Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան տոնի պատգամը

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան տոնի պատգամը | Ter Grigor Qhn Grigoryani Surb Tsnndyan Toni Patgamy

Աստծու՝ Քրիստոս Հիսուսով որդեգրյալ զավակներ,

Այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի սիրտ առանձնահատուկ ուրախությամբ, ջերմությամբ, հույսով ու սիրով է բաբախում, քանի որ լի է Սուրբծննդյան աստվածային լույսով, որ հրեշտակների թևերով իջնում է Երկնքից ու որպես բալասան լցվում մեր մեղավոր ու տկար հոգիները։ Այսօր մեղքի խավարն ու ցուրտը հալվում-նահանջում են մեր հոգուց, քանի որ անզոր են Քրիստոս Արեգակի առջև, որ ծագում է արդարության ու սրբության ձգտող քրիստոնյայի սրտում։ Այսօր Բեթղեհեմյան մսուր է դառնում յուրաքանչյուր սիրտ, որ պատրաստակամ է Աստծու Որդուն ընդունելու այնտեղ և Նրա հետ անվախորեն քայլելու դեպի Գողգոթա՝ վստահ, որ այնուհետ անպատճառ լինելու է Հարություն։

Այսօր մենք տոնում ենք խորախորհուրդ մի տոն, սիրելի՛ներ՝ զմայլվելով աստվածային անհուն սիրո ու ողորմության մեծությամբ, որ սփռվում է համայն մարդկության վրա, քանի որ Երկինքն ու Երկիրը Ստեղծողը, Տիեզերքի ամենազոր Արարիչը, որ մատի մեկ շարժումով կարող էր բառացիորեն ջնջել մարդկության եղծված պատմությունն ու նոր Ադամ ստեղծել, նախընտրեց Ինքը դառնալ այդ նոր Ադամը և սեփական արյամբ սրբագրել Իր զավակի հանցավոր պատմությունը։ Երկու հազարամյակ առաջ բեթղեհեմյան փոքրիկ քարայրն այնպիսի Սիրով լցվեց, որն ի զորու եղավ ընդգրկել մի ողջ երկրագնդ ու տարածվել յուրաքանչյուր նորածնի վրա, որ ծնվել և դեռ ծնվելու է այս աշխարհում։ Աստծու այդ Սերը մեկ անգամ աշխարհ եկավ Ամենասուրբ Կույսի միջոցով, որպեսզի այդուհետ հարատև ծնվի Իրեն սիրող, Իրեն ձգտող ու նվիրյալ յուրաքանչյուր սրտում։ Արդ, սրտի կուսական մաքրության ձգտենք, սիրելինե՛ր, հեզ ու խոնարհ սրտով ծնկենք լուսաշող Մանկան առջև, ձգտենք պահպանելու Քրիստոսի հետ կենարար միությունը, որ ստանում ենք Սուրբ Հաղորդության միջոցով, որպեսզի Նրա ամենաօրհնյալ ծնունդը հաստատվի մեր հոգում և երբևէ չզրկվենք դրա պարգևած ուրախությունից։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մտթ․ 4։16)․ չկորցնենք մեզ պարգևված անգին Լույսը, սիրելի՛ հավատացյալներ, այլ պատվիրանապահությամբ ու առաքինի կյանքով մշտավառ պահենք այն, բորբոքենք հավատի նախանձախնդրությամբ և ինքներս սուրբծննդյան ավետաբեր ճրագ դարձած՝ սիրով լուսավորենք մեր շրջապատի խավարն ու կենսաբեր ավետիսը հաղորդենք Աստվածապատկեր յուրաքանչյուր հոգու՝

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

05.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․