Սուրբ Ծննդյան լույս ավետիսը

Լուռ էր դահլիճը, երբ հեռվից զանգակների ղողանջյունով աստիճանաբար դեպի դահլիճ էր թափանցում Սուրբ Ծննդյան ավետիսը:

Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, աւետիս,

Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս:

Ահա այս շարականի կատարումով մի խումբ աղջիկներ ընդհատեցին դահլիճի լռությունը և այն ողողեցին Սուրբ Ծննդյան լույս ավետիսով:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օրհնությամբ և տիկնանց միության նախաձեռնությամբ հունվարի 18-ին Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի դահլիճում համայնքի երեխաների, երիտասարդաց միության անդամների մասնակցությամբ բեմադրվեց Սուրբ Ծննդյան ներկայացումը:

Մինչ զարմանահրաշ ներկայացումը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Զգոն քահանա Աբրահամյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ այսօրվա Սուրբ Ծննդյան ներկայացումը բարի և հոգևոր սերմեր կսերմանի թե՛ ներկայացման մասնակիցների, թե՛ հանդիսատեսի սրտերում. «Աստվածաշնչային կերպարների բեմականացումը նրանց բարի օրինակով մասնակից երեխաների համար ներքին փոփոխման, կարևոր ոգեշնչման, մեծ ազդեցության և զգալի հետքի պատճառ կհանդիսանան ողջ կյանքի համար»:

Ներկայացումը սկսվեց Տերունական աղոթքով:

Այսօր արեւն արդարութեան, աւետիս,

Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս:

Ներկայացման մասնակիցները պատրաստ էին անվերջ պատմելու Սբ. Ծննդյան ամենագեղեցիկ, իրական, հրաշալի և մարդկության մեկնակետը հանդիսացող պատմությունը: Նրանք ներկայացրին, որ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին դարեր առաջ Եսայի մարգարեն գրել էր. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7:14):

«Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, որովհետև Աստված քեզ հետ է». Աստվածամորն ուղղված Գաբրիել հրեշտակապետի ավետիսը և Սուրբ Կույսի Տիրոջ կամքը խոնարհաբար ընդունելը՝ «Ես Աստծո աղախինն եմ, թող քո ասածը լինի» երկու հազար և ավելի տարիներ ուրախություն է պատճառում ողջ քրիստոնյա աշխարհին:

Երգչախմբի փոքրիկներն Աստվածամոր ուրախությունը ներկայացրին « Մեծացուսցէ անձն իմ զՏէր և ցնծասցէ հոգի իմ Աստուծով» շարականով:

Դահլիճը՝ փոքրից մինչև մեծ, համակ ուշադրությամբ հետևում էր Փրկչի Ծննդյան պատմությանը. Օգոստոս կայսրի մարդահամարի հրամանը, Հովսեփի ու Մարիամի Բեթղեհեմում օթևան գտնելու փնտրտուքը, Քրիստոսի քարայրում ծնվելը, հովիվների և մոգերի այցելությունը Քրիստոսին:

Եվ ահա աշխարհի արարչի համար մի փոքր սենյակ անգամ չգտնվեց. Նա ծնվեց ախոռում, խանձարուրի մեջ փաթաթվեց և դրվեց մսուրի մեջ:

Ողջ երկինքն էր ցնծում Սբ. Ծննդյան ավետիսով և հրաշալի լուրի մեծ ուրախությանը առաջինը արժանացան պարզ ու հասարակ մարդիկ՝ բաց դաշտում իրենց հոտը հսկող հովիվները: Նրանց զարմացական հայացքներն ուղղվել էին դեպի Երկինք, որտեղից

հրեշտակների բազմությունը, օրհնաբանելով Աստծուն, երգում էին. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց միջև» (Ղուկաս 2:14):

Սուրբ Ծննդյան լուռ գիշերը երգչախումբը համեմում էր ոչ միայն շարականներով, այլ նաև ժողովրդական երգերով՝ «Լորիկ», «Ջան գառնուկ»:

Փրկչին առաջինը տեսնելու ուրախությունը ապրեցին նախ հովիվները, ապա՝ արևելքից եկած մոգերը, ովքեր լուսապայծառ աստղի ուղեկցությամբ թանկարժեք նվերներով երկրպագեցին Տիրոջը՝ ասելով. «Երանելի ենք, քանզի մեր աչքերը տեսնում են Մեկին, Ում շատերը տեսնել կերազեին»: Նրանք իրենց ընծաներով՝ ոսկի, կնդրուկ և զմուռս, հաստատեցին, որ Տերը հավիտենական Թագավոր է, Քահանայապետ և Փրկիչ:

Զարմանահրաշ երեկոն բոլորի համար սկսվեց և ավարտվեց Սուրբ Ծննդյան բարի լուրը ազդարարող ավետիսով.

