6 Հոկտեմբեր, Կիր
Աթանաս Սրբազանի զրույցը երիտասարդների հետ Լիմասոլում 2020 թ․ հունվարի 23-ին։
Այս տարի ձեզ հետ որոշեցինք ուշադրություն դարձնել այն կենսական հարցերին, որոնք հատկապես հուզում են ձեզ։ Ինձ ուղղված հարցերից մեկը հնչում է հետևյալ կերպ՝ արդյո՞ք Աստված է սահմանում այն մարդուն, որի հետ պետք է ընտանիք կազմենք։
Մենք բոլորս պետք է իմանանք, որ Տերը ոչինչ չի նախասահմանում մեր կյանքում։ Որովհետև եթե Նա նախասահմաներ մեր կյանքի իրադարձությունները, ապա դա կնշանակեր, որ Նա Իր վրա է վերցրել այն ամենի պատասխանատվությունը, ինչ կատարվելու է մեր կյանքում։ Օրինակ՝ ես դարձել եմ վանական։ Եթե դա Աստծուց նախասահմանված լիներ ինձ համար, ապա ես կարող էի առարկել Աստծուն․ «Ինչո՞ւ ոչ մեկը չհարցրեց ինձ՝ արդյո՞ք ես ուզում եմ վանական լինել»։ Կամ իմ ընտրության անհաջողության դեպքում ես կարող էի պահանջ ներկայացնել․ «Ես չէի ուզում վանական դառնալ, ուստի Աստված է մեղավոր ամեն ինչում»։ Եվ ընդհակառակը, այն դեպքում, երբ ինքս եմ ընտրություն կատարում, ինչի էլ որ դա վերաբերի, այդժամ ինքս եմ պատասխանատվություն կրում այդ ընտրության համար, չէ որ ոչ ոք ինձ չի ստիպել այդ որոշումն ընդունել, անգամ Ինքը Տերը։ Նույնն է ամուսնության հարցում։ Աստված չի նախասահմանում, թե ով պետք է լինի մեր ամուսինը։ Դա բացառապես մեր ընտրությունն է։ Կհարցնեք․ «Իսկ Աստված գիտի՞, թե ով է լինելու ամուսինս»։ Իհարկե, գիտի։ Աստծու համար չկա անհայտ ոչինչ։ Նա ամեն ինչ գիտի, բայց մի պահ կա, որը պետք է հասկանանք։
Այն, որ Աստված գիտի, թե մենք ինչ ենք գործելու, չի որոշում մեր արարքները։ Տերը գիտի, որովհետև հենց մենք ենք նման որոշում կայացնում։ Օրինակ՝ եթե ես ամուսնանամ Մարիայի հետ, ապա դա չի նշանակում, որ ես նրան ընտրեցի, որովհետև Աստված արդեն գիտի։ Աստված գիտի, թե ես ում եմ կնության առնելու, որովհետև ես եմ ընտրել նրան որպես կին։ Աստված չէ, որ որոշում է, որ ես պետք է ընտանիք կազմեմ Մարիայի հետ։ Ես գործում եմ իմ ազատության շրջանակներում։ Ես կարող եմ փոխել իմ որոշումը ամեն պահի։
Ինչո՞ւ է այդքան մարդ ամուսնալուծվում։ Կարծում եք, որ դա Աստծու կա՞մքն է, որպեսզի մարդիկ կործանեն իրենց ընտանիքները։ Ամենևի՛ն։ Իսկ Աստված գիտի՞, որ այդ մարդիկ բաժանվելու են։ Իհարկե, գիտի։ Ինչո՞ւ են հապա նրանք բաժանվում։ Իսկ դա նրանց սեփական ընտրությունն է։ Մարդիկ են որոշում՝ լինել միասին, թե ոչ։ Միակ բանը, որ Աստված ուզում է մեզնից այն է, որ ամուսնության միջոցով փրկենք մեր հոգիները, որպեսզի դառնանք Նրա ճշմարիտ զավակները, որպեսզի միավորվենք Իր հետ և հավերժ Իր կողքին լինենք։ Ինչպես արդեն ասել ենք մեր նախորդ զրույցների ժամանակ, ամուսնության գլխավոր նպատակը մեր երջանկությունը, երեխաների ծնունդը կամ ուրախալի կյանքը չէ։ Այդ ամենն, իհարկե, կարևոր է։ Մենք ուզում ենք երջանիկ լինել, զավակներ ունենալ, լավ աշխատանք, մեծ աշխատավարձ, որպեսզի ամեն անհրաժեշտն ունենանք մեր ընտանիքի, մեր զավակների, մեր կյանքի համար, և այդ ամենը վատ չէ։ Սակայն մենք պետք է իմանանք, որ յուրաքանչյուր արարք, որ գործում ենք, պետք է ունենա գլխավոր նպատակ՝ լինել Քրիստոսի կողքին ինչպես այս կյանքում, այնպես էլ՝ հավիտենական։ Ուստի ինչ էլ, որ պատահի քո կյանքում կամ ընտանիքում (օրինակ՝ ինչ-որ փորձություն, դժվարություն, անհաջողություն, գայթակղություն, ամուսնությունդ փլուզվի, ինչ էլ, որ լինի, անկախ նրանից, թե քո մեղքը կա այդտեղ, թե ոչ, դա արդեն երկրորդական է), դու պետք է օգտագործես իրադարձությունների այդ շրջադարձը հօգուտ քո հոգու։
Անգամ սխալներդ պետք է հոգևոր կողմից ընկալես։ Ինչպե՞ս է դա լինում։ Խոնարհվելով ու գիտակցելով պատասխանատվությունդ, ընդհուպ մինչև մեղքդ գիտակցելը, աղոթելով Աստծուն, որպեսզի ողորմի քեզ և օրհնի, որպեսզի օգնի այդ դժվարությունները հոգևորապես հաղթահարել։ Այդկերպ մեր սխալները կարող են շատ օգտակար լինել, եթե կարող ենք դրանք ընկալել ապաշխարության պրիզմայի միջոցով։ Ահա, օրինակ, գոմաղբը կենդանիների արտաթորանքն է։ Ի՞նչը կարող է ավելի տհաճ լինել։ Սակայն դրանցից ևս կարելի է օգուտ քաղել։ Մենք գոմաղբն օգտագործում ենք մեր բանջարանոցներում, և դրանից ավելի լավ պարարտանյութ չկա։ Դրա ներգործության շնորհիվ մենք առատ բերք ենք ստանում։ Այդ պատճառով պետք է սովորենք ի բարին գործածել անգամ մեր սխալները։
Այսպիսով, բարեկամներ, երբ նայում եք մարդուն, և պետք է որոշեք՝ կլինի նա ձեր ամուսինը (կինը), թե ոչ, իհարկե, նախ և առաջ անհրաժեշտ է աղոթել Աստծուն, որպեսզի սխալ չգործեք։ Սակայն որոշում կայացնելիս հարկ չկա ինքդ քեզ հարց տալու՝ արդյո՞ք Աստված ուզում է դա, կամ արդյո՞ք այս մարդն է նախանշված ամուսինս դառնալու։ Ավելի լավ է հարցնեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք ինքս ուզում եմ, որպեսզի այս մարդը դառնա իմ ամուսինը, արդյո՞ք նա համապատասխանում է ինձ։ Եվ եթե կզգաք, որ այո, ձեզ համապատասխան մարդ է, ապա համարձակորեն առաջ շարժվեք։ Սակայն զգույշ եղեք, որպեսզի ձեր պատասխանատվությունը չգցեք Աստծու վրա։ Քանի որ հենց դո՛ւք պետք է որոշեք՝ այդ մարդը կլինի ձեր ամուսինը, թե ոչ։ Ուստի եթե վաղը կամ մյուս օրը սխալվենք մեր ընտրության մեջ կամ ընդհանրապես ոչ մեկի չընտրենք, ապա պատասխանատվությունը չդնենք Աստծու վրա․ «Տե՛ր Աստված, Դու ես մեղավոր, որ ստիպեցիր ինձ ընտրել այս մարդուն, և որ այժմ ես տառապում եմ նրա կողքին», կամ «որ չեմ կարողանում ինչ-որ մեկի հանդիպել» և այլն։ Այդ ե՛ս եմ ընտրել այս մարդուն, այս աշխատանքը, այս կենսակերպը, և ինքս եմ պատասխանատու դրա համար։ Եթե ամեն ինչ լավ լինի, ապա կփառաբանեմ ու շնորհակալություն կյատնեմ Աստծուն։ Իսկ եթե այնքան էլ լավ չլինի, ապա այդժամ էլ պետք չէ հուսահատվել, այլ հարկ է դիտարկել՝ օրինակ՝ ամուսնության մեջ ահա այս անհաջողությունս կամ մեկ այլ դժվարություն ինչպե՞ս կարող է հօգուտ իմ հոգևոր կյանքի ծառայել։ Հասկացե՛ք, երեխեք, կարևորն այն է, թե որքան հոգևոր ենք ապրում մեր կյանքը։ Այսինքն՝ ինչպիսին էլ որ լինեն կյանքիս հանգամանքները՝ երջանիկ, թե ապերջանիկ, կարևոր է միայն մեկ բան՝ օգտագործո՞ւմ եմ արդյոք այդ իրավիճակը հօգուտ իմ հոգու։
