«Զորավոր» երիտասարդաց միության համար անցկացվեց սեմինար-քննարկում

Մայիսի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Փափուկ ուժը՝ որպես Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմամշակութային դերի սահմանափակմանն ուղղված կոշտ քաղաքականություն» թեմայով սեմինարին, որը վարեց աղանդագետ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ալմաստ Մուրադյանը:

Սեմինարը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Անդրադառնալով սեմինարի թեմային՝ սեմինավարը ներկայացրեց, որ աշխարհում արդի գեոդինամիկ փոփոխությունները թելադրում են պետությունների միջև փոխհարաբերությունների նոր կանոններ և առավել կարևոր ու արդիական է դառնում միջազգային քաղաքականության իրագործման նպատակով փափուկ ուժի և դրա բաղադրիչների կիրառումը։ Երիտասարդները ծանոթացան, որ փափուկ ուժի գաղափարը նոր չէ և այն որպես իշխանության հաստատման միջոց հիշատակում էր դեռ Լաո Ցզին մ․ թ․ ա․ 7-րդ դարում. «Աշխարհում ջրից թույլ և նուրբ առարկա չկա, բայց այն կարող է ամենապինդ առարկան քանդել»: Միության անդամներին հայտնի դարձան այն երկրների անունները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Կանադա, Հնդկաստան), որոնք, ունենալով դատական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական զարգացած համակարգեր, մշակութային և հոգևոր մեծ ժառանգություն, փափուկ ուժի քաղաքականություն են կիրառում և որպես տվյալ երկրի ռեսուրս՝ արտահանվում են այլ երկրներ, մասնավորապես հետխորհրդային շրջանի անկախացած և նոր զարգացող պետություններ՝ Հայաստան, Ադրբեջան, Ղրղզստան, Ղազախստան և այլն։

Այնուհետև Ալմաստ Մուրադյանը ներկայացրեց, որ ամերիկյան փափուկ ուժի կոնցեպտը առաջին անգամ պաշտոնապես հանրությանը ներկայացրել է Ջոզեֆ Նայը 1990թ․-ին «Առաջնորդության կոչումը․ ամերիկյան իշխանության փոփոխական բնությունը» գրքում և հեղինակի կարծիքով պետության ուժը այլ պետություններից ակնկալելի արդյունք ստանալու հնարավորության մեջ է, ինչը կախված է տվյալ քաղաքական ուժի մոտ իշխանության իրագործման տարբեր ռեսուրսների առկայությունից և դրանց արդյունավետ օգտագործման հմտություններից, ինչպես նաև այնպիսի ռեսուրսների օգտագործումից, ինչպիսիք են հոգևոր և նյութական մշակույթը, հասարակական և քաղաքական մոտեցումները, արտաքին և ներքին իրականացվող քաղաքականության որակը և այլն։ Այդ գործոնները կատարելության հասցնելու և դրանց անխափան աշխատանքի պարագայում նրանք կարող են տվյալ երկիրը գրավիչ դարձնել այլ երկրների համար, ինչն էլ Ջ․ Նայի կարծիքով ստեղծում է մի ռեսուրս, որը էլ կարելի է անվանել «փափուկ ուժ»։

Ապա սեմինավարը նշեց, որ փափուկ ուժի շնորհիվ ԱՄՆ տարիներով ֆինանսավորում և ստեղծում է կառույցներ, որոնք փոփոխում են հասարակության մտածելակերպը տարբեր հարցերի մասին՝ դրանով իսկ առաջացնելով հասարակական դեֆորմացիա, հետևաբար և ներհասարակական բաժանումներ։ Սեմինարի ընթացքում դիտարկվեցին ԱՄՆ կողմից ֆինանսավորվող հանրային դիվանագիտության մի քանի մոդելներ, որոնք անուղղակիորեն ուղղված են հասարակության մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմական դերի նվազմանը, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ հանրային բացասական կարծիքի ձևավորմանն ու Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հանդեպ կողմնակալ վերաբերմունք ձևավորելուն։

Երիտասարդները տեղեկացան, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից տասնյակ տարիներ հրապարակվում են ամենամյա տարբեր զեկույցներ, ֆինանսավորվում են տարաբնույթ հետազոտություններ, որոնք կոչված են մեղադրելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն մարդու իրավունքների հավասարության, ազգային փոքրամասնությունների, կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մեջ։ Մասնավորապես նշվում է, որ սահմանադրությամբ տարանջատված է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը, ինչը զեկույցի տրամաբանությամբ ոտնահարում է և ոչ հավասար դիրքերում է դիտարկում այլ կրոնական կազմակերպությունները, որոնք կրում են «կրոնական փոքրամասնություն» ձևակերպումը։ Բացասական լույսի ներքո են ներկայացվում Հայ Առաքելական եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական առաքելությունները հիվանդանոցներում, բանակում, քրեակատարողական հիմնարկներում, դպրոցներում, մանկատներում՝ իբրև թե պետության կողմից Հայ Առաքելական եկեղեցու համար սահմանված բացառիկ թույլտվություն այդ կառույցներում ծառայություն իրականացնելու, իսկ մյուս կրոնական կազմակերպությունների համար գործում են կոնկրետ սահմանափակումներ։ Հատկանշական է, որ մարդու իրավունքների, դատաիրավական, կրթական բարեփոխումների անվան տակ բավականին լայնածավալ հակաեկեղեցական քարոզչություն է իրականացնում նաև «Բաց հասարակություն հիմնադրամ - Հայաստան» կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է բարերար Ջորջ Սորոսի կողմից։

Սեմինարի ավարտին Ալմաստ Մուրադյանը նշեց, որ օրինակները բազմաթիվ են և հնարավոր չէ ամբողջն ընդգրկել մեկ սեմինարի շրջանակներում և սեմինարի նպատակը փափուկ ուժի գործոնների բացարձակ արժեզրկումը չէ, այլ հասկանալը, որ յուրաքանչյուր երկիր ունի իրեն բնորոշ արժեհամակարգ և երկրի զարգացման համար անհրաժեշտ է հենվել հենց այդ հիմնարար արժեքների վրա. «Անգնահատելի է հայ ժողովդրի և Հայոց պետության կայացման գործում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը։ Կարևոր է հիշել, որ աշխարհն այլևս չի կառավարվում բացառապես ավանդական և անփոփոխ գործիքակազմով, զարգանում են քաղաքական և հասարակական տեխնոլոգիաները, օգտագործվում են փափուկ ուժի գործոնները և որքան էլ որ այլ երկրների արժեքները հրապուրիչ թվան, պետք չէ կորցնել սեփական երկրի ազգապահպան առանցքը, պարզապես պետք է փափուկ ուժի գործիքակազմն օգտագործել սեփական մշակութային արժեքներն ամրապնդելու մեջ»:

«Զորավոր» երիտասարդաց միության համար կազմակերպված հերթական սեմինարը, որ հագեցած էր երկրի ու եկեղեցու վերաբերյալ առանցքային հարցերով, անցավ ակտիվ քննարկումներով:

 

Կարինե Սուգիկյան

 

25.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․