23 Դեկտեմբեր, Բշ
Մարտի 6-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը ուրախ առիթ ուներ նշելու: Բոլորը շնորհավորում էին երգչախմբի անդամ Սոնա Առաքելյանին և նրա քրոջը՝ Նարե Առաքելյանին, նրանց ծննդյան օրվա առթիվ: Սոնան և նրա քույրը երկվորյակներ չեն և ոչ էլ նույն օրն են ծնվել, բայց այդ օրը՝ մարտի 6-ին, նրանք Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում վերստին ծնվեցին՝ մկրտվեցին: Այսուհետև, Սոնան և Նարեն ամեն տարի մարտի 6-ը կհիշեն և կնշեն՝ որպես իրենց վերստին ծննդյան օր:
Սոնան արդեն մեկ տարի է, ինչ հաճախում է երգչախումբ: Նշենք, որ 15 հոգուց բաղկացած «Զորավոր մանկունք» երկսեռ երգչախմբում միայն Սոնան մկրտված չէր: Սոնայի և Նարեի կնքահոր պատասխանատու պաշտոնն ստանձնել էր «Զորավոր մանկունք» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի ամուսինը՝ միջնադարյան երաժշտության մասնագետ, հայկական վիոլայի մենակատար և կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը: Մկրտության արարողության ընթացքում հնարավոր չէր չնկատել բոլորի ուրախությունը:
Խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ մկրտվողներն ու ներկաները մասնակցեցին «Հրաժարիմք»-ի արարողությանը: Ապա Տեր Հայրը եկեղեցու վիմակերտ ավազանի ջրի մեջ երեք անգամ հանուն Սուրբ Երրորդության լվաց Սոնայի և Նարեի երեսը և արտասանեց Հայ եկեղեցու մկրտության բանաձևը. «Աստծո ծառան երախայությունից եկել է մկրտության: Մկրտվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, Քրիստոսի արյունով գնված լինելով մեղքի ծառայությունից, ընդունում է Երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար»: Այդ պահին մկրտվողները Քրիստոսի կյանքին մասնակից դարձան՝ որպես խորհրդանիշ Քրիստոսի մահվան, թաղման և հարության:
Սոնան և Նարեն, վերստին ծնվելով ջրից ու Հոգուց, ստացան Քրիստոսի պատկերը՝ իբրև նոր մարդ և Տեր Հոր կողմից երկրորդ անունով ևս կնքվեցին. Սոնային այսուհետ կարող են դիմել նաև Գոհար անունով, իսկ քրոջը՝ Նարեին՝ Մարիամ անունով:
Տեր Վահանը շնորհավորեց մկրտվողներին, կնքահորը, ծնողներին և ներկաներին, ապա իր խոսքն ուղղելով Գոհարին և Մարիամին՝ որպես նոր մարդ և քրիստոնյա դարձածների, մաղթեց, որ Աստծո օրհնությունն ու պահպանությունն անպակաս լինի իրենց կյանքից և արժանի զավակները լինեն թե՛ իրենց ծնողների և թե՛ Հայ եկեղեցու:
«Այսօր ես քրիստոնյա դարձա»,- ասաց մեծ ուրախությամբ Նարեն, իսկ Սոնան ոգևորված ասաց, որ մկրտության ժամանակ Քրիստոսի ներկայությունն է զգացել:
«Կնքահայրը, կյանքի փորձ ունենալով, ստանձնում է իր սանիկներին հոգևոր առումով օգնելու և առաջնորդելու կարևոր պարտականությունը, քանի որ կյանքը դժվար է ավելի շատ հոգևոր, քան կենցաղային և նյութական առումներով»,-ասաց Գոհարի և Մարիամի կնքահայրը՝ Գրիգոր Առաքելյանը:
Իսկ «Զորավոր մանկունք» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանն երգի ուսուցումից բացի իր կարևոր առաքելությունն է համարում երեխաներին քրիստոնեական արժեքներին մոտեցնելը: «Շարականները սովորելուց զատ, երեխաները տեղեկանում են, թե երբ և ինչու են երգում տվյալ շարականը, ինչ խորհուրդ ունեն եկեղեցական տոները: Մեկ տարվա ընթացքում թե՛ ես և թե՛ Գոհարի ծնողները նկատել ենք նրա մոտ դրական փոփոխություններ, և այսօր ինքն իր ցանկությամբ մկրտվեց: Ուրախալի է, որ Գոհարը և երգչախմբի մյուս անդամներն իրենց դպրոցներում հոգևոր սերմեր են սերմանում՝ միջոցառումների ժամանակ հոգևոր երգեր կատարելով: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու այս փոքրիկ անդամները միասնական են, սիրում են միմյանց և դարձել են մտերիմ ընկերներ»,- ասաց Գոհար Հարությունյանը:
Գոհարն ու Մարիամը հոգևոր և վեստին ծնունդով միավորվեցին Քրիստոսին՝ կյանքի Աղբյուրին, Հայ եկեղեցու առաջին խորհրդով, եկեղեցուն անդամագրվելով, դարձան նոր մարդ: Քրիստոս, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց մեզ, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծո Արքայություն մտնել (Հովհաննես 3:5):
Կարինե Սուգիկյան