Մի կնոջ գիտեի (նա արդեն այն աշխարհում է), որն ամուսնացել էր բառիս բուն իմաստով իսկական բռնակալի հետ։ Նա իսկական մարտիրոսական կյանք ապրեց նրա կողքին, սակայն լինելով Աստծու մարդ, նա քրիստոնեաբար էր վերաբերվում իր ամուսնուն։ Իհարկե, նա շատ տառապեց նրա պատճառով, անարգանք ու նվատացում կրեց, սակայն այդ բոլորը կարողացավ գործածել իր հոգու փրկության համար։ Այդ կինն իրապես «Սուրբ Հոգու կացարան» էր, և նրա վախճանն էլ սուրբ էր։ Նա կարող էր ասել․ «Աստված է մեղավոր, որ ինձ այսպիսի ամուսին է տվել», սակայն ասաց․ «Այս մարդն իմ ամուսինն է, և ես կջանամ համբերել այս փորձությանը, որ բաժին է հասել ինձ, և կգործածեմ այն հոգևոր օգուտի համար»։ Նա ստիպված էր շատ ջանք թափել, սակայն արդյունքում հաղթեց այդ հոգևոր պայքարում։
Սակայն լինում են իրավիճակներ, երբ մարդ չի կարող դիմանալ, համբերել։ Նա կասի․ «Լավ, այդ կինը կարողացավ ու կրեց իր խաչը, բայց ես չեմ կարող այդպես» կամ «չեմ ուզում»։ Լավ, եթե չես ուզում, ապա իրավունք ունես այլ ընտրություն կատարելու, խոնարհելու գլուխդ ու ասելու․ «Ներիր, բայց ես այլևս չեմ կարող կամ չեմ ուզում շարունակել։ Ների՜ր ինձ, Տե՛ր Աստված, ներեցե՜ք ինձ, մարդի՛կ, ներեցե՜ք ինձ բոլորդ, բայց ես այլևս չեմ կարող այսպես։ Սա իմ ուժերի սահմանն է»։ Սեփական անզորությունն ընդունելը նույնպես խոնարհություն է։ Ասում եմ, որ այլևս ի զորու չեմ տանելու նման կյանքը և խոնարհությամբ որոշում եմ կայացնում փոխելու այն։
Միայն հիշեք, որ պետք չէ դրանում մեղադրել Աստծուն կամ այլ մարդկանց։ Պետք չէ նաև հուսահատվել գործածդ սխալից։ Խոնարհ մարդն իր սխալի համար պատասխանատվությունն ուրիշի վրա չի բարդի։ Նա չի վհատվի, չի ասի․ «Ես սխալ գործեցի և այժմ պետք է հատուցեմ դրա դիմաց։ Կյանքս ավարտված է»։ Նա այլ կերպ կասի․ «Այո, ես սխալ գործեցի։ Ների՜ր ինձ, Տե՛ր։ Բայց ես այլևս չեմ կարող այսպես շարունակել, չեմ կարող մինչև վերջ համբերել»։ Այսինքն՝ ասում եմ Աստծուն, թե ինչ կարող եմ անել, և անում եմ այն, ինչ ուժերիս սահմաններում է։ Ահա այսպես, խոնարհությամբ ու պարզությամբ, մարդը շարունակում է իր կյանքը, փորձելով կառուցել իր հարաբերությունները Քրիստոսի հետ այն պայմաններում, որոնցում գտնվում է։
Ուզում եմ ձեզ ասել, երեխեք, որ հոգևոր կյանքը մեզ երբեք փակուղի չի մտցնում։ Մարդ չի կարող հայտնվել փակուղում նույնիսկ, երբ ամենամեծ սխալներն է գործում․ միշտ ելք կա՝ ապաշխարություն, խոնարհություն, աղոթք։ Քրիստոսն է ելքը։ Օրինակ՝ մարդը ատոմային ռումբ է ստեղծել, պայթեցրել միլիարդավոր մարդկանց և մեն-միայնակ մնացել ամբողջ աշխարհում։ Բայց անգամ նման սարսափելի դեպքում նա միևնույն է փրկության հույս ունի։ Աստված տալիս է նրան այդ հույսը՝ որքան մեծ չարիք էլ, որ գործած լինի, եթե նա կարողանա զղջալ։ Աթոսում ասում են․ «Այրիր Սուրբ լեռն ու ասա՝ Տեր ողորմեա»։ Այսինքն՝ եթե զղջացել ես, ապա ներման արժանանալու իրավունք ունես։ Նման տրամաբանությունը մարտահրավեր է աշխարհիկ գիտակցության համար։ Աշխարհիկ տրամաբանությունն ասում է, որ եթե չարիք ես գործել, ապա անպայման պետք է վճարես դրա դիմաց։
