Մովսեսը քանի՞ տարի մնաց փարավոնի աղջկա մոտ:

Մինչև քառասուն տարեկան հասակը: Հիրավի, մարդու խելքը չի հասնի Աստծո դատաստաններին, սակայն պարտավոր է խրատվել տեղի ունեցած դեպքերից: Քանի որ փարավոնը եբրայեցիների զավակներին գետը նետել է տալիս, որովհետև միգուցե բազմանալով ցանկանան Եգիպտոսից գնալ, սակայն Աստված, այդ ջուրը նետված երեխաներից մեկի ձեռքով իսրայելացիներին Եգիպտոսից հանել կամենալով, Մովսեսին ջրից ազատել և թագավորի աղջկան որդեգրել է տալիս, ինչպես որ նախապես Հովսեփին բանտից հանելով իշխան է կարգում:

Քանի որ Մովսեսը, որ առաջնորդելու էր Իսրայելի ժողովրդին, պետք է թագավորի և նրա մեծամեծների բնավորությանը, ինչպես նաև նրանց հետ խոսելուն վարժված լիներ: Նաև կառավարման և դատաստաների վերաբերյալ գործերի, ինչպես նաև ուսման և այդ ժամանակի գիտությունների մեջ կատարելագործվեր (Գործք 7:22):

Մտապահիր, որ Մովսեսը թագավորի որդու նման մեծաշուք փառք է վայելում, սակայն աշխարհական մեծությունն ու զվարճությունները երբեք չեն կարող գրավել նրա սիրտը, և նա միշտ իր ազգի սիրով վառված, նրանց չարչարանքները տեսնելու ժամանակ թագավորի պալատում իր հանգիստը անարժան և անարգ մի բան համարելով՝ փափագում էր իր ազգին այդ ծանր և անտանելի գերությունից ազատել, և կամ ինքն էլ նրանց հետ միասին չարչարվել (Եբր. 11:14): Այս պատճառով փարավոնի աղջկա մոտից հեռանալով՝ նրանց մոտ է սկսում ապրել:

Մի անգամ, երբ Մովսեսը շրջում էր Եգիպտոսում, մի եգիպտացու տեսավ, որը անիրավ կերպով հարվածում էր մի իսրայելացու, և չկարողանալով հանդուրժել, միաժամանակ տեսնելով, որ այնտեղ ոչ ոք չկա, ազգային նախանձախնդրությամբ լցված, իսկույն հարվածեց և սպանեց եգիպտացուն, որին ապա ավազի տակ ծածկեց:

Այս պարագայում մի՛ ասա, թե Մովսեսը ի՞նչ իրավունքով մարդ սպանեց, քանի որ ոստիկան կամ դատավոր չէր: Այո՛, մարդկանց կողմից կարգված պաշտոնյա չէր, բայց քանի որ Աստված նրա ձեռքով Եգիպտոսից պիտի ազատեր Իսրայելի ժողովրդին, ուստի իր ազգի վրա Աստծուց կարգված պաշտոնյա էր:

Արդ, պաշտոնյան կամ դատավորը, երբ տեսնում է զրկողին, պարտավոր և ստիպված է իրավացիորեն արդարությունը գործի դնել: Դարձյալ, որովհետև եգիպտացիները անօրինությամբ էին իշխում Իսրայելի ազգի վրա, քանի որ սրանք հյուր էին և ոչ թե գերի, մանավանդ, որ հարստահարողի դեմ գանգատվողին առավել խստությամբ էին պատժում, քանի որ հարստահարելու արտոնություն տվողը նույն ինքը կառավարությունն էր: Ուստի մի այսպիսի անարդար գործ կատարվելու տեղում անմեղին անիրավի ձեռքից ազատելը արդարություն և իրավունք է:

Հաջորդ օրը Մովսեսը քաղաքում քայլելու ժամանակ տեսնում է, որ երկու իսրայելացի իրար հետ վիճում են, և ցանկանալով նրանց մեջ հաշտություն հաստատել «Դուք եղբայրներ եք, իրար մի՛ զրկեք» ասելուն պես, զրկող անձը պատասխանում է, թե. «Քեզ ո՞վ մեր վրա դատավոր կարգեց, միթե՞ ինձ էլ ես ցանկանում այն եգիպտացու նման սպանել» (Ելք 2:14):

