Ծնողների ճիշտ վերաբերմունքն իրենց երեխաների հաշմանդամությանը

Կան մայրեր, որ հղիության շրջանում իմանալով, որ երեխան հաշմությամբ կամ մտավոր հետամնացությամբ է ծնվելու՝ աբորտ են անում և սպանում իրենց երեխային: Նրանք չեն մտածում, որ այդ երեխան էլ հոգի ունի: Շատ հայրեր ինձ մոտ են գալիս ու ասում. «Երեխաս թերի՞ պիտի լինի: Աստված ինչո՞ւ է այդպես վարվում: Դա իմ ուժերից վեր է»: Այդպիսի վերաբերմունքն ինչպիսի՜ անամոթություն է կրում իր մեջ Աստծու նկատմամբ, ինչպիսի՜ համառություն, ինչպիսի՜ եսասիրություն: Այդպիսի մարդիկ ավելի վատը կդառնան, եթե Աստված օգնի նրանց:

Մի անգամ ինձ մոտ իր հոր հետ մի ուսանող եկավ, որը շատ մտածմունքից խելքը կորցրել էր: Այդ երիտասարդին էլեկտրաշոկով էին բուժում: Նա իրենց տանն էլ պակաս նեղություն չէր կրում: Բայց տարբերվում էր իր ունեցած ակնածանքով: Երկրպագություն անելիս գլխով գետնին էր հարվածում: «Միգուցե Աստված խղճա գետինը,- ասում էր նա,- և ինձ էլ խղճա, որ գլխով խփում եմ դրան»: Այսինքն՝ նա մտածում էր, որ Աստված գետնին խղճալով, որ ցավ էր ստացել իր հարվածից, իրեն էլ կխղճա: Դա ինձ վրա մեծ տպավորություն գործեց: Այդ երիտասարդն իրեն անարժան էր համարում: Երբ վիճակն ավելի էր վատանում՝ Սուրբ լեռ էր գալիս: Ես նրա մտքերը կարգի էի գցում, մեկ-երկու ամիս համեմատաբար լավ էր ապրում, հետո ամեն ինչ նորից էր սկսվում: Նրա հայրը չէր ուզում, որ ծանոթները տեսնեն իր երեխային, որովհետև դա խոցում էր նրա ինքնասիրությունը: Նա տառապում էր սեփական եսասիրության պատճառով:

«Որդիս անունս գցում է մարդկանց առջև»,- մի օր հայտարարեց նա: Դա լսելով՝ որդին ասաց. «Լսի՛ր, ավելի լավ է համակերպվես: Ես խելագար եմ ու ինձ բնական եմ պահում: Ի՞նչ է, ուզում ես ինձ քաղաքավարության կանոնների նեղ շրջանակի մե՞ջ դնել: Իմացիր, որ երեխադ խելագար է և քեզ բնական պահիր: Միայն դո՞ւ խելագար երեխա ունես»: «Այ քեզ բա՜ն,- մտածեցի ես,- հիմա այս երկուսից ո՞ր մեկն է խելագար»:

Տեսնո՞ւմ եք, թե եսասիրությունը հաճախ ուր է հասցնում մարդուն: Հայրը կարող է նույնիսկ իր երեխայի կործանումը ցանկանալ: Երբ ես աշխարհիկ կյանքով էի ապրում, մի մտավոր թերզարգացած երեխայի էի ճանաչում: Երբ նրա ծնողները հյուր էին գնում, նրան իրենց հետ չէին տանում, որպեսզի նրա համար չամաչեն: Եվ ծիծաղում էին ինձ վրա, որովհետև խոսում էի այդ երեխայի հետ: Սակայն այդ երեխան իմ սրտում ավելի լավ տեղ էր զբաղեցնում, քան նրա վրա ծիծաղողները:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

26.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․