23 Դեկտեմբեր, Բշ
Ապրիլի 23-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ համերգային ելույթով հանդես եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Կես տարի է, ինչ «Զորավոր մանկունք» երգչախումբը համագործակցում է «Լեհ ընտանիք» կազմակերպության հետ՝ նպաստելով հայ և լեհ ժողովուրդների մշակութային կապի ամրապնդմանը: Համատեղ նախաձեռնության արդյունքում՝ «Զորավոր մանկունք»-ը և «Լեհ ընտանիք» կազմակերպությունը լեհ երեխաների հետ միասին անցան դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:
Հայոց պատմության արյունոտ այս էջին քաջատեղյակ էին լեհ երեխաները, քանի որ ուսանում են Հայոց պատմություն, խոսում են հայերենով, նրանցից մի քանիսը հաճախում են հայկական դպրոցներ: «Լեհ ընտանիք» կազմակերպությունը մասնակիցներին բաժանեց իր կողմից պատրաստած Լեհաստանի դրոշը և զինանշանը խորհրդանշող կրծքանշաններ՝ ի նշան լեհ ժողովրդի հարգանքի Հայոց Եղեռնի սուրբ նահատակների հիշատակին: Կազմակերպության տնօրեն Մաժենա Կուռախ-Աղամիրյանը նշեց, որ ողջունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հայ ժողովուրդի գործունեությունն ողջ աշխարհով մեկ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Զորավոր մանկունք»-ը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ իր ելույթը սկսեց «Նոր ծաղիկ» հարության տաղով, ապա կատարեց կոմիտասյան «Տեր ողորմեա»-ն, «Սուրբ-սուրբ»-ը», «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», «Այսօր ձայնն հայրական», «Զարթիք փառք իմ»՝ ելույթն ավարտելով ազգային օրհներգով ու «Տերունական աղոթք»-ով: Երգչախմբի ելույթն ունկնդրող օտարերկրացի հյուրերն ողջունեցին «Զորավոր մանկունք»-ին և իրենց հիացմունքը հայտնեցին կատարումների համար:
«Զորավոր մանկունք»-ի ծնողները լեհ երեխաներին նվիրեցին օրվա խորհրդանիշը կրող հուշանվերներ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանը նշեց, որ իր նախաձեռնությամբ լեհ երեխաները կսովորեն հայ ժողովրդական երգեր, «Զորավոր մանկունք»-ն էլ՝ լեհական երգեր, իսկ «Լեհ ընտանիք» կազմակերպության նախաձեռնությամբ երգչախումբը կսովորի նաև լեհերեն լեզուն:
«Զորավոր մանկունք»-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երգելով աղոթեց՝ հայցելով Հայոց Եղեռնի սուրբ նահատակների բարեխոսությունը:
Կարինե Սուգիկյան