Այս խոսքը լսելուն պես՝ Մովսեսը տեսնելով, որ գործածը հայտնի է դարձել, վախենում է: Ճշմարիտ է, որ եգիպտացուն սպանելու ժամանակ մեկ իսրայելացուց բացի ուրիշ մեկը չկար, սակայն նա գաղտնիքը չպահելով և Մովսեսին ու իր ազգին էլ չխնայելով, ուրիշներին էր պատմել և բերնեբերան տարածվելով՝ մինչև թագավորի ականջին էր հասել: Եվ սա, որ արդեն իսկ թշնամացած էր, այս դեպքից հետո ավելի կատաղելով՝ ցանկացավ սպանել Մովսեսին, որն իսկույն Եգիպտոսից փախչելով Մադիամի երկիրն է գնում (Եբր. 11:27):

Տե՛ս Մովսեսի առաքինությունը. նա՝ որ անմեղ էր և զրկվածին զրկողի ձեռքից ազատելու համար ստիպված եղավ հայրենիքը թողնելով օտար երկրում ապաստանել, արդարության սերն ու նախանձախնդրությունը ձեռքից դարձյալ չի թողնում: Քանի որ Մադիամ հասնելով, մի ջրհորի մոտ նստած ժամանակ, տեղի Հռագուել անվամբ մի մեծավորի աղջիկները, որոնք իրենց հոր ոչխարներն էին արածեցնում, այնտեղ են գալիս ոչխարներին ջուր տալու համար, սակայն հովիվները նրանց բռնությամբ վռնդում են:

Մովսեսը, նրանց այս անիրավությունը տեսնելով, չի կարողանում համբերել, ուստի հովիվներին անմիջապես մի կողմ քշելով՝ աղջիկների ոչխարներին ջուր է տալիս: Սրանք էլ այն օրը կանուխ տուն վերադառնալով, Մովսեսի լավությունն ու արած բարիքը պատմում են Հռագուելին, որը Մովսեսին իր տուն հրավիրելով և միմյանց համակրելով, Մովսեսը նրա տանն է մնում, և ապա այն օրերի օրենքի և սովորությունների համաձայն Սեփորա անունով աղջկան կնության առնելով՝ նրան փեսա է դառնում:

Դու իսրայելացիների ապերախտությանը նայիր, քանի որ իրենց փրկության համար Մովսեսի գործած ժամանակ նրան հակառակ կանգնելով բամբասում և տարածում են նրա արածը, իսկ Հռագուելը, որ օտար ազգից էր և կռապաշտ, իր դստրերին օգնելու համար, Մովսեսին չճանաչելով հանդերձ, շնորհակալ լինելով պատվում է նրան և մինչև անգամ իրեն փեսա է դարձնում, որին էլ Մովսեսը հավատարմորեն ծառայում է՝ նրա ոչխարներն արածեցնելով: Բավականին ժամանակ հետո Մովսեսը երկու արու զավակ է ունենում, մեծի անունը Գերսամ, իսկ փոքրինը՝ Եղիազար է դնում (Ելք 18:4):

Այս պարագայում Մովսեսը հոգևոր առումով Քրիստոսի օրինակը եղավ, քանզի ինչպես Մովսեսը Իսրայելի ժողովրդին փարավոնի ձեռքից ազատել ջանալու ժամանակ «քեզ ո՞վ մեր վրա դատավոր կարգեց» ասելով մերժեցին նրան, իսկ Հռագուելը, կռապաշտ լինելով հանդերձ, ընդունեց նրա բարի ծառայությունը, նույնպես Հիսուս Քրիստոս, Իսրայելի ազգին սատանայի գերությունից ազատելու համար աշխարհ եկած ժամանակ, մերժվեց Իսրայելի ժողովրդից (Հովհ. 1:11), սակայն կռապաշտ ազգերը ընդունելով՝ հավատացին նրա քարոզած կրոնին և ճշմարտությանը:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․