10 Փետրվար, Բշ. Առաջավորաց Պահքի Ա օր
Այսօր մարդկանց մեծամասնությանն անծանոթ է այն ուրախության համը, որ զոհողությունն է տալիս: Մարդիկ աշխատանքը չեն սիրում: Նրանց կյանքում հայտնվել են անբանությունը, ավելի տաքուկ տեղավորվելու ցանկությունը, շատ հանգիստը: Պատվախնդրությունը, զոհողության ոգին նվաղել են: Մարդիկ նվաճում են համարում, եթե նրանց հաջողվում է առանց ջանքերի ինչ որ բան ստանալ, ավելի տաքուկ տեղավորվել: Նրանք տխրում են, եթե չի հաջողվում հեշտ կյանքի հասնել: Բայց եթե նրանք ամեն ինչ հոգևոր առումով դիտարկեին, ապա հենց դրա համար կուրախանային, որովհետև այդ դեպքում նրանց բարենպաստ առիթ է ընձեռվում սխրանքի համար:
Այսօր բոլորը՝ ծերերն ու փոքրերը, հեշտ կյանքի հետևից են ընկել: Հոգևոր մարդիկ ձգտում են քիչ ջանքերի միջոցով սրբագործվել: Աշխարհիկ մարդիկ ձգտում են առանց աշխատելու հնարավորինս շատ գումար վաստակել: Երիտասարդությունը ձգտում է առանց նախապատրաստվելու քննությունները հանձնել, առանց սրճարանից դուրս գալու՝ դիպլոմ ստանալ: Իսկ եթե հնարավոր լիներ սրճարանում նստած զանգահարել համալսարան և քննության արդյունքներն իմանալ, ապա նրանք շատ ուրախ կլինեին: Այո-այո, արդեն դրան է հասնում: Շատ երիտասարդներ են իմ խուցը գալիս ու խնդրում. «Աղոթիր, որ համալսարան ընդունվեմ»: Քնություններին չեն նախապատրաստվում, բայց ասում են. «Աստված կարող է ինձ օգնել»: «Նախապատրաստվիր,- խորհուրդ եմ տալիս,- և աղոթքով Աստծուց օգնություն խնդրիր»: «Ինչո՞ւ,- զարմանում են,- մի՞թե Աստված հենց այնպես, առանց պատրաստվելու ինձ չի օգնի»: Ի՞նչ է դուրս գալիս, Աստված քո ծուլությունը օրհնի՞: Այդպես չի լինում: Աստված այն դեպքում կօգնի, եթե երիտասարդը կարդում է, ջանում, բայց կարդացածը չի կարողանում հիշել: Պատանիներ կան, որ չեն կարողանում հիշել կամ հասկանալ այն, ինչ կարդում են, բայց միևնույն է, ջանում են, աշխատում: Աստված այդպիսի ջանադիրներին կօգնի խելացի մարդիկ դառնալ:
Բարեբախտաբար բացառություններ էլ են լինում: Խալկիդիկիից մի պատանի միաժամանակ քննություն էր հանձնում երեք ֆակուլտետի համար և բոլորն էլ ընդունվեց*: Ընդ որում նրա ընդունելության քննութունների արդյունքները մի ֆակուլտետում լավագույնն էին, իսկ մյուսում երկրորդ տեղը ստացավ: Բայց, այդուհանդերձ, պատանին վճռեց, որ ավելի լավ է աշխատելու գնա, որպեսզի հոր հոգսը թեթևացնի, ով ընտանիքն ապահովելու համար հանքերում էր աշխատում: Այդ պատճառով էլ նա չգնաց սովորելու, այլ աշխատանքի ընդունվեց և սկսեց գումար բերել տուն: Այդ մարդը բալասան է հոգուս համար: Նման երիտասարդների համար ես պատրաստ եմ մեռնել, հող դառնալ: Սակայն երիտասարդների մեծամասնությունն այս աշխարհի ազդեցության տակ է ընկել և փչացել ու վնասվել է դրա պատճառով: Նրանք սովորել են միայն իրենք իրենցով հետաքրքրվել, միայն իրենց մասին մտածել, մերձավորի մասին ամենևին չեն մտահոգվում: Եվ որքան շատ ես նրանց օգնում, այնքան ավելի ծույլ են դառնում:
Տեսնում եմ, որ այժմյան երիտասարդությունը ջրով է հունցված: Մի բանը դատում են, մյուսը՝ զարդարում, երրորդից կշտացել են: Բայց չէ՞ որ մարդու սիրտը չի հոգնում և երբեք չի ծերանում: Իսկ նրանք… Նրանց համար ծանր է վանական դառնալը: Ամուսնանալ վախենում են: Հաղթանդամ երիտասարդներ են գալիս Սուրբ լեռ, հեռանում են, հետո՝ կրկին վերադառնում: «Ա՜հ,- ասում են,- ախր դժվար է վանական լինելը: Ամեն գիշեր վեր կաց դեռ լույսը չբացված: Մեկ, երկու օր չէ, այլ մշտապես»: Աշխարհ են վերադառնում, բայց այնտեղ էլ նրանց սրտով չէ: «Ես ի՞նչ պիտի անեմ այս հասարակության մեջ,- ասում են,- ինչպիսի՞ մարդու հետ պիտի ճակատագիրս կապեմ, եթե ամուսնանամ: Միայն հոգսեր են ու անհանգստություն»: Կրկին Սուրբ լեռ են վերադառնում, բայց մի փոքր այնտեղ ապրելով, կրկին ասում են. «Դժվար է»:
Այժմյան երիտասարդները նոր մեքենաների պես են, որոնց շարժիչներում յուղը խտացել է ցրտից: Այդ մեքենաները գործի գցելու համար յուղը պիտի տաքանա, այլապես ոչինչ չի ստացվի: Խեղճ պատանիներ: Նրանք իմ խուցն են գալիս՝ մեկ կամ երկուսը չէ, այլ շատերը, և հարցնում են. «Ի՞նչ անեմ, հա՛յր: Ժամանակս ինչո՞վ լցնեմ: Ձանձրանում եմ»: «Որևէ աշխատանք գտիր քեզ համար, եղբա՛յր իմ»,- ասում եմ, իսկ ի պատասխան՝ լսում. «Բանը դրանում չէ: Ես փող ունեմ: Աշխատանքն ինչի՞ս է պետք»: «Բայց Պողոս առաքյալը,- ասում եմ,- գրում է. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի» (Բ Թեսաղ. 3:10): Եթե նույնիսկ ուտելու համար փողի խնդիր չունես, պետք է աշխատես: Աշխատանքը մարդուն օգնում է իր շարժիչի յուղը տաքացնել: Աշխատանքն արվեստ է: Այն մարդուն ուրախություն է տալիս և առնում տանում է նրա հոգու ծանրությունն ու թախիծը: Ահա այսպես, շարմա՛ղ ընկեր: Մի աշխատանք գտիր, որը գոնե մի փոքր քեզ դուր կգա և սկսիր աշխատել: Փորձիր և կտեսնես [ինչպես ամեն ինչ կփոխվի]»:
Իսկ որոշ պատանիներ հոգնում են, բայց հոգնածությունը վերականգնում է նրանց ուժերը: Ինձ մոտ երիտասարդ տղաներ են գալիս, նստում են բակում և հոգնում՝ նստելուց: Իսկ ուրիշները մեծ նախանձախնդրությամբ անընդհատ հարցնում են. «Ինչո՞վ քեզ օգնենք: Ի՞նչ բերենք»: Ես երբեք ոչ մի օգնություն չեմ խնդրում: Երեկոյան, այցելուների հեռանալուց հետո վառում եմ լապտերն ու ամեն ինչ ինքս եմ անում՝ փայտ եմ բերում, ձմռանը երկու վառարաններն եմ վառում, կարգի եմ բերում տունն ու բակը: Այցելուներից շատերը իրենցից հետո անկարգություն են թողնում՝ աղբ են թողնում, իրենց կեղտոտ գուլպաներն են թողնում բակում: Մարդիկ ինձ բարակ գուլպաներ են ուղարկում, ես դրանք այցելուներին եմ բաժանում, նրանք հագնում են դրանք, իսկ իրենց կեղտոտ գուլպաները գցում են որտեղ պատահի: Ես անձեռոցիկ էլ եմ նրանց տալիս, որ դրանք մեջը փաթաթեն, բայց նրանք նախընտրում են այդպես գցել:
Ես կյանքում մարդկանցից երեք անգամ եմ ծառայություն խնդրել: Մի պատանու մի անգամ ասացի. «Կարիեսի** խանութից ինձ երկու տուփ լուցկի է անհրաժեշտ»: Ես չորս կրակայրիչ ունեի, բայց այդպես ասացի, որ նրան ուրախություն պատճառեմ: Նա շնչակտուր, ուրախ-ուրախ վազելով եկավ, բերեց ինձ այդ լուցկիները, և հոգնածությունը վերականգնեց նրա ուժերը, որովհետև նա համտեսեց այն ուրախությունը, որ զոհաբերությանն է հետևում: Իսկ մյուսն այդ ընթացքում մնացել էր տեղում նստած և հոգնել՝ նստելուց: Մարդիկ ձգտում են ուրախություն զգալ, բայց մարդը պետք է զոհաբերի իրեն, որպեսզի այն գա: Ուրախությունը զոհողությունից է ծնվում: Իսկական ուրախությունը ջանասիրությունից է առաջ գալիս: Իսկ եթե ջանասիրությունը մշակված է, ապա մարդը տոնում է, ուրախանում: Եսասիրությունը տառապանք է մարդու համար, նա հենց դրա մեջ է թաղվում մնում:
Մի անգամ երկու երիտասարդ սպա եկան Սուրբ լեռ և ինձ ասացին. «Մենք ուզում ենք վանական դառնալ»: «Իսկ ինչո՞ւ եք ուզում,- հարցրեցի ես,- երբվանի՞ց նման ցանկություն առաջացավ ձեզ մոտ»: «Հենց հիմա առաջացավ: Մենք էքսկուրսիայի եկանք Սուրբ լեռ և ահա այժմ մտածում ենք ընդմիշտ այստեղ մնալ: Այնտեղ՝ աշխարհում, ո՞վ գիտե, միգուցե նաև պատերազմ սկսվի»: «Դուք ամոթ չունեք,- ասում եմ,- «Միգուցե նաև պատերազմ սկսվի»: Եվ ինչպե՞ս կկարողանաք հեռանալ բանակից»: «Որևէ պատճառ կգտնենք»,- պատասխանում են: Եվ ի՞նչ պատճառ պիտի գտնեն: Իրենց հոգեկան հիվանդ կձևացնեն կամ էլի որևէ բան կմտածեն… Ասելու բան չկա, մի բան հաստատ կգտնեն… «Եթե դուք նման շարժառիթներով եք ուզում վանական դառնալ,- ասացի նրանց,- ապա արդեն իսկ սկզբից անհաջողության եք մատնված»: Իսկ ուրիշ մարդկանց վաղուց արդեն ոչինչ չի խանգարում ամուսնանալ, ընտանիք կազմել: Բայց նրանք ինձ մոտ են գալիս ու ասում. «Իսկ ինչո՞ւ ամուսնանամ: Մի՞թե այս դժվարին ժամանակներում ընտանիք կկազմես ու երեխաներ կդաստիարակես»: «Լավ,- ասում եմ,- մի՞թե հալածանքների ժամանակ կյանքը կանգ էր առնում: Ոչ ոք չէ՞ր աշխատում ու ամուսնանում: Միգուցե, ուղղակի ծուլանո՞ւմ ես ընտանիք կազմել»: «Ես ուզում եմ վանական դառնալ»,- պատասխանում է նա: «Ախր պատճառը քո ծուլությունն է: Մի՞թե քեզանից լավ վանական կստացվի»: Հասկանալի՞ է ձեզ համար: Եթե աղջիկն ուզում է միանձնուհի դառնալ այսպես մտածելով. «Իսկ ինչո՞ւ աշխարհում մնամ, ամուսնանամ, երեխաներ ունենամ: Գլխացավանք է, անհանգստություն: Ավելի լավ է մենաստան գնամ: Կանեմ այն, ինչ ինձ կասեն, ոչ մի պատասխանատվություն չկա, իսկ եթե կհանդիմանեն ինձ, ապա գլուխս ցած կկախեմ: Հապա փորձիր աշխարհում քո տունը ստեղծել: Իսկ մենաստանում ամեն անհրաժեշտ բանը կլինի, առանձին խուց, պատրաստի կերակուր և այլն…»: Այսպիսով, եթե աղջիկն այս կերպ է մտածում, ապա թող իմանա, որ սկզբից ևեթ չի հաջողել: Դա ձեզ տարօրինա՞կ է թվում: Մի՛ զարմացեք, իսկապես նման մարդիկ կան: Իմացե՛ք, ջանասեր մարդն ամենուր հաջողում է: Ընտանիքատեր ջանասեր մարդը վանականության մեջ էլ կհաջողեր, իսկ ջանասեր վանականը, եթե ընտանեկան կյանքն ընտրեր, նույնպես կհաջողեր:
Մի պատանի որպես միաբան ընդունվեց վանք, բայց հրաժարվում էր ձեռնադրությունից: «Որդյա՛կ, ինչո՞ւ ես վանականությունից խուսափում»,- հարցրեցի նրան: «Որովհետև,- պատասխանեց,- վանականի կնգուղն ինձ զինվորական սաղավարտ է հիշեցնում»: Դու միայն լսիր: Նա չէր ուզում վանական դառնալ, որպեսզի վանականի կնգուղ չդնի: Սաղավարտ էր նրան հիշեցնում: Իսկ նա երբևէ այդ սաղավարտը հագած կա՞ր: Եթե նույնիսկ հագել էր, ապա մի քանի անգամ ընդամենը՝ բանակում զինավարժությունների ժամանակ, և դա էլ դեռ հարցական էր: Էլ որտեղի՜ց վառոդի հոտը շնչի պատերազմի ժամանակ: Տեսեք-տեսեք, սաղավարտ էր նրան հիշեցնում: Լսո՞ւմ ես ինչ է կատարվում: Նա ի՞նչ էր մոռացել վանականության մեջ: Ասա՛ ինձ, խնդրեմ, ի՞նչ վանական դուրս կգա այն մարդուց, եթե նա վանական կյանքն այդ կերպ է սկսում: Ի վերջո այդ դժբախտին ինչ-որ տեղ ձեռնադրեցին, բայց հաստ կնգուղ նա այդպես էլ չդրեց:
Իսկ մեկ այլ անգամ երկու երիտասարդ եկան իմ խուց և երկուսն էլ համարյա մինչև գոտկատեղը հասնող մազերով: Ուզում էի նրանց բաշերը կտրել, բայց նրանք չէին համաձայնվում: Ես ինչ որ տեղ էի շտապում, այդ պատճառով էլ չէի կարող երկար զրույցներ վարել, միայն հյուրասիրեցի նրանց: Իսկ իմ բակում մի կատու էր զբոսնում: Տեսնում է նրան այդ երկարամազերից մեկը և հարցնում. «Իսկ կարելի՞ է ես կատվին վերցնեմ»: «Վերցրու»,- ասում եմ: Նա վերցրեց կատվին և ինձ մոտից Իվերոնի մենաստան գնացին՝ ոտքով մեկ ժամվա ճանապարհ է: Անձրև եկավ, նա կատվին գրկած հասավ մենաստան, բարձրացավ հյուրատուն և խնդրեց գիշերելու տեղ տալ իրեն: «Կատուների հետ չի կարելի»,- պատասխանեցին նրան, և նա մնաց փողոցում՝ անձրևի տակ նստած: Ողջ գիշեր: Եթե նրան բանակում մեկ ժամով ուղարկեին պահակատեղի, ապա նա կպատասխաներ. «Օ՜, ո՛չ, չեմ կարող»: Իսկ կատվի հետ ողջ գիշեր փողոցում նստել՝ խնդրեմ, կարող է…
Իսկ մեկին էլ բանակ տարան, բայց նա փախավ ու Սուրբ լեռ եկավ: Իմ խուց եկավ ու ասաց. «Ուզում եմ վանական դառնալ»: «Վերադարձի՛ր բանակ,- ասում եմ,- ժամկետդ ծառայիր»: «Բանակը,- ասում է,- հայրական տուն չէ քեզ համար»: «Շատ շնորհակալություն, կտրի՛ճ տղա,- ասում եմ,- որ ասացիր ինձ այդ մասին: Ահա, թե ինչ է պարզվում: Առաջ ես նույնիսկ չէի էլ կռահում դրա մասին: Հիմա ուրիշներին էլ կասեմ այդ մասին»: Իսկ պատանու հարազատներն այդ ողջ ընթացքում նրան էին փնտրում: Մի քանի օր անց նա կրկին իմ խուցն եկավ: Կրկնազատիկն էր, վաղ առավոտ: «Դու ինձ պետք ես»,- ասում է նա: «Ի՞նչ ես ուզում,- հարցնում եմ,- Պատարագի ժամանակ որտե՞ղ էիր»: «Ոչ մի տեղ»,- պատասխանում է: «Այսօր Նոր Կիրակին է,- ասում եմ,- վանքերում հսկում կար, իսկ դու ոչ մի տեղ չե՞ս գնացել: Եվ ուզում ես վանակա՞ն դառնալ: Որտե՞ղ ես եղել»: «Ես,- ասում է,- հյուրանոցում եմ գիշերել: Այնտեղ հանգիստ է, լուռ, վանքերում ողջ գիշեր այնպիսի՜ աղմուկ է»: «Եվ այժմ ի՞նչ ես մտադիր անել»,- հարցնում եմ: «Ես,- ասում է,- մտածում եմ Սինա գնալ, որովհետև ես խստակյաց կյանքի եմ ձգտում»: «Դե,-ասում եմ,- մի փոքր սպասիր»: Մտնում եմ խուցս, վերցնում եմ զատկական կուլիչը, որ ինչ որ մեկն էր ինձ համար բերել, և կրկին նրա մոտ եմ դուրս գալիս: «Ահա,- ասում եմ,- վերցրո՛ւ: Այս կուլիչը շատ փափուկ է, հենց այն խիստ կյանքի համար է, որին ձգտում ես: Վերցրո՛ւ ու գնա»: Այսպիսին է այժմյան երիտասարդությունը: Իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Փոքր նեղության անգամ չեն կարող դիմանալ: Դրանից հետո ինչպե՞ս կարող են զոհաբերել իրենց:
Հիշում եմ, եթե բանակում անհրաժեշտություն էր առաջանում որևէ վտանգավոր հանձնարարություն կատարել, միայն լսվում էր. «Պարո՛ն հրամանատար, ես կգնամ նրա փոխարեն: Չէ որ նա ընտանիք ունի, եթե նրան սպանեն, ապա երեխաները փողոցում կմնան»: Զինվորները հրամանատարին խնդրում էին ուրիշի փոխարեն վտանգավոր հանձնարարության գնալ, առաջնագիծ: Նրանք ուրախանում էին, որ իրենց կսպանեն, բայց որևէ ընտանիքի գլուխ կենդանի կմնա, և նրա երեխաները չեն որբանա: Իսկ ա՞յժմ: Մի՞թե որևէ տեղ կհանդիպես, որ մարդն այդպիսի անձնազոհության գնա: Նույնիսկ եթե հանդիպես, ապա չափազանց հազվադեպ: Հիշում եմ մենք մի անգամ առանց ջրի մնացինք: Հրամանատարը