12 Հոկտեմբեր, Շբ
Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ է գտնվում ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի արվեստանոց-պատկերասրահը, որտեղ և բնակվում է վաստակաշատ նկարիչը: Նա ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 6-ին, Կրասնոդարում, բայց արմատներով Արևմտյան Հայաստանից է: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Կոմպոզիոցիոն և բնանկարի ժանրերում է ստեղծագործում Զուլում Գրիգորյանը: Ժողովրդական նկարիչն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել մի շարք երկրներում։ Նրա առաջին գործերում գերիշխել է հայրենասիրության թեման: Զուլում Գրիգորյանի ստեղծագործություններում կարևոր տեղ է գրավում ցեղասպանության թեման։ Այդ թեմայի շուրջ կոմպոզիցիոն յոթ ստեղծագործություններից առաջինն է՝ «Մղձավանջային օրերը»։ Շարքը լրացնում են «Ձեյթունցիներ», «Կարոտ», «Տեսիլք», «Արդարադատություն», «Գարուն էր» գործերը, իսկ «Երեք սերունդ» (պապ, որդի և թոռ) կտավով ամփոփելով այն՝ հեղինակը ներկայացրել է երեք տարբեր, բայց և միաժամանակ միմյանց փոխկապակցված ճակատագրեր:
Նշենք, որ Զուլում Գրիգորյանի հետ մեր հանդիպումն ու զրույցը համընկավ այն օրվա հետ, երբ ժողովրդական նկարիչը հիվանդության պատճառով մոտ մեկուկես տարվա դադարից հետո վերսկսել էր նկարել՝ այս անգամ կտավին հանձնելով գարնանային շունչ և հոգի:
«Իմ թագավորներն են»,- ասաց Վարպետը՝ ցույց տալով իր սենյակի խոսուն հատվածը՝ կտավներով զարդարված այն պատը, որ նկարչի կողմից ստացել էր «Խոսուն լռություն» անվանումը:
Հարուստ բովանդակությամբ զրույցն ամենևին չհոգնեցրեց նկարչին, ով նշեց, որ իր 60-ամյա ստեղծագործական ուղին իրեն պարգևել է ամեն ինչ, բայց նախ և առաջ. «Նկարչությունն ինձ տվել է ազատություն, անկախություն: Մարդը ծնվել է ազատ լինելու, ազատ ապրելու համար»:
Վարպետը վերհիշեց իր մանկության և երիտասարդության տարիների վրա խոր հետք թողած պատերազմական դաժան տարիները՝ աքսորի ճանապարհ, աղքատություն, բայց դժվարությունները չխոչընդոտեցին, որ 9-ամյա Զուլումն իր ձեռքն առնի վրձինը և իր աշխարհը պատկերի: Նա նկարել է նույնիսկ օրվա այն ժամին, երբ իր հասակակիցները դպրոցի դասերից հետո ճաշում էին և հանգստանում:
«Նկարչությունն ամենաբարձրն է արվեստներից: Դա ես չեմ ասել, այլ մեծագույններից Գյոթեն: Նկարչությունը լուռ, չպահանջող
և չցուցադրող մի ընթացք է: Նկարչի հանճարեղությունը կայանում է նրանում, որ կտավի նվազագույն մակերեսի վրա վերարտադրի առավելագույն մտքեր, զգացումներ, հոգի: Եվ որքան ավելին է նա բացահայտում փոքր շրջանակում, այնքան նա տաղանդավոր է»,- ասաց Վարպետը:
Ցեղասպանության թեմայի շուրջ նկարչի ստեղծագործություններին անդրադարձ կատարելով՝ տեղեկացանք, որ Վարպետը,
ինչպես ինքն ասաց, քայլել է աշխարհի քսանութ երկրներով, բայց երբևէ չի եղել իր հայրերի բնօրրանում՝ Արևմտյան Հայաստանում: «Մեզ մորթել են»,- հուզմունքով ասաց Վարպետը՝ նշելով, թե իրենց գերդաստանից քանիսն են զոհ գնացել թուրքի յաթաղանին: Վարպետը հուսով է, որ վերջ ի վերջո աշխարհը կճանաչի Հայոց եղեռնը և ճանաչելով էլ՝ կմաքրվի. «Ո՞ւր է արդարադատությունը, այս հարցն է ուղղում ինձ, քեզ և բոլորիս «Արդարադատություն» կտավում պատկերված պատանին, որ կանգնած է Տեր-Զորի անապատում»:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ ապրող Վարպետին ամեն օր հոգևոր ուրախություն է պատճառում եկեղեցու զանգերի ղողանջը: «Եկեղեցի ոտք դնող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, թե ո՞ւր է մտնում և ի՞նչ ասել է Աստծո տուն»,- ասաց Զուլում Գրիգորյանը: Կյանքի տարիները, ըստ նկարչի, պատասխանատվություն է Աստծո առաջ, եկեղեցու և տան շինության, նաև երեխաների դաստիարակության նկատմամբ: Կյանքի 8-րդ տասնամյակի սահմանը հատած վաստակաշատ նկարիչը մարդու մեջ գնահատում է բարությունը: «Մարդկություն, բարություն, մաքրություն և ճշտություն, այս եմ մաղթում իմ ազգին»,- այս խոսքերով եզրափակեց մեր զրույցը Զուլում Գրիգորյանը:
Կարինե Սուգիկյան