23 Դեկտեմբեր, Բշ
Նոյեմբերի 21-ին՝ Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի խումբ երիտասարդներ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելեցին Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատուն:
Այստեղ նրանց սպասում էին թե՛ նորածինների մայրերը և թե՛ բժշկական անձնակազմը: Այցելուները 36 նորածինների համար մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և Հայ Եկեղեցու առաջին խորհրդի մասին պատմող թերթոններ էին պատրաստել:
Տեր հայրը երիտասարդների հետ շրջեց սենյակներով, ներկայացրեց Տիրամոր տոնի և Մկրտության խորհուրդը, օրհնեց բոլոր նորածիններին ու նրանց մայրերին, Բժշկության Ավետարան կարդաց վերակենդանացման բաժնում ապաքինվող փոքրիկների համար:
Ծնողները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար և խոստացան հնարավորինս շուտ մկրտել իրենց երեխաներին:
Նախաձեռնությունն ԱՀԹ երիտասարդաց միություններինն է, որոնք ծրագրել են Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելել ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ Մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին