26 Դեկտեմբեր, Եշ
«Տեառնընդառաջ» տեսարանի հնագույն պատկերը հռոմեական խճանկար է (432-440 թթ.): Հայկական մանրանկարչության մեջ պատկերը պահպանվել է 11-րդ դարի մատյաններում՝ «Վեհափառի Ավետարան», «Մողնու Ավետարան» և այլն: «Տեառնընդառաջ»-ի պատկերագրական կոմպոզիցիոն կառուցվածքը պայմանավորված է Ղուկասի ավետարանի այն հատվածով, որում պատմվում է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելու մասին: Պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. գործողությունը տեղի է ունենում Երուսաղեմի տաճարում: Պատկերի ձախ մասում մանկանը գրկած Մարիամն է, նրա թիկունքում՝ ձեռքին երկու տատրակ պահած Հովսեփը, աջ մասում՝ Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին են: Կենտրոնում Երուսաղեմի տաճարի խորանն է, որի վարագույրը բաց է, կիսաբաց կամ փակ: Քանի որ եռամաս խորանի կենտրոնական մասն այստեղ խորհրդանշում է նաև քրիստոնեական եկեղեցի, այդ պատճառով հայկական որոշ մանրանկարներում խորանի վերնամասում խաչ է պատկերվում: Խորանի մեջ (սրբության սրբոց) հաճախ պատկերվում են ոսկե սափորն ու Աստծո Տապանակը՝ որպես Հին և Նոր Ուխտերի միասնություն:
Արևելյան վաղ օրինակներում Հովսեփն ու Աննան ներկայացվում են միասին, Սիմեոն ծերունու ետևում, իսկ ավելի ուշ՝ Մարիամը, Հովսեփը և Աննան պատկերի մի կողմում են, Մանկանը գիրկն առած Սիմեոնը՝ հակառակ կողմում: Երբեմն էլ Մարիամն ու Աննան մի կողմում են, մյուսում՝ Սիմեոնն ու Հովսեփը, իսկ որոշ դեպքերում Հովսեփն ու Աննան բացակայում են:
Մանուկ Հիսուսը պատկերվում է Մարիամի կամ Սիմեոնի գրկում, որպես մանուկ (խանձարուրի մեջ) կամ երեխա, իսկ երբեմն՝ հասուն մարդու դեմքով: Երբեմն էլ շատ պատկերներ ներկայացնում են Հիսուսին ձեռքից ձեռք փոխանցելիս: Որոշ օրինակներում Հիսուս իր ոտքով գնում է դեպի Սիմեոն ծերունին, որը պարականոն գրվածքից է վերցված: Պարականոն այդ պատմություններում ասվում է, որ նորածին Հիսուս ինքնուրույն քայլում էր և ձեռքերը պարզած Մանկան ստվերը հատակին արտապատկերվում էր խաչի տեսքով, որին նայելով Տիրամայրը լուռ արտասվում էր:
Ուշ շրջանի արվեստում Մարիամը Հիսուսին դնում է խորանի զոհասեղանին: 14-15-րդ դարերի իտալական կերպարվեստում կան պատկերներ, ուր ներկայացվում է Սիմեոնի և Աննայի հանդիպումը, տատրակների զոհաբերումը և այլ փոփոխված մանրամասներ:
Մարիամն ու Հովսեփը ներկայացվում են ավանդական պատկերագրությամբ, Սիմեոնը՝ սպիտակամորուս ծերունու տեսքով. մի ձեռքով Հիսուսին գրկած, իսկ մյուսով՝ մի գալարափաթեթ պահած: Եթե մանուկը գրկին չէ, պատկերվում է աջ ձեռքը վեր պարզած: Քանի որ Ավետարանում ասվում է, թե Սիմեոն ծերունին իր գիրկն առնելով քառասնօրյա Հիսուսին, օրհնեց Աստծուն, այս խոսքերից ենթադրում են, թե նա Զաքարիայի նման հոգևորական է եղել և տաճարի սպասավոր: Դրա համար է, որ որոշ մանրանկարներում, նա պատկերված է քահանայի հանդերձով: Հաճախ Սիմեոնի փոխարեն ձեռքի նման գալարափաթեթ պահած ներկայացվում է Աննա մարգարեուհին, երբեմն էլ մարգարեուհին իր ձեռքին ունենում է բուրվառ կամ մոմ: Գալարափաթեթը Հին Կտակարանի գրքերն է խորհրդանշում, որոնցում մարգարեները կանխագուշակել էին Փրկչի ծնունդը Սուրբ Կույսից, թե. «Ահա Կույսը պիտի հղիանա և Որդի ծնի» (Եսայի 7:14): Մանկանը գրկելուց ծերունու ապրած ցնծությունը մանրանկարիչները վարպետորեն պատկերում են մարմնի դիրքով: Ինչպես Ղուկաս ավետարանիչն է գրում, Սիմեոնը, փառք տալով Աստծուն, ասում է. «Այժմ, ով Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային, ըստ Քո խոսքի, որովհետև աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ»:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ Սիմեոնը (անունը թարգմանվում է ունկնդրություն) խորհրդանշում է հրեական օրենքը, իսկ Աննան՝ Հին Ուխտի մարգարեներին, որոնք լռեցին Քրիստոսի գալստյամբ: Սիմեոնի երկու ձեռքով մանկանը գրկելը խորհրդանշում է Հիսուսի միավորյալ մեկ բնությունը: Միաժամանակ Սիմեոնի ու Աննայի կերպարները զուգադրվում են Ադամի և Եվայի հետ և ի դեմս նրանց՝ մեղքերի թողություն էին հայցում Հիսուս Փրկչից:
Ղևտացվոց գրքում ասվում է, որ քառասնօրյա Մանկանը տաճար բերելիս մայրը մեկ տարեկան գառ թող ողջակեզ անի, մի զույգ աղավնի կամ տատրակ թող բերի մեղքերի քավության համար վկայության խորանի դուռ՝ քահանայի մոտ: Միջնադարյան քրիստոնեաբանական խորհրդաբանությունում ասվում է. «Ինչպես Տերը մսուրում ծնվեց և ոչ պալատում, այնպես էլ նրա ընծայման ժամանակ գառան փոխարեն ծնողներն աղավնի ու տատրակ բերեցին, որովհետև ունևոր չէին»: Տատրակների կամ աղավնու ձագերի զոհաբերությունը Ս. Գրիգոր Տաթևացին մեկնաբանում է հետևյալ կերպ. «…յորժամ մորթեն զձագս նորա (աղավնու) և նա տեսանէ զարիւն ձագին, այլ ոչ հեռանայ տեղւոյն: Նոյնպես Քրիստոս հանապազօր տեսանէ զարիւն իւր հեղեալ ի վերայ խաչին վասն քրիստոնեից, այլ ոչ հեռանայ ի նոցանէ: Եւ Հայր Աստուած տեսանէ զարիւն միածնի Որդւոյ իւրոյ ի պատարագն սուրբ և հաշտի ընդ Եկեղեցի սուրբ և խնամէ և պահէ զնա…»: Հաճախ որոշ նկարներում տատրակները պատել են Երուսաղեմի տաճարը կամ նրա խորանը խորհրդանշող կառույցը: Որոշ մանրանկարների մակագրությունում ասվում է, որ կաքավը, տատրակը խորհրդանշում է տասներկու առաքյալներին և փաստորեն նման նկարներում Հիսուս ներկայացվում է առաքյալներով շրջապատված: Առաքյալները Հիսուսի պատվերով գնացին և ողջ աշխարհով քարոզեցին Քրիստոսի Ավետարանը:
Տեառնընդառաջի տեսարանում Մոմիկը փոքր-ինչ հեռացել է Ավետարանի բովանդակությունից և ինքնուրույն մշակման է ենթարկել: Նա արել է «Շարականից» բերված հետևյալ տողերի նկարազարդումը. «Խայտայր ալեօքըն ծերունին ածորդւովն ի գիրկս իւր»: Սիմեոնը, որ «էր այրն արդար եւ երկիւղած», երկու ձեռքով Հիսուս Մանկանը պահած, դանդաղ շեմն է դուրս գալիս՝ իրեն սպասող Մարիամին և Հովսեփին ընդառաջ: Մարիամը՝ կանգնած տաճարի լայն աստիճանի վրա, խոնարհված Սիմեոնի առաջ, շտապում է ընդունել աստվածային մանկանը պարզած ձեռքերի մեջ, որոնց վրա ծածկոց կա: Սիմեոնի փոքր-ինչ խոշոր գլխի խոնարհումը, նրա շարժումները հուզում են մատնում: Մարիամի շարժումները մեղմ են: Պակաս հաջողված է Հովսեփի ֆիգուրը, որ մի զույգ աղավնի է բերել: Այս ամենը պատկերված է տաճարի ֆոնի վրա, որի մի մասը՝ զույգ գմբեթներով, Մարիամի և Հովսեփի ֆիգուրների ետևում, խորանում է ետին պլան, շնորհիվ այն բանի, որ մոնումենտալ ճակատային մասը, ավագ դռնով, խիստ առաջ է բերված: Ավագ դռան վարագույրը մի կողմ է քաշված, և խավար ֆոնը ընդգծում է տաճարի խորությունը, ուժեղացնում ծավալայնության տպավորությունը: Այս ամենի շնորհիվ պարզորոշ արտահայտված է տաճարի շեմին կանգնած ճերմակահեր ծերունու ֆիգուրի շարժումը:
Թորոս Տարոնացու Տեառնընդառաջի մանրանկարում պատկերված են բոլոր հիմնական գործող անձինք, ներառյալ նաև մարգարեուհի Աննան: Նկարիչը պատկերել է ոչ թե ավետարանական տեքստում նկարագրված արարողության սկիզբը, այլ ավարտի այն պահը, երբ Մանկանը մորն են հանձնում, ինչպես Մոմիկի «Ստեփանոս Օրբելյանի Ավետարանի» մանրանկարում է պատկերված: Սակայն բուն կոմպոզիցիայում այդ մանրանկարները հեռանում են իրարից: Եթե Մոմիկի աշխատանքում գործողությունը կատարվում է տաճարի շեմքին, ապա Թորոս Տարոնացու մանրանկարում այն ծավալվում է հենց տաճարում: Առաջին դեպքում Հիսուսը խանձարուրի մեջ է, երկրորդում պատանյակ է՝ մանկան զգեստով: Թորոս Տարոնացու մանրանկարում Հիսուս պատանյակը պատկերված է Սիմեոն ծերունու ձեռքում, նստած դիրքով. մի ձեռքը (աջը) նա պարզել է մորը, մյուսով բռնել ծերունուն, գրկել նրա պարանոցը: Կոմպոզիցիոն կենտրոնն են «բարեպաշտ» Սիմեոն ծերունին և Հիսուսը, որին նա գգվել է քնքշորեն:
Ինչպես որ Տեառնընդառաջի տոնին խարույկ է վառվում, այնպես էլ մանրանկարներում, պատկերվում են վառվող մոմեր: Տեառնընդառաջը պատկերող այդպիսի մի փորագրանկարի ենք հանդիպում Ոսկանյան Աստվածաշնչում, որտեղ Սիմեոն ծերունին պատկերված է ալեհեր, երկար մորուսով, աթոռին բազմած՝ Մանուկ Հիսուսը գրկին: Վերջինիս կողքին երկու վառվող մոմեր են դրված: Իսկ 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի սկզբի Վասպուրականի մանրանկարչության առավել ակնառու դեմքերից Վարդան Արծկեցին «Տեառնընդառաջ» նկարում Սիմեոն ծերունու ձեռքում գտնվող Հիսուսի ոտքերի տակ պատկերել է այրվող խարույկ, որի մասին ավետարանական բնագրում որևէ խոսք չկա: Գրկելով տաճար բերած քառասունօրյա Մանկանը՝ Սիմեոն ծերունին ասում է. «Որովհետև աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի քո ժողովրդի համար» (Ղուկաս 2:30-32): Լույսի իմաստը նույնացվում և ընդհանրացվում է կրակի հետ: Ե՛վ Աստվածամայրը, և՛ Հիսուսը տարբեր առումներով համեմատվել են կրակի և լույսի հետ: Եկեղեցական մեկնողական գրականության մեջ կարդում ենք, որ հուրը խորհրդանշում է Փրկչի աստվածությունը, մոմը՝ անապական մարմինը և պատրույգը՝ բանական հոգին, որի քարոզությամբ լուսավորվեցին Նրան հետևողները: Տաթևացին բացատրելով, թե ինչու է կրակի հրավառություն տեղի ունենում այս տոնին և ինչու է այն Տրընդեզ անվանվում, ասում է. «Երբ Տերն ընծայման բերվեց, տաճարի դուռն ինքն իրեն բացվեց, ահագին ճայթյունով դղրդաց ողջ քաղաքը և բոլորը վառված ջահերով եկան տաճար Տիրոջն ընդառաջ և ասացին. «Տէր է անձն այս դուռն», Տերն անցավ այս դռնով, որի համար այս տոնն անվանվեց Տեառնընդառաջ կամ Տեր ընդ այս, որը աղճատվելով ու կրճատվելով, դարձել է Տերընդեզ»:
Կազմեց Գայանե Սուգիկյանը