13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է: Մեր ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք ունի այս տոնի նկատմամբ, որովհետև այսօր նաև հավարտ Սուրբ Պատարագի կատարվում է խաղողի օրհնությունը: Կատարվում է խաղողի միջոցով մեր աշխատանքի արժևորումը և բոլոր բերքերի օրհնությունը, որպեսզի մեր տները մտնեն մեր աշխատանքի արդյունքները, և մենք կարողանանք վայելել այն մինչև մյուս տարի, մինչև մյուս գարուն, երբ նորից սկսենք խաղող աճեցնել և ցորեն ցանել:
Իմ գրասեղանի վրա մի գիրք կա դրված, որ կոչվում է «Հայսմավուրք»: Դա Հայ Եկեղեցու տոնելի սրբերի վարքը և ամենօրյա տոների նկարագրությունն է: Եվ ամեն օր սենյակից դուրս գալուց առաջ ես կարդում եմ այդ օրվա նյութերը: Քանի որ մինչև այսօր «Հայսմավուրք» գրքի ժողովրդական հրատարակությունը գոյություն չունի և դուք հնարավորություն չունեք ընթերցելու այդ գիրքը, ես ցանկանում եմ ձեզ պատմել այն, ինչ որ կարդացի ես այսօր այդ գրքում:
Սուրբ Աստվածածինը երկրային կյանքում հասել էր իր կյանքի հիսունիններորդ տարուն, և մոտենում էր այս աշխարհում իր ապրելու օրերի ավարտը: Գաբրիել հրեշտակապետը, որ տարիներ առաջ տեսիլքով եկավ և ավետեց Աստվածածնին Քրիստոսի Ծննդյան լուրը, եկավ դարձյալ երկիր, ներկայացավ սուրբ Աստվածածնին և ասաց, որ երեք օր հետո Նա ավանդելու է հոգին: Աստվածամայրը ոտքի կանգնեց, դուրս եկավ Իր տնից, գնաց պարտեզ և սկսեց աղոթել: Երբ Նա քայլում էր ծառերի միջով, բոլոր բույսերը և բոլոր խոտերը խոնարհվում էին Նրա առջև: Գաբրիել հրեշտակապետը Նրան հանձնեց նաև արմավենիների ոստերով պատրաստված մի պսակ: Եվ Աստվածամայրը աղոթեց Իր Որդուն և ասաց. «Տեր Հիսուս Քրիստոս, Դու խոստացար, որ Ինձ մենակ չես թողնի այս երկրի վրա, և խոստացար, որ անձամբ կգաս և կստանաս Իմ հոգին»: Երբ Նա վերադարձավ տուն, տեսավ, որ բոլոր առաքյալները հավաքվել են տան շեմքին, առանց մեկը մյուսին լուր տալու, որովհետև այն ժամանակ հեռախոսներ չկային, հեռագրեր չկային, և նամակագրությունը շա՜տ երկար ամիսներ էր տևում: Ուրեմն, առանց մեկը մյուսին լուր տալու հանկարծ բոլորը հավաքվում են Աստվածամոր առջև: Եվ երբ Աստվածամայրը ներս է մտնում և բազմում է Իր մահճին, նրա շուրջը հավաքվում են բոլոր առաքյալները և սկսում պատմություններ պատմել: Այդ ժամանակ Աստվածամորը սպասարկող կանայք և կույսերը հետաքրքրությամբ հարցեր էին տալիս առաքյալներին: Եվ ահա թե ինչ է պատմում Պետրոս առաքյալը: Նա ասում է, որ երբ մեզանից որևէ մեկը պատրաստվում է այն աշխարհ գնալու և ավանդելու իր հոգին, երկու հրեշտակներ են գալիս՝ մեկը` բարության, մյուսը՝ չարության: Եվ եթե մարդը իր կյանքի ընթացքում ավելի մեղքեր է գործել, քան բարի գործեր, ցնծում են դևերը, ցնծում են սատանաները, որովհետև չարության հրեշտակը պիտի ավանդի այդ մարդու հոգին և տանի դեպի դժոխք: Իսկ եթե այդ մարդու արդար գործերն են շատ, նշանակում է՝ բարության հրեշտակը պիտի ավանդի այդ հոգին և այդ մարդու