Այսօր հրեշտակք յերկնից իջան, աւետիս,

Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն,

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:

Միջոցառման ավարտին Տեր Զգոնը շնորհավորեց երեխաներին՝ ուժ ու եռանդ, նորանոր և մեծ բեմեր մաղթելով՝ կարևորելով արվեստի բնագավառում թատրոնի միջոցով Աստծո անվան փառաբանումը և Նրա խոսքի տարածումը. «Երեխաների շնորհիվ Սուրբ Ծննդյան լույսը վերստին թափանցեց յուրաքանչյուրիս սիրտը և հոգին»:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամ Մարիամը, ով ներկայացման ժամանակ հեղինակի խոսքն էր վարում, շատ է սիրում Սուրբ Ծննդյանը օրը և ամեն տարի անհամբեր սպասում է այդ օրվան. «Սբ. Պատարագի կարևորությունը գիտակցելով, այս տոնի օրն եմ առաջին անգամ այցելել եկեղեցի և Սբ. Հաղորդություն ստացել: Քրիստոս ինձ այս օրն է առաջնորդել եկեղեցի: Սբ. Պատարագին ես անմիջականորեն եմ զգում Քրիստոսի կենդանի ներկայությունը: Փառք Աստծո, որ ես եկա եկեղեցի և հենց այս խորհրդանշական օրը»:

Ներկայացմանը Սուրբ Մարիամ Աստվածածնի դերակատարն էր Սիրանուշ Սիմոնյանը, ում համար Աստվածամայրը մայրության նախատիպն է և ըստ նրա՝ ամեն մարդ իր հոգևոր կատարելության ճանապարհին պետք է ձգտի նմանվել նրան: Բեմում Սիրանուշի զգացողությունները բազմակի էին. «Աստվածամոր կերպարի մեջ ես ապրեցի մեծ երջանկություն, հոգևոր վերելքի զգացողություն ունեցա: Այս դերակատարումը կուղեկցի ինձ ողջ կյանքիս ընթացքում և կծառայի ինձ, որ սուրբ Կույսի կերպարն ավելի լավ ընկալեմ»: Սուրբ Ծննդյան խորհուրդը Սիրանուշի կյանքում ևս կրում է Աստվածհայտնության խորհուրդը: «Աստված մարդացավ, որպեսզի մարդը փրկվի մեղքի իշխանությունից, հոգու վերածնունդ ապրի և հավիտենական կյանք ունենա»,- ասաց Սիրանուշը:

Տիկնանց միության համատեղ և միասնական աշխատանքի պտուղը եղավ Սուրբ Ծննդյան հրաշախորհուրդ ներկայացումը: Ամեն մեկն իր հերթին իր մասնակցությունն էր ունեցել. Տաթև Պետրոսյանը սցենարն էր գրել և բեմադրել, երաժշտագետ Գոհար Հարությանը ստանձնել էր երգերի ուսուցումը, մյուսներն էլ հագուստի և մյուս հարցերում էին փորձել աջակցել:

«Տիկնանց միությունը նպատակ ունի ստեղծելու մանուկների և պատանիների միություն, և այս միջոցառումը այդ մտածման նախադեպը հանդիսացավ: Ե՛վ մանուկներ, և՛ պատանիներ, և՛ երիտասարդներ կային ընդգրկված ներկայացմանը: Տարիքային այս տարբերությունները հետաքրիքիր ներգործություն ունեցան մեկը մյուսի հանդեպ՝ ստեղծելով անմիջական և ուրախ մթնոլորտ: Եվ ամենակարևորը, որ երեխաները այս ընթացքում հոգևոր դաստիարակության մի ընթացք ունեցան: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանին, ով սիրահոժար կերպով մեզ տրամադրեց դահլիճը»,- ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանը:

Ուրախ լուր ունենք ամենքս՝ ծնվեց Քրիստոսը՝ Աստծո Որդին, և Նա պատրաստ է դառնալու մեզանից յուրաքանչյուրի Փրկիչը՝ ծնվելով և արարելով մեր հոգում լույսի ու բարության մի նոր աշխարհ:

Կարինե Սուգիկյան

19.01.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․