13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Մինչ քարոզիս անցնելը իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել ազգիս Վեհափառ Հայրապետին, Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին հայրական այն հոգատարության և խնամքի համար, որի արդյունքը այս օրն է, նաև հոգևոր հորս՝ տ. Անուշավան եպս Ժամկոչյանին, Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց Վարժարան և ընծայարանի ողջ տեսչական, ուսուցչական և ուսանողական կազմին: Մանավանդ կցանկանայի երախտիքի, շնորհակալության խոսքեր ուղղել եկեղեցուս հոգևոր դասին՝ ի դեմս Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանի, ողջ աշխատակազմին և սիրելի համայնք՝ ձեզ: Խոնարհումս, երախտիքս և ի սրտե շնորհակալություններս: Փա՜ռք Աստծու ամեն ինչի համար։
Ղուկասի Ավետարանի 20-րդ գլուխը սկսվում է հետևյալ դրվագով:
Քահանայապետերը և օրենսգետները, ծերերով հանդերձ, մոտենում են մեր Տիրոջը՝ հարցումով. «Ասա մեզ՝ ի՞նչ իշխանությամբ ես քարոզում և գործում»: Առաջին հայացքից անմեղ թվացող հարցը իր մեջ որոգայթներ էր պարունակում: Քանզի նրանք չէին եկել սովորելու, իմանալու անկեղծ փափագով, այլ խոսքերով ծուղակը գցելու և ամբաստանելու: Ինչպես որ մի այլ տեղ նույն՝ փորձելու, ոգով հարցնում են. «Պե՞տք է կայսրին հարկ տալ»:
Սրտագետ Տերը, Իր շուրջը գտնվողների համար պարզելով նրանց դիտավորությունը, հարցին հարցով է պատասխանում՝ ասելով. «Իսկ ինչ եք կարծում, Հովհաննեսի վկայությունը Իմ մասին, թե՝ ահա Գառն Աստուծո, ահա Մեսիան, ահա Դավթի Որդին, անանց Թագավորը, որը քավում է աշխարհի մեղքը, մարդկա՞յին վկայություն էր, թե՞ Աստծո կողմից տրված մարգարեություն»:
Հետաքրքիր է. փարիսեցիները և օրենսգետները, հստակ գիտեն պատասխանը, սակայն ճշմարտությունը աներկբա ընդունելու փոխարեն սկսում են իրենց մեջ քննարկել ընդունելու հետևանքները. «Եթե ասենք մարդկանցից է, ժողովրդից վախենալու է, քանզի բոլորը գիտեն, որ Աստծուց էր և ծիծաղի առարկա կդառնանք ամենաքիչը… իսկ եթե ասենք՝ Աստծուց էր, պիտի պատասխանի. հապա էլ ինչո՞ւ եք հարցնում, ձեզ համար պարզ չէ՞, թե ինչ իշխանությամբ եմ անում… ինչու չեք ընդունում Հովհաննեսի վկայությունը»: Ազգի գիտունները նախընտրեցին տգետ երևալ, միայն թե ճշմարտությունը չընդունեն և չընդունելով ճշմարտությունը՝ իրենք իրենց տգիտության դատապարտեցին… պատասխանելով՝ չգիտենք:
Մեր Տերը նորից չի դադարում բացահայտել դիմացինի համար իր իսկ հոգու կուրությունը և կարծես թե ասում է. «Դուք գիտե՛ք և չեք ցանկանում ասել, ձեր առջև դրված է և չեք կամենում տեսնել… Ես էլ ձեզ չեմ ասելու, թե ինչ իշխանությամբ եմ անում»:
Այս հարց-պատասխանը կարող էր տալ մեկը, որ սկզբից ի վեր հետևել է այդ ազգի պատմական ընթացքին և դաստիարակել, մեկը, ով գիտեր նրանց ուղն ու ծուծը և քննում է մարդկանց սրտերը: Այս պատասխանն իսկ ցույց է տալիս հենց այն նույն Աստծուն, ով, իմանալով հանդերձ Ադամի անկումը, հարցադրումներով կանչում էր զղջման:
Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի կարծրասիրտ մնանք…
Իհարկե, սիրելիներ, կարող ենք դատափետել հրեաներին, սակայն մի՞թե մենք զերծ ենք այս երևույթից, մի՞թե չեն եղել դեպքեր, երբ մենք էլ, իմանալով պատասխանը, կարծրացրել ենք մեր սրտերը, փակել ենք մեր աչքերը, խցել մեր ականջները՝ այն չլսելու համար, Աստծուն հարցրել ենք. «Ինչո՞ւ, Տե՛ր»:
Եվ նաև մի՞թե չեն եղել դեպքեր, որ հենց մենք ենք թիրախավորվել որպես քրիստոնյա, որպես հավատացյալ, որպես եկեղեցի և մարդիկ՝ մեր եղբայրները, մեզ մոտեցել են հարցադրումներով, որ հետո կա՛մ ծաղրեն, կա՛մ վիճեն… մի խոսքով՝ արդարացնեն իրենց ժխտողական կեցվածքը:
Նախ անդրադառնանք մեր միջի փարիսեցուն, օրենքը, պատվիրանը շրջանցող օրենսգետին:
Հաճախ վիճել ենք մեր զավակի, ընկերոջ, մտերիմի հետ, ունեցել կորուստներ, փորձություններ և դժվարություններ, մաքառումներ և անկումներ՝ հարցնեով. «Ինչո՞ւ, Տե՛ր»:
Իսկ Տերը նախապես մեզ պատասխանել է, ուղղորդել է մեր խղճի, ներքին ձայնի, Իր պատվիրանների միջոցով, որպեսզի տեսնենք, որ Աստված նախապես մեզ պատասխանում է և խնամում:
Սրանցով Աստված մեզ, բոլոր պարագաներում, դաստիարակում, հուշում և առաջնորդում է, սակայն մենք, չընդունելով դրանք, միթե՞ չենք նմանվում վերոհիշյալ հրեաներին և կամա-ակամա փակվում ենք աստվածայինի առջև:
Մի՞թե մեր խիղճը այն նույն «անապատում կանչողի ձայնը» չէ, որը միշտ ուղղորդում է մեզ, իսկ մենք, թերևս տուրք տալով մեր ցանկասիրություններին, կրքերին, մեր ամենամեծ կուռքին՝ մեր «ես»-ին, լռեցնում ենք այն, նրան զոհաբերում ենք մեր «ես»-ի զոհասեղանին, փառասիրության, հեշտասիրության և արծաթասիրության մեհյանին և ոչ միայն լռեցնում, այլև գլխատում ենք նրան: Աստված մեր խղճի ձայնը մեր սրտում տնկել է անկախ մեր արժանիքից, և սա համամարդկային անգին գանձ է, մեր բոլոր հարցերի պատասխանն է: Եթե կհարցնենք՝ «ինչո՞ւ», նախ հարցնենք մեր խղճին և ազնվության սրբիչով սրբենք մեր կուրությունն ու խլությունը, և նա մեզ պիտի պատասխանի, պիտի պատասխանի աշխարհի մրցության աղբի շերտի տակից:
Իսկ եթե մեր խիղճին, որը, դարեդար փաստված է, թե Աստծու ձայնն է, չենք լսում, Աստծուն պիտի լսե՞նք, եթե Տիրոջ ձայնը չենք լսում, էլ ինչպես լսենք… և Տերը մեզ կպատասխանի. «Ես էլ ձեզ արդեն պատասխանել եմ»:
Իսկ ինչպե՞ս արթնացնենք մեր խիղճը։ Իսկ ե՞րբ են մարդիկ ասում. «Այս մարդը խղճով մարդ է…», այդպես գործենք: Ինչպե՞ս արթնացնենք մեր խիղճը, եթե ժամանակ չունենք խոկալու, մեզ քննելու, իսկ երբ քննում էլ ենք, այնքան գոհ ենք մեզնից, որ լավ կլիներ չքննեինք, ինչպե՞ս լսենք Աստծուն, երբ չենք իրագործել պատվիրանը՝ ուրացի՛ր անձդ…:
Մեր խիղճը որպես կարապետ, նախընթաց առաջնորդ է, մեր մտքերը, խոսքերը, գործերը առաջնորդողն է: Այն, որպես ներքին ձայն, անհանգստացնում է մեր ներսը՝ մեզ զգոնության կոչելով, ճմլում է մեր սիրտը վատ արարքից առաջ, սակայն մենք խստասիրտ ենք մնում:
Օրինակներ չբերեմ…, բոլորս էլ կարող ենք քննելով մեր անցյալը փաստել, թե ինչպես ներքին մի ուժ մեզ կասեցնում էր գործելուց առաջ, սակայն մենք փոխանակ քննեիք պատճառները և բացահայտեինք անհանգստությունը, լռեցրել ենք այն և կանգնել փաստի առջև, ընկել անախորժության մեջ և ապա նորից փորձել Աստծուց պատասխաններ իմանալ, այնինչ եթե միայն կարողանայինք լսել Աստծուն:
Քանի՜-քանի՜ անգամ է եղել, որ հարցրել ենք՝ որն է Աստծու կամքը…
Արդեն հազարավոր տարիներ Աստծու կամքը Աստվածաշնչի և սուրբ հայրերի խրատ-հորդորների տեսքով դրված է մեր սեղանին, իսկ մենք դեռ հարցնում ենք, թե որն է Աստծու կամքը:
