Զատկական միջոցառում ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ում

Համաշխարհային պատմության մեջ նշանավոր և աշխարհացունց իրադարձություն է Քրիստոսի Հարությունը: Այդ օրը ողջ մարդկությունը, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրը, ստացավ փրկության հույսը. Հարություն առավ Քրիստոս:

Մեր հավատքը իմաստավորվում է Քրիստոսի Հարությամբ: Քրիստոնեական միջավայրում թե՛ ծնողի և թե՛ մանկավարժի համար անչափ կարևոր է, որ երեխայի հավատքը փոքրուց իմաստավորվի և աճի Քրիստոսի հրաշափառ Հարությամբ:

Այս կարևոր նպատակին է հետամուտ լինում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ը, որտեղ կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և կրոնի մանկավարժի շնորհիվ սաներն ու ծնողները հաղորդ են դառնում քրիստոնեական ճշմարտություններին: Սուրբ Զատկի տոնին կրոնի մանկավարժ Ռուզաննայի գլխավորությամբ կենտրոնի սաները պատրաստել էին միջոցառում:

«Ցերեկային կենտրոն»-ի սաները, մանկավարժները, ծնողները հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ միջոցառումը սկսեցին Տերունական աղոթքով:

Փոքրիկ Գոռի ջութակի հնչողության ներքո ազդարարվեց միջոցառման սկիզբը:

Իսկ թե այս տարի, ըստ եկեղեցական տոնացույցի, ո՞ր օրն ենք նշում Սուրբ Զատիկը, շարժական է, թե՞ անշարժ տոն, ի՞նչ է նշանակում այդ բառի հոգևոր իմաստը, ի՞նչ շրջան և շաբաթ է նախորդում Սբ. Զատկի տոնին, ինչպե՞ս ենք ողջունում միմյանց Սբ. Զատկին և նրան հաջորդող օրերին, ի՞նչ ավանդություններ և ժողովրդական սովորություններ են պահպանվել առ այսօր, ի՞նչ են պատմում ավետարանիչները Քրիստոսի Հարության մասին, ո՞րն է Սբ. Զատկի խորհրդանիշը, այս հարցերի պատասխանները մանրամասնորեն ներկայացրեցին «Ցերեկային կենտրոն»-ի սաները:

Միջոցառման ավարտին երեխաները զատկական ավետիսով`«Քրիստոս յարեաւ ի մեռելոց», ողջունեցին ներկաներին:

Ապա Տեր Գրիգորը կենտրոնի սաներին, ծնողներին և մանկավարժներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու շնորհավորանքը Սուրբ Զատկի տոնին նվիրված: «Մեծ ուրախություն պարգևեցիք մեզ, ձեզանով ուրախանալու դեռ շատ առիթներ կունենանք: Վստահ եմ, նոր կյանք մտնելով, քրիստոնեական ամուր ընտանիք կկազմեք՝ աստվածահաճո ընթացք ունենալով: Սուրբ Զատիկը զատեց մեզ մեղքից, քանդեց դժոխքը, Քրիստոս Հարություն առավ՝ ցույց տալով մեզ նոր կյանքը: Թող Հարության լույսը միշտ վառ մնա բոլորիս հոգում», -ասաց Տեր Հայրը և պահպանիչ աղոթքով եզրափակեց իր խոսքը:

Սրբազան հոր կողմից սաների համար զատկական նվերը զատկական սեղանն էր, որի շուրջ նստելով, նրանք անմիջապես անցան ձվախաղերի:

«Սուրբ Զատիկը ինձ համար ուրախության տոն է, քանի որ Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն առավ»,- ասաց կենտրոնի սաներից իննամյա Գոռը: Նա տոնի հետ կապված իր ուրախության մասին պատմում է նաև իր ընկերներին և ուրախությամբ նշեց, որ ինքն այս տոնին ընտանիքով գնալու է եկեղեցի:

14-ամյա Արթուրն ասաց, որ Սուրբ Զատիկը բացառիկ դեպքերից մեկն է, Հիսուս հարություն առավ, հաղթեց մահվանը և Նրա գերեզմանը թափուր է:

Հայկական Կարմիր խաչ ընկերությունը մեկ տարուց ավել է, ինչ իտալական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում ծրագրի շրջանակներում համագործակցում է Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ի հետ: Միջոցառմանը Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի

աշխատակցուհի Սոնա Գևորգյանի հետ «Ցերեկային կենտրոն» էին հյուրընկալել Բրիտանական Կարմիր խաչ ընկերության երկու կամավորները՝ Ջեսին և Ջենին, ովքեր եվրոպական կամավորական ծառայության ծրագրի շրջանակներում առաջին անգամ էին Հայաստանում: Նրանք դիտեցին կենտրոնի սաների կողմից կավից պատրաստված աշխատանքները և հիացան՝ նշելով, որ բոլոր աշխատանքներում մի առանձնահատուկ ձեռագիր կա՝ հայկական ձեռագիր:

Այսպես, տոների տոնի՝ Սուրբ Զատկից բխող անբացատրելի ուրախությունը պատել էր բոլորին՝ հիշեցնելով կյանք պարգևող Քրիստոսի այն խոսքերը, որ Նա ասաց Իր Հարությունից առաջ. «Ես ապրում եմ, դուք էլ կապրեք» (Հովհաննես 14:19) և «Այս բաները ասացի ձեզ, որպեսզի Իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհաննես 15:11):

 

Կարինե Սուգիկյան

05.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․