«Զորավոր» երիտասարդաց միությունը մրցակցեց հոգևոր ինտելեկտուալ խաղում

Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, անցկացրեց հոգևոր ինտելեկտուալ խաղ: Երիտասարդ միության անդամները միմյանց հետ մրցեցին երկու թիմով, որոնք կրում էին «Հաղթանակ» և «Հույս» անվանումները: Ինտելեկտուալ խաղի հարցաշարն ընդգրկում էր Աստվածաշնչից, Հայ եկեղեցու տոներից, ծեսերից և պատմությունից հարցեր:

Երեք փուլով անցկացված ինտելեկտուալ խաղի ընթացքում երիտասարդները ոչ միայն ստուգում էին տարիների ընթացքում ձեռք բերած իրենց քրիստոնեական գիտելիքները, այլ նաև ամրապնդում էին ու նոր գիտելիքներ ամբարում: Հետաքրքիր և թեժ մրցակցության արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց «Հաղթանակ» թիմը՝ արժանանալով մրցանակի:

«Մեծ պահքի ընթացքում հոգևոր ինտելեկտուալ խաղի անցկացումը նպատակ ուներ ամրապնդելու մեր երիտասարդների եկեղեցու պատմության, տոնագիտական, կրոնագիտական, ծիսագիտական և աստվածաշնչյան թեմաներին վերաբերող գիտելիքները: Պողոս առաքյալի խոսքով. «Քրիստոսի մեջ է պահված գիտության և իմաստության բոլոր գանձերը» (Կողոս. 2:3)։ Երիտասարդաց միության անդամները հերթական անգամ հարստացան այդ անգին գանձերով, ինչը օգնելու է իրենց աստվածահաճո անցնելու կյանքի իրենց ուղին՝ իրենց ծառայությունը բերելով մեր եկեղեցուն և հայրենիքին»,- ասաց «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը:

 

Կարինե Սուգիկյան

 

16.02.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․