Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի ուրախ Կաղանդչեքը

Հունվարի 12-ին՝ Ս. Ծննդյան ութօրեքի յոթերորդ օրը, Սուրբ և Անմահ Պատարագին զանգերի ղողանջի ներքո հերթական անգամ հնչեց Ս. Ծննդյան ավետիսը՝ Քրիստոսի հրաշափառ Ծնունդը փառաբանելու կոչը ազդարարելով: Սուրբ Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երիցատան դահլիճում Կաղանդչեքի ուրախ միջոցառում էին կազմակերպել:

Արդեն երրորդ տարին է, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս Կաղանդչեքի միջոցառմամբ ամանորյա ուրախ նվեր է մատուցվում ընտանիքի մյուս անդամներին: Միջոցառումն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բացման խոսքով հանդես եկավ տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանը, որ ողջունելով ներկաներին՝ նշեց, որ Կաղանդչեքի կատակները վերաբերում են լուրջ թեմաներին, քանի որ իրենց մեջ սեր, դիտողականություն և իմաստություն են ներառում: Այնուհետև երիտասարդաց միության անդամներն անդրադարձան Կաղանդ և Կաղանդչեք բառերի իմաստներին՝ նշելով, որ Կաղանդչեքի նպատակն ուրախություն նվիրելն է, որը հույս է և ներշնչանք ու ապագային լավատեսորեն նայելու գրավական, իսկ Կաղանդչեքը հնավանդ սովորություն է, որի համաձայն վանքերում ապրող միաբանները այդ օրը ուրախ կատակներ էին անում, նմանակում իրար և ամենակարևորը իրարից չէին նեղանում, ինչը և հորդորեցին ներկաներին միության անդամները:

Մինչ Կաղանդչեքի հումորը «Տաղ Ծննդյան» շարականով հանդես եկավ «Զորավոր մանկունք» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Լիլիթ Սիմոնյանի գլխավորությամբ: Ապա երիտասարդաց միության անդամները վերհիշեցին տարվա ընթացքում տեղի ունեցած հումորային իրադարձությունները եկեղեցու հոգևոր դասի և համայնքային կյանքի վերաբերյալ: Երիտասարդների ուրախ հումորների նշանակակետում էին ներկաներից շատերը: Ուրախ կատակներն ընդմիջվում էին «Զորավոր մանկունք»-ի երաժշտական կատարումներով: Առողջ հումորի վրա հիմնված ընտանեկան կաղանդչեքը ոգևորել և մեծ ուրախություն էր պատճառել լեփ-լեցուն դահլիճին՝ առավել ջերմացնելով ընտանեկան մթնոլորտը: Կաղանդչեքի ուրախ նվերից բացի համայնքի անդամներին վիճակահանությամբ ևս նվերներ տրվեցին:

Կաղանդչեքի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Կաղանդչեքի նախաձեռնող՝ «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանին և երիտասարդաց միության անդամներին, տիկնանց միությանը՝ գլխավորությամբ ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանի և «Զորավոր մանկունք» երգչախմբին, որոնց համատեղ ջանքերով կյանքի կոչվեց ընտանեկան Կաղանդչեքը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի տոնական ուրախությունը երեկոյան շարունակվեց «Յասաման» ռեստորանում: Ուրախության և սիրո սեղանի շուրջ միախմբված համայնքի անդամները գոհություն հայտնեցին Տիրոջը՝ իրենց մեծ ընտանիքի համար և զրուցեցին իրենց նոր ծրագրերի ու անելիքների մասին:

 

Կարինե Սուգիկյան

12.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․