«Զորավոր մանկունք»-ի ելույթը՝ նվիրված Արա Սարգսյանի ծննդյան 114-րդ ամյակին

Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղն ամեն տարի՝ ապրիլի 7-ին, նշում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, հայկական կերպարվեստում մոնումենտալ և հաստոցային քանդակագործության խոշոր ներկայացուցիչ Արա Սարգսյանի ծննդյան տարելիցը: Այս տարի տուն-թանգարանը մեծանուն նկարչի և քանդակագործի ծննդյան 114-րդ ամյակը պատվեց համերգային ծրագրով, քանդակագործական ու գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով և ֆիլմի դիտումով:

«Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի բակում հրավիրյալները՝ արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներն ու հյուրերը, դիտեցին ժամանակակից հայ քանդակագործների՝ Գևորգ Հարությունյանի և Նունե Թումանյանի աշխատանքները, Հայաստանի մասին պատմող իր գեղանկարչական աշխատանքներով ներկայացել էր նաև Բուլղարիայի Հանրապետության դեսպանության խորհրդական Վասիլ Վասիլևը:

Մինչ համերգային ծրագիրը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված քաջազուն զինվորների հիշատակը: Համերգային ծրագրով հանդես եկավ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ: Մանուկների շուրթերից հնչեցին քաղցրահնչյուն շարականներ՝ «Այսօր ձայնն հայրական», «Զարթիք փառք իմ», «Բազում են քո գթութիւնքդ», «Մեծացուսցէ», կոմիտասյան մշակմամբ «Տեր ողորմեա»-ն և «Սուրբ, սուրբ»-ը:

«Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի տնօրեն, Արա Սարգսյանի թոռնուհի Աննա Սարգսյանը նշեց, որ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հետ երեք տարվա համագործակցության արդյունքում «Զորավոր մանկունք» երգչախումբը համերգային մի շարք ծրագրերով է հանդես եկել տուն-թանգարանում:

Տաղանդավոր նկարչի և քանդակագործի ծննդյան օրը տուն-թանգարանում տնօրհնեքի կարգ կատարվեց՝ ձեռամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի: Տեր Հայրը Հարության ավետիսը փոխանցեց ներկաներին, շնորհավորեց օրվա առթիվ և ասաց. «Մեր ժողովրդի սեփականությունն է դարձել մեծ հայորդու կերտած և արարած արժեքները: Մեր ներկայությամբ մենք կարևորում և վկայակոչում ենք մեծանուն հայորդու՝ Արա Սարգսյանի հիշատակը՝ արժևորելով նրա թողած հոգևոր և բարոյական արժեքները: Թող Աստված նրա հոգուն խաղաղություն և հավիտենական անդորր պարգևի, մեզ էլ՝ սեր և օրհնություն՝ նրա հիշատակը վառ պահելու համար: Քրիստոսի հարությամբ զորացած՝ շարունակենք ապրել և արարել՝ որպես Աստծո հավատարիմ և ճշմարիտ հետևորդներ»:

Ապա ներկաներն ունկնդրեցին Արա Սարգսյանի կյանքին և գործունեությանը նվիրված համառոտ ակնարկը և դիտեցին նրա մասին պատմող ֆիլմը:

Ապրիլի 7-ին արվեսատասերները ևս մեկ անգամ հաղորդակից դարձան Արա Սարգսյանի կերտած բարձրագույն արվեստին: Իսկական արվեստը երբեք չի խամրում և չի հնանում, տաղանդավոր նկարչի և քանդակագործի աշխատանքները եկող սերունդների համար մեծ արվեստի հետ շփվելու մի դարբնոց է հանդիսանում:

 

 

Կարինե Սուգիկյան

07.04.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․