Վարդավառ. Երկնքի Արքայության փառքը Թաբոր լեռան վրա

Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշում ենք Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակին: Որպես շարժական տոն այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Քրիստոսի պայծառակերպության մասին կարդում ենք Սբ. Մատթեոսի (Մատթեոս 17:1-9), Սբ. Մարկոսի (9:2-9) և Սբ. Ղուկասի (9:28-36) Ավետարաններում:

Հիսուս Իր հետ վերցնելով Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին՝ նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը և նրանց առաջ կերպարանափոխվում. Նրա դեմքը փայլում է ինչպես արեգակը, իսկ զգեստները դառնում են սպիտակ, ինչպես լույսը: Այդ պահին Հիսուսի երկու կողմերում երկնային լույսի մեջ պարուրված հայտնվում են Մովսես ու Եղիա մարգարեները ու սկսում զրուցել Տիրոջ հետ՝ Նրա վերահաս տառապանքների ու խաչելությամբ մահվան մասին: Մովսեսը՝ հրեա ժողովրդի մարգարեն և օրենսդիրը, որ ապրել էր Քրիստոսի ծնունդից 1500 տարի առաջ, և մարգարեներից Եղիան, ով (Ն. Ք. 1000 տարի առաջ) հրե կառքով ու հրեղեն ձիերով երկինք բարձրացավ, իրենց երևումով վկայեցին, որ Քրիստոս է մարգարեների կողմից հնուց ի վեր կանխատեսված Ճշմարիտ Մեսիան՝ աշխարհի Փրկիչը: Հիսուս Մովսեսին բերեց մեռյալների աշխարհից, իսկ Եղիային՝ ողջերի աշխարհից, որովհետև ինչպես Դ Թագավորությունների գրքում է պատմվում Եղիան անապատում երկնային կառքով երկինք փոխադրվեց և այնտեղ ողջ է մարմնով: Եվ, ուրեմն, ըստ եկեղեցու հայրերի՝ Եղիան և Մովսեսը Պայծառակերպության խորհրդի մեջ համապատասխանաբար ներկայացնում են երկինքը և երկիրը, կենդանին և մահացածը, կանգնելով Հիսուսի կողքին, վկայում են, որ Նա է Տերը, «կենդանեաց եւ մեռելոց» և Աստվածը՝ «երկնի եւ երկրի», արարիչը՝ նոր կյանքի, միավորողը և մաքրագործողը տեսանելի և անտեսանելի աշխարհի: Մովսեսը խորհրդանշում է Օրենքը, իսկ Եղիան՝ մարգարեությունները: Եվ Քրիստոս նրանց բերեց ցույց տալու համար, որ Ինքն է լրումը Օրենքի և մարգարեությունների:

Նման սքանչելի տեսարանից զմայլված ու արբեցած՝ Պետրոս առաքյալը բացականչում է. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավար շինենք, մեկը՝ Քեզ համար, մեկը Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»:

Ապա լուսավոր մի ամպ է գալիս, որից հնչող Հայր Աստծո ձայնը, ինչպես մկրտության ժամանակ, ասում է.«Դա՛ է Իմ սիրելի որդին, որին հավանեցի, Նրան լսեք»: Այդ ձայնից աշակերտները խիստ վախենում են և դեմքի վրա գետնին ընկնում: Այնուհետև Հիսուս մոտենալով նրանց՝ ասում է. «Վե՛ր կացեք և մի՛ վախեցեք»: Երբ առաքյալները բացում են իրենց աչքերը, Հիսուսից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում: Լեռան բարձունքից իջնելիս Հիսուս նրանց պատվիրում է մարդկանց ոչինչ չասել մինչև մեռյալներից Իր հարություն առնելը:

Հնում Պայծառակերպության տոնը հայերը մեկ օրվա ընթացքում էին կատարում: Սակայն հետագայում այն ոչ միայն 3 օր դարձավ, այլ կցվեց նաև շաբաթական պահքը և նախատոնակը: Հետագայում գրվեց իրադարձությունը գովերգող Ներսես Շնորհալու կողմից գեղեցիկ ու հոգեզմայլ շարականը՝ նվիրված Վարդավառին:

Ճիշտ է Քրիստոս պայծառակերպվեց հարությունից ու համբարձումից առաջ, սակայն  Վարդավառը տոնում ենք Հարության ու Համբարձման տոներից հետո, քանի որ Քրիստոս Ինքն ասաց, որ Իր մասին չպատմենք մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը:

Տոնը Վարդավառ է կոչվում Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը և բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը, իսկ պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը: Ինչպես նաև վարդը փշերի մեջ է աճում, այդպես էլ Հիսուս հրեաների մեջ երևաց, ովքեր խաչեցին Նրան:

Թաբոր լեռան վրա Քրիստոս պայծառակերպվելով աշակերտներին ցույց տվեց Իր զորությունն ու փառքը մինչ Իր խաչվելը, որպեսզի նրանք իմանան, որ Իր տկարության պատճառով չխաչվեց, այլ կամովին, որպեսզի աշխարհը փրկի:

Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է`հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:


 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

26.07.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․