հոգին տանի դեպի դրախտ: Ահա այսպիսի պատմություններով, երգերով և սաղմոսներով անցնում են այդ երեք օրերը, և հանկարծ դղրդում է երկինքը, դղրդում է երկիրը, և նույն Ինքը՝ Հիսուս Քրիստոս, դարձյալ իջնում է երկիր՝ Իր Մոր հոգին անձամբ ավանդելու և ստանալու: Եվ երբ Նա ստանում է սուրբ Կույսի հոգին, բոլորը տեսնում են, թե ինչպես Նրա հոգին ճերմակ, ձյան նման սպիտակ է և տեսանելի բոլորին: Հարցնում են ներկաները, թե ինչո՞ւ է այդ հոգին այդքան սպիտակ, և Քրիստոս պատասխանում է, որ ծննդյան ժամանակ մեզանից ամեն մեկի հոգին այդքան մաքուր և այդքան սպիտակ է: Մեր կյանքի ընթացքում, երբ մենք մեղք ենք գործում, կամաց-կամաց այդ սպիտակությունը փոխվում է սևության:
Քրիստոս պատվիրում է առաքյալներին, որ Աստվածամոր մարմինը զետեղեն մի գերեզմանի մեջ և երեք օր չբացակայեն և երեք օր սաղմոսներ կարդան: Եվ ահա երեք օր անց առաքյալներից մեկը, որ չէր հասցրել ժամանակին գալ, երբ հասնում է Երուսաղեմ, խնդրում է ցույց տալ իրեն Աստվածամոր դին, որպեսզի կարողանա իր հրաժեշտը տալ Նրան: Երբ առաքյալները գնում և բացում են գերեզմանը, տեսնում են, որ այնտեղ միայն սավանը կա, որով փաթաթել էին Աստվածամորը: Նրա մարմինը փոխադրվել էր, ինչպես գրված է «Հայսմավուրք»-ում, այնտեղ, որտեղ պատվիրել էր Քրիստոս:
Սա է, սիրելի հավատացյալներ, սուրբ կույս Աստվածամոր վերափոխման պատմությունը, որ գրված է մեր Եկեղեցու սուրբ գրքերում: Եթե մենք ուշի ուշով կարդացել ենք Ավետարանը, ապա նկատել ենք, որ շատ հաճախ Քրիստոս առակներով սովորեցնում էր մեզ, թե մենք ինչպես պիտի ապրենք: Շատ հաճախ նաև Քրիստոս Իր կյանքի օրինակներն էր առակ դարձնում և Իր կյանքի օրինակով էր սովորեցնում մեզ, թե ինչպես պետք է ապրել, որպեսզի արժանանանք երկնքի արքայությանը: Աստվածամոր վերափոխման այս պատմությունը մի առակ է մեզ համար, մի դաս ևս, մի օրինակ: Ի՞նչ ենք մենք քաղում նրանից: Մենք տեսնում ենք, թե ինչպես, երբ Քրիստոս ավանդեց սուրբ Կույսի հոգին, այն ճերմակ էր: Եվ մենք գիտենք, սովորեցինք այդ պատմությունից, որ ճերմակ են եղել մեր բոլորի հոգիները: Եվ երբ հրեշտակը գա, մենք այնպես պիտի անենք, որ բարության հրեշտակը ավանդի մեր հոգին, որ մեր հոգին, որքան հնարավոր է, ճերմակ մնա մեր կյանքի ընթացքում: Եվ եթե կյանքի ընթացքում սև բծեր այնտեղ լինեն, կարողանանք մեր պահեցողությամբ, մեր աղոթքներով և մեր եկեղեցական մասնակցությամբ նորից ջնջել այդ բծերը և նորից ճերմակացնել:
Սիրելի՛ հավատացյալներ, այս դասով և այս առակով ես մաղթում եմ, որ մեր բոլորի հոգիները միշտ ճերմակ մնան: Հրավիրում եմ ձեզ նաև Սուրբ Պատարագի արարողության ավարտին մասնակցելու Խաղողօրհնեքի արարողությանը, որպեսզի այդ Խաղողօրհնեքի միջոցով բարությունը լցվի մեր բոլորի տները այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Տ. Եզնիկ արք. Պետրոսյան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Վերափոխման տոնին մատուցված Ս. Պատարագին, 17 օգոստոսի 2008թ.)