13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Անսահման երախտագիտությամբ փառաբանում եմ Երկնավոր Հորը և անսքող ուրախությամբ շնորհավորում ձեզ «տոների մոր»՝ Սուրբ Ծննդյան պայծառաշող տոնի առթիվ:
Այսօր հայ եկեղեցիները վերածվել են հոգևոր Բեթղեհեմի, որոնց սուրբ կամարների ներքո տեղի է ունենում տիեզերքի մեծագույն հրաշքը: Բեթղեհեմյան հովիվների և արևելքից եկած մոգերի հոգևոր ներկայությանն ենք միանում նաև մենք և նրանց հետ միասին շտապում մեր ակնածալից երկրպագությունը բերելու Մանուկ Քրիստոսին:
Այսօր Երկնային Հոր ծոցից Նրա անեզր Սերը ծնվեց մսուրում, որպեսզի զոհաբերի Իրեն հանուն քո՛ փրկության, սիրելի՛ հավատացյալ: Այսօր բեթղեհեմյան քարայրում ծագեց Արդար Արեգակը, որպեսզի կյանքիդ ընթացքն ազատվի կորստաբեր խավարից և երկրային օրերդ Նրա կենսատու ջերմությամբ լցվեն, սիրասո՛ւն բարեկամ: Այսօր Սուրբ Կույսից անարատ ծնունդ առավ Անսկիզբն ու Անվերջը, որպեսզի սկիզբը դնի քո՛ հոգևոր վերածնունդի և վերջը՝ մահաբեր կորստյան: Արդ, թող հոգիդ ցնծա երկնային անանց ուրախությամբ, և սիրտդ խայտա աստվածային սիրո առատությունից, բարեպա՛շտ քրիստոնյա: Աշխարհի խավարում լույս տվող սուրբ և առաքինի կյանքդ թող որպես ոսկի ընծայվի Անհաղթ Արքային՝ փառաբանելով Նրա ամենակարող զորությունը: Մերձավորիդ հանդեպ տածած սերդ, ողորմածությունդ, ուշադրությունդ ու հոգատարությունդ թող կնդրուկի քաղցրանուշ բույրով պարուրեն Անսպառ Մարդասերի սուրբ մսուրը: Իսկ աշխարհի գայթակղություններին դիմակայելու, չարի առաջարկած մեղքերից հրաժարվելու և որպես հին մարդ մեռնելու վճռականությունդ թող որպես զմուռս նվիրաբերվեն մեր Մարմնացյալ Փրկչին:
Մաղթում եմ, որպեսզի Աստվածորդու Սուրբ Ծննդյան տոնի խորհուրդը սրբազան երկյուղածությամբ լցնի ձեր հոգիները, և Մանուկ Քրիստոս ծնունդ առնի յուրաքանչյուրիդ սրտում՝ սրբագործելով և վերակենդանացնելով այն: Թող Մարդացյալ Աստծո ծննդյան օրը խաղաղության ծածկոցով սփռվի համայն աշխարհի վրա և մեղմացնի նույնիսկ ամենակարծրացած սրտերը: Թող բեթղեհեմյան ավետաբեր աստղը որպես անմար կանթեղ վառվի բոլորի հոգիներում և հիշեցնի, որ Ամենազոր Աստված սիրում է մեզ և մարդացել է մեզնից յուրաքանչյուրի փրկության համար: Ուստի, մենք էլ որդիական սիրով և երախտագիտությամբ միանանք երկնային զորքերի բազմությանը և օրհնություն երգենք Տիրոջը՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:14), քանզի.
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան