Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Զատկական ուղերձը

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Զատկական ուղերձը | Zoravor Surb Astvatsatsin Ekeghecu Hogevor Hoviv Ter Grigor Qhn. Grigoryani Zatkakan Ugherdzy

Սիրելի հավատացյալներ,

Ահա հասանք այս ուրախալի ու հաղթանակած օրվան, քրիստոնեության գլխավոր տոնին, երբ երախտագիտությամբ լեցուն սրտով Տիրոջը փառաբանելով` միմյանց ենք ավետում այս հրաշալի լուրը. Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Մոտ երկու հազար տարի առաջ տեղի ունեցած այս սքանչելի ու հրաշափառ իրադարձությունը եկավ փոխելու մարդկության ողջ ընթացքը: Այս իրադարձությունը հաղթանակ ու ազատություն պարգևեց մեզ: Մարդկության Փրկիչը հարություն առավ մեռյալներից` այդպիսով փառապանծ հաղթանակ տանելով մեղքի ու դրա հետևանքով առաջացած մահվան նկատմամբ: Քրիստոսի աստվածային ուժը ազատություն պարգևեց մեզ` խավարի իշխանությունից: Նա ազատագրեց մեզ մահվան օրենքից ու ցույց տվեց դեպի հավիտենական ազատություն տանող ճանապարհը: Քրիստոս հարություն առավ մեռյալներից` օրինակ հանդիսանալով ամենքիս համար: Դրանով Նա ցույց տվեց, որ կյանքը չի ավարտվում մահվամբ և սկիզբ դրեց մեզանից յուրաքանչյուրի հարությանը: Հենց դրա համար Ամենազոր Աստված Երկիր եկավ, տառապեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մարդկանցից յուրաքանչյուրն էլ հարություն առնելու հնարավորություն ունենա:

Ահա այս հիասքանչ լուրն է տարեց-տարի համայն աշխարհին ավետում Քրիստոնեական Սուրբ Եկեղեցին: Եվ կարծում եմ պատահական չէ, որ Տիրոջ սուրբ հարությունը գարնանը տեղի ունեցավ: Չէ՞ որ գարունն էլ բնության հարությունն է խորհրդանշում, զարթոնքը: Աստծո կողմից արարված բնությունն էլ ամեն տարի վերըստին ծնվում է և կրկին ու կրկին հիշեցնում է մեզ կյանք պարգևող հարության մասին: Իսկ ի՞նչ է կյանքը, եթե ոչ սեր ու բարի գործեր: Եթե պատկերացնենք մի պահ, որ մեր կյանքից անհետանան սերը, բարությունը կամ ինքնազոհաբերումը, ապա մարդկությունը չի կարող գոյություն ունենալ, քանի որ չարը դեպի մահ է տանում:

Արդ, սիրելի բարեկամներ, թող ոչ մի դժվարություն, փորձություն կամ վիշտ չարությամբ չլցնի մեր հոգիները, այլ այս լուսապայծառ տոնը թող սեր բոցավառի մեր սրտերում ու դրդի բարին գործելու, որպեսզի մենք էլ արժանանաք հարության հրաշքին: Թող Հիսուս Քրիստոս հարություն առնի ամենքիս սրտերում և Աստվածային սիրո լույսը ցրի խավարն այնտեղից, ջերմությամբ ու Տիրոջ հարության ուրախությամբ պարուրի:

Եվս մեկ անգամ, ի սրտե շնորհավորում եմ ամենքիս` Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և թող Աստծո սերը, հարության հույսն և Սուրբ Հոգու շնորհները միշտ մեզ հետ լինեն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:  

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

05.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․