22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
«Օրհնեալ, որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս», առաջին դարից առ այսօր փառաբանական այս խոսքերն են հնչում սուրբ տաճարներից ներս՝ ազդարարելով Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ տոնախմբեց մարտի 25-ին: Տոնական օրը մեծ թվով ընտանիքների էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողություններին: Վաղ առավոտյան Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին և ներկաներին բաժանվեցին ուռենու ճյուղեր, ապա տոնական Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Ներկաները տոնի խորհրդանիշ ուռենու ոստերով մասնակից դարձան տոնական Սուրբ Պատարագին, որ մատուցեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը:
Այս տարի ևս, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը, «Տաթև գիտակրթական համալիր»-ի «Մանանա» ուսումնական կենտրոնի աջակցությամբ, Ծաղկազարդի տոնը մանուկների համար վերածել էր ուրախ տոնախմբության: Տիկնանց միության եռանդուն ջանքերի շնորհիվ եկեղեցու բակը զարդարվել էր գույնզգույն ծաղիկներով՝ Ծաղկազարդյան տոնական տրամադրություն փոխանցելով բոլորին: Եկեղեցու բակը զարդարվել էր նաև տոնական սեղաններով, որ լի էին տոնի խորհրդանիշ ձեռագործ աշխատանքներով, մոմերով և արևելյան քաղցրավենիքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և սիրիահայ համայնքի «Հույս միավոր» տիկնանց միությունների կողմից պատրաստված տոնական սեղանների վաճառքի ողջ հասույթը, ինչպես նշեցին ատենապետուհիները, գործածվելու է բարեգործական նպատակներով:
Տիկնանց միության անդամները ներկաներին բաժանեցին Ծաղկազարդի տոնի պատմության և խորհրդի վերաբերյալ թերթոններ: Տոնն առավել մեծ ուրախությունն էր պարգևել մանուկներին. Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների և բազմաթիվ մանուկների համար բակային միջոցառումն սկսվեց ավանդական դարձած կավճանկարով: Նրանք մեծ խանդավառությամբ գունազարդում էին գիպսե արձանիկներ և իրենց գունագեղ աշխարհի պատկերներն արտացոլում ստվարաթղթերի վրա: Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում ներկա բոլոր մանուկները մասնակից դարձան մանուկների օրհնության կարգին: Տեր Հայկազունը, շնորհավորելով մանուկներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը և ասաց. «Տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, հետևյալ պատգամները տվեց՝ թո՛ւյլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, և մի՛ արգելեք նրանց (Մատթ. 19:14) և ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայությունը չեք մտնի (Մատթ. 18:3): Հայ եկեղեցին,աստվածային այս պատգամների համաձայն, սիրով և հոգատարությամբ կրթում ու դաստիարակում է մատաղ սերնդին, քանզի այսօրվա մեր մանուկները վաղվա մեր ապագան են, որ պիտի ծաղկեցնեն ու պայծառացնեն Հայոց երկիրը: Թող Տերը օրհնի մանուկներին, որ անամպ մանկություն ունենան և խաղաղ երկնքի ներքո ապրեն սիրով և իմաստությամբ»:
Այնուհետև ներկաներին ուրախություն պարգևեցին Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի պարային համույթը՝ «Հրեշտակների պար» բեմադրությամբ, ելույթ ունեցան նաև «Հայկյաններ» պարային համույթը՝ «Կաքավիկներ» պարով, իսկ ժողովրդական պարերով հանդես եկավ Կենտրոն վարչական շրջանի «Մանկապատենական ստեղծագործության և գեղագիտական դաստիրակության կենտրոն»-ի «Ամենիա» պարային համույթը:
Մանուկների համար պատրաստված ուրախալի անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին. տոնական տորթը ճաշակելուց հետո հետաքրքիր խաղերով, երգ ու պարով մանուկների տոնական օրը հարստացրեցին հեքիաթային հերոսներ գայլը, նապաստակը և ծաղրածուն:
Ծաղկազարդյան տոնախմբությունն իր շուրջը միայն ուրախություն էր տարածել, ուրախություն, որ կարող է ունենալ միայն այն անձը, ով, իր սրտում ընդունելով Քրիստոսին, քաջաբար քայլում է այն փրկարար ուղով, որով քայլեց Քրիստոս և որի վերջնակետը հաղթանակն է: Մեր Տերը, գոտեպնդելով Իր հետևորդներին, ասում է. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկը Իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան» (Հովհ. 14:6; 8:51):
Կարինե Սուգիկյան