Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի մասնակցությունն ուխտի Սբ. Պատարագին

Հայաստանի ամենահին քաղաքներից Արտաշատում արդեն մեկ տարի է, ինչ հնչում է նորակառույց Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու զանգերը՝ աղոթքի հրավիրելով հավատացյալ հայորդիներին: Նորակառույց եկեղեցու օծման օրը՝ մայիսի 31-ը, հռչակվել է որպես եկեղեցու ուխտի օր: Այս տարի ևս նույն օրը եկեղեցին բազմամարդ էր ուխտավորներով: Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրը նշավորվեց ուխտի Սբ. Պատարագով, որը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանի և թեմի եկեղեցիների հոգևորաց դասի ու համայնքների մասնակցությամբ: Ուխտավորների թվում էին նաև Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ: Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում ներկա ուխտավորներն ընդհանրական աղոթքին միավորել էին նաև Ավետարանչի և օրվա հիշատակվող սրբերի՝ Նունե և Մանե կույսերին նվիրված բարեխոսական աղոթքները:

Պատարագիչը՝ Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, իր շնորհակալական խոսքը հղեց Նավասարդ Սրբազանին, ում հայրական օրհնությամբ եկեղեցին, իր կոչմանը հավատարիմ, ծառայասիրական ուղի անցնելով, զորանում է իր փրկաբեր և պատասխանատու առաքելության մեջ: Պատարագիչ քահանան նաև իր շնորհակալությունը հայտնեց եկեղեցու բարերարներ Աբրահամյան ընտանիքին, որոնց շնորհիվ այսօր Արտաշատում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի առ Աստված իր աղոթքն է բարձրացնում Աստծո տանը՝ Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում:

Ապա Սրբազան հայրը, շնորհավորելով արտաշատցիներին և ներկա ուխտավորներին՝ ի մասնավորի ասաց.

«Մեծարգո տիա՛ր վարչապետ, հարգարժա՛ն մարզպետ և ներկայացուցիչներ քաղաքային իշխանությունների, սիրելի՛ բարեպաշտ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Աստվածային բարեսիրության և Աբրահամյան գերդաստանի` հանձին Հովիկ Աբրահամյանի նվիրումի ու ջանադրության շնորհիվ մեկ տարի առաջ այս օրհնաբեր հողի վրա՝ ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի օծվեց Աստծո և Նրա հավատարիմ հոտի հավատքի տունը՝ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաքյալ եկեղեցին: «Եկեղեցաշինությունը իրական հայրենաշինություն է, որովհետև եկեղեցին սոսկ քարաշեն կառույց չէ, այլ հոգևոր և բարոյական արժեքների գանձարան է…» (Գարեգին Բ Հայրապետ): Հայ եկեղեցին միշտ էլ եղել է և կլինի մեր ազգի ինքնաճանաչման, ինքնամաքրման, հայակերտումի և ինքնությունը պահելու հզոր գրավականը: Այն հայի հոգու նորոգումի, աստվածային ջերմ սիրո և մերձավորության ակունքն է, երկնային արքայություն տանող լուսեղեն ճանապարհը, որ առաջնորդում է «ի խաւարէ ի լոյս, յապականութենէ յանապականութիւն, յանգիտութենէ ի գիտութիւն ճշմարտութեան»:

Սիրելի՛ արտաշատցիներ, եղե՛ք մեր սուրբ հայրերի ավանդության պահպանողն ու կրողը: Վերագիտակցե՛ք և արժևորե՛ք հոգևորն ու ազգայինը, անաղա՛րտ պահեք ձեզ վստահված հոգևոր ժառանգությունը: Թող Բարեգութ Աստված մշտանորոգ պահի ձեր հավատքը, Սուրբ Հոգու շնորհներով զարդարի աղոթատենչ ձեր հոգիները, որպեսզի Տիրոջ սիրասուն առաքյալի անունը կրող այս զորավոր Եկեղեցին դառնա լուսավորչահաստատ հավատքի զորեղ սյուներից մեկը ձեր հինավուրց ու նվիրական հողի վրա:

Մեր աղոթքն է, որ Սուրբ Հովհաննես Առաքյալի բարեխոսությամբ Ամենակարող Աստված Իր երկնառաք ու կենսաբուխ շնորհներով այս հոյակերտ Եկեղեցին դարձնի բյուր-բյուր հոգվոց խաղաղության աղբյուր, վշտացյալների մխիթարության օրրան, խթան ու առաջմղիչ ուժ

հոգևոր նորոգության և հավերժագնացության ճանապարհ՝ ի փրկություն աստվածատենչ հոգիների: Ամեն»:

Արարողության ավարտին Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:

Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրն իր շարունակությունն ունեցավ եկեղեցու բակում կազմակերպված տոնախմբությամբ և մատաղի բաժանմամբ:

Ապա Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ուխտավորները շարունակեցին իրենց ուխտուղին: Հաջորդ սրբավայրում՝ Խոր Վիրապում, նրանք կրկին միասնական աղոթքի կանգնեցին: Հայի համար կարևոր այս սրբավայրում ուխտավորները, դիմելով հավատքի հայր և Հայոց ազգի առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությանը, հայցեցին Տիրոջ օրհնությունը Հայոց ազգի և եկեղեցու համար: Այնուհետև համայնքը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը: Վանքի հոգևոր սպասավոր Ահարոն աբեղա Շահվերդյանը, իր խոսքն ուղղելով ուխտավորներին, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը՝ նշելով, որ Աստծո ներկայությամբ մարդու կյանքն ամբողջովին փոխվում է, օրինակ, Աստծով ապրող վանականի համար իր խուցը դառնում է դրախտ, այնպես էլ ուխտավորները Աստծո ներկայությամբ իրենց կյանքը դարձնում են դրախտ:

Տեր Վահան քահանա Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Հայր Ահարոնին ջերմ ընդունելության և հավատացյալներին ուղղված բարեմաղթանքի համար՝ նշելով, որ հոգենորոգ օրը ուխտի Սբ. Պատարագի մասնակցությամբ և այս սրբավայրում միասնական աղոթքով բոլորիս ևս մեկ քայլով մոտեցրեց և հաղորդակից դարձրեց Տիրոջ ամենակարող օրհնությանն ու զորությանը:

 

 

Կարինե Սուգիկյան

31.05.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․