23 Դեկտեմբեր, Բշ
Սուրբ Զորավոր եկեղեցու երիտասարդաց միության անդամների առօրյան մշտապես հագեցած է աստվածճանոչողությանն միտված զանազան դասընթացների անցկացմամբ, որոնցով երիտասարդները պարբերաբար համալրում են իրենց հոգևոր գիտելիքի պաշարը՝ հոգևորականից ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները: Այդպիսի դասընթացներից է յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող Ավետարանի ուսուցումը, որը իրականացվում է Տեր Զենոն Քահանա Բարսեղյանի ջանքերով: Հերթական դասի օրը համընկավ Սուրբ Վարդանաց տոնին, որն այս տարի նշվում է Փետրվարի 12-ին: Դասի ընթաքում Տեր Հոր կողմից ընթերցվեց և մեկնվեց Մաթեոսի Ավետարանի համապատասխան հատվածը՝ ուղեկցվելով երիտասարդների ակտիվ հարցուպատասխանով: Դասից հետո երիտասարդաց միության անդամները միասնաբար մասնակցեցին ժամերգությանը, իրենց համատեղ աղոթքը վերառաքելով առ Աստված, ի հիշատակ հավատի և հայրենիքի փրկության համար նահատակված Վարդանանց զորավարների և 1036 սուրբ ռազմիկների՝ Սուրբ Վարդանանց: Ժամերգության ավարտին զորավոր երիտասարդաց միության նորակառույց ժողովարանում տեղի ունեցավ տոնական խնջույք:
Նման միջոցառումների անցկացումը մեծապես նպաստում է երիտասարդների միջև առողջ, քրիստոնեական հոգով շաղախված միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, որը կայուն հիմք է մեր եկեղեցու զորացման և երիտասարդների շրջանում քրիստոնեական լույսի տարածման համար: