22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
20-րդ դարի կեսերից յոգայի ուսմունքը և կիրառությունը տարածվեց աշխարհով մեկ: Այն մեծ ճանաչում գտավ հատկապես արևմտյան երկրներում, հասավ անգամ մինչև Հայաստան: Այսօր շատ մարդիկ տարված են յոգայով և դրա առաջարկած վարժություններով: Ի՞նչ է յոգան:
Յոգան սկզբնավորվել է հինդուիստական կրոնից և իրենից ներկայացնում է ֆիզիկական, հոգեմտավոր վարժությունների հավաքածու, որոնց նպատակն է միավորել մարմինն ու միտքը և վերջում մարդուն հասցնել լուսավորության: Կան յոգայի տարբեր տեսակներ` Հաթհա Յոգա, Կարմա Յոգա, Ռաջա Յոգա և այլն, որոնցից արևմտյան աշխարհում լայնորեն տարածվածը Հաթհա Յոգան է: Յոգայի ջատագովները, ովքեր այն առաջարկում են նաև տարբեր կրոնների, գաղափարախոսությունների հետևորդներին, պնդում են, որ յոգայի ուսուցանած վարժություններում մարմնի դիրքերը չեզոք են և անձին չեն ներգրավում հոգևոր գործողության: Ինչպես օրինակ` քրիստոնեական աղոթքի ձև է ծնկաչոք աղոթքը, սակայն ծնկաչոք դիրքն առանձին վերցրած` որևէ մեկին չի ներգրավում կրոնական գործողության, այլ կարող է նաև լինել ինչ-որ բան փնտրելու, ամուսնության առաջարկ կատարելու կամ մեկ այլ նպատակով: Այսօր կիրառվում է յոգայի սկզբունքների, վարժությունների գործածումն անգամ բժշկության մեջ` սրտային հիվանդությունների, ասթմայի, մեջքի ցավի և նույնիսկ հետտրավմատիկ հոգեբանական խախտումների բուժման համար, նշվում է, որ յոգան ունի նաև թերապևտիկ նշանակություն:
Ուրեմն, յոգայի վարժություններն օգտակա՞ր են, և քրիստոնյան կարո՞ղ է զբաղվել յոգայով:
Տարբեր Եկեղեցիներ, Եկեղեցիների պետեր, եկեղեցական փաստաթղթեր անդրադարձել են յոգային` կատարված ուսումնասիրությունների հիման վրա յոգայի հետ կապված հարցին քրիստոնեական պատասխաններ տալով: Այդ պատասխաններում նշված են յոգայի թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը:
1989 թ. Կաթոլիկ Եկեղեցու Հավատքի վարդապետության կոնգրեգացիան կարդինալ Ջոզեֆ Ռատցինգերի (ով հետո դարձավ Հռոմի Պապ` Բենեդիկտոս 16-րդ անունով) գլխավորությամբ փաստաթուղթ հրապարակեց` «Քրիստոնեական խոկման որոշ կերպերի մասին» վերնագրով (այս փաստաթղթի ամբողջական անվանումն է` «Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսներին ուղղված թուղթը քրիստոնեական խոկման որոշ կերպերի մասին»): Քրիստոնեական և արևելյան խոկման տարբերություններին անդրադարձող այս փաստաթղթում նշվում է, որ յոգայի որոշ ֆիզիկական վարժություններ մեքենայաբար առաջացնում են խաղաղության և անդորրության զգացում, հաճելի այլ զգացումներ, գուցե նույնիսկ լուսավորության և ջերմության զգացման երևույթ: Իսկ յոգայի առաջարկած շնչառական վարժությունները, որոնք նույնական են բժշկական վարժությունների հետ, թույլատրելի են` առանց կրոնական կամ միստիցիզմի միտումների և մանտրաների արտասանության:
Սակայն նույն փաստաթղթում հաստատվում էր նաև յոգայի բացասական ազդեցությունը: Զգուշացում էր տրվում հոգևոր և հոգեբանական վտանգների առկայության մասին: Վտանգներից մեկը յոգայի ֆիզիոլոգիական երևույթները հոգևոր երևույթների հետ շփոթելու մեջ է: Դրանց խորհրդապաշտական, միստիկ փորձառության նշանակություն տալը, երբ անձի բարոյական վիճակը չի համապատասխանում այդպիսի փորձառության, իրենից ներկայացնում է մտավոր շիզոֆրենիայի մի տեսակ, որը տանում է հոգևոր խանգարման և երբեմն բարոյական աղճատման:
Կա՞ն յոգայի հետ կապված այլ վտանգներ, որոնք կարելի է առանձնացնել, կամ որոնց առնչությամբ ևս զգուշացումներ են արվել Եկեղեցու կողմից:
Յոգայով զբաղվողներին այն ուսուցանողները` գուրուները, հանձնարարում են նաև մանտրաներ` մեդիտացիայի ժամանակ գործածվող հատուկ բառ կամ բառակապակցություն արտասանել: Յոգայի հայտնի մանտրան է «սօ համ» արտասանությունը, որը հանձնարարվում է ասել հետևյալ կերպ` շնչելիս պետք է արտասանել «սօ», իսկ արտաշնչելիս՝ «համ»: Այս բառերի նշանակությունն է` «Ես եմ, ես նա եմ», այսինքն` ես տիեզերական, ունիվերսալ անձն եմ, ինչը նշանակում է նույնացում աստվածայինի հետ, անձի ձուլումը, միացումը աստվածայինի մեջ և աստվածայինի ձուլումը անձի մեջ: Անծանոթ բառերի արտասանությունը կարող է հակառակ լինել մարդու հավատքին:
2003 թ. Կաթոլիկ Եկեղեցին հրապարակեց «Քրիստոնեական մտորումներ Նոր դար շարժման մասին» 90 էջանոց ուսումնասիրությունը, որը ներկայացնում է Վատիկանի դիրքորոշումն այդ շարժման նկատմամբ: Այդ փաստաթղթում ևս անդրադարձ է կատարվում յոգային հատուկ մեդիտացիային և նշվում են դրա վտանգավոր կողմերը: Ըստ այդմ` մեդիտացիայի կամ խոկման ֆիզիկական վարժությունների վրա սևեռումը կարող է վերածվել մարմնի պաշտամունքի, ինչպես նաև մարմնական վիճակները՝ միստիցիզմի, իսկ խորհրդապաշտության հետ հավասարեցնելը կարող է տանել հոգեկան խանգարման և բարոյական աղճատման: Նմանատիպ փորձառությունը կարող է հետևանք լինել քրիստոնեական խոկման քրիստոսակենտրոն բնույթի կորստի, քանզի առկա է առավել կենտրոնացում սեփական անձի վրա, քան` Քրիստոսի: Վաղ քրիստոնեական շրջանում ևս Եկեղեցին պայքարում էր գնոստիկ հավատալիքի դեմ, ըստ որի` փրկությունը գալիս է ոչ թե հավատքով, այլ ներքին` միստիկ գիտելիքի միջոցով:
Ներկայացվեց յոգայի, մեդիտացիայի վերաբերյալ Կաթոլիկ Եկեղեցու դիրքորոշումը: Իսկ այլ Եկեղեցիներ տեսակետներ ներկայացրե՞լ են յոգայի վերաբերյալ:
2009 թ. մայիսի 25-ին Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետը` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Մոսկվայում տեղի ունեցող Համաշխարհային ռուսական համագումարի շրջանակներում հանդիպում ունեցավ երիտասարդության հետ, որի ընթացքում նա նույնպես անդրադարձավ յոգային և իր կարծիքը հայտնեց դրա վերաբերյալ: Յոգան ընդհանուր առմամբ կազմված է երկու բաղադրիչներից, որոնցից մեկը ֆիզիկական վարժություններն են: Այդ վարժությունների տեխնիկայի մեջ որևէ վատ բան չկա, երբ հոգևոր ինչ-որ ուսմունքից և նախատրամադրվածությունից անկախ են կատարվում: Կաթոլիկ Եկեղեցին ևս բժշկական նպատակներով թույլատրելի է համարել որոշ վարժությունների կիրառումը: Սակայն Կիրիլ Պատրիարքը հիշեցրեց, որ, այդուամենայնիվ, յոգան ամենևին էլ ֆիզկուլտուրա չէ, այլ հենվում է բոլորովին որոշակի կրոնի վրա և ենթադրում համապատասխան հոգևոր պրակտիկա: «Յոգան ուղեկցվում է մեդիտացիայով, որին վերաբերվում եմ մեծ զգուշավորությամբ»,- ասաց Պատրիարքը: Նա նաև հավելեց, որ այդ տեսակի գործելակերպի ժամանակ կարող է քայքայվել մարդու ազգային ինքնագիտակցությունը, նրա մշակութային ինքնությունը: Այսպիսի տպավորություն Կիրիլ Պատրիարքը ստացել էր Հնդկաստան կատարած իր այցի ընթացքում այնտեղ բնակվող ռուսների հետ հանդիպումից, ովքեր բոլորովին այլ արժեքների և այլ աշխարհընկալման կրողներ են: Ուսանողների հետ հանդիպման ավարտին Կիրիլ Պատրիարքն զգուշացրեց երիտասարդներին մեդիտացիայի փորձեր կատարելուց:
Իրապես, յոգայի նպատակը մեդիտացիան է: Հանուն մարմնական առողջության յոգայով զբաղվող մարդն արդեն իրեն նախապատրաստում է որոշակի հոգևոր ընկալումների և նույնիսկ զգացումների, որոնց հանդեպ ինքը սկզբնապես գուցե նախատրամադրվածություն չի ունենում: Եվ ի վերջո, յոգան փնտրտուք է ոչ թե Աստծո, այլ նույնիսկ առանց Աստծո հոգևոր զգացումների, մխիթարության: Յոգան ճանապարհ է, որը շեղվում է դեպի կեղծ միստիցիզմ և կարող է տանել ոչ թե դեպի Աստված, այլ բոլորովին հակառակ ուղղությամբ:
Հոգևորն արժևորելու կամ ներքին խաղաղություն գտնելու յոգայի նպատակն արդյո՞ք չի համընկնում հոգին առավել կարևորելու, հոգևոր խաղաղություն ձեռք բերելու, Աստծո հետ միության հասնելու քրիստոնեական վարդապետության հետ, ըստ որի էլ և յոգայով զբաղվող մարդը կարող է նաև հոգևոր օգուտներ ունենալ:
Քրիստոնեության և յոգայի, նաև հնդկական կրոնական փիլիսոփայության նմանությունների վերաբերյալ սխալ պատկերացումներին անդրադարձել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը:
Հնդկական փիլիսոփայության դուալիզմի համաձայն` աշխարհում երկու սկիզբ կա` մատերիա և հոգի: Կյանքը գոյավորվում է այդ երկու սուբստանցիաների միացումից, որոնք բոլորովին տարբեր են, բայց չեն գիտակցում իրենց տարբերությունը և ձգում են միմյանց: Բավական է, որ մարդու հոգին հստակ գիտակցի իր բնության տարբերությունը մատերիայի բնությունից և խորապես ներթափանցվի այդ գիտակցությամբ, այն կազատվի մարմնի հետ կապից և մահից հետո կտարրալուծվի հոգևոր սուբստանցիայի մեջ: Դրա համար էլ ոմանք յոգան անվանում են մահվան արվեստ:
Թվում է, թե ուղղափառ ճգնակեցության ուսմունքը համահունչ է յոգայի նմանատիպ ուսուցմանը: Բայց իրականում տարբերությունը սկզբունքային է: Միտքը մարմնի մասին, որպես հոգու բանտի, հեթանոսական ծագում ունի և հակառակ է քրիստոնեությանը, ըստ որի` կենդանի մարդու մարմինը Սուրբ Հոգու տաճարն է (Ա Կորնթ. 3.16, 17, 6.19, Բ Կորնթ. 6.16, Եփ. 2.21-22, Ա Պետ. 2.5): Քրիստոնությունն ուսուցանում է նաև մարմնական հարության մասին, երբ մարդկային մարմինները, սակայն, վերափոխվելու են հարուցյալ մարմինների (Ա Կորնթ. 15.35-55): Յոգան մարդուն առաջարկում է ինքնակատարելագործման սխալ ճանապարհ, ճանապարհ, դեպի որը առաջին մարդուն շեղեց սատանան` գայթակղելով նրան Աստված դառնալու հնարավորությամբ (Ծննդ. 3.1-5): Յոգայի ուսուցիչները յոգան մատուցում են որպես արտակրոնական կամ համակրոնական վարժությունների համակարգ, որ տանում է առողջության, ինքնակատարելագործման և ամենաշատը` ինչ-որ վերացական լուսավորության: Յուրացնելով յոգայի տարբեր դիրքերի տեխնիկան` մարդն անխուսափելիորեն հետագայում ընկղմվում է դրանց հոգևոր նշանակության մեջ, վարժությունների իմաստը հասկանալու համար լրացուցիչ գրականություն ընթերցում: Այն գիտակցումը, որ յոգան գալիս է այլ կրոնից, մարդուն հոգեբանորեն կապում է այլ կրոնի ուսմունքի հետ:
Երբ առողջական նպատակներով բժշկի հանձնարարությունն է լինում յոգայով զբաղվելը, ապա այդ դեպքում հարկավոր է դա քննարկել հոգևորականի հետ: Հոգևորականը, քննելով անձի հակումները, հավատքի խորությունը, կարող է կարևոր խորհուրդներ տալ և որոշակիացնել, թե յոգային հատուկ վարժություններով զբաղվելը որքանո՞վ է օգտակար և կամ ի՞նչ աստիճանի վտանգ է առկա քրիստոնյայի հոգևոր կյանքի համար:
Սակայն կարո՞ղ են քրիստոնեության և յոգայի ուսմունքի մեջ առկա նմանություններն առանձին վերցրած օգտակար լինել, և քրիստոնյան հատկապես դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնելով` զբաղվի յոգայով:
Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Անաստասիոս Յաննուլատոսը ժամանակին անդրադարձել է յոգայի խնդրին և ներկայացրել քրիստոնեությունից բոլորովին տարբեր յոգայի ուսմունքի հիմնական դրույթները:
Յոգայի վարժությունները սերտորեն կապված են հինդուիզմի փիլիսոփայա-կրոնական տեսությունների և աքսիոմաների, հատկապես վերամարմնավորման ուսմունքի հետ: «Յոգա» բառը նշանակում է ձուլում, միություն, կապ: Այն ցույց է տալիս միջոցներն ու ճանապարհներն անդրանցական իրականության հետ միության, մեր աշխարհի բազմազան կապերից ու պատրանքներից մարդու ազատության և Բացարձակի հետ միավորման: Յոգան հորդորում է վերահսկողության մարմնի, կենսականորեն կարևոր օրգանիզմի էներգիայի, շնչառության, զգացումների վրա: Այնուհետև գալիս են հաջորդ փուլերը` մեդիտացիա, մտասևեռում, ընկալում, գիտակցում և ազատություն:
Մեդիտացիան կատարվում է անդրանցական իրականության հետ ձուլմամբ: Վերջնական փուլին հասած մարդն ազատվում է էքզիստենցիալ ոլորտից և փրկություն ձեռք բերում: Այս վերջին փուլում յոգը հասնում է անգամ ինքնագիտակցության հաղթահարման, արդեն չի ընկալում շրջապատի երևույթները, չի ընկալում իրեն: Նրա հոգին այլևս ազատ է հիշողությունից ու մոռացությունից, ինչը և համարվում է լուսավորություն: Այդ տեխնիկան ուղղված է Բացարձակի հետ միությանը, դրա համար քրիստոնեության կենտրոնական ճշմարտությունները` Քրիստոսի մասին որպես Փրկչի, շնորհի, անշահախնդիր սիրո, կենսատու Խաչի վերաբերյալ ոչ մի նշանակություն չունեն: Մեդիտացիայի բոլոր համակարգերը, վարժությունները համապատասխանում են հինդուիզմի մտածողական չափանիշներին և կրոնական դոգմաներին, որոնք արմատապես տարբերվում են քրիստոնեական Ավետարանի ուսմունքից այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսիք են Աստծո, աշխարհի, մարդու, մահվան, փրկության մասին գաղափարները:
Հոգևոր կյանքն աստվածային շնորհի պարգև է և ոչ թե անկախ մարդակենտրոն տեխնիկայի ձեռքբերում: Բացի դրանից, ուղղփառ քրիստոնեության մեջ առկա է իսիխազմի փորձառությունը, երբ որոշակի կրոնական պայմաններում կարելի է հասնել սուրբ հոգևոր կյանքի Քրիստոսի մեջ, խաղաղության և իսիխիայի` անդորրի` սիրո մեջ: Անաստասիոս Յաննուլատոսի վկայակոչած իսիխազմը միստիկ և ճգնավորական փորձառություն է, որը հատուկ է արևելյան քրիստոնեությանը 11-րդ դարից ի վեր: Անվանումը ծագում է հունական արմատից` «լռության մեջ» նշանակությամբ «ἡσυχασμός» կամ «ἡσυχία» բառից, որ նշանակում է հանդարտություն, հանգիստ, լուռ, լռություն: Իսիխաստները (հուն.` Ἡσυχαστής) պնդում են, որ իրենք կարող են հասնել հոգեզմայլանքի` նստելով լռության մեջ և կրկնողաբար աղոթելով: Նրանք նաև հայտարարել են, որ տեսել են Աստծո «անստեղծ լույսը»: 1351 թ. Բյուզանդական Եկեղեցին պաշտոնապես ընդունեց իսիխազմը, և դրա ջատագովներից Գրիգոր Պալաման (1296-1359) սուրբ հռչակվեց: Ավետարանի մեջ կարող ենք տեսնել լռության մեջ խոկման, աղոթքի, Աստծո հետ հաղորդակցության պատվերներ. «Երբ աղօթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները» (Մատթ. 6.6), «Աստծո արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17.21), «ով մերձենում է Տիրոջը մեկ հոգի է դառնում նրա հետ (Ա Կորնթ. 6.17): Սուրբ Գրիգոր Տաթևացին Մովսես մարգարեի` Սինա լեռը բարձրանալու օրինակով խոսում է աստվածաբանության բարձրագույն ձևի մասին, քանզի երբ ամեն իմանալի ու զգալի իրողություն մի կողմ ենք թողնում, մտնում ենք ամպի ու մեգի մեջ Մովսեսի նման (Ելք 24.15-18) և ապա տեսնում ենք Աստծուն` վեր ամեն էությունից: Տաթևացու այս ուսուցումը հիմնված է Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու խորհրդապաշտական աստվածաբանության դատողությունների վրա: Սա նշանակում է, որ քրիստոնեությունը ևս ունի խոկման, մտասևեռման, աստվածայինի հետ միավորման հնարավորությունը և փորձառությունը` հատկապես հիմնված ճիշտ աստվածընկալման ու աշխարհընկալման վրա, և կարիք չկա հոգևոր բարձրագույն զգացումներ ունենալու, ինչպես և ներքին խաղաղություն ու ներդաշնակություն, Աստծո հետ միությունը, այդ միության երանությունը զգալու համար դիմել այլ կրոնների ուսմունքների, որոնք մերժելի են քրիստոնեության կողմից:
Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին որևէ կարծիք ներկայացրե՞լ է յոգայի մասին:
Հայ Եկեղեցու դիրքորոշումներն այս կամ այն հարցի վերաբերյալ ամփոփված են եկեղեցական կանոնագրքում, արտահայտված են նաև տարբեր եկեղեցական հեղինակների կողմից: Ներկա ժամանակներում, սակայն, երբ ի հայտ են եկել նոր երևույթներ, և նոր պայմանների մեջ է ընթանում քրիստոնեական կյանքը, արդիական հարցերին անդրադարձ է կատարվում Եկեղեցիների կողմից հրապարակվող համապատասխան պաշտոնական փաստաթղթերով, որպիսիք լայնորեն կիրառում է Կաթոլիկ Եկեղեցին, և հատկապես սոցիալական հայեցակարգով, որը Հայ Առաքելական Եկեղեցին դեռ չունի: Սակայն նման արդիական հարցերին պարբերաբար անդրադառնում են առանձին եկեղեցականներ, ժողովական մարմիններ, որով հստակեցվում է Եկեղեցու դիրքորոշումը:
Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներից յոգայի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարել Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այդ ուսումնասիրության վերնագիրն է «Ես եմ ճանապարհը. քրիստոնեության և յոգայի, թեոսոֆիայի, անթրոպոսոֆիայի աստվածճանաչողական համակարգերի ընդհանուր ուրվագծեր և քննական-համեմատական տեսություն»: Այն հրատարակվել է դեռևս Պարգև Սրբազանի եպիսկոպոսության ժամանակ «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի կողմից: Աշխատության հիմքում ընկած է Սրբազան Հոր ծայրագույն վարդապետական թեզը: Գրքի սկզբում Պարգև Սրբազանը գրում է. «Յուրաքանչյուր Եկեղեցի ունի իր ավանդությունը, հոգևոր խնդիրների քննության և լուծման իր ուրույն մոտեցումները: Եվ որևէ ուսմունք, որ փորձում է արմատավորվել մեր հայրենիքում, պետք է մանրազնին քննության ենթարկվի Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետության տեսանկյունից և ներկայացվի մեր ժողովրդին, որպեսզի անտեղյակությունը պատճառ չդառնա շեղման և օտարամոլության: ...Հուսով ենք, որ այս գիրքը նոր լույս կսփռի նրանց գիտակցության վրա, ովքեր, անտեղյակ լինելով քրիստոնեական աստվածճանաչողությանը, չեն պատկերացնում, թե ինչպիսի անդունդ է բաժանում քրիստոնեությունը ոչ քրիստոնեական խորհրդապաշտական ուսմունքներից»:
Պարգև Սրբազանը ևս նշում է յոգայի հիմնված լինելը հնդկական կրոնափիլիսոփայական ուսմունքների, վերամարմնավորման գաղափարի վրա: Ըստ այդմ` յոգայի նպատակը ես-ի բազմաթիվ մարմնացումների` սանսարայի կամ սամսարայի (սանսկրիտերենից թարգմանաբար նշանակում է թափառում, շրջագայում) շրջանակներից դուրս գալն է, ինչն իրագործվում է գործնական յոգայի վերջին փուլում` սամադհիում, աստվածային Ես-ի հայեցողությամբ:
Բավականին տարբեր են հոգու մասին քրիստոնեության և յոգայի ուսմունքները: Յոգայի փիլիսոփայությունն ուսուցանում է, որ հոգին` սանսկրիտերենով` ատմանը, լինելով միակ իրականությունը, գտնվում է ամենուրեք և ամեն ինչում, բայց ոչ իբրև առանձին մասնիկ: Եթե յուրաքանչյուր մարդու պատկերացնենք որպես ուլունքի հատիկ, ապա հոգին այն ոսկե շղթան է, որի վրա հագցված են այդ ուլունքները, այն գտնվում է հատիկներից յուրաքանչյուրի մեջ և անցնում է բոլորի միջով:
Տարբերություններն ակնհայտ են նաև մարդու մարմնի մասին ուսմունքում: Յոգայի փիլիսոփայության համաձայն` մարդը բաղկացած է յոթ սկիզբներից՝ ճշմարիտ Ես-ը հոգին է, իսկ մնացած վեց սկիզբները հոգու դրսևորումներն են ստորին ոլորտներում: Մարդու յոթ սկիզբներն են` ֆիզիկական մարմին, աստրալ մարմին, կենսական ուժ, բնազդային միտք, խելամտություն, հոգևոր միտք, հոգի:
Քրիստոնեական վարդապետության հետ համեմատած` լուրջ հակասություն կա աստվածային ներազդեցության տեսակետի շուրջ: Ըստ յոգայի` բարձր ներշնչումները, տեսիլքները, աստվածային հայտնությունները, որոնք հաճախ վերագրվում են արտաքին ազդեցությանը, հիմնականում մարդու մեջ գտնվող և նրա հետ խոսող գերագույն Ես-ի ձայնն է: Հոգևոր մտքի գոյության մասին իմանալով` մարդն ըմբռնում է նրա ներշնչանքներն ու ցուցումները, և երբ վստահում է հոգուն, այն պատասխանում է` առաքելով պայծառատեսության և լուսավորության հաճախակի շողարձակումներ: Մինչ քրիստոնեության մեջ ուսուցանվում է Սուրբ Հոգուց հեղվող աստվածային շնորհների, մարդու հոգևոր կյանքում գերբնական ազդեցության ու նախախնամության մասին, յոգայի փիլիսոփայությամբ այս ամենն ամփոփվում է միայն մարդու մեջ` որպես մարդու հոգուց իրեն եկող, այսինքն` մարդկային անձից ինքն իրեն տրվող զորություն: Այսպիսով, հոգևոր կյանքում աստվածակենտրոնությունը փոխարինվում է մարդակենտրոնությամբ, ավելի ճիշտ` անձնակենտրոնությամբ կամ ինքնակենտրոնությամբ:
Յոգայի ուսմունքի մարդակազմության պատկերացմանը հատուկ է աուրայի հասկացությունը, ըստ որի` զարգացած հոգեկան տեսողություն ունեցող անձերը կարողանում են տեսնել մարդու աուրան, որը նրան ձվաձև պարուրող լուսե ամպն է, և որի տարբեր գույները հուշում են տվյալ մարդու հատկությունների մասին:
Քրիստոնեության և յոգայի ու նմանատիպ խորհրդապաշտական ուսմունքների արմատական տարբերությունը հետևյալն է. քրիստոնեության մեջ Աստված անձ է, մարդուն խնամող, փրկող, մինչդեռ խորհրդապաշտական ուսմունքներում Աստված գրեթե միշտ անանձ է և կրավորական` մարդու հանդեպ: Տիեզերքը ոչ թե Աստծո արարչությունն է, այլ սոսկ Նրա հեղումը` էմանացիան, իսկ մարդն իր էությամբ անմահ է, քանի որ նրա ես-ը համագո է Աստծուն: Ըստ քրիստոնեության` տիեզերքն Աստծո արարչագործությունն է, մարդն ունի առանձին անմահ հոգի և ոչ թե հոգին բոլորի համար մեկ է և անցնում է բոլորի միջով: Մարդը կամ նրա ես-ը համագո չեն Աստծուն, այլ մարդն Աստծո արարչագործության պսակն է: Յոգայի ուսմունքը շեշտում է մարդու բազմակի մարմնավորումները, ինչը միանգամայն մերժելի է քրիստոնեության կողմից:
Տրամաբանական անիմաստություն է երևում յոգայի և հինդուիստական նման ուսմունքներում: Եթե մարդիկ Աստծո մասնիկներն են, որ պատվում են տարբեր մարմիններով, ուրեմն մարդ գոյություն չունի, այլ գոյություն ունի Աստված` իր տարբեր մասնիկներով, որով և մարդկային աստվածճանաչողությունը դառնում է այդ ենթադրյալ աստծո կողմից ինքնաճանաչողություն, իսկ փրկությունը` ինքնափրկություն: Ոչ քրիստոնեական խորհրդապաշտության մեջ գործուն է մարդը, և պասիվ է աստված. մարդն իր փրկությունը կարող է ձեռք բերել իր հոգեմտավոր գործողություններով ու փորձառությամբ, չնայած որ այդ փրկությունը, վերոնշյալ դատողության համաձայն, աստվածային ինքնափրկություն է: Յոգայի ուսմունքի մեջ գործնական և կենտրոնական տեղում մարդն է: Այսպես մտածողների մասին է ասում Պողոս առաքյալը. «Եվ անեղծն Աստծու փառքը փոխեցին` այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի» (Հռոմ. 1.23):
Կարո՞ղ ենք համառոտ ներկայացնել քրիստոնյայի համար յոգայով զբաղվելու պատճառով առաջ եկող անցանկալի հետևանքները:
Փաստն այն է, որ հնդկական մեթոդիկայի ողջ ուղղվածությունը եղել և մնում է կրոնական կամ մերձկրոնական: Հետևաբար, յոգան ունի այլ կրոնական հիմք, որը հակասում է քրիստոնեությանը, վտանգներ կան ֆիզիոլոգիական երևույթները հոգևոր երևույթների հետ շփոթելու: Սուրբ Գրքի հայտնությանը, Ավետարանի վարդապետությանը չհամապատասխանող կրոնական այլ ուսմունքի վրա հիմնված լինելով` յոգան մարդուն հակում է այդ կրոնի գաղափարների ընդունմանը: Յոգայի մեդիտացիայի ժամանակ արտասանվող մանտրան հակառակ է քրիստոնեական ուսմունքին:
Այս ամենից զատ, յոգան առաջացնում է կեղծ կրոնական զգացումներ, բերում քրիստոնեական տեսակետից կեղծ միստիցիզմ, վերացնում քրիստոնեական խոկման քրիստոսակենտրոն բնույթը և հաստատում մեդիտացիայի մարդակենտրոն բնույթը: Պետք է իմանալ, որ հոգևոր կյանքն իրականանում է աստվածային շնորհի զորակցությամբ և ոչ թե անկախ մարդակենտրոն տեխնիկայի ձեռքբերում է:
Կաթոլիկ Եկեղեցու ուսումնասիրությունների ու եզրակացության համաձայն` թույլատրելի է համարվել բժշկական վարժություններին համապատասխանող յոգայի որոշ վարժությունների օգտագործումը, որոնք ստեղծված չեն կրոնական հիմքի վրա և առանձին դեպքերում նշանակվում են բարձրակարգ բժիշկ-մասնագետների կողմից` նպաստելու մարդու առողջության բարելավմանը:
Տեր Ադամ քհն. Մակարյան