13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հայոց ազգի առաջին լուսավորիչների` Քրիստոսի տասներկու աշակերտներից երկուսի` Ս. Թադեոս և Ս. Բարդողիմեոս առաքյալների հիշատակը, հետևաբար այսօրվա խորհրդածության մեր նյութը պիտի լինի երանելի առաքյալների կատարած գործը և նրանց ունեցած դերը մեր պատմության մեջ:
Հենց առաջինը, որ խոսում է առաքյալների մեծության մասին, նրանց անմահ սխրանքի մասին, նրանց փրկաբեր առաքելության մասին և նրանց ունեցած անգնահատելի դերի մասին հայ իրականության մեջ` առաքյալներին բնորոշող Լուսավորիչ կոչումն է, որով բնորոշված է նաև մեր հավատքի հայրը: Ինչպես Մեծի Տանն Կիլիկիո Բարեհիշատակ Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսն է ասում` «Քրիստոնեությունը հայ ժողովրդի աչքում լույս է, ուստի և նրա մատակարարները` Լուսավորիչներ»: Այդ լույսը մարդկային չէ, նյութական չէ, այլ երկնային, որն առաջին դարից ցայսօր լուսավորում է ազգս հայոց և առաջնորդում դեպ ճշմարտություն:
Ինչպես վկայում են հայկական և օտար աղբյուրները` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմքերը դրվել են Տիրոջ անմիջական աշակերտների` Ս. Թադեոս և Ս. Բարդողիմեոս առաքյալների կողմից: Ս. Թադեոսը, որ հայտնի է մեզ մի քանի անուններով` Ղեբեոս, Լեբե, Ադդե, Հիսուսի աշակերտներից էր, ով Հիսուսին հարցնում է Տիրոջ հետևյալ արտահայտության մասին. «Ինձ ձեզ պիտի հայտնեմ և ոչ թե աշխարհին»: Հիսուս նրան պատասխանում և ասում է, որ Ինքը պիտի հայտնվի Իրեն սիրողների մեջ և ոչ երբեք սեր չունեցողների մեջ:
Ս. Բարդողիմեոսը նույնպես Տիրոջ տասներկու աշակերտներից էր, ով մեզ Հովհաննու Ավետարանից հայտնի է նաև Նաթանայել անվամբ, և որի մասին Քրիստոս ճշմարտորեն վկայեց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Երբ Փիլիպոսը Նաթանայելին ասում է, որ նա, ում մասին որ Մովսեսը Օրենքի գրքում ասում էր և ում մասին, որ մարգարեները վկայում էին, հայտնվել է Նազարեթ քաղաքում, Նաթանայելն անկեղծորեն հարցնում է. «Իսկ Նազարեթից հնարավո՞ր է, որ բարի բան դուրս գա»: Այդ ժամանակ Փիլիպոսը նրան բերում է Քրիստոսի մոտ, որպեսզի ինքն իր աչքերով տեսնելով համոզվի, և Քրիստոս, տեսնելով Նաթանայելին, որ գալիս է իր մոտ, նրան ասում է. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա», իսկ Նաթանայելը զարմացած հարցնում է, թե Քրիստոս որտեղի՞ց իրեն գիտի: Հիսուս նրան պատասխանում և ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչև Փիլիպոսի քեզ կանչելը, Ես քեզ տեսա թզենու տակ»: Պատահական չեն առաքյալներին նվիրված հոգեզմայլ շարականի խոսքերը. «Երանելի Սուրբ առաքեալք, հրաւիրեալք ի սկզբանէ եւ ընտրեալք յորովայնէ»: Ուրեմն նրանք դեռ իրենց մոր որովայնում կոչված էին լինելու Տիրոջ խոսքի մատակարարները և մեր Սուրբ Եկեղեցու հիմնադիրները:
Ավետարանական այդ հատվածում խորհրդանշական է նաև Ս. Բարդողիմեոսի խոստովանությունը. «Ռաբբի, Դու Աստծո Որդին ես, Դու Իսրայելի թագավորն ես», որով առաքյալը ժառանգում է «Նախադավան առաքյալի» փառավոր կոչումը` Տիրոջ նախախնամությամբ հետագային դառնալով նախադավան հայոց ազգի լուսավորիչը:
Քրիստոս Իր ընտրած առաքյալներին պատվիրում է. «Որպես առաքեաց Զիս Հայր եւ Ես առաքեմ զձեզ: Գնացէք այսուհետեւ, աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյ Սրբոյ: Ուսուցէք նոցա պահել զամենայն որ ինչ պատուիրեցի ձեզ, եւ ահաւասիկ Ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի» (Մաթ. ԻԸ 19-20):
Ահավասիկ տերունապարգև այս պատվիրանը, որն առաջնորդեց առաքյալներին աշխարհի չորս ծագերը` Ս. Թադեոսին և Ս. Բարդողիմեոսին բերելով Մարաստան, Պարսկաստան, Հայաստան, Պարթևաստան և Հնդկաստան: Մինչ այդ, սիրելիներ, մենք տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոս հանգամանալից, ամենայն մանրամասնությամբ Իր աշակերտներին պատրաստում այս առաքելությանը, ավելին՝ այս առաքելությունը մեխն է ողջ նորկտակարանյան պատմության:
Առաքելության գաղափարն ընդգծվում է ամբողջ Նոր Կտակարանում, իսկ Քրիստոս Ինքը եղավ առաջին առաքյալը և նախատիպը բոլոր առաքյալների: Սա առաքելություն էր ոչ միայն որպես պարտականություն, այլև աստվածատուր սիրո արտահայտություն, մարդկանց փրկությանը ծառայելու սիրահոժար նվիրում: Քրիստոս աշխարհ եկավ, մեկ խոսքով ասած, հոգեփրկչական առաքելությամբ, այդ առաքելությունը փոխանցեց Իր աշակերտներին և այսօր այն փոխանցված է մեզ` եկեղեցականներիս: Ինչպես որ Քրիստոս Գեթսեմանի պարտեզում հոժարակամորեն ընդունեց մարդկանց մեղքերի հետևանքով լցված դառնության գավաթը, որն իր առաքելության գագաթնակետն էր, լրումն էր, այդպես էլ Տիրոջ աշակերտները սիրով հանձն առան` լինելու աշխարհի լույսը, հալածվելու աշխարհի խավարից և Տիրոջ անվան համար մարտիրոսանալու: Ս. Թադեոսը և Ս. Բարդողիմեոսը նահատակվեցին Հայոց հողում, և նրանց վարդագույն արյամբ Հայոց հողում պտղաբերեցին քրիստոնեության անդրանիկ սերմերը, իսկ ազգս հայոց, միաբանված մեկ հավատի շուրջ, հավաքական գիտակցությամբ դավանեց կենդանի Աստծուն, և խավարը փոխարինվեց լույսով: «Ով որ ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով որ ձեզ է մերժում, Ինձ է մերժում, և ով որ Ինձ է մերժում, Ինձ ուղարկողին է մերժում, և ով որ Ինձ է լսում, լսում է Նրան, ով Ինձ ուղարկեց» (Ղուկ. Ժ 16),- Քրիստոս ասաց իր աշակերտներին: Հայ ժողովուրդը լսեց և ընդունեց առաքյալներին, ուրեմն ընդունեց և Քրիստոսին, թեև Նրան չէին տեսել, սակայն Քրիստոս ասում է. «Երանի նրանց, ովքեր չեն տեսնի և կհավատան»: Եվ այս հավատով է ավելի քան երկու հազարամյակ ապրում և արարում հայ ժողովուրդը:
Այսօր, սիրելիներ, երբ անդրադառնում ենք երկհազարամյա քրիստոնեական մեր պատմությանը, տեսնում ենք, որ, ի հեճուկս մեզ պատուհասած բազում արհավիրքների, պատերազմների և դժվարությունների, հայ ժողովուրդը հավատարիմ մնաց իր դավանած քրիստոնեական հավատին և առաքյալների նահատակության օրինակը, հանուն հավատի և հանուն Քրիստոսի սիրույն գաղափարը կենսակերպ եղավ մեր ժողովրդի համար, որովհետև քրիստոնեությունը դարձավ մեր մաշկի գույնը: Նույնիսկ վերջին հարյուրամյակի խորհրդային բռնապետության բացահայտ աստվածամերժությունը չկարողացավ հեռացնել մեզ մեր հավատից:
Հայ ժողովուրդը այնպես հարազատորեն և ներդաշնակորեն ընդունեց քրիստոնեությունը, որ կարծես այն հենց իրենը լիներ: Առաքյալների քարոզչությամբ հայերիս մեջ արմատավորվեց լուսավոր ապագա ունենալու երազը, Երկնային արքայությունը ազգովի ժառանգելու հավաքական փափագը, մեր բոլոր իղձերը և երազները արդեն կապվեցին քրիստոնեության հետ:
Առաքյալների բերած լույսը եղավ հայի մխիթարիչը և սփոփիչը, և հայը հասկացավ, որ միայն Հայ Եկեղեցին կարող է լինել ազգի գոյության գրավականը, և որ եկեղեցու միջնորդությամբ պիտի կատարվի հայի մտավոր վերածնունդը, և Հայ Եկեղեցու Սուրբ Սեղանից պիտի բաշխվեն կենդանացուցիչ հացը և տերունապարգև շնորհները:
Այսօր Հայ Եկեղեցին իր ձեռքբերումներով և կորուստներով, հազարամյա փորձառությամբ իմաստնացած պատմական իրողություն է այլևս, Համազգային բարձագույն կառույց, և սրանում անգնահատելի է Ս. Թադեոս և Ս. Բարդողիմեոս առաքյալների դերը: Մեզ առանձնակիորեն պետք է պարտավորեցնի այն հանգամանքը, որ Եկեղեցու հիմքերը դրվել են Քրստոսի անմիջական աշակերտների ձեռքով:
Եվ այսօր առաքյալների հիշատակի տոնակատարությունը ևս մեկ առիթ է մեզ համար` անդրադառնալու մեր քրիստոնեական արմատներին և գիտակցելու առաքյալների հեղած արյան արժեքը: Եվ եթե այսօր մարմնավոր նահատակության անհրաժեշտությունը չկա, ապա գերակա է հոգևոր նահատակության անհրաժեշտությունը` անմնացորդ նվիրումի և ծառայասիրության, որով մեր Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունն է՛լ ավելի պիտի արդյունավորվի: Աղոթենք առ Բարձրյալն Աստված, որպեսզի Սուրբ առաքյալների բարեխոսությունը մշտահունչ լինի մեր ժողովրդի համար` ի շինություն և ի պայծառություն Հայաստանայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ Ձեզ եւ ընդ ամենեսեան. Ամէն:
Տ. Պարթև աբեղա Բարսեղյան
(Քարոզը խոսվել է ս. Էջմիածնի մայր տաճարում մատուցված ս. Պատարագին, 1 դեկտեմբերի 2007 թ.)