(որպէս վերջաբան)
Որպէս վերջաբան՝ համառօտ ներկայացնում ենք Աստուածաշնչից քաղուածքներ, որոնք փաստում են, թէ որեւէ չարիքի մասնակից լինելը վայել չէ քրիստոնեային: Ինքներդ դատեցէ՛ք, թէ Աստուածաշնչի հետեւեալ համարները վերաբերո՞ւմ են արդեօք չարախորհուրդ Հելոուինին՝ քրիստոնեաների մասնակցութեան առընչութեամբ:
«Ինձնից բացի այլ աստուածներ պիտի չլինեն քեզ համար» (Ելք 20, 3):
«Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն» (Ելք 22, 18):
«Այս ամէն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծուէք, որովհետեւ նման արարքներով պղծուած ժողովուրդներին ես ձեր առջեւից պիտի վանեմ։ Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձաւ, ես վեր հանեցի նրա անօրէնութիւնները, եւ երկիրը զզուեց իր բնակիչներից։ Պահպանեցէ՛ք իմ օրէնքներն ու իմ բոլոր պատգամները։ Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած պանդուխտը պէտք չէ կատարի այդ բոլոր պղծութիւնները, որովհետեւ այդ բոլոր պղծութիւնները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, եւ երկիրը պղծուեց։ Խուսափեցէ՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպէսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգայ, ինչպէս որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից։ Ով որ կատարի նման պիղծ արարքներ, նա կը վերանայ իր ժողովրդի միջից։ Կատարեցէ՛ք իմ պահանջները, որպէսզի չկատարէք այն բոլոր օրինազանցութիւնները, որոնք ձեզնից առաջ կատարուել են այստեղ, եւ մի՛ պղծուէք դրանցով, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը»» (Ղեւտ. 18, 24-30):
«Վհուկներին մի՛ հետեւէք եւ ոգեհմաների հետ մի՛ առընչուէք, որպէսզի նրանցով չպղծուէք» (Ղեւտ. 19, 31):
«Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից» (Ղեւտ. 20, 6):
«Այդ մարգարէի կամ երազահանի խօսքերը մի՛ լսէք, որովհետեւ Տէր Աստուածը փորձում է ձեզ՝ իմանալու համար, թէ ձեր ամբողջ հոգով ու ձեր ամբողջ էութեամբ սիրո՞ւմ էք մեր Տէր Աստծուն» (Երկ. Օր. 13, 3):
«Եթէ մտնես Տէր Աստծու՝ քեզ տուած երկիրը, չիւրացնես այնտեղ ապրող ազգերի գարշելի սովորութիւնները: Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդութեամբ կամ գուշակութեամբ զբաղուի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգութիւններով զբաղուի, վհուկ կամ սուտ մարգարէ լինի, ոգեհարցութեամբ զբաղուի, որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով: Այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց վերացնում է քո միջից: Քո Տէր Աստծու առջեւ կատարեալ պէտք է լինես: Քո ժառանգելիք երկրի մարդիկ հաւատում են հմայութիւններին ու կախարդութիւններին, բայց քո Տէր Աստուածը քեզ այդպէս վարուելու հրաման չի տուել» (Երկ. Օր. 18, 9-14):
«Իսկ եթէ ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա որոշեցէ՛ք այսօր, թէ ո՛ւմ էք պաշտելու. ձեր հայրերի՞ աստուածներին, որոնք գետի այն կողմում էին, թէ՞ ամորհացիների աստուածներին, որոնց երկրում դուք բնակւում էք։ Իսկ ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետեւ նա սուրբ է» (Յես. 24, 15):
«Սաւուղը Տիրոջը հարց տուեց, սակայն Տէրը նրան պատասխան չտուեց ո՛չ երազով, ո՛չ գուշակութեամբ, ո՛չ էլ մարգարէների միջոցով։ Սաւուղն ասաց իր ծառաներին. «Մի ոգեհարց կին գտէ՛ք, որ գնամ նրա մօտ ու հարց տամ նրան»։ Ծառաներն ասացին նրան. «Ահա մի ոգեհարց կին կայ Այենդորում»։ Սաւուղը ծպտուեց, ուրիշ զգեստներ հագաւ ու գնաց երկու մարդկանց հետ։ Նրանք գիշերը հասան կնոջ մօտ... Սամուէլն ասաց. «...Տէրը քո ձեռքից խլելու է թագաւորութիւնդ եւ տալու է քո ընկերոջը՝ Դաւթին, որովհետեւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ նրա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վրայ ի գործ չդրեցիր։ Այդ պատճառով էլ Տէրն այսօր քեզ հետ այդպէս է վարւում։ Տէրը Իսրայէլին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու եւ քո որդիները պիտի ընկնէք, եւ Տէրն Իսրայէլի բանակը պիտի մատնի այլազգիների ձեռքը»» (Գ. Թագ. 28, 3-25):
«Կախարդութիւն անելը մեղք է, եւ կուռքերը միայն ցաւ ու տառապանք են պատճառում։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խօսքը, Տէրն էլ քեզ պիտի մերժի իբրեւ Իսրայէլի թագաւոր» (Գ. Թագ. 15, 23):
«Իրենց տղաներին եւ աղջիկներին կրակի միջով անցկացրին, կախարդութիւն ու հմայութիւն արեցին, համարձակուեցին Տիրոջ առջեւ չարութիւն գործել եւ զայրացրին Նրան» (Դ. Թագ. 17, 17):
«Նա ինքն իր ձեռքով որդիներին անցկացրեց կրակի միջով Բեննոմի երկրում եւ հմայութիւն, գուշակութիւն ու դիւթութիւն էր անում։ Նա ունէր վհուկներ ու կախարդներ։ Նա շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջեւ՝ Նրան բարկացնելու աստիճան» (Բ. Մնաց. 33, 6-7):
«Վախեցէ՛ք Տէր Աստծուց, քանի որ մօտիկ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը պատրաստեց իր զոհերը եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին։ «Կը լինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կը պատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել»» (Սոփ. 1, 8):
«Ո՛վ Իսրայէլի տուն, լսի՛ր Տիրոջ պատգամները, որ քեզ են ուղղուած։ Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով եւ մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում։ Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրուած փայտ, հիւսների ձեռքի գործեր» (Երեմ. 10, 1-3)։
«Նա (Մանասէն) չարիք գործեց Տիրոջ առաջ՝ նմանութեամբ այն ազգերի գարշելի գործերի, որոնց բնաջնջել էր Տէրն իսրայէլացիների աչքի առաջ։ Նա վերականգնեց այն բարձրադիր մեհեանները, որոնք իր հայրը՝ Եզեկիասը քանդել էր, Բահաղիմի արձաններ կանգնեցրեց եւ կուռքեր շինել տուեց։ Նա երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու ծառայեց նրանց։ Նա զոհասեղան պատրաստեց Տիրոջ տան մէջ, որի մասին Տէրն ասել էր. «Իմ անունը Երուսաղէմում յաւիտեան պիտի լինի»։ Նա այստեղ՝ Տիրոջ տան երկու գաւիթներում, զոհասեղան շինեց երկնքի բոլոր զօրութիւնների համար։ Նա ինքն իր ձեռքով որդիներին անցկացրեց կրակի միջով Բեննոմի երկրում եւ հմայութիւն, գուշակութիւն ու դիւթութիւն էր անում։ Նա ունէր վհուկներ ու կախարդներ։ Նա շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջեւ՝ Նրան բարկացնելու աստիճան։ Նա ձուլածոյ քանդակուած պատկեր դրեց Տիրոջ տան մէջ» (Բ. Մնաց. 33, 2-7)։
«Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ՚անուանեն եւ բարին՝ չար, որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս, որոնք դառը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառն» (Ես. 5, 20):
«Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Հարցրէ՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախօսներին ու որովայնախօսներին», այն ժամանակ ասացէ՛ք. «Մի՞թէ որեւէ ժողովուրդ իր Աստծուն պիտի չդիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն»» (Ես. 8, 19):
«Արդ, ինչպէ՜ս երկնից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. Նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին, ընկաւ գետին ու խորտակուեց: Մտքիդ մէջ ասում էիր. «Երկինք կը բարձրանամ, իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր. կը նստեմ բարձր լերան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ. կը բարձրանամ ամպերից էլ վեր, կը նմանուեմ Բարձրեալին»: Բայց ահաւասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը» (Ես. 14, 12-14):
«Բայց իմ ժողովուրդը նման է քահանային հակաճառողի. նրանք կը տկարանան ցերեկով, եւ մարգարէն էլ կը տկարանայ քեզ հետ. քո մօրը նմանեցրի գիշերուան։ Իմ ժողովուրդը նմանուեց նրան, ով իմացութիւն չունի. քանի որ դու մերժեցիր իմացութիւնը, ես էլ քեզ կը մերժեմ, որպէսզի քահանայութիւն չանես ինձ համար. քանի որ մոռացար քո Աստծու օրէնքները, ես էլ կը մոռանամ քո որդիներին» (Ովս. 4, 6-7):
«Ո՜վ Իսրայէլի տուն, լսի՛ր Տիրոջ պատգամները, որոնք քեզ են ուղղուած: Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով եւ մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք վախենում են: Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են…»» (Երեմ. 10, 1-3):
«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին... Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։ Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ, քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում» (Սաղմ. 1, 1-6):
«Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դեւերին, եւ անմեղ արիւն թափեցին՝ արիւնն իրենց որդիների ու դուստրերի, որ զոհեցին Քանանի կուռքերին։ Երկիրը շաղախուեց նրանց արեամբ, ու պղծուեց նրանց գործերից, քանզի պոռնկացան իրենց ընթացքով։ Սրտնեղած բարկացաւ Տէրն իր ժողովրդի վրայ, եւ խիստ զզուեց իր ժառանգութիւնից» (Սաղմ. 105, 37-40):
«Քո պատուիրաններով իմաստնանալով՝ ատեցի չարիքի բոլոր ճանապարհները, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր» (Սաղմ. 118, 104):
«Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը» (Առակ. 8, 13):
«Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմութիւն, օրէնքի իմացութիւնը մտքի հարստութիւն է» (Առակ. 9, 10):
«Երիտասարդը դաստիարակւում է ըստ իր ընտրած ճանապարհի ու ծերութեան ժամանակ էլ չի հեռանում դրանից» (Առակ. 22, 6):
«Ով անզգամութիւն է ցանում, չարիքներ է հնձելու եւ պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան» (Առակ. 22, 8):
«Կը ջնջեմ քո քանդակներն ու քո արձանները, եւ այլեւս չես երկրպագի քո ձեռակերտներին։ Կը կոտորեմ անտառները քո միջից եւ կ՚ապականեմ քո քաղաքները։ Բարկութեամբ ու ջղայնութեամբ վրէժ կը լուծեմ ազգերից, քանի որ նրանք չլսեցին ինձ» (Միք. 5, 12-14):
«Զգո՛յշ եղիր քայլիդ համար, երբ Աստծու տուն ես գնում, եւ մօտեցի՛ր լսելու համար. որովհետեւ քո զոհն աւելի յարգի է, քան ընծաներն անզգամների, որոնք չգիտեն բարիք գործել» (Ժող. 4, 17-18):
«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ, թող սիրտդ քեզ զուարճացնի քո երիտասարդ օրերին։ Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով եւ քո աչքերի տենչանքով, բայց եւ իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11, 9):
«Եւ իմ ժաղովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սուրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ» (Եզեկ. 44, 23):
«Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։ Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»» (Մատթ. 4, 8-10):
«Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»» (Մատթ. 8, 16-17):
«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում։ Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած։ Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»» (Մատթ. 12, 43-45)։
«Մարդու Որդին կ՚ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, ովքեր անօրինութիւն են գործում։ Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում» (Մատթ. 13, 41-42):
«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկնաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը» (Մատթ. 18, 6-7):
«Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»» (Մարկ. 1, 27):
«Եւ երբ նա (Յիսուս) նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դիմաց ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, եւ որի բնակութեան տեղն իսկ գերեզմանների մէջ էր։ Եւ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել, որովհետեւ շատ անգամ ոտնակապերով եւ շղթաներով կապուած էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը՝ ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, որովհետեւ միշտ, գիշեր ու ցերեկ, գերեզմաններում եւ լեռներում, աղաղակում էր եւ ինքն իրեն քարերով ծեծում։ Երբ նա Յիսուսին հեռուից տեսաւ, առաջ վազեց ու երկրպագեց նրան. բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի։ Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր». քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»» (Մարկ. 5, 2-8):
«Եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում» (Մարկ. 7, 13):
«Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործերը չար էին. որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերն իր երեսով չտան» (Յովհ. 3, 19-20):
«Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ՚ընդունի կենաց լոյսը»» (Յովհ. 8, 12):
«Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան» (Յովհ. 10, 10):
«Եւ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. եւ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում։ Ուրեմն, Աստուած էլ երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպէս որ գրուած էլ է մարգարէների գրքում. «Միթէ անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագնե՞ր մատուցեցիք ինձ, Իսրայէլի՛ տուն. այլ դուք վերցրիք Մողոքի վրանը եւ Հռեմփա աստծու աստղը եւ այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի միւս կողմը»» (Գործ. 7, 41-43):
«Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապէս մոգութիւն էր անում եւ զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թէ ինքը մեծ մէկն է. փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զօրութիւնը, որ մեծ է կոչւում»։ Հիացումով էին նայում նրան, որովհետեւ երկար ժամանակ մոգութիւններով իրենց զարմացրել էր։ Բայց երբ հաւատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի անուան մասին էր աւետարանում, բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, մկրտուեցին։ Ինքը՝ Սիմոնը, եւս հաւատաց եւ մկրտուելով՝ միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները եւ մեծամեծ զօրութիւնները, որ կատարւում էին, զարմանում էր։ Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով։ Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան։ Սիմոնը, տեսնելով, թէ առաքեալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց. «Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ»։ Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգեւները կարելի է փողով ստանալ. դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ։ Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը. թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն, քանի որ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքների մէջ եմ տեսնում քեզ»։ Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեցէք Տիրոջը, որպէսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, իմ վրայ ոչինչ չգայ»։ Եւ նրանք վկայութիւն տալով՝ խօսեցին Աստծու խօսքը ու վերադարձան Երուսաղէմ։ Եւ սամարացիների շատ գիւղերում աւետարանում էին» (Գործ. 8, 9-25):
«Շրջելով ամբողջ կղզին մինչեւ Պափոս՝ այնտեղ գտան ոմն մոգի, որ մի հրեայ սուտ մարգարէ էր, եւ որի անունը Բարեյեսու էր։ Սա բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր։ Սերգէոսը, աղաչելով Բառնաբասին եւ Սօղոսին, ուզում էր լսել Աստծու խօսքը։ Բայց նրանց դէմ դուրս եկաւ Եղիմաս մոգը (որովհետեւ նրա անունը այսպէս է թարգմանւում) եւ ուզում էր բդեշխի փոխանորդին հաւատից շեղել։ Իսկ Սօղոսը, որը եւ Պօղոսն է, Սուրբ Հոգով լցուած, նայեց նրան ու ասաց. «Ո՛վ դու, որ լի ես ամէն նենգութեամբ ու խորամանկութեամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամէն արդարութեան։ Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարի։ Եւ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրայ է. եւ կոյր կը լինես, որ միառժամանակ արեւ չտեսնես»։ Եւ անմիջապէս նրա վրայ մէգ ու խաւար իջաւ. եւ խարխափելով՝ առաջնորդողներ էր փնտռում» (Գործ. 13, 6-11):
«Եւ մինչ մենք աղօթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ՝ չար ոգի էր բռնել. սա գուշակութիւններով իր տէրերին մեծ օգուտ էր տալիս։ Նա Պօղոսի եւ մեր յետեւից ընկած՝ աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրեալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհները»։ Եւ շատ օրեր էր անում այդ բանը։ Պօղոսը զայրանալով, դարձաւ եւ չար ոգուն ասաց. «Յիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, որ դրա միջից դուրս ելնես»։ Եւ նոյն ժամին չար ոգին ելաւ» (Գործ. 16, 16-18):
«Եւ կախարդութեամբ զբաղուողներից շատերը բերում էին իրենց գրքերը ու բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշուեցին եւ գտան, որ յիսուն հազար արծաթ դահեկան էր» (Գործ. 19, 19):
«Եւ անեղծն Աստծու փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի, թռչունների, չորքոտանիների եւ սողունների։ Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմիններն իրենք իրենց մէջ. նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ Արարչին» (Հռոմ. 1, 23-25)։
«Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը» (Հռոմ. 12, 2)։
«...Ատելով չարը՝ ընթանալ բարու ետեւից» (Հռոմ. 12, 9)։
«Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին» (Հռոմ. 12, 21)։
«Ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը» (Հռոմ. 13, 12)։
«Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից» (Ա. Կորնթ. 2, 14):
«Ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը։ Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից» (Ա. Կորնթ. 10, 20-21):
«Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին» (Ա. Կորնթ. 11, 1)։
«Եւ եթէ մեր Աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեա՛ն մատնուածների համար, որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծու» (Բ. Կորնթ. 4, 3-4):
«Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնն անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առընչութիւն ունի հաւատացեալն անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած.- ասում է Ամենակալ Տէրը» (Բ. Կորնթ. 6, 15-18):
«Եւ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ։ Եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտօնեաներն էլ կերպարանաւորուեն որպէս արդարութեան պաշտօնեաներ, որոնց վախճանը կը լինի ըստ իրենց գործերի» (Բ. Կորնթ. 11, 14-15):
«Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացէք ու մարմնի ցանկութիւնը մի՛ կատարէք, քանի որ մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը: Եւ քանի որ սրանք միմեանց հակառակ են, մի՛ արէք այն, ինչ ուզում էք: Իսկ եթէ Հոգով էք առաջնորդւում, ապա օրէնքի տակ չէք, որովհետեւ մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ: Այժմ ասում եմ ձեզ, ինչպէս որ առաջուց էլ ասում էի, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայութիւնը չեն ժառանգելու» (Գաղ. 5, 16-21):
«Մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպէս որ առաջուց էլ ասում էի, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայութիւնը չեն ժառանգելու» (Գաղ. 5, 19-21)։
«Սատանային տեղի մի՛ տուէք» (Եփես. 4, 27):
«Նմանուեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ, եւ ընթացէ՛ք սիրով, ինչպէս որ Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար՝ որպէս անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն։ Հեռո՛ւ ձեզնից պոռնկութիւն եւ ամէն տեսակ պղծութիւն կամ ագահութիւն. դրանց անունն իսկ թող չյիշուի ձեր մէջ, ինչպէս որ վայել է սրբերին» (Եփես. 5, 1-3)։
«Ուրեմն՝ նրանց մասնակից մի՛ եղէք, որովհետեւ, թէպէտեւ մի ժամանակ խաւար էիք, հիմա լոյս էք ի Տէր. ընթացէ՛ք ինչպէս լուսոյ որդիներ. քանզի լուսոյ պտուղներն են բարութիւնը, արդարութիւնը եւ ճշմարտութիւնը։ Ստուգեցէ՛ք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը. եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք, որովհետեւ, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խօսելն իսկ ամօթ է» (Եփես. 5, 8-11)։
«Տեսէ՛ք, թէ ինչպիսի զգուշութեամբ պէտք է ընթանաք. ոչ թէ ինչպէս անմիտներ, այլ՝ ինչպէս իմաստուններ. ժամանակն օգտագործեցէ՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղէք, այլ իմացէ՛ք, թէ ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5, 15-16):
«Մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6, 12):
«Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ,- ա՛յն խորհեցէք» (Փիլիպ. 4, 8):
«Ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որոնք չեն ճանաչում Աստծուն» (Ա. Թես. 4, 4-5):
«Փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք, հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից» (Ա. Թես. 5, 20-21):
«Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է» (Ա. Տիմ. 4, 1-2):
«Այս բանն ուսուցանի՛ր եւ յորդորի՛ր։ Իսկ եթէ մէկն այլ բան ուսուցանի եւ չանսայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին եւ այն վարդապետութեանը... դու այդպիսիներից հեռո՛ւ պահիր քեզ» (Ա. Տիմ. 6, 3-6):
«Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան» (Բ. Տիմ. 1, 7):
«Եւ դու, որդեա՛կ իմ, զօրացի՛ր Քրիստոս Յիսուսի շնորհով։ Եւ ինչ որ լսեցիր ինձնից բազում վկաներով, աւանդի՛ր այն հաւատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին էլ ուսուցանել։ Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին՝ որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Բ. Տիմ. 2, 1-7):
«Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Բ. Տիմ. 2, 14-15):
«Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան ետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով։ Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացի՛ր, որ դրանցից կռիւներ են ծնւում։ Այսպէս ուրեմն՝ Տիրոջ ծառան պէտք չէ, որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝ հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը եւ զգաստանալով՝ ազատուեն սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով» (Բ. Տիմ. 2, 20-26):
«Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը» (Բ. Տիմ. 3, 1-5):
«Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածպաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն։ Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից էլ այն կողմ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին» (Բ. Տիմ. 3, 12-13):
«Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ։ Եւ նրանց միտքն ու խղճմտանքը պղծուած են» (Տիտ. 1, 15):
«Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք...» (Եբր. 13, 9):
«Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ սա է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից» (Յակ. 1, 27):
«Չգիտէ՞ք, որ սէրն այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի» (Յակ. 4, 4):
«Հնազանդուեցէ՛ք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցէ՛ք սատանային, ու նա կը փախչի ձեզանից» (Յակ. 4, 7):
«Քանզի Գրքում էլ կայ, թէ՝ «Ահա՛ւասիկ ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ, թանկագին անկիւնաքար. եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»։ Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ «Այն վէմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղաւ անկիւնաքար»։ Ինչպէս նաեւ՝ «Վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան», որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին» (Ա. Պետր. 2, 6-9):
«Ապրեցէ՛ք որպէս ազատներ եւ ազատութիւնն իբրեւ չարիքի պատրուակ մի՛ բռնէք, այլ ապրեցէ՛ք որպէս Աստծու ծառաներ։ Յարգեցէ՛ք բոլորին, սիրեցէ՛ք եղբայրութիւնը, վախեցէ՛ք Աստծուց, պատուեցէ՛ք թագաւորներին։ Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազա՛նդ եղէք տէրերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլեւ դաժաններին» (Ա. Պետր. 2, 17-19):
«Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա. Պետր. 5, 8):
«Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ» (Ա. Յովհ. 1, 5):
«Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից» (Ա. Յովհ. 2, 16):
«Գիտենք, որ ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում։ Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է» (Ա. Յովհ. 5, 18-19):
«Սիրելի՛ս, մի՛ նմանուիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել» (Գ. Յովհ. 1, 11):
«Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա պատուհասները» (Յայտ. 18, 4):
«Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախօսներին, ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրուող լճի մէջ է, որ երկրորդ մահն է» (Յայտ. 21, 8):
«Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատուիրանները։ Նրանք իրաւունք ունեն ուտելու կենաց ծառից եւ մտնելու քաղաքի դռներով։ Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետուեն» (Յայտ. 22, 14-15):
Աղօթք ընդդէմ դեւերի եւ կախարդների կապանքների եւ ընդդէմ աղանդաւորների[1]
«Թագաւո՛ր հզօր, ապաւէ՛ն ծարաւեալների, Փրկի՛չ նեղեալների, որ մեզ համար խոնարհուեցիր հայրական ծոցից եւ մարմին առար սուրբ Կոյս Մարիամից, մեր փրկութեան համար մատնուեցիր, բռնուեցիր, չարչարուեցիր, խաչուեցիր, թաղուեցիր, յարութիւն առար մեռելներից եւ փառքով համբարձուեցիր առ Հայր, արթնացրո՛ւ Քո զօրութիւնը եւ արի՛ ապրեցնելու, Տէ՛ր, Քո արեամբ գնուածներին, թոյլ մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին եւ չարին՝ բնակուել Քո սուրբ անուան տաճարում, եւ Քեզ լքած մարմինն ու անդամը մի՛ թող չարի ոտնահարութեանն ու ծաղրին, այլ գթա՛ արարածներիդ Քո արարչական սիրով։ Տէ՛ր, ողորմի՛ր մեզ, քանզի մշտապէս պարծեցանք Քո Խաչով, եւ պահելով թող պահի մեզ երեւելի ու աներեւոյթ թշնամուց եւ պահապան լինի Աստծու ծառայիս. ամէն»:
[1] Աղօթագիրք, «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, ՎԷՄ. Երեւան, 2000, էջ 197:
Գևորգ սրկ. Գևորգյան
«Հելոուինը՝ զուարճա՞նք, թէ՞ դիւապաշտութիւն» գրքից