30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

Սուրբ Շուշան-Վարդենի. նախնյաց սուրբ հավատքի պաշտպանը

Սուրբ Շուշան-Վարդենին ծնվել է 409թ-ին ընտիրների ու սուրբերի շառավիղից՝ Սահակ Պարթև-Սահականույշ-Մամիկոնեից Համազասպ սպարապետ, որից ծնվեցին երեք արու զավակներ, Սուրբ Վարդանը, Սուրբ Հմայակը ու երանելի Համազասպյանը: Վարդանը իր սուրբ պապի նման արու զավակ չունեցավ, այլ երկու աղջիկ՝ Վարդանույշը և Շուշանը: Մեծացել և կրթվել է տատի` Սահականույշի (Սահակ Պարթև հայրապետի դստեր) քրիստոնեական բարի ու առաքինի շնչով լի տանը, որով մինչ այդ դաստիարակվել էր նաև Վարդան Մամիկոնյանը: Մանկությունից սկսյալ եկեղեցասեր և բարեպաշտ էր: Շուշան-Վարդենին (Վարդենի մանկության, ծննդյան անունն էր, ծնողների կողմից տրված) հարսնացել էր վրաց Աշուշա բդեշխի որդուն՝ Վազգենին: Սակայն նա դժբախտ ամուսնություն ունեցավ, այդ ամուսնությունը դարձավ նրա կյանքի փշե պսակը: Բայց դրանով իսկ երևաց Սբ. Շուշանի մեջ հոսող սրբերի արյան անսասան զորությունը: Այդ ամուսնությունից Սբ. Շուշանն ունեցավ երեք որդի և մեկ դուստր:

Երանելին ծաղկեց իբրև վարդ և շուշան՝ վայելչագեղ և անուշահոտ վարքով, զարդարված երկյուղածությամբ և բարեպաշտությամբ և Քրիստոսի հանդեպ կատարյալ հավատքով:

Վարդանանց նահատակությունից հետո Վազգենը գնաց Պարսկաստան և, ընդունելով պարսկական կրակապաշտությունը, կամովին ուրացավ Քրիստոսին: Եվ երբ վերադառնում էր այնտեղից, կնոջ առաջին հարցը սա եղավ. «Հոգին ինչպե՞ս է, ո՞ղջ է»: Սակայն, ամուսինը վերադարձավ մեռած հոգով: Վազգենն իր անառակ ցանկությունից մղված այնտեղից իր համար երկրորդ կին ուզեց և Պարսից մոգպետի առաջ խոստացավ, որ իր քրիստոնյա կնոջն ու երեխաներին նույնպես կդարձնի իր նման կրակապաշտ:

Շուշանը, երբ լսեց այս կայծակնագույժ լուրը, լացով ու ողբով թե՛ իր և թե՛ իր սիրելի զավակների բախտը ողբաց: Բայց Քրիստոսի Մարմինն ու Արյունը ճաշակած նախնիների արյան կանչը նրան քաջություն տվեցին: Իր սիրասուն զավակների հետ ապաստանեց եկեղեցուն մոտ մի տնակում՝ հրաժարվելով վերադառնալ պալատ և ընդունել ամուսնուն: Սբ. Շուշանը անդադար աղոթում էր լացով ու ողբով, նախ Աստծուց զավակների հոգիների փրկություն խնդրելով, իսկ իրեն հոգու արիություն, որովհետև լավ գիտեր իր ամուսնու դաժանությունն ու կոպտությունը: Իր աղոթքում հետևյալ ուխտը կապեց. «Ես պատրաստ եմ բանտի, կապանքների և ամեն տեսակի կտտանքների, որով պիտի նեղի ինձ ուրացողը, քանզի Աստծով եմ կենդանի և նրա Քրիստոս Որդու անվան համար էլ կմեռնեմ և չեմ թողնի իմ հայրերի ավանդությունը և հավատքը մեր Լուսավորիչ Հայոց»:

Ի վերջո, Սբ. Շուշանին դժվարությամբ համոզեցին պալատ վերադառնալ: Պալատ վերադառնալուց հետո նա որևէ կապ չէր ուզում ունենալ իր ամուսնու հետ: Ապարդյուն անցան նրան հավատուրացության մղելու բոլոր միջոցները: Վազգենը սկսել ծեծել ու չարչարել, մինչև որ բանտ նետեց նրան՝ տալով միայն գարեհաց ու ջուր և թույլ չտվեց որևէ մեկը մոտը մտնի և վերքերը դարմանի: Բայց ապարանքի եկեղեցու երեցը, չվախենալով բռնավորից, կարողացավ ներս մտնել ու տեսնելով իր հոգևոր դստեր խեղճ ու թշվառ վիճակը, սկսեց տղայի նման հեկեկալ: Մինչդեռ Քրիստոսի քաջասիրտ դուստրն ինքը սկսեց մխիթարել նրան՝ ասելով. «Մի՛ լացիր իմ վրա, քանզի առանց նեղությունների ու չարչարանքների ո՛չ ոք չի՛ կարող արդարների օթևանը մտնել ու Աստծո արքայությունը ժառանգել»:

Տարիներ անցան: Միակ փոփոխությունն եղավ այն, որ Ջոջիկ իշխանի խնդրանքով, Վազգենը թույլ տվեց ընդամենը Շուշանի վզի շղթան հանեն, որպեսզի կարողանար գլուխը գոնե կաշվե բարձի վրա դներ ու մի փոքր հանգստանար: Սուրբ Հոգու զորությունն ու ներկայությունը այնքան էր մխիթարում ու զորացնում Աստծո համար շղթայված այդ վկային, որ նա իրեն համար բերած գարեհացն ու ջուրն էլ էր շատ համարում և երբեմն էլ շաբաթով ծոմ էր պահում, միայն շաբաթ ու կիրակի օրերին էր մի պատառ հաց ծամում Սուրբ Հաղորդությունից հետո:

Այսպես վեց տարի չարչարվեց Աստծո մեծ վկայուհին՝ սնվելով միայն հացով ու պարզ ջրով: Մխիթարություն ու զորավիգ ուներ տատի` Սահականույշի Ավետարանը, որը վերջինիս էր անցել հորից` Սահակ հայրապետից և խաչափայտից մի մասունք: Նրա աննկուն հավատը չսասանվեց անգամ, երբ լսեց որդիներից մեկի` Կուր գետում խեղդվելու մասին` այդպիսի մահը գերադասելի համարելով որդու համար, քան հավատուրացությունը:

Բանտարկության յոթերորդ տարում Սբ. Շուշանը հիվանդացավ՝ իր կրած սաստիկ տանջանքներից հյուծված ու մաշված: Մարտիրոսական մահվամբ կնքեց իր առաքինի կյանքը նույն այդ բանտում և թաղվեց Տփղիսի (ներկայիս Թբիլիսի) միջնաբերդում:

Սբ. Շուշանի անվան հետ է կապված նշանավոր մի խաչ: Տեսնելով, որ իր ուրացյալ ամուսինը հալածում է քրիստոնյաներին և քանդում եկեղեցիները, Շուշանը Սուրբ Նունե կույսի խաչը հանձնեց Մշո Սուրբ Առաքելոց վանքի աբեղա Անդրեասին, որն իր հետ տարավ հետ Տարոն, որտեղ ապրում էին իր ազգականները` Մամիկոնյան իշխանները: Անդրեասը, երբ հասավ Սպեր, այլևս չկարողացավ առաջանալ: Այս ընթացքում Շուշանն իր մահկանացուն կնքեց, որի մասին իմանալով`Անդրեասը լուր ուղարկեց Գրիգոր Մամիկոնյան իշխանին: Վերջինս եկավ Սպեր և Նունեի խաչը տարավ Կապույտ ամրոց (Արտագերս): Այսուհետ հայերն այն կոչեցին Սբ. Շուշանի խաչ: Շուշանի խաչը Արտագերսից տեղափոխվեց Վանանդ գավառի Սբ. Խաչ վանքը, ապա` Կարս քաղաքը, այնտեղից 1094 թ-ին` Անի, ուր մնաց 142 տարի: Թաթարների կողմից Անին գրավելուց հետո Շուշանի խաչի մասին տեղեկությունները բացակայում են:

Հայ եկեղեցին Սուրբ Շուշանի հիշատակը տոնում է Խաչվերացի տոնի երկրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը` Փեփրոնե և Մարիանե սրբուհիների հետ: Սուրբ Շուշանը Հայ և Վրաց եկեղեցիներում տոնելի սրբերից է:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

22.09.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․