25 Նոյեմբեր, Բշ
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն:
Վաղ առավոտից մինչ երեկո Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էին այցելում մեծ թվով հավատավոր հայորդիներ՝ ծաղկազարդյան տոնի խորհրդին և ուրախությանն իրենց մասնակցությունը բերելով: Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Տեր Հայրը ներկաներին, տոնի խորհրդի վերաբերյալ, հետևյալ կարևոր հարցումների շուրջ մտորելու առիթ ընձեռեց՝ ասելով. «Ո՞վ ենք մենք այսօր և ո՞վ է Քրիստոս մեզ համար: Նրա սոսկալի չարչարանքների շաբաթվա շեմին կանգնած՝ ինչո՞վ ենք ընդառաջ ելել Նրան, ի՞նչ ենք բերել Նրա ոտքերի տակ փռելու. արդյո՞ք սպասումներ ու պահանջներ միայն, թե՞, այնուամենայնիվ, մեր հին մարդուն՝ իր տկարություններով, սխալներով ու կրքերով հանդերձ: Այսօր մենք գիտենք, որ առջևում Գողգոթայի ճանապարհն է, մտրակների հարվածները, թուքն ու ծաղրը, և խաչի անասելի ծանրությունը: Որտե՞ղ ենք մենք այս պատմության մեջ և ի՞նչ ենք բերել մեզ համար չարչարվող ու խաչը բարձրացող Փրկչին»:
Տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Հավարտ Ս. Պատարագի Տեր Գրիգորը մանուկների օրհնության կարգ կատարեց, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը, ապա իր պատգամը հղելով ծնողներին՝ մասնավորաբար ասաց. «Դեռ վաղ մանկուց սովորեցնենք մեր զավակներին ճանաչել, սիրել ու վստահել մեզ անչափ սիրող, խնամող ու բարի Աստծուն: Երեխաների հոգում զարգացնենք սերը, բարությունը, ազնվությունը, կարեկցելու, ամաչելու կարողությունը, հեզությունը, երախտագիտության, պատասխանատվության զգացումը և նրանց Քրիստոսի հոգատար խնամքին հանձնենք՝ վստահ լինելով, որ բարի զավակներ կմեծանան առաջին հերթին Աստծու, ապա և մեզ համար և Տիրոջ փառավոր գալստյան օրը նրանց շուրթերից հնչող «օվսաննա»-ները, հավիտենության մեջ տարածվելով, այլևս ուրիշ ոչնչի չեն փոխվի»:
Օրհնության կարգից հետո ծաղկազարդյան տոնախմբությունը շարունակվեց եկեղեցու բակում: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ջանքերով եկեղեցու շրջափակը զարդարվել էր գույնզգույն ծաղիկներով, անձրևանոցներով, հայոց ավանդական թոնրի տեսարանով, փոքրիկների և մեծերի համար նախատեսված տաղավարներով, հյուրասիրության սեղաններով՝ ծաղկազարդյան տոնական տրամադրություն փոխանցելով բոլորին: Տոնախմբության ոչ մի հատված ինքնանպատակ հնչեղություն չուներ, ամեն մի տաղավար իր խորունկ իմաստն ուներ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանը նշեց, որ տաղավարներից մեկը կոչվում է «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ». «Այս տաղավարում ծաղկած խնձորենիներն ունեն նաև պտուղներ՝ Կենաց ծառի պտուղներ: Նրանցով սնվել՝ նշանակում է գիտակցել Աստծու կողմից մեզ համար նախասահմանված առաքելության նշանակությունը: Տաղավարը մեզ հիշեցնում է մեր պատմական հիշողությունն ապաշխարությամբ նորոգելու և ընտրյալ Նոյի արժանի հետևորդը լինելու մասին, որի տապանը Հայաստան աշխարհը ներկայացնում է որպես փրկության երկիր և մարդկության ու կենդանական աշխարհի կրկնակի նախահայրենիք: Տաղավարում տեղ գտած Հայոց երկնառաք այբուբենի մասին պատմող խոսքերը և աստվածաշնչյան պատգամներն ընտրված են կրկին այդ զորացնող ու հուսադրող առաքելությունը կյանքի կոչելու նպատակով»:
Եկեղեցու բակի մյուս տաղավարներն իրենց ուրախ ծրագրերով ուրախ և անմոռաց օր պարգևեցին երեխաներին: Բազմաթիվ մանուկների համար բակային միջոցառումն սկսվեց ավանդական դարձած կավճանկարով: Նրանք մեծ խանդավառությամբ իրենց գունագեղ աշխարհի պատկերներն էին արտացոլում ստվարաթղթերի և ասֆալտի վրա: Ամենափոքրիկներին գրավել էին ավազով խաղերը: Ազգային երաժշտությունը հայկական ավանդական պարի շուրջ էր համախմբել երեխաներին: Իսկ երազանքների տնակում տիկնանց միության անդամ Տաթևիկ Պետրոսյանը երեխաներին պատմում էր հայ ժողովրդական հեքիաթներ, որոնց քրիստոնեական պատգամներով հարստացած՝ երեխաները դուրս էին գալիս երազանքների տնակից: Երեխաների ուրախությունը կրկնապատկեց տոնական մեծ տորթը: Ծաղկազարդի տոնը մանուկների օրն իրապես վերածել էր ուրախ տոնախմբության:
Տոնական օրվա կարևոր հիշեցումներից է նաև «եղեք երեխաների նման» տիրավանդ պատգամը, «եղեք երեխաների նման», այսինքն՝ ունեցեք առանց կասկածների ու հակաճառության հավատ, վստահեք և ապավինեք Աստծուն, ինչպես երեխան է վստահում ու ապավինում իր ծնողին, թողեք չարիքը և ձեռք մեկնեք, որպեսզի չընկնեք, «եղեք երեխաների նման», այսինքն՝ սիրեք միմյանց առանց զանազանելու, ինչպես երեխաներն են սիրում և խաղում միմյանց հետ, եթե անգամ նրանցից մեկը լինի թագավորի որդի, մյուսը՝ աղքատի:
Կարինե Սուգիկյան