Վարագա Սուրբ Խաչի տոնի քարոզ

Վարագա Սուրբ Խաչի տոնի քարոզ | Varaga Surb Khachi Toni Qaroz

«Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա եւ որ յենուն ի նա իբրեւ ի Տէր հաստատութեամբ»։   

«Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա» (Առակներ 3։18)։

Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ․

Այսօր նշում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ ի հիշատակ այն իրողության, որ 7-րդ դարում Վարագա լեռան վրա Թոդիկ անունով ճգնավորն ու իր աշակերտ Հովելը աղոթքով արժանացան գտնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը, որ ի պահ էր տրվել դեռևս Սուրբ Հռիփսիմեի կողմից։ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի կարգադրությամբ սահմանվել է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Այն խաչի չորս տոներից մեկն է, որ տոնում է միմիայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Վարագա լեռան մասունքի հայտնությունը լույս է մեր ճանապարհին և հույս է մեր հոգինրին: Սուրբ Խաչին նվիրված այս տոնը դարձյալ առիթ ու հնարավորություն է մեզ ապավինելու փրկչական Սուրբ Խաչին:

Սիրելինե՛ր, խաչը պահպանում է մեզ բոլորիս իր տիեզերասփյուռ թևերով, որովհետև մենք դրա կարիքն ունենք։ Ինչպես պայքարում ենք մեր և մեր կյանքի համար կարևորություն ներկայացնող տարբեր երևույթների համար, այդպես էլ մեր հոգու համար պետք է պայքարենք։ Սուրբ խաչը իր խորհրդով զորացնում է մեզ մեր հավատքի մեջ և քաջություն ներշնչում՝ պայքարելու մեղքի և չարիքի դեմ: Քրիստոսի Սուրբ խաչը մեր փրկության հույսն է, մեր հոգու պաշտպանն է: Քրիստոնյան պետք է ուշադիր լինի, իմանա՝ իր հոգու շահը որն է։ Քրիստոսի անցած խաչի ճանապարհը՝ Աստվածային սիրով առ լեցուն, մեր փրկության ճանապարհն է: Մեզ սիրելով է, որ Քրիստոս անցավ խաչի և տառապանքի ճանապարհով: Սուրբ Խաչին ապավինած՝ մեր հոգին պետք է զերծ պահենք մեղքերից՝ դրանով պաշտպանելով այն: Անփութորեն չտրվենք մեղքերին, այլ աղոթքենք, պահք պահենք և ապաշխարենք, որպեսզի մեղքերը ամբողջությամբ չկլանեն մեր հոգիները։ Մարդը իր հոգին ամեն ինչով կարող է լցնել, օրերով կարող է ընդհանրապես աղոթք չանել, չխնայել իր զգայարանները, ինչպես օրինակ՝ տեսանելիքն ու լսելիքը։ Մինչդեռ հոգու փրկության հույսը քրիստոնյայի համար պետք է առաջնային լինի:

Սիրելինե՛ր, Աստվածճանաչողությունն է, որ հանգեցնելու է հոգու փրկության։ Աստվածճանաչողությամբ է, որ կհասկանանք, այն մեծագույն սերը մարդու հանդեպ, որով Քրիստոս հանձն առավ Խաչի մահը: Մարմնի առողջության համար մարդիկ հատուկ սննդակարգերի են հետևում, փորձում են ապրել առողջ ապրելակերպով, մարզվել, սակայն հոգին էլ իր պահանջմուքներն ունի։ Հոգու շահը պահանջում է զգոնություն, աստվածային պատվիրանները կատարելու հաստատակամություն։ Հոգևոր կյանքի մեջ զորավոր լինելու համար հարկ է հրաժարվել ինչ-ինչ վատ սովորություններից, հոգին կարիք ունի աղոթքով սնուցման, Սուրբ Գրքի ընթերցանության և Սուրբ Հաղորդության, որովհետև հոգին անտեսելը կամ հոգու նկատմամբ ուշադիր չլինելը կարող է հիվանդացնել հոգին, հիվանդացնել մեղքերով։ Երբ մարմինը հիվանդանում է, մենք ամեն ինչ անում ենք ապաքինվելու համար։ Այդպես էլ հոգին կարիք ունի բուժման և ապաքինման։ Քրիստոս աշխարհ եկավ, բժշկեց ոչ միայն մարմնով հիվանդներին, այլև հոգով։ Նա «Տերունական աղոթքով» սովորեցրեց, թե առաջնահերթ ինչ է պետք խնդրել մեր հոգու համար՝ փառաբանել Աստծուն, փնտրել Նրա կամքը, խնդրել «անհրաժեշտ հանապազօրյա հացը»։ Իսկ այդ հանապազօրյա հացը միայն մեր մարմինների համար չենք խնդրում, այլ նաև մեր հոգիների, որովհետև, ինչպես մեր Տերն է ասում. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթեոս 4։4)։ Այսինքն՝ հոգին պետք է սնուցել Աստծո խոսքով։ Քրիստոնյան հանուն իր հոգու փրկության պետք է կարողանա ներել մարդկանց, որպեսզի արժանանա ներման Աստծո կողմից։ Երբեմն նույնիսկ իրենց քրիստոնյա համարող մարդիկ հպարտությամբ նշում են, որ իրենք ոչինչ չեն մոռանում և հիշաչար են, իսկ Քրիստոս անգամ ներեց իրեն խաչողներին: Դա է իրական սերը: Քրիստոսի ճշմարիտ հետևորդը պետք է ջանք գործադրի իր սրտում մյուսներին ներելու համար, ոչ թե վարվի իր պատկերացումների և բնավորության համաձայն։ Չէ՞ որ Քրիստոս բուժում է մեր հոգիները։ Քրիստոնյայի հոգին պետք է խաղաղ լինի և ոչ թե իր մեջ հաշիվներ պահի այլոց հետ հարաբերություններում։ Միայն խնդրենք, և Աստված կօգնի մեզ պատվիրանների կատարման և մեղքերից հեռու մնալու գործում, կպահպանի մեզ բոլոր տեսակի փորձություններից։

Սիրելինե՛ր, երեկ Սուրբ Գևորգ Զորավարի տոնն էր։ Սուրբ Գևորգը և Սուրբ Սարգիսը, ինչպես նկատել եք, սրբապատկերներում պատկերվում են վիշապին սպանելիս՝ որպես վիշապամարտիկներ։ Ցանկացած քրիստոնյա զինվորյալ եկեղեցու քաջամարտիկ զինվորն է, որովհետև նա պայքարում է դիվային զորության և չարի որոգայթների դեմ։ Եվ Աստված զորություն է տալիս մարդուն այդ պայքարում, ինչպես սաղմոսում ասվում է. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» (Սաղմոս 90։13)։ Իր աշակերտներին Աստծո Միածին Որդին ասում է. «Ահա ձեզ իշխանություն տվի տրորելու օձերին ու կարիճներին, ինչպես նաև հաղթահարելու թշնամու զորությունը, և որևէ բան չի վնասելու ձեզ:» (Ղուկաս 10։19)։ Յուրաքանչյուր քրիստոնյա պայքարում է իր քրիստոնեական էության և գաղափարների համար, մեղքեր չգործելու համար, հոգու, սրտի, մտքի, խորհուրդների մաքրության, Աստծո պատվիրաններին հավատարիմ մնալու համար՝ միշտ իր աչքի առջև ունենալով Աստծո սերն ու պահպանությունը։ Ահա թե ինչու է պետք հոգին հանձնել խաչի պահպանությանը, ապավինել Խաչյալի զորությանը։ Խաչը մեզ համար պահպանիչ զորություն է և նրա իրական արժեքը հասկանալով՝ կկարողանանք խաչը կրել մեր սրտում, և Խաչյալին ունենալ մեր հոգիներում։ Թե մարմնի, թե հոգու համար հոգացողը Ինքը՝ Տերն է, Որի օգնությամբ էլ հաղթանակով է պսակվում մեր պայքարը չարի դեմ։ Քրիստոսի խաչափայտը հավիտենական կյանքի ծառ է, ուստի ապավինենք Նրան՝ առանց երկմտելու, հենվենք Նրան՝ հանուն մեր հոգիների փրկության, հանուն այն սիրո, որ Նա ցույց տվեց մեզ խաչի վրա։ Թող Սուրբ Խաչից բխող կենսատու լույսը լուսավորի մեր անցնելիք ճանապարհը, մաքրի ու պայծառացնի մեր հոգիները և հարատև առաջնորդի մեզ:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

27.09.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․