21 Դեկտեմբեր, Շբ
Տասներկու տիեզերական սուրբ վարդապետներն այն սրբակենցաղ աստվածաբան հայրերն են՝ ապրած մինչև 5-րդ դարը ներառյալ, որոնց աստվածաբանական հայացքների վրա է գլխավորապես հիմնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց աշխատություններում տվել են եկեղեցուն հուզող գլխավոր աստվածաբանական հարցերի պատասխանները:
Ռեթեոս և Դիոնիսիոս Արիսպագացի: Ռեթեոսի մասին տեղեկությունները շատ սակավ են: Նա համարվում է Դիոնիսիոս Արիսպագացու ուսուցիչը: Աթենացի է՝ ապրած առաջին դարում: Երբ Պողոս առաքյալը հասնում է Աթենք և այնտեղ քարոզում, Ռեթեոսը, ով Աթենքի գերագույն դատարանի՝ Արիոպագոսի անդամ էր, հավատում է Քրիստոսին: Պողոս առաքյալի կողմից ձեռնադրվում է եպիսկոպոս Աթենք քաղաքի համար: Վախճանվում է նահատակությամբ: «Արիսպագոս» հունարեն նշանակում է «Արեսի բլուրը»: Այս անունը Աթենքի բլուրներից մեկի անունն է, ուր գումարվում էին քաղաքի ազնվապետական դատական ժողովը, որը զբաղվում էր նաև կրոնական հարցերով: «Արիսպագոս» անունը բլուրից անցավ նրա վրա գումարված ժողովին, եթե անգամ ժողովները այդ բլուրի վրա չէր գումարվում:
Սբ. Դիոնիսիոս Արիսպագացին նույնպես Աթենքի գերագույն դատարանի անդամ էր և նա էլ Պողոս առաքյալի քարոզությամբ դարձի է գալիս Ռեթեոսի հետ: Հետագայում Դիոնիսիոսը Պողոս առաքյալի կողմից ձեռնադրվում է Աթենքի եպիսկոպոս: Նրա մասին «Գործք Առաքելոց»-ում կարդում ենք. «Այսպիսով, Պողոսը թողեց նրանց և գնաց: Մի քանի մարդիկ, սակայն, հարեցին նրան և հավատացին: Դրանց թվում էին Դիոնիսիոս Արիսպագացին, Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ» (Գործք Առաքելոց 17:33-34): Բացի «Գործք Առաքելոց»-ում եղած նրա մասին հիշատակությունից, Դիոնիսիոսի մասին ծանոթանում ենք 4-րդ դարի պատմիչ Եվսեբիոսի «Եկեղեցական պատմությունից», ուր հաստատվում է, թե նա եղել է Աթենքի առաջին եպիսկոպոսը՝ ձեռնադրվելով Պողոս առաքյալի կողմից: Պողոս առաքյալի նահատակությունից հետո Սբ. Դիոնիսիոսը քարոզչության է մեկնում Իտալիա, Գերմանիա, Իսպանիա: Նրա վախճանի վերաբերյալ տարբեր ավանդություններ կան: Ըստ մեկի՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքում նրան և նրա երկու ընկերակիցներին՝ մի քահանայի և մի սարկավագի, բանտարկում են և գլխատմամբ մահապատժի ենթարկում: Ֆրանսիացիները Սբ. Դիոնիսիոսին համարում են իրենց երկրի լուսավորիչն ու Փարիզի առաջին եպիսկոպոսը: Սակայն այժմ համարվում է, որ Փարիզում նահատակվածը մեկ այլ Դիոնիսիոս եպիսկոպոս է՝ ապրած 3-րդ դարում: Իսկ, ըստ Հայ եկեղեցում ընդունված ավանդության, Սբ. Դիոնիսիոս Արիսպագացին նահատակվել է Աթենք քաղաքում՝ հրկիզմամբ:
Սեղբեստրոս: Սբ. Սեղբեստրոսը ծնվել է Հռոմում, չորրորդ դարում, քրիստոնյա ընտանիքում: Ստացել է լավ կրթություն, եղել Հռոմի հայրապետը, այդ անունով առաջին պապը: Հռոմի գահին է մնացել շուրջ քսան տարի, 314-335թթ-ին Կոստանդիանոս Մեծի օրոք: Նա եղել է այն բախտավոր քահանայապետը, ով ողջունեց Քրիստոնեական եկեղեցու ազատագրումը հալածանքներից: Սբ. Սեղբեստրոսի պաշտոնավարության շրջանին կառուցվել է Վատիկանի նշանավոր Սբ. Պետրոս տաճարը, ինչպես նաև Լաթերանի Պազիլիքան, որը Հռոմի մայր եկեղեցին էր իր օրով: Նիկիայի տիեզերական ժողովը թեև իր քահանայապետության շրջանում է գումարվել, սակայն նա անձամբ չի մասնակցել, այլ ուղարկել է երկու ներկայացուցիչներ: Նրա անվան հետ կապված մի շարք ավանդություններ կան, որոնք, սակայն, չեն համապատասխանում ճշմարտությանը: Նրա վարքում նշվում է, որ նա է մկրտել Կոստանդիանոս Մեծին: Սակայն, պատմական իրողություն է, որ կայսրը մկրտվել է մահվան անկողնում՝ արիոսական եպիսկոպոս Եվսեբիոս Նիկոմեդացու ձեռքով: Իսկ այդ ժամանակ Սեղբեստրոսն արդեն վախճանված էր: Կա նաև ավանդություն, թե Սբ. Գրիգոր Լուսավորիչն այցելել է Հռոմ և Սեղբեստրոս հայրապետի հետ հատուկ դաշինք կնքել: Սակայն, սա էլ չի համապատասխանում պատմական ճշմարտությանը: Սեղբեստրոսը եղել է հռոմեական եկեղեցու բարեզարդիչներից մեկը: Մահացել է խաղաղությամբ, բավականին առաջացած տարիքում և թաղվել Հռոմում:
Աթանաս Ալեքսանդրացի: Աթանաս Ալեքսանդրացին եղել է Ալեքսանդրիայի եկեղեցու 20-րդ պատրիարքը: Ծնվել է Եգիպտացի քրիստոնյա բարեպաշտ ծնողներից 295թ-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Փոքր տարիքից քրիստոնեական դաստիարակություն է ստացել: Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդրը, մի օր տեսնելով փոքրիկ Աթանասին ծովեզրում կանգնած, որը եպիսկոպոսի նման մկրտություն և ձեռնադրություն կատարել էր ձևացնում, հոգևոր կոչումի նշան է նկատում նրա մեջ: Նրան ընդունում է հայրապետանոցի մեջ, որտեղ կրթվում և զարգանում է շնորհալի փոքրիկը: Բարձրագույն ուսումը Սբ. Աթանասը ստացել է իր քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Ալեքսանդր պատրիարքի կողմից ձեռնադրվել է սարկավագ: Նրա հետ մասնակցել է 325թ-ի Նիկիայի տիեզերական ժողովին՝ պաշտպանելով ուղղափառ հավատքը, որի պաշտպանը եղավ հետագա իր ողջ կյանքի ընթացքում: Պատրիաքի վախճանից հետո, 328թ-ին 33-ամյա Աթանասը դառնում է Ալեքսանդրիայի եկեղեցու քսաներորդ պատրիարքը: Իր պատրիարքության ընթացքում շարունակ հալածվել է այդ ժամանակ բյուզանդական կայսրության հովանավորությունը վայելող արիոսականներից: Բազմիցս իր աթոռից աքսորվել է կայսրի կողմից, նույնիսկ՝ Կոստանդիանոս Մեծի: Իր եպիսկոպոսության 46 տարիներից 20-ը աքսորի մեջ է անցկացրել: Աթանասը պայքարող անձ էր, երբեք տեղի չտվեց կիսարիոսականների ճնշումներին: Սբ. Գրիգոր Նազիանզացին նրան կոչել է «Եկեղեցու սյուն»: Եղել է շրջան, որ ողջ եկեղեցում միայն Սբ. Աթանասն ու մի քանի հոգևորականներ են մնացել հավատարիմ Նիկիական դավանանքին՝ մնալով իրենց ուղղափառության մեջ անդրդվելի: Աթանասը պայքարել է նաև Սբ. Հոգու աստվածությունն ուրացող Կ. Պոլսի պատրիաք Մակեդոն աղանդավորի դեմ: Սբ. Աթանասը գրել է բազմաթիվ աստվածաբանական, ջատագովական և հակաճառական բովանդակություն ունեցող երկեր, ինչպես նաև Սբ. Անտոն Անապատականի վարքը՝ անձամբ ճանաչելով նրան: Տարածել է վանական կյանքի գաղափարը արևմուտքում՝ Հռոմի եկեղեցում, երբ արիոսականների հալածանքների պատճառով գտնվում էր Հռոմում: Նրա գործերի մի կարևոր մասը հայոց ոսկեդարում թարգմանվել է հայերեն: Սբ. Աթանաս հայրապետը վախճանվել է 373թ-ին, մայիսի 2-ին:
Կյուրեղ Երուսաղեմացի: Ապրել է 4-րդ դարում, եղել Երուսաղեմի եկեղեցու պատրիարքը, ծնվել է 315թ-ին Երուսաղեմում: Կրթությունը ստացել է Երուսաղեմի, ապա՝ Պաղեստինյան Կեսարիայի բարձրագույն քրիստոնեական դպրոցներում: 345թ-ին ձեռնադրվել է քահանա Մաքսիմոս եպիսկոպոսի կողմից, իսկ 348-ին՝ եպիսկոպոս՝ ընտրվելով Երուսաղեմի պատրիարք: Արիոսականներին վերհանելու պատճառով գահընկեց է արվում և աքսորվում, ապա երկու տարի հետո վերահաստատվում իր աթոռին: Սակայն արիոսականների ջանքերով դարձյալ երկու անգամ աքսորվում է: Վերջնականապես վերահաստատվում է իր աթոռին 378թ-ին: Նրա օրոք է տեղի ունեցել Սբ. Խաչի հրաշալի երևումը Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ: 381թ-ին Սբ. Կյուրեղ Երուսաղեմացին մասնակցում է Կ. Պոլսի Տիեզերական ժողովին: Վախճանվում է 386թ-ին: Սբ. Կյուրեղը նախքան պատրիարք դառնալը բազմաթիվ հեթանոսներ է քրիստոնյա մկրտել, ուստի երախաների՝ այսինքն մկրտության պատրաստվող անձանց համար գրել է ճառեր, որոնցից կազմված ժողովածուն հայտնի է «Կոչումն ընծայութեան» անունով և 5-րդ դարում թարգմանվել է հայերեն: Հայերեն են թարգմանվել նաև 351թ-ին Խաչի երևման դեպքը պատմող նրա նամակը՝ ուղղված Կոստանդիոս Ա կայսրին, որն ընթերցվում է Խաչի երևման տոնին, նաև մի քանի ճառ և մի աղոթք:
Եփրեմ Ասորի: Սբ. Եփրեմ Ասորին ապրել է 4-րդ դարում, Ասորիքում: Ծնվել է Մծբին քաղաքում, 306թ-ին, քրիստոնյա ծնողներից: Պատանի տարիքում հեռացել է լեռները՝ ապրելու ճգնավորական կյանքով և շուրջ 14 տարի աշակերտել է Սբ. Հակոբ Մծբնացի հայրապետին, մինչև վերջինիս վախճանը և նրա հետ մասնակցել Նիկիայի տիեզերական ժողովին: Երբ 363թ-ին Մծբինը գրավվում է պարսիկների կողմից Եփրեմը փոխադրվում է Եդեսիայի մոտակա մի վանք, ուր մնում է մինչև իր կյանքի վերջը և այնտեղ ստեղծում իր մատենագիտական վաստակի մեծ մասը: Նա սարկավագ է ձեռնադրվել Սբ. Բարսեղ Կեսարացու կողմից, երբ այցելել է վերջինիս և հրաժարվել է քահանայական ձեռնադրությունից իր մեծ խոնարհության պատճառով: Գրավոր ու բանավոր կերպով քարոզել է և շատերին դարձի բերել ի Քրիստոս: Մեծ մատենագիր և սրբակենցաղ սուրբը շատ գրական գործեր է թողել՝ մեկնություններ, ճառեր, քարոզներ, ներբողականներ, աղոթքներ, հոգևոր երգեր: Իրեն է վերագրվում ավելի քան հազար ճառեր ու ներբողներ: Հատկապես փայլել է շարականագրության մեջ: Գրել է ընդդեմ Մարկիոնի, Բարթածանի, Մանիի, Անոմեանների և այլ բազմաթիվ հերետիկոսների և աղանդների: Անգամ նրա կենդանության օրոք նրա շատ գործեր թարգմանվել են այլ լեզուներով և ընթերցվել եկեղեցիներում: Եփրեմ Ասորու գործերի մի զգալի մաս պահպանվել է հայերեն թարգմանություններով, շուրջ 100 կտոր: Սբ. Եփրեմ Ասորին հոգին Տիրոջ ձեռքն է ավանդել 373թ-ին՝ կյանքի վերջին տարիներն անցկացնելով առանձնության մեջ՝ քարայրում:
Բարսեղ Կեսարացի և Գրիգոր Նյուսացի: Սբ. Բարսեղ Կեսարացին և Սբ.Գրիգոր Նյուսացին հարազատ եղբայրներ են, երկուսն այսպես կոչված Կապադովկյան երեք հայրերից: Նրանք ծնվել են Կապադովկիայի Կեսարիա քաղաքում 4-րդ դարում: Սբ. Բարսեղը ծնվել է 330թ-ին, իսկ Գրիգոր Նյուսացին՝ 335-ին: Նրանք իրենց ուսումը ստանում են նախ ծննդավայրում՝ Կեսարիայում, հետո՝ Կ. Պոլսում, այնուհետև կատարալեգործվում են Աթենքում, ուր նրանց ուսումնակիցն է լինում նաև Սբ. Գրիգոր Նազիանզացին: Բարձրագույն ուսումն ավարտելուց հետո Սբ. Բարսեղն ու նրա եղբայր Գրիգորը վերադառնում են հայրենիք: Բարսեղը նվիրվում է վանական կյանքին՝ այցելելով վանքեր տարբեր երկրներում՝ Եգիպտոսում, Ասորիքում, ի վերջո հաստատվում Նիո-Կեսարիայում, իսկ Գրիգոր Նյուսացին ամուսնանում է: Սբ. Բարսեղը 362թ-ին Անտիոքի Մելիտոս հայրապետի ձեռքով ձեռնադրվում է սարկավագ, իսկ երկու տարի հետո Կեսարիայի արքեպիսկոպոս Եվսեբիոսի կողմից՝ կուսակրոն քահանա: Նա իր ուսումնակից Գրիգոր Նազիանզացու հետ նվիրվում է քարոզչական գործունեության Պոնտոսում և Կապադովկիայում: Երբ 370թ-ին Կեսարիայի արքեպիսկոպոս Եվսեբիոսը վախճանվում է, այդ աթոռին նրան հաջորդում է Բարսեղը: Պերճախոս քարոզիչ, հմուտ և խստակենցաղ հոգևորական էր Սբ. Բարսեղը: Մեկ կամ երկու տարի անց նա իր եղբայր Գրիգորին նույնպես եպիսկոպոս է ձեռնադրում այն նույն քաղաքի Նյուսիայի համար, որտեղ Գրիգորը քահանայագործում էր: Սբ. Գրիգոր Նյուսացին մինչ այդ արդեն հրաժարվել էր ամուսնական կյանքից, ըստ մի տեսակետի՝ կնոջ հետ փոխհամաձայնությամբ, ըստ մի ուրիշի՝ կնոջ վաղաժամ մահից հետ և քահանա էր ձեռնադրվել Կապադովկիայի Նյուսիա քաղաքի համար՝ձեռնադրությունից հետո առաջին հինգ տարին անցկացնելով խստակրոն կյանքով իր եղբոր հաստատած վանքերից մեկում: Սբ. Բարսեղ Կեսարացին Կեսարիայի հայրապետական աթոռին ընդամենը իննը տարի է պաշտոնավարում, քանի որ 379թ-ին վախճանվում է 49 տարեկան հասակում: Սակայն այդ ընթացքում այնքան մեծ ու կարևոր գործեր է կատարում, որ ձեռք է բերում «Մեծն» պատվանունը: Բարսեղ Մեծը կազմակերպում է արևելյան վանական կյանքը՝ գրելով վանական կյանքին վերաբերող գործեր և կանոնադրություն: Հիմնում է բազմաթիվ բարեգործական հաստատություններ՝ աղքատանոցներ, հիվանդանոցներ, դպրոցներ ու որբանոցներ: Սբ. Բարսեղի կարևոր գրական գործերից են Սբ. Պատարագի մի տարբերակ, բազմաթիվ ճառեր, աղոթքներ, սաղմոսների, Եսայու գրքի և «Վեցօրէքի» մեկնությունները: «Վեցօրէքը» ստեղծագործության վեց օրերի մասին բացատրական ինը ճառեր են, որը նա չի հասցնում ավարտել և այն ավարտին է հասցվում նրա եղբայր Գրիգոր Նյուսացու կողմից: Սբ. Բարսեղից մեզ հասել են նաև հարյուրավոր նամակներ, աղոթքներ, որոնցից ոմանք մինչև օրս մեծ տոներին կարդացվում են մեր եկեղեցիներում: Նրա գործերի մի զգալի մաս 5-րդ դարում թարգմանվել է նաև հայերեն: Ինչ վերաբերվում է Սբ. Գրիգոր Նյուսացուն, ապա նա երկար չի մնում Նյուսիայի եպիսկոպոսական աթոռին: Շուտով արիոսականների կողմից աքսորվում է, սակայն, 378թ-ին վախճանվում է արիոսական Վաղես կայսրը, և Գրիգորը վերադառնում է իր աթոռ: 381թ-ին մասնակցում է Կ. Պոլսի Տիեզերական ժողովին, վախճանվում է 395թ-ին: Սբ. Գրիգոր Նյուսացին նույնպես մեծ մատենագիր է, գրել է բազմաթիվ աստվածաբանական, մեկնողական, հակաճառական բազմաթիվ գործեր և սուրբգրային մեկնություններ: Ունի նաև կրոնա-բարոյական և ճգնողական կյանքի վերաբերյալ ճառեր: Դրանց մի մասը նույնպես միջնադարում թարգմանվել է հայերեն:
Գրիգոր Աստվածաբան Նազիանզացի: Սբ. Գրիգոր Նազիանզացին ապրել է 4-րդ դարում և Բարսեղ Կեսարացու ու Գրիգոր Նյուսացու հետ կազմում է այսպես կոչված Կապադովկյան հայրերի եռյակը: Ծնվել է 328թ-ին Կապադովկիայի Նազիանզա գյուղաքաղաքի Արիանզա գյուղում և որդին է Նազիանզայի Գրիգոր եպիսկոպոսի: Կրթվել է Կեսարիա քաղաքում, ապա՝ Աթենքում, ուր հինգ տարի աշակերտակիցն է եղել Սբ. Բարսեղ Կեսարացու: Այստեղ ուսանել է անտիկ փիլիսոփայություն և հռետորական արվեստ: Վերադառնալով Նազիանզա՝ մկրտվում է հոր կողմից և սկսում ապրել սրբակենցաղ կյանքով: 360թ-ին մեկնում է Պոնտոս և նվիրվում ճգնավորական կյանքին: Սակայն, շուտով հակառակ իր կամքին ստիպված է լինում վերադառնալու, օգնելու իր ծեր հորը: 361թ-ին հոր կողմից ձեռնադրվում է կուսակրոն քահանա, իսկ 372թ-ին Սբ. Բարսեղ Կեսարացու կողմից՝ եպիսկոպոս, Սասիմա քաղաքի համար, ուր փաստորեն այդպես էլ չի հասցնում պաշտոնավարել: Հոր մահից հետո 374թ-ին դարձյալ հեռանում է ճգնողական կյանքով ապրելու, այս անգամ՝ Կիլիկիա: 379թ-ին կանչվում է Կ. Պոլիս, ուր իր քարոզներով մեծ պայքար է մղում ընդդեմ այդ ժամանակ տարածված արիոսական հերետիկոսության: 381թ-ին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և Անտիոքի պատրիարք՝ Մելիտոսի անսպասելի մահից հետո նախագահում երկրորդ Կ. Պոլսի տիեզերական ժողովին: Ի վերջո հրաժարվում է պատրիարքի իր պաշտոնից և հեռանում իր քաղաքը Նազիանզա: Այստեղ նվիրվելով աղոթական կյանքի և գրական գործունեության՝ խաղաղությամբ հասնում է իր երկրային կյանքի վախճանին: Նա իր հայրական հարստությունը կտակում է Նազիանզայի եկեղեցուն՝ աղքատների խնամակալության համար: Սբ. Գրիգոր Նազիանզացին շատ հարուստ և աստվածաբանական մեծ կարևորություն ունեցող գրական վաստակ է թողել, ինչ պատճառով էլ ստացել է Աստվածաբան անունը: Հեղինակ է քարոզների և հոգևոր բանաստեղծությունների ու դամբանական ճառերի: Նրա գործերից որոշներ թարգմանվել են հայերենով:
Եպիփան Կիպրացի: Ծնվել է 315թ-ին Պաղեստինի Ելեվթերոպոլիս քաղաքի շրջակա գյուղերից մեկում, հավանաբար հրեա, բայց քրիստոնյա ծնողներից: 335թ-ին Ելեվթերոպոլսի մոտ մտնում է վանք, ապա ձեռնադրվում կուսակրոն քահանա: Նրա հռչակն այնքան է տարածվում ամենուր, որ 367թ-ին ընտրվում է Կիպրոսի Սալամինա քաղաքի, հետագայում՝ Կոստանցիա քաղաքի եպիսկոպոս: Ամբողջ կյանքում շարունակ պայքարել է աղանդների ու հերետիկոսությունների դեմ, գրել կրոնական երկեր, որոցից հայտնի է «Գիրք հերձվածոց»-ը, ուր ներկայացնում է մինչև իր օրերը եղած բոլոր հերետիկոսությունները: Պայքարել է հատկապես արիոսականների և որոգինեսականների դեմ: Սբ. Եպիփան Կիպրացին հայտնի է եղել իր հրաշագործություններով ու մարգարեություններով: Վախճանվել է 96 տարեկան հասակում:
Հովհան Ոսկեբերան: Հովհան Ոսկեբերանն ամենանշանավոր և շնորհաշատ հայրապետներից մեկն է: «Ոսկեբերան» մականունը նրան տրվել է անգերազանցելի, պերճաբան քարոզիչ լինելու, «ոսկի բերան» ունենալու պատճառով: Ծնվել է 347թ-ին Ասորիքի Անտիոք քաղաքում: Ուսանել է Անտիոքի լավագույն ուսումնական հաստատություններում: Երիտասարդ տարիքում ծանոթանում է Անտիոքի սրբակենցաղ Մելիտոս եպիսկոպոսի հետ: Նրանից ստանում քրիստոնեական կրոնի իր դասերը և 20 կամ 23 տարեկանում նրա ձեռքով մկրտվում: Շուտով միանում է Անտիոքին մերձակա մի վանական միաբանության: Հավանաբար նրա սկզբնական գործերը գրվել են հենց այդ տարիներին, քանի որ վերաբերում են միանձնական կյանքին: Չորս տարի հետո նա բոլորովին տրվում է ճգնավորական կյանքին Անտիոքին մերձակա մի քարայրում: Սակայն առողջության վատթարացման պատճառով ստիպված է լինում վերադառնալ քաղաք: Սբ. Մելիտոսը նրան ձեռնադրում է սարկավագ, ապա մեկնում Կ. Պոլիս նախագահելու երկրորդ տիեզերաժողովին և այնտեղ վախճանվում: Անտիոքի նրան հաջորդած եպիսկոպոսը՝ Փլաբիանոսը, Հովհանին ձեռնադրում է կուսակրոն քահանա և հանձնարարում քարոզել Աստծո խոսքը: Այդ ժամանակվանից ի վեր շուրջ տասներկու տարի Սբ. Հովհանը շարունակ քարոզում ու բացատրում է Տիրոջ խոսքը՝ Աստվածաշունչը և նրա այդ քարոզներից կազմվում են Հին և Նոր Կտակարանների մի շարք գրքերի մեկնություններ: Նա նաև մեծ խնամք է տանում հազարավոր աղքատների, թշվառների ու բանտարկյալների մասին: Նրա հռչակը՝ իբրև մեծ քարոզչի և սրբակենցաղ անձնավորության, տարածվում է ամբողջ կայսրությունում: Ուստի, երբ 397թ-ին Կ. Պոլսի պատրիարք Նեկտարիոսը վախճանվում է, Հովհանին ընտրում են կայսրության մայրաքաղաքի՝ Կ. Պոլսի պատրիարք: Այս նոր պաշտոնում նա մեծ եռանդով կատարում է բազմաթիվ բարի գործեր: Սակայն շուտով նրա դեմ լարվում են Եվդոքսիա թագուհին և որոշ կղերականներ: Քանի որ Հովհանը, ով զերծ էր մարդահաճությունից, անբարո գործերի համար կշտամբում էր նաև նրանց: 403թ-ին գումարվում է եկեղեցական ժողով, որը 29 մեղադրանքով դատապարտում է Հովհանին: Արկադիոս կայսրը նրան աքսորում է երկրից: Աքսորի օրն իսկ Կ.