Բոլորիդ հայտնի է, որ ամեն տարի անտառներ են այրվում Հունաստանում, իսկ դրանց հետ նաև մարդիկ են զոհվում։ Մի մարդ եկավ Սուրբ լեռ և խիստ զայրացած լինելով տեղի ունեցողից, սկսեց հայհոյել․ «Ուզում եմ, որ նրանք, ովքեր հրդեհում են անտառները, հենց իրենք այրվեն այդ հրդեհներում։ Պետք է կապել նրանց ծառերին ու թողել այնտեղ՝ այրվող անտառում»։ Անկասկած, մեծ չարիք է այն, ինչ կատարվում է։ Առանց որևէ պատճառի այրում են անտառները, որի պատճառով մարդիկ են զոհվում ու տներ մոխրանում։ Այնուամենայնիվ այդ մարդը պատրաստ չէր ընդունելու այն փաստը, որ հրդեհիչները կարող են զղջալ ու ներում հայցել։ Այո, նրանք հրդեհել են իրենց հայրենիքը, բայց եթե անգամ ողջ աշխարհն են այրել, միևնույն է, կարող են ներում ստանալ։ Իսկ եթե ինչ-որ մեկը որոշի վրեժ լուծել նրանցից դրա համար ու վարվի այնպես, ինչպես այն մարդն էր առաջարկում, ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Այդպես գործում է աշխարհիկ տրամաբանությունը, մենք համաձայն չենք դրա հետ։
Չէ որ եթե հրդեհիչը գիտակցի իր սխալն ու հոգևոր առումով դա գիտակցելով՝ ասի․ «Ամեն ինչ ճիշտ է, ինձ հարկավոր է այրել այնպես, ինչպես ես եմ հրդեհել անտառը, քանի որ դա արել եմ ոչ թե անզգուշաբար, այլ դիտավորյալ, գաղտագողի»։ Եթե նա այդպես խոնարհվի ու ապաշխարի, ապա կփրկվի։ Դեռ սուրբ էլ կդառնա։ Ուզո՞ւմ եք օրինակ բերեմ։ Խնդրեմ՝ ավազակը։ Ո՞վ առաջինը մտավ դրախտ։ Ո՞վ էր առաջին սուրբը, որին Քրիստոս վերցրեց Իր հետ։ Ավազակը, որ սրիկա էր, հանցագործ ու խաբեբա, միգուցե անգամ՝ մարդասպան։ Եվ ի՞նչ կատարվեց նրա հետ։ Նա ապաշխարեց, ներողություն խնդրեց Քրիստոսից, խնդրեց հիշել իր անունը Երկնային Արքայության մեջ, և Քրիստոս պատասխանեց նրան․ «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ․ 23։43)։ Վերջ, այլևս ոչինչ անելու կարիք չկար։ Նրան փրկեց խոնարհությունն ու ապաշխարությունը, հենց դրանում է կայանում Ավետարանի էությունը։ Չի կարելի ասել, որ այն ողջ չարիքի, բոլոր սխալների ու հանցանքների համար, որ գործել եմ իմ կյանքում, ներում ու փրկություն չկա ինձ։ Եթե անգամ ողջ աշխարհն ես պայթեցրել ու մենակ մնացել այս մոլորակի վրա, միևնույն է, փրկության հույս ունես, որովհետև գոյություն ունի ապաշխարություն, որը բխում է խոնարհությունից։ Խոնարհ մարդը միշտ հանգում է ապաշխարության, իսկ հպարտը՝ երբեք, նա միայն հուսահատվում է։
Այսկերպ, երեխեք, բոլոր որոշումները, որ կայացնում ենք մեր կյանքում, մեր սեփական ընտրությունն են, այլ ոչ թե Աստված է նախասահմանում մեր կյանքը։ Մենք ինքներս ենք ընտրում մեր կյանքի ուղղությունը և ինքներս են պատասխանատվություն կրում մեր ընտրության համար։ Անհրաժեշտ է հանգիստ ու պատվով ընդունել բոլոր սխալներդ, մեղքերդ, անկումներդ կամ ձախորդությունները, ջանալով դրանք գործածել հոգեշահորեն։ Իսկ եսասիրությունը դրդում է մեզ հուսահատության, տրտմության, իրերի սխալ ընկալման։ Նման մտածելակերպն օտար է հավատացյալի համար։ Իմ ընտրությունը կայանում է նրանում, թե արդյո՞ք կկարողանամ խոնարհաբար անել այն, ինչ ուժերիս սահմաններում է, ընդորում, ներքուստ վստահ լինելով, որ եթե խոնարհաբար օգնություն խնդրեմ Աստծուց, ապա Նա կօգնի ինձ ավարտին հասցնել սկսածս։
Լիմասոլի միտրոպոլիտ Աթանաս
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը