Գրքեր

Ընտրյալը նա է, ում Աստված է գովում

«Ընտրյալը նա է, ում Աստված է գովում» (Բ Կորնթ. 10:18)

«Несвятые Святые» գրքում Տիխոն եպիսկոպոսը մի դեպք է պատմում, երբ հոգևոր ակադեմիան ավարտած երիտասարդը մոտենում է սրբակյաց ծեր Հովհան վարդապետ Կրեստյանկինին և պարծենալով ասում, որ ինքն աստվածաբան է: Հովհան Կրեստյանկինը զարմանք է արտահայտում և հարցնում, թե չորրո՞րդն ես: Երիտասարդն ասում է, թե ի՞նչ է նշանակում չորրորդը: Եվ ծեր վարդապետը բացատրում է, որ մենք և եկեղեցին երեք աստվածաբան ենք ճանաչում, առաջինը՝ Հիսուս Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննես Աստվածաբան առաքյալին, երկրորդը՝ Գրիգոր Աստվածաբան Նազիազանցուն և երրորդը՝ Սիմեոն Նոր Աստվածաբանին: Սուրբ Եկեղեցին իր երկհազարամյա պատմության ընթացքում այս երեք անձանց է որոշել կոչել աստվածաբան անվամբ: Այսպիսով, ուրեմն դուք չորրո՞րդն եք: Բնականաբար այս խոսքերից հետո երիտասարդը գլուխը կախում է և չի շարունակում պարծենալ:

Ավետարանում Հիսուս նշում է. «Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում» (Հովհ. 7.18): Քրիստոնյայի համար կարևոր է հասկանալ, թե ով ինչ հոգուց է խոսում, որովհետև կարող ենք հանդիպել երեք հիմնական հոգևոր խոսքի, առաջին` երբ մարդն ինքն իրենից է խոսում, երկրորդ` երբ չար ոգիների ներշնչմամբ է խոսում և երրորդ՝ երբ Աստծո շնորհի միջոցով է խոսում: Այս երեք ձեռագրերի կամ խոսքի տարբերելու ունակությունը կարևոր է այնքանով, որ ներկա ժամանակներում կեղծ ուսուցիչներն ու մարգարեները ոչ թե պակասում են, այլ տեղեկատվական աշխարհում ավելի բազմապատկվում են և հասանելի դառնում յուրաքանչյուր անհատի: Եթե մենք սույն ձեռագրերը չտարբերենք, կարող ենք մոլորության մեջ ընկնել, որովհետև Պողոս առաքյալն ընդգծում է, որ սատանան լուսե հրեշտակի կերպարանքով էլ կարող է հայտնվել (Բ Կորնթ. 11.14), որպեսզի մոլորեցնի մարդկանց: Իսկ ինչպե՞ս տարբերել, երբ հաճախ արտաքին հանգամանքներից կողմնորոշվելը դժվար է լինում: Մաքուր սիրտ և մաքուր միտք ունեցող անձանց Երկնավոր Հայրը պարգևում է խորագիտության և իմաստության շնորհով, որպեսզի կարողանան տեսնել, թե ում հետ գործ ունեն իրականում, ինչպես նաև զգուշացնեն իրենց հավատակիցներին, որպեսզի մարդիկ խաբկանքի ու մոլորության մեջ չհայտնվեն: Համենայնդեպս, ընդհանուր առմամբ հատկանշական է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են իրենք իրենցից, հակված են իրենց խոսքով և արարքներով մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել իրենց անվան, անձի շուրջը: Այսպիսի անհատը հնարավոր է շատերին զարմացնի իր ճարտասանությամբ և հոգևոր գիտելիքներով, սակայն նրա խոսքը չունի այն հոգևոր զորությունն ու բժշկությունը, որն Աստծո միջոցով պիտի փոխանցվի դիմացի մարդուն և դարմանի նրա հոգու վերքերը: Արդ, այն անձը, ով սկսում է իր անձը փառաբանել տարբեր կերպերով՝ Աստծուց չի գործում, այլ գործում է ինքն իրենից կամ չար ոգիների ներշնչմամբ: Նա մարդկանց ոչ թե եկեղեցի է բերում, այլ ուղղում է դեպի իր անձը:  Ուստի, մարդկանց ուշադրությունն ուղղորդում է ոչ թե դեպի Քրիստոսը և եկեղեցին, այլ դեպի իր անձը, թեև ամեն օր կարող է խոսել և´ եկեղեցուց, և´ Ավետարանից, և´ քրիստոնեական արժեքներից: Այդպիսի մարդն ինչ-որ անում է, կազմակերպում, անում է իր անունից ու անունով, այլ ոչ թե եկեղեցու կամ որևէ աստվածահաճո կազմակերպության կողմից: Իսկ սուրբ հայրերը յուրաքանչյուր խոսք, գործ կամ նախաձեռնություն իրականացնելիս մշտապես իրենց անձերը մղել են հետին պլան և նույնիսկ չեն ցանկացել, որպեսզի հնչի իրենց անունը, այլ՝ եկեղեցու կամ Աստծու անունը: Ի՞նչն է հիմնական պատճառներից մեկը, որ մարդ շարունակում է փառք փնտրել մարդկանցից և աշխարհից, թեև խոսում է հոգևոր արժեքներից: Ամենագայթակղիչ ծուղակներից մեկը, որը սատանան աշխարհի միջոցով հյուսում է և մեծ ու համեղ թխվածքաբլիթի պես առաջարկում մարդուն՝ հանրահայտ, հայտնի դառնալու սինդրոմն է: Այս երևույթը կարող ենք տեսնել ոչ միայն աշխարհիկ մարդկանց մեջ, այլև հոգևոր աշխարհում և այն դրսևորվում է տարբեր անհատների մոտ տարբեր գայթակղությունների տեսքով, որոնց միջոցով չար ոգիները մարդուն ներքաշում են իրենց ծուղակի մեջ՝ մարդու երևակայությունը պատելով պատրանքներով ու սնափառությամբ: Սա մեծ գայթակղություն է, որից խուսափելն անհնար է լինում, եթե իրական խոնարհության ձգտում չես ունենում: «Հոգևոր պատերազմ» գրքում նշվում է, որ միշտ պետք է վախենալ հոգևոր հպարտությունից, քանի որ այն փուչ է դարձնում մեր բոլոր գործերը: Իսկ Սրբակյաց, ճգնակենցաղ Վարսոնոֆի Օպտինացին նշում է, որ Աստծու համար նախընտրելի է մեղավոր խոնարհը, քան հպարտ ճգնավորը: Հոգևոր կյանքի մեծագույն ձեռքբերումներից է խոնարհությունը: Եվ Հիսուս ասում է. «Սովորեցեք Ինձնից, որ հեզ եմ և խոնարհ սրտով» (Մատթեոս 11.29): Բայց սա այն խոնարհության ընկալումը չէ, որն աշխարհիկ մարդն է հասկանում և նույնացնում խեղճության հետ: Երբ մարդիկ քննադատում են, թե Ավետարանը խոնարհություն քարոզելով սովորեցնում է հլու-հնազանդ հպատակություն և խեղճություն, նշանակում է նրանք կա՛մ չեն կարդացել Ավետարանը, կա՛մ էլ կարդացել են, սակայն չեն ընկալել Ավետարանի պատգամը, որովհետև հոգևոր խորհուրդները դիտարկել են մարմնավոր աշխարհայացքին համապատասխան, հատկապես իրենց անձնական մոտեցումների, ընկալումների մտահորիզոնում: Հոգևոր խոնարհությունը մարդուն օժտում է քաջությամբ, կամքով և ներքին ներդաշնակությամբ: Հիշենք թեկուզ մեկ դրվագ Ավետարանից, երբ եկան Հիսուսին ձերբակալելու, Նա ընդառաջ ելավ նրանց և Նրա զորավոր խոսքից և վեհությունից, խարդավանքի մասնակիցները ետ-ետ գնացին ու ընկան (Հովհ.18.5-6): Խոնարհության մեջ չկա վախ և տագնապ, կասկածներ և տառապանք: Հոգևոր խոնարհությունը լեցուն է աստվածային սիրով ու լույսով: Խոնարհությունը կատարյալ ինքնաճանաչման ուղի է, երբ քեզ տեսնում ես իրապես այնպիսին, ինչպիսին էությունդ է, այլ ոչ թե ինչպես ցանկանում ես տեսնել: Խոնարհությունը նաև սխալը տեսնելու, ընդունելու և ուղղվելու կարողություն է: Եվ ինքդ քեզ իրապես տեսնելով՝ Ադամի նման չես փախչում, թաքնվում Աստծուց, այլ խոնարհ սրտով ու հոգով, լեցուն սիրո լույսով դուրս ես գալիս Երկնավոր Հոր առջև` խոստովանելով քո իրական էությունը, արարքները, ապաշխարություն ապրելով, որը բերում է հոգու խնդություն և խաղաղություն` ընդելուզված աստվածային լույսի երփնավառ զարդանախշերով:  Իսկության մեջ խոնարհությունը բացում է մարդու հոգևոր աչքերը` ցույց տալով իրականությունը և ոչ թե այն, ինչ պարզապես մենք երևակայում ենք մեր մասին և դրանով ընկնում թյուրիացությունների, տառապանքի և պատրանքների մեջ: Այդժամ ինքդ լիովին գիտակցում ես, որ ամեն ինչ Աստծունն է, նաև այն բոլոր կարողություններն ու շնորհները և քո շրջապատում ամեն ինչ, որ ունես կամ չունես և այլևս քո անձով պարծենալու տեղ չունես, այլ միայն Տիրոջով (Բ Կորնթ. 10.17), որովհետև հենց այն կյանքն էլ, որն ունես և ապրում ես, Աստծու կողմից է շնորհված: Այսպիսի խոնարհություն ունեցող անձը ի ցույց չի դնում իր անձն ու անունը, որպեսզի բոլորը տեսնեն և գովաբանեն իրեն: Սրբերի կյանքը մեզ այդպիսի բազմաթիվ հարուստ օրինակներ է տալիս, որոնցով ճշմարիտ քրիստոնյան պետք է առանջնորդվի և ապրի: Այդ ժամանակ անհատն այլևս ինքն իրենից չի գործում, այլ թույլ է տալիս, որպեսզի Աստված իր միջոցով գործի, և նրա հոգևոր խոսքը ստանում է համապատասխան զորություն և լույս, որովհետև տվյալ անհատը ոչ թե պարզապես խոսում է լույսի մասին, այլ դառնում է երկնայինից դեպի երկիր ձգվող բազմաթիվ կանթեղներից մեկը, ուր փայլատակում է Աստծո լույսը և ճառագում ամենուր, քանի որ կենդանի հավատքի խոսքն է բխում, այլ ոչ թե սոսկ խոսքեր: Արդ, մենք պետք է լույս դառնանք, այլ ոչ թե ուղղակի լույսի մասին խոսենք: Երբ ցուրտ է լինում, մարդիկ չեն հավաքվում կտավի վրա գեղեցիկ պատկերված խարույկի մոտ, այլ հավաքվում են իրական, հրե լեզուներով վառվող խարույկի շուրջը, որը ջերմացնում է նրանց ու պաշտպանում ցրտից: Այդպես էլ հոգևոր կյանքում, մարդը պիտի դառնա այդ կենդանի լույսը, որպեսզի այն փոխանցվի և ջերմացնի մյուսներին, այլ ոչ թե պարզապես ինքն իրենից խոսի և իրեն կամա, թե ակամա փառաբանի, որովհետև առաքյալն ասում է. «Քանի որ ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝  նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10.18):

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

04.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․