիանո՛ս, որ մեծագույն վարձք ընդունես»: Իսկ Քրիստոսի սուրբ վկան հեծեծալով և աչքերը երկինք բարձրացնելով` աղոթում էր Տիրոջն ու այսպես ասում. «Հավիտենական Աստված, որ ամեն ինչ գոյացրեցիր Քո սիրելի Միածին Որդու և Սուրբ Հոգու միջոցով: Քեզ եմ աղոթում, որ ողջերի և մեռյալների Տերն ես: Լսելի դարձրու բոլոր օրհնությունները և ինձ շնորհի՛ր Քո երկնային հաղթությունը, որ Լյուսիասը պարծանքով չտոգորվի իմ դեմ: Նաև տո՛ւր Քո անվան փառքը»: Եվ Լյուսիասին նայելով` ասաց. «Եղկելի՛, եթե գիտենայիր մեր մարդասեր Տեր Հիսուս Քրիստոսի պարգևները, որ այս ժամանակավոր տանջանքների դիմաց ինձ հավիտենական բարիքներն է շնորհում, թերևս դու նույնպես կցանկանայիր կրել այս տանջանքները, որ ինձ ես տալիս այժմ: Բայց որովհետև ձեզանում պաշտված դևերը ձեր սրտերը հեռացրել են կենդանի Աստծուց, և ձեզ մեծ են թվում մարդկային բարիքներն ու անցավոր պատիվն ու իշխանությունը: Եվ դուք չգիտեք, որ դրանք կարճ ժամանակով են ու անցողիկ, և միայն հավիտենականն է ձգտումի և փափագի արժանի: Այն, որ կա և մնում է հույսով: [Այն], որ Աստված պատրաստեց Իր սիրելիների համար»: Եվ մինչ սուրբը պարսպից կախված ասում էր այս, դուքսն սքանչանում էր նրա համբերությամբ: Եվ ասաց սրբին. «Քո մասին ինձ ասում էին, թե ռամիկ ես և կրթություն չունես, մինչդեռ քո մեջ փիլիսոփայի և հռետորի իմաստնություն եմ տեսնում»: Սուրբն ասաց. «Ո՞ր հռետորի կամ իմաստասերի հնարքները կհասնեն բառերին իմ Քրիստոսի, որ խոսում է ինձ հետ: Արդ մի՛ կարծիր, թե ես եմ խոսում սրանք, որովհետև ամենահետին ռամիկն ու շինականն եմ, ինչպես և ասել են քեզ իմ մասին: Ինձ օժանդակելով` Աստծու շնորհները նախապատրաստեցին այս մտքերը խոսելու»: Այս ասելով` սկսեց աղոթել և ասել. «Տե՛ր, Տե՛ր, գոհանում եմ Քեզնից, որովհետև ինձ` անարժանիս, անապական բարիքներին արժանի համարեցիր: Ապավեն եղի՛ր, Տե՛ր, իմ մարմնին և հոգուն, որովհետև Դու ես իմ կյանքը, և Քո փառավորյալ անվան համար մեռնելը անանց կենդանություն է հավիտենական կյանքում: Քրիստո՛ս, հավիտենից կենդանի Աստծու Որդի, Քեզ եմ հանձնում այս հավատացյալներին, որ հալածվում են Քո մեծ և ահազդու անվան համար. օգնի՛ր նրանց և համարձակություն տո՛ւր, որ փառավորեն Քո սուրբ անունը` հավիտյանս հավիտենից. ամեն»:

Եվ ավարտելով աղոթքը` սուրբ վկան հոգին Տիրոջ ձեռքն ավանդեց` գրվածին համահունչ, թե` «Արդարների հոգիներն Աստծու ձեռքին են» (Երգ երգոց Գ. 1): Իսկ հաջորդ օրը, մինչ առավոտը, հավաքվեցին պատվական և Աստծուց երկյուղած մարդիկ, որոնց սուրբ վկան նախապես հանձնարարել էր, մթով հանեցին նրա սուրբ նշխարները և տարան իր հայրենի գյուղը, ուր մեծացել էր երանելին: Եվ գնալով` հասան շուկային: Եվ նշխարների բերվելու լուրը տարածվեց:

Իսկ սրբի ծառան, որ բնակվել էր գյուղում, մահացել էր հենց այդ օրը, և այդտեղի բոլոր բնակիչները հավաքվել էին հանգուցյալին ողբալու և թաղելու համար: Եվ երբ լսեցին սրբի մասին, մեռյալին թողեցին գերեզմանից դուրս` կնոջ և որդիների մոտ, և օրհնություններով, հոգևոր երգերով, վառված լապտերներով և խունկ ծխեցնելով գնացին սուրբ նշխարները տեսնելու: Իսկ [հանգուցյալի] կինն իր շուրջը նայելով` չգտավ ոչ մեկին ողբակից և ամուր փարվելով իր վախճանված ամուսնուն` սկսեց ողբալով ասել. «Շո՛ւտ վեր ել, որպեսզի մենք ևս մյուսների հետևից արագ գնանք Տիրոջ սրբին տեսնելու, որովհետև նա պատվով է գալիս, և [թո՛ղ] չկարծեն, թե մենք արհամարհում ենք սուրբ վկային»: Եվ այսպիսի բաներ էր խառնում ողբին, ինչպես սովորությունն է սգացողների: Եվ երբ կինն այս բաներն էր ասում, մեռյալն անմիջապես նստեց դագաղին` ոտքերը կտավով փաթաթված: Եվ մահվանից կյանք վերադարձավ [սրբի] մաղթանքների շնորհիվ, վրայից մի կողմ նետեց թաղման պատանքը, և տեղից ողջ-առողջ ելնելով` վազքով գնաց Քրիստոսի անվան համար զոհվածին տեսնելու: Իսկ երբ ամբոխը տեսավ նրան, բոլորը վեր ելնելով փառք տվեցին Աստծուն, Նրան, որ սուրբ վկայի մաղթանքներով հարություն տվեց մեռյալին: Եվ վերջինս տասնհինգ տարի ողջ մնաց և իր հոգու փրկության համար սպասավորեց գերեզմանին և միայն դրանից հետո հեռացավ կյանքից` միանալով իր հայրերին:

Եվ ժողովրդի համար մեծ հոգս էր, թե որտեղ անեն սրբի նշխարների հանգստարանը: Եվ ասացին. «Եկե՛ք ծաղիկներով մի պսակ հյուսենք և դնենք մահիճի վրա. և Տերը ցույց կտա այն տեղը, որ պատրաստել է սրբի համար»: Եվ այդպես արեցին: Աստծու նախախնամությամբ մի արծիվ թռավ մահճի մոտ, և տեսնելով, որ արծիվն առջևից տանում է պսակն այն, նրա ետևից գնաց նաև մարդկանց բազմությունը` սրբի նշխարները հետները տանելով: Եվ [արծիվը վերին] ազդեցությամբ ցույց տվեց այն տեղը, ուր պետք է հանգչեին սուրբ Սևերիանոսի նշխարները. և այնտեղ դնելով` պսակը` այլևս չերևաց: Իսկ տեսնողներն սքանչանալով փառավորում էին Աստծուն, Նրան, որ ցույց տվեց տեղը, ուր պետք է հանգչեին սրբի ոսկորները: Եվ մեծ փափագով կատարեցին հանգիստը:

Այսպես` սեպտեմբեր ամսի իննին նահատակվեց երանելին, [որ ցայսօր] սքանչելիքներով ամեն պահի բուժում է ցանկացած հիվանդություն և ամբողջ տիեզերքի փրկության համար աղոթում մեր Քրիստոս Աստծուն, որին վայել են փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

1 Գրքի ծանոթագրությունը. «Senatorius ըստ Հռովմէացւոց, որ և ըստ յունականին, ի դասուէ սենատոր (ծերակոյտ) իշխանաց»:

 

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

01.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․