23 Դեկտեմբեր, Բշ
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի դահլիճում, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը, փետրվարի 19-ին հանդես եկավ Լեհաստանի հյուսիսային Կաշուբե տարածաշրջանից Հայաստան ժամանած ,,Karteszci zwonki’’ («Քարտեշչի զվոնչի») երգչախմբի հետ միասին: Երգչախումբը Հայաստանում է «Լեհ ընտանիք» կազմակերպության հրավերով: Գրական-երաժշտական երեկոյին ներկա էին Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին՝ իր տիկնոջ հետ միասին, Լեհաստանից ժամանած հյուրեր, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, սպասավոր Գևորգ սրկ. Համբարձումյանը և «Զորավոր մանկունք»-ի հավատարիմ ունկնդիրները:
Մինչ գրական-երաժշտական երեկոն, «Զորավոր մանկունք»-ի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ պատահական չէ այս մշակութային օջախի ընտրությունը, քանի որ այս տանը 20-րդ դարի սկզբին քանդակագործ Արա Սարգսյանի նախաձեռնությամբ մի շարք մշակութային երեկոներ են կազմակերպվել: Եվ այդ գեղեցիկ ավանդությանը հավատարիմ՝ իրենք կփորձեն հյուրերին ներկայացնել Հայոց երկրի պատմությունը՝ սկսած 5-րդ դարից մինչև 20-րդ դար, քանդակի, նկարչության, ինչպես նաև ասեղնագործության, երգի և ասմունքի լեզուներով:
Ապա՝ գրական-երաժշտական երեկոյի մուտքն ազդարարեց «Զորավոր մանկունք»-ը հարվածային գործիքների՝ զանգակների, զանգուլակների, տամբուրիի, խողովակավոր զանգակների նվագակցությամբ և «Այսօր տօն է Սբ. Ծննդյան» շարականի երգեցողությամբ:
Ողջ երեկոյի ընթացքում «Զորավոր մանկունք»-ը պարային բեմադրությամբ Սբ. Ծննդյան պատմությունը ներկայացրեց՝ հնչեցնելով 5-րդ դարի շարականագիրների՝ Մովսես Խորենացու, Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Կոմիտաս վարդապետի հոգևոր ու ժողովրդական ստեղծագործությունները:
Այնուհետև, հանդես եկավ ,,Karteszci zwonki’’ երգչախումբը: Երգացանկում ընդգրկված էր ժամանակակից հեղինակների հոգևոր՝ Սբ. Ծննդյանը նվիրված, և ազգային երգեր: Կատարումների հեղինակ՝ Մառեկ Սեռկովսկին և կոմպոզիտոր՝ Մեչեզսլավ Կիլարսկին, նույնպես ներկա էին երեկոյին: Էլեկտրական կիթառով երգչախմբին նվագակցում էր Մեչեզսլավ Կիլարսկին:
Գրական-երաժշտական երեկոյի ավարտին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանն ողջունեց Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին, իր տիկնոջը, ներկաներին և հյուրերին. «Մեր ժողովուդների մշակութային հսկայական տարբերությամբ հանդերձ՝ մեզ այստեղ միավորել է աստվածային սերը, որի արտահայտությունը մենք ունկնդրեցինք թե՛ «Զորավոր մանկունք»-ի Սբ. Ծննդյան մասին պատմող ասմունքի և երգի միջոցով և թե՛ ,,Karteszci zwonki’’ երգչախմբի ելույթով: Ուրախալի է մեր մեջ տեսնելու մի հին ժողովրդի ևս, ով ունի իր առանձին այբուբենը, մշակույթը, և նրանց երգերը վկայում են այն մասին, թե որքան շատ են սիրում իրենց հայրենիքը, ուր ապրել են իրենց պապերը»: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին և հայցեց Աստծո օրհնությունը բոլոր մանուկների ու ներկաների համար:
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին նշեց, որ թեև հայերը և լեհերը ապրում են տարբեր տարածքներում, բայց նման են միմյանց նրանով, որ սիրում են Աստծուն և իրենց հայրենիքը:
«Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի տնօրեն՝ Աննա Սարգսյանը տուն-թանգարանի անունից Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին հուշանվերներ փոխանցեց:
«Զորավոր մանկունք»-ը ,,Karteszci zwonki’’ երգչախմբին հանձնեց Հայաստանի մասին պատմող խորհրդանիշ նվերներ: Լեհաստանի դեսպանատունն էլ իր հերթին նվերներ էր պատրաստել «Զորավոր մանկունք»-ի համար՝ Կաշուբե տարածաշրջանի մասին գրքեր և երգչախմբի DVD ձայնասկավառակը:
Հայտնի նկարչի՝ Հակոբ Կոջոյանի նկարները ցուցադրող սրահում ցուցադրված էր Հայաստանի ժողովրդական վարպետ, միջազգային փառատոնների դափնեկիր, հոգևոր առաջնորդության և Աշոտ Երկաթ դրոշների հեղինակ Անահիտ Կարապետյանի կողմից ասեղնագործված այն խաչվառները, որ գործածվել էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցված Սբ. Պատարագի արարողությանը: Սրահում ներկայացված էր նաև տիկին Անահիտի հետևյալ գործերը ևս՝ Կոմիտաս վարդապետի սաղավարտի և վակասի կրկնօրինակը, անցյալ տարի մյուռոնօրհնեքին գործածված մյուռոնի կաթսայի ծածկոցը, կաթողիկոսի խաչի դրոշը, Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջի, կոնդակի և սկիհի ծածկոցները: Սրահում ներկաները կարող էին ծանոթանալ նաև Լեհաստանի հյուսիսային Կաշուբե տարածաշրջանի վերաբերյալ գրականությանը, մշակույթին և կաշուբական դրոշին:
«Հրաշալի էր «Զորավոր մանկունք»-ի կատարումները, նրանք հուզեցին մեզ»,-ասաց ,,Karteszci zwonki’’ երգչախմբի երգերի հեղինակ՝ Մառեկ Սեռկովսկին:
Հոգևոր և ազգային երգի շուրջ համախմբված «Զորավոր մանկունք» և ,,Karteszci zwonki’’ երգչախմբերն իրենց ունկնդիրներին նվիրեցին ուրախ և անմոռանալի մի երեկո՝ նպաստելով հայ և լեհ ժողովուրդների մշակութային կապի ամրապնդմանը:
Կարինե Սուգիկյան