քարտեզի վրա ոչ հեռու գտնվող մի տեղ գտավ, որտեղ ջուր կար: Բայց այնտեղ ապստամբներն էին ամրացել: Այնժամ նա ասաց. «Այստեղից ոչ հեռու ջուր կա, բայց շատ վտանգավոր է այնտեղ գնալ և լույս վառել էլ չի կարելի: Ո՞վ հանձն կառնի գնալ և մի քանի տափաշիշ լցնել»: Ոտքի է ցատկում մի զինվոր. «Ես կգնամ, պարո՛ն հրամանատար», մեկ ուրիշն է ոտքի ցատկում. «Ե՛ս», նրանից հետո՝ երրորդը: Այսինքն բոլորն էլ պատրաստակամություն հայտնեցին գնալ: Դրսում անթափանց խավար է, սարսափելի է առանց լույսի, մարմնովդ սարսուռ է անցնում: Հրամանատարը նույնիսկ շփոթվեց. «Ախր դուք բոլորդ չեք կարող գնալ»: Ուզում եմ ասել, որ ոչ ոք իր մասին չէր մտածում: Մեզանից և ոչ ոք չփորձեց իր համար պատրվակ փնտրել, օրինակ. «Պարո՛ն հրամանատար, ոտքս ցավում է», կամ «գլուխս է ցավում», կամ «հոգնած եմ»: Բոլորս ուզում էինք ջուր բերելու գնալ, և ուշադրություն չէինք դարձնում, որ մեր կյանքը վտանգի է ենթարկվում:
Այժմյան ոգին գաղջ ոգի է: Արիությունը, անձնազոհությունն իսպառ բացակայում են: Այժմյան թերարժեք տրամաբանությամբ մարդիկ ամեն ինչ չափման մեկ այլ համակարգ են տեղափոխել: Եվ տեսնո՞ւմ ես, թե բանն ինչում է՝ առաջ մարդիկ ինքնակամ էին բանակ գնում, իսկ այժմ չցանկանալով ծառայել՝ տեղեկանք են ձեռք բերում, իբրև թե հոգեկան հիվանդ են: Ողջ ուժերը ներդնում են բանակ չգնալու համար: Մի՞թե առաջ նման բան կար: Մեզ մոտ բանակում մի լեյտենանտիկ կար՝ ընդամենը քսաներեք տարեկան, բայց ի՜նչ կտրիճ էր: Մի անգամ նրա հայրը, որ պաշտոնաթող սպա էր, զանգահարեց նրան և ասաց, որ մտադիր է ինչ-որ մեկին խնդրել, որպեսզի նրան թիկունք տեղափոխեն առաջնագծից: Ինչպե՜ս էր բղավում լեյտենանտը, երբ նա ասաց այդ մասին: «Ինչպե՞ս չես ամաչում, հա՛յր, որ նման բաներ ես ասում: Այդ պորտաբույծներն են թիկունքում նստելով ազատվում»: Այդ մարդու մեջ անկեղծություն, ազնվություն և այնքան բացառիկ քաջություն կար, որ նույնիսկ սահմաններն էր անցնում՝ նա բոլորից առաջ էր հարձակման վազում: Նրա շինելն ամբողջությամբ ծակծկված էր փամփուշտներից, բայց չնայած դրան՝ նա ողջ մնաց: Իսկ զորացրվելուց հետո այդ շինելը, որպես հիշատակ, իր հետ վերցրեց:
* Նախկինում Հունաստանում դիմորդները կարող էին միանգամից մի քանի ֆակուլտետների համար ընդունելության քննություններ հանձնել: Այժմ՝ միայն մեկի:
** Կարիես – Սուրբ Աթոս լեռան ադմինիստրատիվ կենտրոն, որտեղ տեղակայված են Սուրբ լեռան կառավարման կենտրոնական գործադիր մարմինը, նահանգապետարանը, ոստիկանությունը, փոստային բաժանմունքը, խանութները և այլն:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի