23 Նոյեմբեր, Շբ
Հոգևոր կյանքը բոլորին նոր մարդ դառնալու հնարավորություն է ընձեռում. Քրիստոսի հետևորդը ջանում է հրաժարվել հին՝ մեղքերի մեջ ապրող մարդուց՝ զգեստավորվելով նոր մարդու կերպարանքով: Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4.22-24):
Հոգևոր կյանքի նպատակը Աստվածճանաչողությունն է, ինչին քրիստոնյան հասնում է ներքին ուշադրությամբ, աղոթական և առաքինագործ կյանքով: Աղոթքը սկիզբն է Աստվածճանաչողության և ըստ սբ. Հովհաննես Սանդուղքի՝ մայրը առաքինությունների: Աղոթող անձին սուրբը հետևյալ հորդորն է տալիս. «Երկար ժամանակ աղոթքի մեջ լինելով և պտուղ չտեսնելով՝ մի ասեք՝ ես ոչինչ չշահեցի։ Քանի որ աղոթքի մեջ մնալն արդեն իսկ ձեռքբերում է. դրանից առավել մեծ ի՞նչ օգուտ կա՝ կառչած լինել Տիրոջը և անդադար մնալ Նրա հետ միության մեջ»: Այդ պատճառով քրիստոնյան հաճախ է ընթանում աղոթքի ճանապարհներով, որ իր հոգևոր կյանքի կարևորագույն ձեռքբերումներից է:
Նոյեմբերի 5-ին՝ կիրակի օրը, որ քրիստոնյայի համար Տերունի, սուրբ օր է, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աղոթքի ճանապարհ անցավ՝ իր աղոթքը շարունակելով Արմավիրի թեմի Շահումյան գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում: 19-րդ դարում կառուցված սրբավայրում ուխտավորները մասնակից եղան Սուրբ Պատարագին, որ մատուցեց Տեր Խորեն քահանա Պերթիզլյանը: Պատարագի երգեցողությունը կատարեցին տիկնանց միության անդամները: Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ արցախյան հերոսամարտերին զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար: Այնուհետև ուխտավորներն այցելեցին գյուղի Թուխ Մանուկ մատուռը, ուր միասնական աղոթք հղեցին առ Տեր՝ հանուն Հայոց աշխարհի խաղաղության: Ապա ուխտավորները վայելեցին սիրո ճաշը և Տիրոջ հետ հաղորդակցությունից հոգեպես զորացած վերադարձան Երևան:
Կարինե Սուգիկյան