Տարին սկսում ենք Քրիստոսի Ծնունդը նշելով, իսկ տաղավար և տոների սկիզբը համարվող այս տոնին պատրաստվում ենք պահեցողությամբ, որ սկսվում է դեկտեմբերի 30-ից և տևում է մինչև հունվարի 5-ը: Քրիստոնեության վաղ շրջանում Սուրբ Ծննդյան տոնին նախորդել է պահքի երկարատև շրջան, որը տևում էր 50 օր: Այդ շրջանը կոչվում էր Հիսնակ և սկսվում էր Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրյա այդ շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Երկու շաբաթապահքերից առաջինն սկսվում է Հիսնակի՝ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ շաբաթապահքերը նախորդում են Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի և Սուրբ Ծննդյան տոներին: Դրանք տևում են մեկ շաբաթ:
Այսինքն՝ տարին ավարտում և սկսում ենք պահքով: Ամանորյա արձակուրդային այս օրերը, ըստ եկեղեցու տոնացույցի, ներհայեցողության օրեր են քրիստոնյա անհատի համար: Իսկ այսօր Ամանորն անխզելի կերպով կապված է մեծախորհուրդ տոնի՝ Սբ. Ծնունդի հետ: Քանի որ այժմ բոլոր քրիստոնյա ազգերը տարեմուտը տոնում են հունվարի 1-ին, և հունվար նշանակում է ծնունդ:
Սբ. Ծննդյան պահեցողությանն այսօր հակասող իրողություն է ամանորյա ճոխ սեղանը: Իսկ այդ հակասությունը, անաստվածության շրջանի հետևանքը լինելով, անգամ մեկդարյա պատմություն չունի՝ ի համեմատություն Սբ. Ծննդյան պահեցողության դարավոր ավանդույթի: Եկեղեցու հայրերի իմաստուն կարգավորությամբ պահքի այս օրերը նախապատրաստում են անձին հաղորդակցվելու և միավորվելու Սբ. Ծննդյան մեծագույն ուրախությանը: Պահքի ամեն մի օրը դա ապաշխարության, հոգու փրկության համար կատարված մի քայլ է, որ առաջնորդում է դեպի Աստված: Ողջ տարվա անցած-գնացած իրադարձությունները գուցե մի պահ առիթ են ստեղծում խորհելու այն կյանքի մասին, որ պարգևել է մեզ Աստված: Պահքը կյանքի այն կարևոր դադարներն են, որ փորձում են աշխարհային հորձանքից մեզ դուրս հանել, հոգևոր խաղաղություն և ազատություն պարգևելով, իմաստավորել մեր այս անցողիկ կյանքը:
Հոգևոր խորհրդածությամբ, աղոթքով և պահքով տարին սկսելու ավանդույթը դա Տիրոջ կողմից ևս մեկ հնարավորություն է վերադառանալու դեպի ինքներս մեզ՝ դեպի Աստվածային պատկերը և նմանությունը:
Այսինքն՝ տարին սկսում ենք հոգևոր ճամփորդությամբ, բայց և յուրաքանչյուրի ազատ կամքն է մասնակցել այդ ճամփորդությանը, թե՝ ոչ:
Կարինե Սուգիկյան