Գրքեր

«Զգո՛ւյշ եղեք, մի՛ արհամարհեք այս փոքրիկներից և ոչ մեկին»

Քրիստոնյա ընտանիքի առաջին խնդիրը երեխաներին Տիրոջ խոսքի համաձայն դաստիարկելն է: Իսկ դաստիարակության սկիզբը երեխաներին մկրտությամբ դեպի Աստված բերելն է: Նորածիններին մկրտելը ծնոնղների անմիջական պարտականությունն է: Եվ այդ պարտականությունը Տիրոջ կողմից դրված է նրանց վրա ի սկզբանե: Եթե ծնողի համար քրիստոնեական հավատը մեծ բարիք է, ապա նա չի կարող զրկել իր երեխային այդ բարիքից: Եթե Քրիստոսի հետ միությունը մարդու համար մեծագույն երջանկություն է, ապա իր երեխային սիրող ոչ մի ծնող չի կարող նրան զրկել այդ երջանկությունից: Ցավալի է լսել որոշ քրիստոնյա ծնողների պատճառաբանությունը, թե իրենց երեխան կմեծանա, կհասկանա, թե ինչ է մկրտությունը, նոր կմկրտվի, նոր Քրիստոսին կմոտենա: Նման ծնողները թույլ չեն տալիս երեխաներին Քրիստոսին մոտենալ՝ պատճառաբանելով, թե չեն ցանկանում սահմանափակել իրենց երեխաների կրոնական ազատությունը, բռնանալ նրանց կամքին: Իսկ որոշ ծնողներ էլ ասում են՝ գուցե մեր երեխաները մեծանալով դառնան այլ կրոնի հետևորդ: Ճշմարիտ քրիստոնյա ծնողի համար խորթ է նման միտքն ու գործելակերպը. նրանք շտապում են իրենց երեխաներին մասնակից դարձնել այն բարձրագույն բարիքին, ինչն իրենք են վայելում, շտապում են իրենց երեխային մոտեցնել Քրիստոսին:

Մկրտությանը պետք է հետևի երեխայի քրիստոնեական դաստիարակությունը, այս մասին հայրաբանական գրականության մեջ կարդում ենք՝ այն, ինչ սովորում է երեխան փոքր տարիքից, կպահի ողջ կյանքի ընթացքում: Եթե բարության և Տիրոջ հանդեպ երկյուղով դաստիարակվի, այդպիսի կյանք էլ կունենա, իսկ չարին սովորելով՝ չարաբարո կյանք կունենա: Երեխաների քրիստոնեական դաստիարակությունն ընտանիքի երջանկության բանալին է: Այս մասին առանձնահատուկ ընդգծում են թե՛ Քրիստոս և թե՛ առաքյալները: Ավետարանում կարդում ենք երեխաների հանդեպ Քրիստոսի սրտացավ վերաբերմունքի հուզիչ պատմությունը: Հոգատար մայրերը, հետևելով Քրիստոսին և Նրա աստվածային ուսմունքին, ցանկանում էին իրենց երեխաներին հաղորդ դարձնել այն օրհնությանը, որ բխում էր Տիրոջից, ցանկանում էին, որ Քրիստոս ձեռքը դնի նրանց վրա, բայց աշակերտները սաստեցին նրանց: Երբ Հիսուս այս տեսավ, բարկացավ և սաստեց աշակերտներին՝ ասելով. «Թողե՛ք, որ մանուկներն Ինձ մոտ գան, արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիններինն է Աստծու Արքայությունը: Լա՛վ իմացեք, ով Աստծու Արքայությունը չընդունի մանկան պես, չի մտնի այնտեղ»: Ապա Իր գիրկն առավ նրանց և ձեռքը նրանց վրա դնելով՝ օրհնեց նրանց (Մարկ. 10:13-17): Չափազանց հուզիչ տեսարան է, թե ինչ քնքշանքով է Քրիստոս վերաբերվում երեխաներին և ինչ վրդովմունքով է նայում նրանց, ովքեր թույլ չեն տալիս երեխաներին մոտենալ Իրեն: Քրիստոս Իր օրինակով ցույց տվեց երեխաների քրիստոնեական դաստիարակության կարևորությունը՝ մատնանշելով՝ այդպիսիներինն է Աստծու Արքայությունը:

Երեխաների քրիստոնեական դաստիարությունը քրիստոնյա ընտանիքի անկյունաքարն է: Առաքյալներն էլ նույն կերպ էին դիտում: «Եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրա՛նք պետք է նայեն նրան, որպեսզի սովորեն բարեպաշտությունը կիրառել նախ իրե՛նց տանը՝ ծնողներից իրենց տրված խնամքի փոխարեն հոգ տանելով նրանց, որովհետև ա՛յդ է ճշմարիտ և ընդունելի բարեպաշտությունն Աստծու համար» (Ա Տիմոթ. 5:4): «Իսկ եթե մեկը յուրայինների և մանավանդ իր ընտանիքի անդամների մասին հոգ չի տանում, նա իր հավատն ուրացած մարդ է, շատ ավելի վատ, քան անհավատը» (Ա Տիմոթ. 5:8): Այսպիսով՝ երեխաների ծնունդն ու քրիստոնեական ոգով դաստիարակությունը քրիստոնյա ընտանիքի էական տարրն է, իսկ երեխաներին այդ ոգով դաստիարակությունն անտեսելու ողջ պատասխանատվությունն ընկնում է ծնողների վրա:  

Ցավալիորեն շատ երեխաներ իրենց երիտասարդության տարիքին տրվում են հեշտասեր, ցոփ ու շվայտ կյանքի՝ ծնողների անփութության պատճառով: Նման ծնողներն իրենց երեխաներին ծնում են ժամանակավոր կյանքի համար և նրանց առջև փակում են հավիտենական կյանքի դուռը: Եկեղեցու մեծագույն ուսուցիչ սբ. Հովհան Ոսկեբերանը նման ծնողներին անվանում է մանկասպաններ: Եթե մանկասպանը բաժանում է երեխայի մարմինը հոգուց, ապա նմանատիպ ծնողներն իրենց երեխայի թե՛ մարմինը և թե՛ հոգին են գցում դժոխքի կրակը: Վա՜յ այն երեխաներին, որոնք չարաբարո ծնողներ ունեն, ի՞նչ կարող են սովորել նրանցից, բացի չարությունից: Սուրբը հորդորում է ծնողներին մարդասպան չլինել, քանի որ իրական հայրը նա չէ, ով ծնել է, այլ նա, ով բարության մեջ է դաստիարակել իր երեխային: Քրիստոնյա ընտանիքում երեխային Ավետարանի ոգով դաստիարակելը ապագա երջանկության գրավականն է: «Զգո՛ւյշ եղեք, մի՛ արհամարհեք այս փոքրիկներից և ոչ մեկին, իմացե՛ք, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են Իմ Երկնավոր Հորը. որովհետև Մարդու Որդին եկավ փրկելու կորածը» (Մատթ. 18:10): Տիրոջ այս խոսքերն ուղղակիորեն վերաբերում են ծնողներին: Երբեմն ծնողները վշտանում են իրենց զավակի վատ վարքի պատճառով և դիմում են Աստծուն, այնինչ չեն անդրադառնում, որ իրենց երեխաների դաստիարակության մեջ մեծ ու կարևոր բացթողում են ունեցել: Որոշ ծնողներ  դառը արցունք են թափում իրենց երեխաների պատճառով, քանի որ չեն հիշել Տիրոջ այս խոսքերը՝ մի՛ արհամարհեք այս փոքրիկներից և ոչ մեկին: Եթե ծառան անփույթ է իր աշխատանքի մեջ և սպասում է, որ իր տերն իր գործը կատարի, մի՞թե տերը նրա փոխարեն կաշխատի և չի բարկանա անփույթ ծառայի վրա: Մեծ պատասխանատվության կենթարկվեն Աստծու առաջ այն ծնողները, որոնք չեն հոգացել իրենց երեխայի քրիստոնեական դաստիարակության մասին: Աստվածաշնչում՝ Ա Թագավորության գրքում, պատմվում է Հեղի բարեպաշտ քահանայի մասին, որ երկար տարիներ Իսրայելի ժողովրդի դատավորն էր: Հեղի քահանայի մոտ Տիրոջն էր ծառայում Սամվելը, որ այդ ժամանակ երիտասարդ էր: Մի անգամ Տերը Սամվելին երազում ասաց, որ Հեղիին սպասվում է սարսափելի պատիժ այն պատճառով, որ չի զբաղվել իր երեխաների դաստիարակությամբ (Ա Թագ. 3:10-14): Հեղիի երկու որդիները՝ Օփնին և Փենեէսը, Տիրոջ քահանաներն էին, նրանք անզգամ էին և չէին ճանաչում Տիրոջը: Տիրոջ պատիժը հասավ ոչ միայն Օփնիին և Փենեէսին, այլ նաև Հեղի քահանային, որ իր տղաներին ծանր մեղքերից հեռու չպահեց (Ա Թագ. 4:10-21): Իսկ իրենց երեխաներին քրիստոնեաբար դաստիարակող ծնողների մասին սաղմոսերգուն ասել է. «Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից իրենից երկյուղ կրողների վրա է, և Նրա արդարությունը՝ որդոց որդի նրանց հանդեպ, որոնք պահում են ուխտը նրա, հիշում Նրա պատվիրաններն ու կատարում դրանք» (Սաղմ. 102:17-19):

Դաստիարակությունը լուրջ աշխատանք, զոհողություն և սխրանք է պահանջում, բայց որոշ ծնողներ պատրաստ են հաշտվել ամեն ինչի հետ, բայց ոչ զոհողության, քանի որ կյանքին նայում են հաճույքի տեսանկյունից: Ս. Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Իսկ դուք, հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր զավակներին, այլ մեծացրե՛ք նրանք քրիստոնեական դաստիարակությամբ և կրթությամբ» (Եփես. 6:4): Դեռևս առաջին դարում քրիստոնյա ծնողները մանկուց իրենց երեխաներին սովորեցնում էին աղոթքի, Ս. Պատարագի մասնակցության, գրագիտությունն ուսուցանում էին Սուրբ Գրքով: Երեխաներին թույլ չէին տալիս առանց աղոթքի ճաշել: Նրանք ոգեշնչում էին երեխաներին, որ ամեն քայլ ու գործ պետք է սկսել խաչակնքմամբ ու աղոթքով, դժբախտ էին համարում նրանց, ովքեր գիտեն ամեն ինչ, բայց չեն ճանաչում Աստծուն: Բնականաբար, չէին բացառում այն, որ իրենց երեխաները աշխարհիկ գիտություններ ուսանեն: Եկեղեցու մեծագույն հայրերն ու ուսուցիչներն իրենց պատանեկության տարիներին ջանասիրաբար նվիրվել են գիտական և փիլիսոփայական իմաստության ուսումնասիրությանը: Ս. Բարսեղ Մեծը, սբ. Գրիգոր Աստվածաբանը, սբ. Հովհան Ոսկեբերանն իրենց ժամանակի բարձրագույն կրթություն ունեցող անձինք էին: Այսինքն՝ կարևոր է, որ երեխայի կրթությունն ու դաստիարակությունը չսահմափակվի միայն աշխարհիկ իմաստությամբ, այլ սովորեն նաև բարձրագույն ճշմարտությունը, աստվածային պատվիրանները, բարեպաշտությունը և հիշեն դեպի Աստված տանող ուղու մասին: Միայն այդ դեպքում նրանք չեն շեղվի ճշմարտության ճանապարհից, միայն այդ դեպքում նրանք ամեն ինչից վեր կդիտեն քրիստոնեական իմաստությունը, աստվածճանաչողությունը:

Իսկ ծնողն իր երեխայի մեջ քրիստոնեական բարձրագույն բարոյականությունը նախ և առաջ պետք է սերմանի իր օրինակով: Ցանկացած բանավոր ուսուցում, մանկավարժական արվեստ ոչինչ է համեմատած այն օրինակի հետ, որ երեխաները տեսնում են իրենց ծնողների մեջ: Արդյո՞ք երեխան կմեծանա որպես բարի ու ազնիվ մարդ, եթե իր ծնողների չարաբարո օրինակը տեսնի: Երբ երեխան հարևանի այգուց առանց թույլտվության միրգ է քաղում, և ի պատասխան հարևանի բողոքի՝ մայրը հանգիստ պատասխանում է, թե երեխան փոքր է, ոչինչ: Այնինչ ծնողները դեռ փոքրուց իրենց երեխային պետք է ուսուցանեն հեռու մնալ գողությունից: Մեծ պատասխան են տալու Աստծու առաջ այն ծնողները, որ իրենց երեխաների համար գայթակղության պատճառ են հանդիսացել: Ս. Հովհան Ոսկեբերանն այսպես է ասել այն ծնողների մասին, ովքեր բարին չեն սովորեցնում իրենց երեխաներին, այլ քաջալերում են նրանց վատ վարքը և հորդորում են անել այն, ինչը փրկության չի տանում. «Դուք ձեր երեխաներին ներշնչում եք ոչ միայն Քրիստոսի պատվիրաններին հակառակ գործել, այլև վատաբանում եք բարին՝ համեստությունն անվանելով տգիտություն, հեզությունը՝ վախկոտություն և անզորություն, արդարությունը՝ թուլություն, խոնարհությունը՝ ստրկամտություն: Դուք նրանց ներքաշում եք այնպիսի գործերի մեջ, որոնք, ըստ Տիրոջ խոսքի, կործանման են տանում, դուք անտեսում եք նրանց հոգիները՝ որպես անհարկի մի բան և հոգ եք տանում այն մասին, ինչն ավելորդ է: Հարկավոր է, որ ձեր երեխաների մեջ սեր սերմանեք մաքրության, սրբության և բարեպաշտության հանդեպ, բայց դա ձեզ ամենաքիչն է հետաքրքրում»: Իսկ սբ. Ամբրոսիոսն ասել է. «Երբ ընտանիքի ոչ մի անդամ բաց չի թողնում երեկոյան և առավոտյան աղոթքները, երբ հայրը տնից դուրս չի գալիս՝ առանց սրբանկարի առջև աղոթելու, իսկ մայրը ոչինչ չի սկսում առանց խաչակնքման, նույնիսկ փոքր երեխային թույլ չեն տալիս դիպչել սննդին մինչև չխաչակնքվի, մի՞թե այդ երեխաները չեն սովորի ամեն ինչում Աստծու օգնությունը խնդրել և հավատալ, որ առանց Աստծու օրհնության ապահովություն չկա աշխարհում»:

Ամենամեծ սխալը թույլ են տալիս այն ծնողները, որոնք պաշտելու չափ սիրում են իրենց երեխաներին, հիանում են նրանցով, ներում են նրանց ամեն ինչ և երբեք չեն պատժում: Այդպիսիների մասին Սիրաքի իմաստություն գրքում կարդում ենք. «Գգվի՛ր որդուդ, և նա քեզ կվախեցնի, խաղա՛ նրա հետ, և նա քեզ կտրտմեցնի» (Սիրաք. 30:9) Եկեղեցու հայրերը հորդորում են սիրել երեխաներին, բայց հարկ եղած դեպքում պատժել, բայց պատժել չափավորաբար, ոչ զայրույթով, չարությամբ ու ատելությամբ, այլ սիրով: Այդ ժամանակ երեխաները կզգան այդ սերը, կզգան, որ արժանի են պատժի, և պատիժը օգտակար կլինի և կուղղի նրանց: Երբ ծնողներն իրենց երեխաների համար բարեպաշտության օրինակ հանդիսանան, այդ ժամանակ Տիրոջ օրհնությունը դարեդար կլինի իրենց և իրենց երեխաների վրա:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

01.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․