Ծաղկազարդյան տոնախմբությունը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում

Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մանուկի համար Ծաղկազարդը օրհնություն ստանալու և ուրախ տոնախմբության մի օր է դարձել: Եվ յուրաքանչյուր մանկան այդ անկեղծ ուրախությունն ապրում է նաև նրա ընտանիքը: Երբ ծնողը, Քրիստոսի հետևյալ պատգամի համաձայն, թե՝ թո՛ւյլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Երկնքի Արքայությունը (Մատթեոս 19:14), իր երեխային մոտեցնում է Քրիստոսին, ապա երեխայի մարմինը խնամելուց բացի, խնամում և սնում է նաև նրա անմահ հոգին:

Մարտի 20-ին՝ Ծաղկազարդի տոնի օրը, թեև անձրևային էր և ցուրտ, բայց վաղ առավոտից մինչև երեկո դեպի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի գնացող հավատացյալների և ընտանիքների հոսքը չէր դադարում: Բոլորն իրենց ձեռքին ունեին տոնի խորհրդանիշ ուռենու ճյուղեր:

Առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվեցին ուռենու ոստերը և բաժանվեցին ժողովրդին, որն արմավենու կամ ձիթենու կանաչ ոստերով Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է: Անդաստանի կարգից հետո մատուցվեց Սբ. և անմահ Պատարագ:

Օրվա պատարագիչը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ներկաներին, տոնի խորհրդի վերաբերյալ, հետևյալ կարևոր հարցումների շուրջ մտորելու առիթ ընձեռեց՝ ասելով. «Այն օրերի ժողովուրդն ի՛ր ակնկալիքներով եկավ Մեսիային դիմավորելու և ուզում եմ ամեն մեկս մեզ համար պարզենք, թե մենք ինչ ակնկալիքներով ենք այսօր այստեղ եկել: Եկել ենք Ամենակալի՞ կամքը լսելու ու կատարելու, թե՞ մերը: Քրիստոս աներկբայորեն գնաց Իր Հոր կամեցած ուղով՝ քաջ գիտակցելով, թե ինչ է իրեն սպասում այդ ճանապարհի վերջում: Նա վստահեց Հորը, իսկ մե՞նք: Հրաշալի գիտակցելով, որ Քրիստոսի ուղին դեպի հավիտենական փրկություն է տանում, հարցրե՞լ ենք արդյոք ինքներս մեզ, որ քրիստոնյա ենք կոչվում, ասել է, թե Քրիստոսի հետևորդներ, պատրա՞ստ ենք արդյոք Միակ ճշմարիտ Աստծուն հետևել ամենուր և ամենայն ժամ»:

Ամփոփելով իր խոսքը՝ Տեր Հայրն ասաց, որ այս փառապանծ տոնն իր կարևոր հարցադրումներով մեզ ևս մեկ հնարավորություն է տալիս նայել Երուսաղեմ մտնող Տիրոջ աչքերին ու մեր ընտրությունը կատարել՝ կա՛մ կենդանի պահել Նրան մեր սրտերում, կյանքերում ու գործերում, կա՛մ՝ կրկին խաչել:

Սբ. Պատարագի ավարտին երեխաները մասնակցեցին օրհնության կարգին, ապա Տեր Գրիգորը նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից տրամադրած նվերներ՝ աստվածաշնչյան գունազարդ գրքույկներ և կավե հրեշտակներ:

Խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը շնորհավորեց երեխաներին գեղեցիկ տոնի առթիվ և ասաց. «Մենք բոլորս միասնաբար աղոթեցինք առ Աստված և հայցեցինք մեր երկնավոր Տիրոջ օրհնությունն ու սերը մեր բոլոր մանուկների համար, որ Տիրոջ օրհնությամբ առողջ ու երջանիկ ապրեն: Աղոթքի խոսքերով մանուկները թող անմեղ ու խաղաղ կյանք ունենան՝ դառնալով մեր ազգի և եկեղեցու արժանի զավակները: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն »:

Ապա եկեղեցու բակում երեխաները կիրակնօրյա դպրոցի սաների հետ միասին կավճանկարի մասնակցեցին, որի ընթացքում կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Սիրանուշ Գյումրույանը և «Զորավոր» երիտասարդաց միության անդամները նրանց համար խաղեր անցկացրեցին:

Կիրակնօրյա դպրոցի սաներից 11-ամյա Սևակ Պողոսյանի համար սիրելի տոն է Ծաղկազարդը: Նա իր երկու ընկերների հետ նկարել էր աշխարհը բազմերանգ ձվի տեսքով:

Երեխաների ուրախ օրն ուրախ նոտաներով, պարերով և խաղերով հարստացրեցրին նաև «Բումբումիկ»-ի Պեպի ծաղրածուն և Ֆիքսիկ հեքիաթի հերոսը:

Ամեն տարի Ծաղկազարդի տոնին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույս միավոր» տիկնանց միությունը տոնական սեղան է պատրաստում՝ զարդարված մոմերով և արևելյան քաղցրավենիքով: Տոնական սեղանի վաճառքի հասույթը, ինչպես նշեց տիկնանց միության ատենապետուհի Զարուհի Ամալյանը, գործածվելու է բարեգործական և միության հետ կապված այլ կազմակերպչական նպատակներով:

Ծաղկազարդյան հերթական տոնախմբությունը հիշեցնում է, որ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ ավարտվեց մեր Տիրոջ խաչելությամբ և հրաշափառ հարությամբ, որ յուրաքանչյուրին մեղքի գերությունից և հավիտենական մահից ազատագրվելու հնարավորություն տվեց: Եվ Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսի հեղինակած հաղթական երգի խոսքերով բարեբանենք Նրա գալուստը.

Զգալուստ Քո, Քրիստոս, այսօր

ՅԵրուսաղէմ՝ նոր եկեղեցի սուրբ,

Յաղթական երգով բարեբանեմք՝

Օրհնեա՜լ եկեալ անուամբ Տեառն:

 

Կարինե Սուգիկյան

20.03.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․