Պոլսում երկրաշարժ է տեղի ունենում, մեծ հրդեհ է բռնկվում և վախեցած կայսրուհին արդեն դեպի աքսորավայր ճանապարհ ընկած Հովհանին նամակով խնդրում է վերադառնալ մայրաքաղաք: Սակայն շուտով դարձյալ աքսորում են նրան Անտիոք, ապա՝ Փոքր Հայքի Կոկիսոն քաղաքը: Շատ չանցած վախճանվում է Եվդոքսիա թագուհին: Աքսորավայրում սուրբ հայրապետը չէր դադարում նամակներով քարոզել ու հովվել կայսրության տարբեր վայրերում գտնվող բազմաթիվ մարդկանց: 407թ-ին Ոսկեբերանին դարձյալ աքսորում են, այժմ էլ՝ Պոնտոս: Վատառողջ հայրապետը, աքսորի ճանապարհը ոտքով անցնելով, վերջին աքսորավայր հասնել չի կարողանում: Դեպի Պոնտոս ճանապարհին՝ Կոմանա քաղաքում, ավանդում է հոգին Տիրոջ ձեռքը, ասելով՝ «Փառք Աստծուն ամեն ինչի համար»: Սբ. Հովհան Ոսկեբերանից մեզ հասել են բազմաթիվ կրոնական գործեր, սուրբգրային մեկնություններ, ճառեր, աղոթքներ, Պատարագ և նամակներ:
Կյուրեղ Ալեքսանդրացի: Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին եղել է Ալեքսանդրիայի քսանչորսերորդ պատրիարքը՝ 412թ-ին հաջորդելով իր հորեղբայր Թեոփիլոս պատրիարքին: Սբ. Կյուրեղի անձն ու աստվածաբանությունը կարևորվում են Հայ եկեղեցու համար հատկապես նրանով, որ նրա «Մեկն է Աստծո մարդացած Բանի բնությունը» խոսքը դարձել է Հայ Առաքելական ուղղափառ եկեղեցու դավանաբանական առանցքն ու գլխավոր բանաձևը: Կյուրեղ հայրապետը նշանավոր եկեղեցական գործիչներից մեկն է: Եգիպտացի ազնվական և բարեպաշտ ընտանիքից էր, ծնվել է 380թ-ին Ալեքսանդրիայում: Երիտասարդ տարիքում որոշ ժամանակ ապրել է Սբ. Մակարի վանքում, որտեղից վերադառնալով Ալեքսանդրիա, ձեռնադրվել է քահանա, ապա՝ եպիսկոպոս: Թեոփիլոս պատրիարքի ազգականն էր, որի կողմից էլ ձեռնադրվեց հոգևորական, իսկ 412թ-ին հաջորդեց նրան իբրև պատրիարք Ալեքսանդրիայի: Ուղղափառ հավատքի կորովի պաշտպան էր. ինքն էր, որ նախագահեց Եփեսոսի տիեզերական ժողովը (431թ.), ջախջախեց Նեստորի հերետիկոսությունը, որն ասում էր, թե Սբ. Կույսը Աստվածածին չէ, այլ Քրիստոսածին, և «միավորյալ մի բնություն» բանաձևով, որ հիմն է Հայաստանյայց Եկեղեցու դավանության, վերջնականորեն հաստատեց քրիստոսաբանությունը: Կյուրեղ հայրապետն Աղեքսանդրյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն էր: Նա շեշտը դնում էր Հիսուսի աստվածության վրա, առանց մերժելու կամ նվազեցնելու Նրա մարդկության կարևորությունը: Հիմնվելով Աթանասի և Կապադովկյան Հայրերի տեսության վրա`համադրեց Սուրբ Երրորդության, Քրիստոսի մարդեղության և բնության վարդապետությունները: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», եղավ Հայաստանյայց Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը, որով շեշտվում է Քրիստոսի մարդկային և աստվածային բնութան միությունը`ընդդեմ Նեստորի երկու բնությունների անջատման վարդապետության: Արևելքում նա ճանաչվել է իբրև «կնիք եկեղեցական հայրերի»: Հեղինակ է մեկնաբանական և աստվածաբանական բազմաթիվ գրքերի, որոնցից շատերը 8-րդ դարում են մեծ մասամբ թարգմանվել հայերենի Ստեփանոս Սյունեցու կողմից: Մեկնել է Հովհաննու Ավետարանը տասներկու գրքով: Վախճանվել է 444թ-ին:
Կազմեց Գայանե Սուգիկյանը