21 Դեկտեմբեր, Շբ
Դեկտեմբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ այցելեց «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն: Համայնքի այցը մեծ ոգևորություն պատճառեց խնամքի կենտրոնի բնակիչներին: Կենտրոնի բակում գտնվող Ս. Խաչ մատուռում համայնքը, կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները Տեր Հոր գլխավորությամբ միասնաբար աղոթեցին, «Տեր ողորմեա» շարականը երգեցին, ապա Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց: Այնուհետև խնամքի կենտրոնի բնակիչները մեծ ուրախություն ապրեցին՝ ունկնդրելով եկեղեցու «Զորավոր» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Անուշ Հարությունյան) համերգային ելույթը: Երգչախումբը հանդես եկավ Կոմիտասի ժողովրդական ու հոգևոր երգերով: Երգչախմբից երկու անդամներ հանդես եկան նաև կիթառով ու շվիիով: Համերգի ավարտին «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի տնօրեն Խաչիկ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, «Զորավոր» երգչախմբին և Տեր Գրիգորին՝ այցելության ու խնամքի կենտրոնի բնակիչներին ջերմություն և ուրախություն փոխանցելու համար:
Տեր Գրիգորն էլ իր հերթին շնորհալություն հայտնեց Խաչիկ Ղազարյանին՝ կենտրոն այցելելու և բնակիչների հետ հանդիպելու ու նրանց ուրախություն պարգևելու հնարավորության, ինչպես նաև խնամքի կենտրոնը բարեփոխված տեսնելու համար: Տեր Հայրն ասաց, որ համայնքը կջանա տարվա ընթացքում տարբեր ծրագրերով այցի գալ կենտրոն՝ բնակիչների հետ հանդիպելու համար:
Ուրախությունը, որ ապրում էին բոլորը, սկիզբ էր առել մերձավորի հանդեպ ուշադրությունից և հոգածությունից: «Ես հասկացա, որ մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել իրենց կյանքում»,- ասում է Աստծու խոսքը (Ժող. 3:12): Մշատական ուրախությունն, ըստ սբ. Գրիգոր Նյուսացու, ծնվում է բարի գործերից: Պատվիրանները կատարելը հույսով ուրախություն է պարգևում, և ինչպես մարմնի կենդանության համար է անհրաժեշտ սնունդն ու ջուրը, այնպես էլ հոգու կենդանության համար՝ բարի գործերը:
Ծերերի հանդեպ ուշադրությունն ու հարգանքը ծառայություն է Աստծուն: Աշխարհիկ հոգսերն ու խնդիրները չպետք է ստվերեն մարդու կյանքում ամենակարևորը՝ Աստծուն ծառայելը՝ մարդկանց ծառայելու միջոցով: Ըստ Սուրբ Գրքի՝ այդ է ճշմարիտ և ընդունելի բարեպաշտությունն Աստծու համար (Ա Տիմոթ. 5:3):
Կարինե Սուգիկյան