Զինվորյալ եկեղեցու անդամների մաքրագործող և զորացնող ուղին

Հուլիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի տուփի գտնվելու տոնը: «Զորավոր» երիտասարդաց միությունը տոնը նշանավորեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագին մասնակցությամբ և ուխտագնացությամբ: Աղոթքի ուղին երիտասարդներն անցան՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ: 

Առաջին սրբավայրը, որ այցելեցին ուխտավորները, Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցին էր  (X դ.): Մինչ միասնական աղոթքը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ողջունեց երիտասարդներին, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը, զորացնի հավատքի մեջ, որպեսզի պտղաբեր կյանք ունենան Հայ եկեղեցու անդաստանից ներս: Ապա Տեր Հայրը ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու պատմությունը:

Միասնական աղոթքի ընթացքում երիտասարդները նախ փառաբանեցին Աստծուն՝ որպես Հայ եկեղեցու զավակներ, մի եկեղեցու, որ սրբագործում և զորացնում է իր անդամներին Սուրբ Պատարագով, խորհուրդներով և ժամերգություններով: Երիտասարդները փառաբանեցին Աստծուն՝ որպես Զինվորյալ եկեղեցու անդամներ, որ Հաղթական եկեղեցու հետ միասին Աստծու մեծ ընտանիքն է համարվում և որ իրենց՝ զինվորյալ եկեղեցու անդամներին,  պատիվ է շնորհվել սուրբ եկեղեցում հաղորդակից լինելու Փրկչի կենսատու Մարմնին և Արյանը, որ հավիտենական կյանք է պարգևում։ Այնուհետև «Զորավոր» երիտասարդաց միությունը սբ. Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ Տիրոջ ողորմությունը հայցեց Հայոց ազգի և եկեղեցու համար:

Հաջորդ սրբավայրը, որ կրկին երիտասարդներին համախմբեց միասնական աղոթքի շուրջը, Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր (XI դ.): Այստեղ միասնական աղոթքի ընթացքում երիտասարդները կրկին խնդրեցին երկնային Թագուհու և քրիստոնյաների Մայրը հանդիսացող սբ. Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը: Ինչպես երեխան է կյանքի բոլոր դեպքերում՝ տխուր և ուրախ, անընդհատ դիմում իր մորը. պատմում նրան իր հաջողությունների և անհաջողությունների մասին, փոխանցում նրան իր մտքերն ու զգացմունքները, վստահում նրան իր ցանկություններն ու մտադրությունները, ձգտումներն ու հույսերը, կիսվում նրա հետ իր ուրախությամբ կամ տխրությամբ, նույն կերպ էլ քրիստոնյան ոչ մի տեղ չի գտնի այնպիսի կենդանի և հարազատ, բարեգութ և ողորմած ապրումակցի, ինչպիսին, որ երկնային Մայրն է՝ Աստվածամայրը:

«Զորավոր» երիտասարդաց միության աղոթքի ուղին ավարտվեց սիրո ճաշով և հոգեշահ զրույցով:

 

Կարինե Սուգիկյան

 

14.07.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․