Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան տոնի պատգամը

Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս,

Եկեղեցիների քաղցրալուր զանգերն, այսօր նմանվելով բեթղեհեմյան հովիվներին երևացած հրեշտակներին, ավետում են ամենաբարի, ամենահուսադրող լուրն աշխարհին` ծնվեց Քրիստոս` մեր Փրկիչը, օվսա՜ննա ի բարձունս։

Եկե՛ք, սիրելի՛ մարդիկ, եկե՛ք, միացե՛ք երկնքի ու երկրի խնդությանը։ Կանգնե՛ք հովիվների կողքին, որ իրենց պարզ ու մաքուր սրտի համար արժանացան աստվածային Մանկան տեսությանը։ Կանգնե՛ք մոգերի կողքին, որ իրենց իմաստության ու խոնարհության համար արժանացան բեթղեհեմյան աստղի կողմից առաջնորդվելու դեպի արքայական Մանուկը։

Ուրախացե՛ք ու փառաբանությո՛ւն մատուցեք Աստծուն այսօր բոլորդ, քանի որ Նա հավատարիմ եղավ Իր խոստմանը և Իր սիրասուն Որդուն ուղարկեց աշխարհի կորստաբեր ճամփաներում մոլորված մարդկությանը փրկելու համար։ «Աստծուց էինք պառակտվել և Աստված էր լինելու «ընդ մեզ»: Անդունդ էր բացվել մեր հոգու և մարմնի մեջ, Աստված պետք է վերացներ այդ: Օտարացել էինք Աստծուց, և Աստված պետք է հաշտեցներ: Պառակտվելով Աստծուց, հավիտյան չէինք կարող ազատվել մեղքերի ճանկերից. Աստված պետք է այդ բոլոր մեղքերի պատիժը կրեր, մտներ այն դրության մեջ, որում սուզված էինք, բռներ ամուր ձեռքով և բարձրացներ մեզ, դներ մի ճանապարհի վրա, որ տանում է դեպի Աստված, որպեսզի այնուհետև մոտեցած լինելով Աստծուն, զորանայինք նրանից և տիրեինք մեղքերի վրա» (Արշակ Տեր-Միքելյան)։

Արդ արիացեք ու մխիթարվեցեք վշտերի, փորձությունների ու կրքերի ծանրությունից տառապող Հոբեր, Ղազարոսներ, Նայինի այրիներ ու Հայրոսներ, քանի որ այսօր Բեթղեհեմի քարայրում ծնունդ առավ Կյանքն ու Հարությունը, որ պարտության մատնեց մեղքն ու մահը։ Այս սքանչելի Մանկան` Աստվածորդու օրհնյալ ծնունդով հաղթված են այլևս մարդու ոխերիմ թշնամիները, սիրելինե՛ր, ուստի զորացե՛ք հույսով, վերցրե՛ք ձեր հավատի կանթեղներն ու շտապե՛ք դեպի մսուր՝ ձեր սերը տանելով նորածին Մանուկ Քրիստոսին։ Նրա առջև դրեք ձեր մաքուր սիրտը, որպեսզի Աստծու կորսված պատկերը կրկին նկարի այնտեղ։ Տարեք ձեր խոնարհ հոգին, որպեսզի Սուրբ Հոգին փչի դրա վրա։ Եվ Նրա ոտքերի առջև դրեք վերջապես ձեր առաքինի կյանքը, որպեսզի այն լցվի, լիանա Նրանով, և միայն մեր Քրիստոս Աստված լինի ձեր կյանքի միակ առաջնորդը, ապավենն ու գերնպատակը։ Ու թող աշխարհի բոլոր ծագերը հավետ լուսավորվեն ու ջերմանան կենաց ավետիսով՝

 

Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Ձեզ և մեզ մեծ ավետիս։

 

05.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․