Աստված պատվիրում է Իր աստվածային և բարի կամքը, Աստծու պատվիրաններում մենք տեսնում և ծանոթանում, ապա հարազատանում ենք Աստծո հետ: Եվ հետաքրքիր է որ Աստծու պատվիրանները այս կամ այն ձևով դրված են համայն մարդկության մեջ:
Մենք ունենք քրիստոնեական գիտակցություն, ունենք պատվիրանների ուղեցույցները՝ մեր կյանքում ապրելու և գործելու… հապա ինչո՞ւ չենք փնտրում հարցերի պատասխանները մեր մեջ, ինչո՞ւ հրեաների նման միշտ հարցադրումները այնպես ենք անում, որ ցանկալի արդյունք ստանանք և ոչ իրական, որ մեր «ես»-ը շոյվի և ոչ թե պատասխանատվության կանչվենք:
Նախ խոկալու, ինքնաքննության և ինքնադատապարտության ուղին չենք ընտրում, իսկ եկեղեցու հայրերն ասում են. «Երբ ինքդ քեզ չարդարացնես, այնժամ կփրկվես», և ապա չենք ցանկանում առերեսվել ճշմարտությանը:
Ինչպես ասացի՝ մենք միայն փարիսեցի և օրենսգետ չենք, չէ որ մենք նաև մեր երկնավոր Վարդապետի աշակերտներն ենք, իսկ Նա ասաց, որ Իր անվան համար Նրա ճշմարիտ աշակերտներին պիտի հալածեն և սուտ վկայություններ տան, պիտի ատյաններ հանեն և դատավորների առջև կանգնեցնեն՝ ավելացնելով. «Երանի է ձեզ այդ ժամանակ, քանզի մարգարեներին էլ այդպես արեցին», քանզի աշխարհի անկումից ի վեր ճշմարտությունը այս աշխարհում տեղ չունի, քանզի Ինձ այդպես արեցին և ձեզ էլ չեն խնայելու:
Սա չեմ ասում, որ մեծամտանանք, այլ որպեսզի գոտեպնդվենք, որ եթե մեր Տիրոջը նենգաբար մոտեցան և ցանկացան որոգայթ լարել, նույն ընթացքն էլ, նույն վիճակն էլ վիճակված է Նրա աշակերտներին, մեզ բոլորիս:
Ինչքան է եղել, որ մարդիկ զուտ միայն փորձելու, նսեմացնելու, քննադատելու և հայհոյելու համար մոտեցել են մեզ՝ հարցադրումներով, թե «ինչո՞ւ ձախ այտս էլ դարձնեմ», «ինչո՞ւ երեխային ութ օրականում մկրտեմ», «մի՞թե քրիստոնեությունը չեղավ մեր ազգի անկման պատճառը» և այլն, և այլն: Եվ եթե սրան ընթացք ենք տալիս, ապա հանգում ենք բամբասանքի, մեղքի, բարկության…:
Նախ՝ գոտեպնդվենք։ Ո՞ւմ ենք մենք հետևում՝ Քրիստոսին, ի՞նչ ճանապարհով ենք գնում՝ Խաչի, ովքե՞ր ենք մենք այս աշխարհում՝ օտարականներ, իսկ աշխարհը չի սիրում մեզ…: Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք հանուն Քրիստոսի՝ մեր Աստծու, նաև նեղությունների համար, որովհետև դրանով իսկ փաստվում է մեր՝ Նրանը լինելը:
Տխրենք դրանց բացակայության համար, մտահոգվենք, քանզի ուրեմն աշխարհինն ենք: Քրիստոս այսօր էլ, թե գա, աշխարհը նորից պիտի գոչի՝ Ի Խաչ: Ոչինչ չի փոխվել… այդ նույն աշխարհն է, որ տեսնում է մեր միջի Քրիստոսին և նենգությամբ, այլ ոչ թե իմանալու համար հարցադրումներ անում։ Հետևենք մեր Տիրոջ օրինակին և լռենք, տուրք չտանք բամբասանքին ու վեճին, չկոտրվենք:
Ի մի բերելով խոսքս, պիտի հիշեմ Դոստոևսկուն. «Մարդու սիրտը մարտադաշտ է. այնտեղ Աստված մարտնչում է չարի դեմ, թե ով կհաղթի, որոշում ես դու»: Փարիսեցին և Քրիստոս, օրենսգետը և ճշմարիտ աշակերտը երկուսն էլ ես եմ: Մենք կա՛մ այս, կա՛մ այն չենք, մենք միաժամանակ երկուսն էլ ենք, և սա է կատարելության ու շնորհների պատճառը։ Թե որը կգերակշռի, որը կհաղթանակի, որոշում ենք մենք՝ Աստծով և Նրա զորակցությամբ:
Որին՝ միասնական Սուրբ Երրորդությանը և մեկ Աստվածությանը՝ Հորը Որդուն և Սուրբ Հոգուն վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից, ամեն:
Տեր Հուսիկ քհն․ Դոխոլյան