Վարագա Սուրբ Խաչի քարոզ

Վարագա Սուրբ Խաչի քարոզ | Varaga Surb Khachi Qaroz

   Խաչ Քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս:

  Քո խաչը թող մեզ ապավեն լինի, Տե՛ր Հիսուս:

                                                       (Ժամագիրք)

 

Սիրելի՛ հավատացյալներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է փրկական սուրբ խաչին նվիրված չորս տոներից վերջինը՝ Վարագա Ս. Խաչի տոնը: Սուրբ խաչին նվիրված մյուս երեք տոները նշում են քրիստոնյա մյուս եկեղեցիները նույնպես, իսկ Վարագա Ս. Խաչը տոնակատարում է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Վարագա Ս. Խաչի տոնի հիմքում մի սրբազան պատմություն է, որ սերտորեն կապված է մեր ժողովրդի հետ:

Դիոկղետիանոս կայսեր (243-313թթ.) հալածանքներից փախչելով՝ Հռիփսիմյանց կույսերը ապաստանում են Հայոց աշխարհում:Ս.Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Տիրոջ խաչափայտից մի մասունք: Քանի որ նրանց հալածանքներն շարունակվում են նաև Հայաստանում, Ս.Հռիփսիմեն մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում: Դրա մասին Հայոց աշխարհում գիտեին, սակայն չգիտեին՝ որն է սուրբ նշանի ստույգ վայրը:  

653թ. Թեոդիկ անունով մի կրոնավոր իր աշակերտի՝ Հովելի հետ գնում է Վարագա լեռան վրա ճգնելու: Նրանք մշտապես աղոթքի ու ծոմապահության մեջ էին և մեծ փափագ ունեին գտնել և երկրպագել սուրբ մասունքը: Եվ ահա մի օր, երբ նրանք աղոթքի էին կանգնած, այնտեղ, ուր պահված էր սուրբ մասունքը, լեռան գագաթին տեսնում են խաչանիշ լույս, ավելի պայծառ, քան արեգակի լույսը: Լեռան շրջակայքը լցվում է անուշահոտությամբ: Ճգնավորները ահուդողով մոտենում են լույսի ակունքին և տեսնում Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքը, երկրպագում սուրբ նշանին, իրենց գոհունակությունը հայտնում Երկնավոր Տիրոջը, որ իրենց արժանի դարձրեց այդ հայտնությանը:

Ներսես Գ Տայեցի հայրապետի տնօրինությամբ կարգ է սահմանվում ամեն տարի այդ օրը նշել Վարագա Ս. Խաչի տոնը, և եկեղեցի է կառուցվում ս. մասունքի գտնվելու վայրում: Մինչև 1915թ. Եղեռնը Վարագա ս. խաչը պահվում էր Վանի Սուրբ Նշան եկեղեցում: Ցավոք, Եղեռնից հետո մասունքի գտնվելու վայրը հայտնի չէ:

Այս է օրվա տոնի սկզբնավորման ամփոփ պատմությունը:

Վարագա Ս. Խաչի տոնը մի գեղեցիկ առիթ է մեզ համար դարձյալ ու վերստին փառաբանելու փրկական սուրբ խաչը, սուրբ խաչով զորանալու մեր հավատքի մեջ, Աստծո ներկայությունն ու օրհնությունը զգալու մեր կյանքում:

Քրիստոսի խաչելությունը Աստծո սիրո կատարյալ արտահայտությունն է մարդու հանդեպ: Քրիստոս իր անմեղ արյունը հեղեց չարչարանքի և տառապանքի գործիք հանդիսացող խաչի վրա՝ մարդկության փրկության համար: Տերը հանձն առավ խաչելությունը մեզ համար, և Նրանով սրբագործվեց խաչը, դարձավ արդեն փրկության նշան, դարձավ փրկության միջոց: Քրիստոնյա հայը դարեր շարունակ խաչի մեջ է տեսել իր փրկությունը, ի վերջո հայը համարվում է խաչապաշտ, բայց ոչ թե այն բանի համար, որ խաչն է պաշտում, այլ Խաչյալին է երկրպագում: Ճշմարիտ քրիստոնյայի համար խաչը վեր է նյութականից և նյութից կարևոր է խաչի խորհուրդը:

Քրիստոս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթեոս 16:23): Յուրաքանչյուր մարդ այս կյանքում իր խաչն է կրում ու խաչը կրելով՝ արտահայտում իր սերը իր նմանի և Աստծո հանդեպ: Խաչ կրելը զոհողություն է, իսկ զոհողություն կարող ենք անել, եթե սիրում ենք: Երբ Քրիստոսի օրինակով մենք մեր խաչն ենք կրում, վկայակոչում ենք մեր սերը Քրիստոսի հանդեպ, վկայակոչում ենք Քրիստոսի սերը մեր հանդեպ: Այս փոխադարձ սերը երանություն է մարդ արարածի համար, քանի որ մենք հարատևում ենք մեր հավատքի մեջ և այդ հարատևությամբ է, որ պիտի արժանանանք հավիտենական կյանքին:

Երբեմն մեզ թվում է, որ մեր խաչը ծանր է մեզ համար, որ այն այլևս տանել հնարավոր չէ: Սակայն, ինչպես ասում է Պողոս առաքյալը, Աստված մարդու ուժերից վեր փորձություն չի տալիս նրան: Աստված մարդուն սիրում է և դրա վկայությունը Խաչյալ Քրիստոսն է: Եվ Աստված՝ մեր Տերը, մեր կարողությունից ավելի մեծ ու ծանր խաչ-փորձություն չի տալիս մեզ՝ մեր կործանումը ցանկանալով: Մեզ մնում է միայն հոգնության և ծանրաբեռնվածության մեջ օգնության կանչել Քրիստոսին, քանի որ Նա գիտե՝ ինչ է խաչ կրելը: Եվ Նա երբեք անարձագանք չի թողնի մեր աղերսը, կգա մեզ հետ քայլելու և օգնելու խաչը կրելու պահին և պսակելու մեր խաչի ճանապարհը Իր օրհնության շնորհներով:  

Ապավինելով փրկական սուրբ խաչին՝ «մենք անխախտ ենք պահում այն հույսը, որ ունեցանք Ավետարանի ճշմարտությամբ» (Կողոսացիներ 1:23):

Սիրելի՛ զավակներ Աստուծո, թող փրկչական սուրբ խաչը իր զորությամբ պահապան լինի ձեզ, սուրբ խաչից ճառագող լույսը լուսավորի ձեր կյանքը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

27.09.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․