Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի այցը բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանին

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանին: Արշակունյաց 5 հասցեում տեղակայված փոքր տնակում է ապրում և ստեղծագործում բանաստեղծը: «Ինձ հարկավոր էր աթոռ և աշխատասեղան, ուրիշ ոչինչ չեմ որոնել: Իմ որոնածը միայն մշակություն անելն էր և փառք Աստծո, դժգոհության նշույլ իսկ չունեմ»,- ասաց բանաստեղծը:

Այցը մեծ ուրախություն էր պատճառել Մաքսիմ Ոսկանյանին: Ջերմ զրույց ընթացավ հոգևոր կյանքի և բանաստեղծի գրական վաստակի վերաբերյալ: Հարյուրավոր հոդվածների և շուրջ 30 գրքերի հեղինակ ու թարգմանիչ է 66-ամյա Մաքսիմ Ոսկանյանը: Բանաստեղծի մաղթանքն էր ընթերցասերներին, որ հոգևոր գրականության ընթերցանությանը զուգահեռեն աստվածպաշտությունը՝ Հայ Առաքելական Սբ. եկեղեցու զավակը լինելով:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի այցը նպատակ ուներ ծանոթանալ և ճանաչել հոգևոր ուղին ընտրած բանաստեղծի գրական ծառայությանը՝ իր երախտիքը ուշադրության և հոգածության միջոցով հայտնելով: Տեր Գրիգորը, Չեխիայի Հանրապետության քաղաքացի Մյասնիկ Խաչատրյանի աջակցությամբ գնված, սննդի փաթեթներ և անհրաժեշտ պարագաներ հանձնեց Մաքսիմ Ոսկանյանին: 

Այնուհետև Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց՝ մաղթելով նրան, որ Տերը զորացնի և ուժ պարգևի հոգևոր անդաստանում հերկող Իր մշակին: Բանաստեղծը Տեր Գրիգորին նվիրեց իր փոխադրությամբ «Նարեկ»-ը, «Սաղմոսարան»-ը և «Արցախյան վկայություններ» ուսումնասիրություն-պատումը:

 

 

Կարինե Սուգիկյան

25.07.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․