Տարեմուտի գիշերը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում

Ամիսների սկիզբն իմաստավորելու հնագույն և գեղեցիկ ավանդույթ ունի Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ավանդույթի համաձայն՝ բոլոր եկեղեցիներում Նոր տարվա մուտքն ազդարարվում է աղոթքով:

«Տարվա առաջին ամսվա առաջին օրից, եթե ցանկանում եք օգուտ քաղել,- ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանը,- ապա տարեվերջում գոհացեք Արարչից, որ Նա ուղեկցեց ձեզ այդ հորձանուտով: Սրտաբեկ խորհեք ձեր կյանքի անցած օրերի շուրջ. արդյո՞ք անպտուղ չեն անցել տարիները, ժամանակը ապարդյուն չի՞ հոսել, ի՞նչ բարիք եք գործել»:

Ամանորի գիշերը Աստծո տանը գտնվելու, Արարչից գոհություն հայտնելու բարի սովորությունը բազմաթիվ անձանց և ընտանիքների էր մեկտեղել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Արարողությունը սկսվեց Գիշերային ժամերգությամբ, ապա կատարվեց «Վասն Հանրապետութեան Հայաստան աշխարհի» մաղթանքը, որով հայցում ենք Աստծո ամենաառատ ողորմությունը, որպեսզի պահի և պահպանի Հայաստան աշխարհը խաղաղության, բարօրության և անսասանության մեջ:

Հանրապետական մաղթանքից հետո Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ամանորյա իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին. «Թույլ տվեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս ուղղել ձեզ և ձեր ընտանիքներին՝ Ամանորի այս հրաշալի տոնի առթիվ, և Աստվածային սերն ու բարեշնորհությունը մաղթել ամենքիս: Միմյանց շնորհավորելիս նոր կյանք, նոր ուրախություն ու հաջողություններ ենք մաղթում, տարին սկսում ենք «նորի» ակնկալիքով: Սբ. Պողոս առաքյալն ասել է. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներ 4:22-24)։ Աստվածորդու երկիր գալով նորացավ նաև ժամանակը և մարդ արարածին էլ հնարավորություն ընձեռնվեց հրաժարվելու իր մեջ ապրող հին մարդուց ու ամեն օր Տիրոջով նորանալու: Արդ, ձգտենք հոգևոր առումով նորանալուն և վստահ լինենք, որ նորի այդ փափագը մշտապես հագեցվելու է Բարեխնամ Հոր կողմից, քանի որ հոգևոր կյանքը՝ Քրիստոս Հիսուսով, իր էությամբ արդեն իսկ նոր է: Միմյանց և այլոց հետ կիսվենք մեր ունեցած նորով, Նրա տված ուրախությամբ ու երանությամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ի խորոց սրտի աղոթում մեր Բարեգութ Հորը, որպեսզի Իր երանելի օրհնությունը պարգևի համայն հայությանը, Իր բազմաթիվ առաքինություններով զարդարի ամենքիս հոգիներն ու մեր սրտերից երբեք չպակասի առ Աստված և առ մերձավոր ունեցած սերը, հույսն ու հավատը»:

Գոհաբանական աղոթքից հետո ներկաները մասնակցեցին նաև նռնօրհնեքի կարգին՝ ստանալով օրհնված նռներ: Արդեն երկրորդ տարին է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տարեմուտին կատարվում է օրհնության այս նոր կարգը՝ նռնօրհնեքը:

Քրիստոնեության մեջ նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է, այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը՝ նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը: Նուռը խորհրդանշում է աստվածային շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով:

 

Կարինե Սուգիկյան

01.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․